Հա

Քաղաքական

15/06/2022 - 14:00

«Ֆրանսիայի հրապարակում գեներացւել է այն ուժը, որն ունակ է եւ պէտք է իրավիճակ փոխի երկրում». Տիգրան Ներսիսեան

«Մշակոյթի ոլորտում առաջիններից մէկն եմ եղել, որ շատ յստակ արտայայտել եմ դիրքորոշումս՝ օրւայ իշխանութիւնների դէմ եւ մինչ օրս համոզմունքս անփոփոխ է»,- «Փաստինֆօ» լրատւականի հետ զրոյցում ասում է Գ. Սունդուկեանի անւան ազգային-ակադեմիական թատրոնի դերասան, արւեստի վաստակաւոր գործիչ Տիգրան Ներսիսեանը, խօսելով երկրում ստեղծւած ներքաղաքական լարւած ճգնաժամի մասին։

«alikonline.ir» - «Մշակոյթի ոլորտում առաջիններից մէկն եմ եղել, որ շատ յստակ արտայայտել եմ դիրքորոշումս՝ օրւայ իշխանութիւնների դէմ եւ մինչ օրս համոզմունքս անփոփոխ է»,- «Փաստինֆօ» լրատւականի հետ զրոյցում ասում է Գ. Սունդուկեանի անւան ազգային-ակադեմիական թատրոնի դերասան, արւեստի վաստակաւոր գործիչ Տիգրան Ներսիսեանը, խօսելով երկրում ստեղծւած ներքաղաքական լարւած ճգնաժամի մասին։

Դերասանը յաւելում է՝ Ֆրանսիայի հրապարակում գեներացւել է այն ուժը, որն ունակ է եւ պէտք է իրավիճակ փոխի երկրում. «Այնտեղ հաւաքւածները սկսել են ու գնում են փոփոխութիւնների ճանապարհով։ Թէ ո՞ւր կը հասնեն շարժման ղեկավարներն ու իրենց շուրջ համախմբւած մարդիկ, սա, արդէն, ցոյց կը տայ ժամանակը։ Կարող եմ միայն յաւելել, որ ես էլ նրանցից մէկն եմ, որը քայլում է նոյն ճանապարհով»,- ասում է Տիգրան Ներսիսեանը։

Հարցին՝ ի՞նչն է դերասանին առաւել զայրացրել՝ օրւայ իշխանութիւնների ցուցաբերած վարքագծում, վերջինս նկատում է՝ զայրացնել եզրոյթն, այս պարագայում, խիստ մեղմ է՝ նկարագրելու այն, ինչ զգում է ինքը՝ վերջին մի քանի տարիներին. «Փորձէք պատկերացնել, որ սա զայրոյթ չէ, այլ աւելի սարսափելի մի բան՝ ընդվզում, պոռթկում… Ինչ ուզում էք անւանէք դրան։ Իրականութիւնն այն է, որ պարտւած եւ կապիտուլեացիա ստորագրած ղեկավարը չի կարող եւ իրաւունք չունի շարունակել ղեկավարել մի երկիրը, որն ինքը խայտառակ կերպով գլխիվայր շուռ է տւել։ Նրան ոչինչ պէտք է չասւէր այս մասին, նա պէտք է այնքան արժանապատւութիւն ունենար, որ լուռ եւ սեփական նախաձեռնութեամբ հրաժարական ներկայացնէր ու հեռանար նոյեմբերի 9-ին, բայց այդպէս չեղաւ։ Աշխարհում, անգամ, նման նախադէպ չկայ, գոյութիւն չունի, երբ կապիտուլեացիա ստորագրած ղեկավարը շարունակի պաշտօնավարումը։ Եւ խնդիրը պատերազմում մեր տարած պարտութիւնը կամ ձախողւած արտաքին քաղաքականութիւնը չէ միայն։ Ամբողջ պետական համակարգը՝ տնտեսութիւնը, գիւղատնտեսութիւնը, առողջապահութիւնը, կրթութիւնը, մշակոյթն է ջախջախւած վիճակում։ Ոչ մի բան իր տեղում չէ երկրում, բացի ղեկավարից, որ շարունակում է կառչած մնալ աթոռից։ Հաւանաբար, նա շատ է սիրում պաշտօնը եւ ոչ մի կերպ չի կարողանում բաժանւել դրանից, կամ էլ՝ մեծ վախեր ունի, որ կորցնելով այն՝ ստիպւած է լինելու պատասխանատւութեան ենթարկւել այն ամենի համար, որ կատարել եւ թոյլ է տւել իր պաշտօնավարման ընթացքում։ Կամ, գուցէ, գոյութիւն ունի աւելի սարսափելի մի վարկած՝ նա դեռեւս անելիք ունի իր տէրերի առաջ՝ երեւի դեռ մինչեւ վերջ չի քանդել այս երկիրն ու վերջնականօրէն անդունդը չի գլորել մեզ»,- ասում է Տիգրան Ներսիսեանը։

Ամենաանբարոյականն այս իրավիճակում, ըստ դերասանի, օրւայ իշխանութիւնների որդեգրած քաղաքականութիւնն է՝ բացառապէս ամէն բան բարդել, այսպէս կոչւած, նախկինների վրայ. «Ինչ ասում ես, պատասխանում են՝ դա մենք չենք, նախկիններն են դրա մեղաւորը։ Դա նման է նրան, որ ես դուրս գամ բեմ, տապալեմ ներկայացումը, խայտառակեմ ինքս ինձ ու մեր թատրոնը եւ պատճառաբանեմ, արդարանամ, թէ մեղաւորը ես չեմ, նախկինների օրօք կառուցւած թատրոնի շէնքը, պատերը, բեմը կամ լոյսերն են մեղաւոր, որ ես չեմ կարողանում, ինչպէս հարկն է, կատարեմ իմ աշխատանքը՝ դերասանութիւնը։ Սա, ուղղակի, անբարոյականութիւն է, այլ մեկնաբանութիւն չեմ գտնում՝ նկարագրելու այս անհեթեթ երեւոյթը»,- ասում է Տիգրան Ներսիսեանը։

Խօսելով երկրում ստեղծւած իրավիճակում լոյալութիւն եւ լռութեան քաղաքականութիւն որդեգրած իր կոլեգա արւեստագէտների եւ մտաւորականների մասին՝ դերասանը նկատում է՝ նրանց մէջ խօսում է կոնֆորմիզն ու վախը՝ կորցնելու տաքուկ անկիւնը. «Նրանք վախենում են։ Դա սովորական կոնֆորմիստ մտաւորականի պարզունակ վախ է, որ, ասենք, մանր-մունր հարցերով էլ պետութեան աջակցութիւնը չեն ստանայ, ինչ-ինչ կենցաղային բնոյթի էժանագին հարցեր իրենց համար չեն կարողանայ լուծել, որոնք նրանց յաջողւում է այս կամ այն պաշտօնեային քծնելու արդիւնքում եւ այլն։ Գիտէ՞ք, երբ այդպիսի վախեր է ունենում ասենք, երիտասարդը, դեռ, ինչ-որ տեղ, փորձում ես հասկանալ, բայց երբ երկրի ու պետութեան համար օրհասական այսպիսի իրավիճակում վախենում է խօսել Ազգային հերոսի կոչում ստացած արւեստագէտը (անուններ չտանք), սա, արդէն, ուղղակի, բոլոր տեսակի բացատրութիւններից դուրս է։ Բա էլ ինչո՞ւ ես դու հասել այդ տարիքին եւ վայելում «Ազգային հերոս»-ի բարձրագոյն կոչումը, որ վախենում ես օրհասական այս պահին բարձրացնել քո ձայնը։ Լա՜ւ, ինչի՞ց ես դու վախենում, այ մարդ, էլ ի՞նչ ունես կորցնելու։ Վախենում ես, որ քեզ Պանթէոնում չեն թաղի… Ամօթ է, ուշքի եկէք»։

Դերասանը նկատում է՝ երբ ինքն է բարձրաձայնում իր բողոքն ու ընդվզումը, շատ լաւ հասկանում եւ հաշիւ է տալիս ինքն իրեն, որ, նմանօրինակ իշխանութիւնների պարագայում, դա անհետեւանք չի մնալու. «Եւ, ահա, որպէս հետեւանք եղաւ այն, որ Հանրային հեռուստաընկերութիւնը մի գեղեցիկ օր կասեցրեց ինձ հետ իր ունեցած աշխատանքային պայմանագիրը։ Բայց միթէ՞ այդ, այսպէս ասած, անյաջողութիւնը հաւասարազօր է այն արհաւիրքին, որի առաջ հիմա յայտնւել է մեր երկիրը, այն է՝ բառացիօրէն չլինելու վտանգի մասին է խօսքը»,- ասում է Տիգրան Ներսիսեանը։

Ամփոփելով զրոյցը, դերասանից փորձեցինք հասկանալ՝ ի՞նչ է մտածում ԿԳՄՍ-ի նոր նախաձեռնութեան մասին, որով վերջիններս պատրաստւում են չեղարկել վաստակաւորի եւ ժողովրդականի կոչումները։ Տեղեկացնենք, որ որպէս հիմնաւորում նշւում է, թէ աշխարհի որեւէ զարգացած երկրում նման պրակտիկա չկայ։

Տիգրան Ներսիսեանին հարցն անակնկալի է բերում, ասում է՝ տեղեակ չէր, առաջին անգամ մեզանից է լսում, որ նման նախաձեռնութիւն կայ. «Գիտէ՞ք, երբ սրանք իրենց այս կամ այն անհեթեթութիւնն արդարացնելու համար օրինակ բերում աշխարհին, մարդու ծիծաղը գալիս է։ Գուցէ աշխարհում Վաստակաւորի եւ Ժողովրդականի պրակտիկա չկայ, բայց սրանք, գոնէ, տեղեա՞կ են, թէ աշխարհի այդ զարգացած երկրներում ինչպէ՞ս են մեծարում իրենց արժանի մտաւորականներին ու արւեստագէտներին։ Ֆրանսիայում, օրինակ, այնպիսի հեղինակաւոր կոչում կայ, «Պատւոյ լեգէոնի շքանշանի ասպետ»-ը, որ պետութիւնը՝ շնորհելով իր այս կամ այն մտաւորականին, ողջ աշխարհի առաջ մեծարում եւ ցոյց է տալիս, թէ ինչպիսի վաստակ ունի այդ անձն իր երկրում։ Իսկ ի՞նչ են անում սրանք՝ իրենց այս նախաձեռնութեամբ… Հերթական անգամ նւաստացնո՞ւմ են մտաւորականին, որովհետեւ, եթէ նրանք չեղարկում են Վաստակաւորի եւ Ժողովրդականի կոչումները, ասո՞ւմ են, թէ ինչպէ՞ս են փոխարինելու վաստակի արժեւորման երեւոյթը։ Ի վերջոյ, խօսքը կոչումների կամ մեդալների մասին չէ, այլ երեւոյթի, ինչը, հերթական անգամ, փորձում է ջնջել այս իշխանութիւնն, ինչպէս ամէն լաւ աւանդոյթ։ Տեղեակ են, արդեօ՞ք, այդ կոչումները չեղարկող քաղաքական գործիչները, որ այսօր հասարակ աւտոբուսի վարորդ լինելը տասնապատիկ աւելի եկամտաբեր է, քան, թատրոնի արտիստ լինելը։ Այս մասին այդ օրէնքը չեղարկողները տեղեա՞կ են։ Եւ յետոյ, ինձ շատ հետաքրքիր է՝ գնալու են, ասենք, արդէն լուսահոգի Վաստակաւորների եւ Ժողովրդականների շիրմաքարերի վրայից ջնջե՞ն այդ կոչումները կամ ի՞նչ են անելու այն արւեստագէտների հետ, ովքեր դրանք արդէն ունեն։ Հասկանում էք չէ՞, որ արժէքների հերթական խեղաթիւրման հետ գործ ունենք։ Արժէքային համակարգը մի երեւոյթ է, որ, այդպէս էլ, չհանդուրժեց այս իշխանութիւնը՝ փորձելով ամէն տեղից ջնջել ու մաքրել դա։ Հետեւաբար, ես միայն մի առաջարկ ունեմ օրւայ իշխանութիւններին՝ այս մարդիկ թող գնան ԴՆԹ-ի թեստ յանձնեն, գուցէ պարզւի, որ իրենք հայ չեն ու որեւէ կապ եւ առնչութիւն չունեն հայ տեսակի հետ»,- ամփոփելով զրոյցն ասում է դերասան, արւեստի Վաստակաւոր գործիչ Տիգրան Ներսիսեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։