Իրաքի վարչապետ Մոհամմադ Շիա Ալ-Սուդանին պաշտօնը ստանձնելուց յետոյ առաջին այցն է կատարում Թեհրան: Այդ երկրի վարչապետին «Մեհրաբադ» օդանաւակայանում ընդունել է Իրանի տնտեսութեան եւ եկամուտների նախարար Սէյէդ Էհսան Խանդուզին:
«alikonline.ir» - Իրաքի վարչապետ Մոհամմադ Շիա Ալ-Սուդանին պաշտօնը ստանձնելուց յետոյ առաջին այցն է կատարում Թեհրան: Այդ երկրի վարչապետին «Մեհրաբադ» օդանաւակայանում ընդունել է Իրանի տնտեսութեան եւ եկամուտների նախարար Սէյէդ Էհսան Խանդուզին, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Թեհրան ժամանելուց ժամեր անց կայացել է Ալ-Սուդանիի դիմաւորման պաշտօնական արարողութիւնը Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի միջոցով: Արարողութիւնը տեղի է ունեցել «Սաադ Աբադ» պալատում, որի ընթացքում հնչել են երկու երկրների պաշտօնական հիմներգերը:
Պաշտօնական դիմաւորման արարողութեանը յաջորդել է այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի եւ Ալ-Սուդանիի գլխաւորած տնտեսական եւ քաղաքական հարցերով երկու պատւիրակութեան հանդիպումը երկկողմ, տարածաշրջանային համագործակցութիւնների խորացման օրակարգով:
Իրան Իսլ. Հանրապետութեան ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին նախօրէին անդրադառնալով Իրաքի վարչապետի Թեհրան կատարած այցի նպատակներին նշել է, որ հանդիպումները կայանում են երկկողմ յարաբերութիւնների խորացման ուղղութեամբ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն եւ Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի գրասենեակի քաղաքական հարցերով տեղակալի խօսքով Իրաքի նորընտիր վարչապետը Թեհրան է ժամանել Հանրապետութեան նախագահի հրաւէրով եւ Թեհրանի հետ երկկողմ եւ տարածաշրջանի յարաբերութիւնների խորացման ուղղութեամբ: Նախատեսւած է նաեւ մի շարք համաձայնագրերի եւ փոխըմբռնման յուշագրերի ստորագրում: