Հա

Քաղաքական

22/09/2022 - 09:00

«Իրանն աջակցում է արդարութեան գլոբալացմանը». Նախագահ Ռէյիսիի ելոյթը ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայում

Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին չորեքշաբթի սեպտեմբերի 21-ի երեկոյեան ելոյթ է ունեցել Նիւ Եօրքում ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում:

«alikonline.ir» - Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին չորեքշաբթի սեպտեմբերի 21-ի երեկոյեան ելոյթ է ունեցել Նիւ Եօրքում ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում: Գրում է Parstoday.com-ը:

Ընդգծելով աշխարհում արդարութեան հաստատման անհրաժեշտութիւնը, Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահն ասել է. «Իրանը հաւատում է մարդկութեան ընդհանուր ճակատագրին եւ աջակցում է արդարութեան գլոբալացմանը»։

Իր ելոյթում նախագահ Ռէյիսին ընդգծելով, որ որպէս աստւածային աւանդ արդարութիւն հաստատելու ցանկութիւնն առկայ է բոլորի մէջ, Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահը յաւելել է. «Իրանն աջակցում է արդարութեան գլոբալացմանը, քանի որ արդարութիւնը միաւորող է, իսկ ճնշումը՝ պատերազմ հրահրող»։

Ռէյիսին նշել է. «Անարդարութեան կուտակումը ստիպում է մարդկանց քայլերի դիմել եւ շարժումներ սկսել։ Շատ շարժումներ չեն հասել յեղափոխութեան հասունացմանը, եւ շատ յեղափոխութիւններ շեղւել են իրենց իսկական ուղուց, սակայն որոշ յեղափոխութիւնների յաջողութիւնը, ինչպիսին Իրանինն է, շարունակելով իր Իսլամական յեղափոխութեան բնոյթը, արդարութեան հաստատման յոյսը վառ է պահել աշխարհի ժողովուրդների սրտերում»:

Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահը յստակեցրել է. «Իրանի յեղափոխութիւնը Իրանի ժողովրդի շարժումն էր դէպի ճշմարտութիւն, որը, չնայած տարբեր սադրանքներին, կարողացել է պաշտպանել իր իդեալների արժանապատւութիւնը»։

Նախագահն անդրադառնալով տարածաշրջանում ԱՄՆ-ի հարկադրական եւ միջամտողական քաղաքականութեան դէմ Իրանի դիրքորոշմանն ասել է. «Իրանը հետամուտ է լինելու ԱՄՆ նախկին նախագահի հրամանով գեներալ Ղասեմ Սոլէյմանիի սպանութեան գործով արդարութեան հաստատմանը»։ 

Ռէյիսին իր ելոյթում նշել է. «Ամերիկացիները թոյլ չեն տալիս երկրներին ոտքի կանգնել: Նոյնիսկ այս երկրի բարեկամները լաւ վիճակում չեն: Այն, ինչ այսօր կատարւում է Եւրոպայում, այն ամենի հայելային արտացոլումն է, ինչ տեղի է ունեցել Ասիայում անցած տասնամեակներում»։ 

Նշենք, որ ՄԱԿ-ի 77-րդ ԳԱ նստաշրջանն այս տարի անց է կացւում Covid-19 համավարակից յետոյ առաջին անգամ, 2022 թւականի սեպտեմբերի 20-ից 26-ը՝ կազմակերպութեան Նիւ Եօրքում գտնւող կենտրոնատեղում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։