Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Իրանի Հայ Կաթողիկէ համայնքի առաջնորդը եւ նոյն համայնքի ներկայացուցիչներ հանդիպել են Ռոյան եւ Նուռ քաղաքների մի քանի պետական պաշտօնեաների հետ
«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը Նոռուզի առիթով այցելել է Իրանի հիւսիսային քաղաքներ, մասնաւորապէս՝ Նուր քաղաք եւ «Հայկաշէն» աւան։
Նուր քաղաքի այցելութիւնների ընթացքին Արա Շահվերդեանը հանդիպել է այդ քաղաքի Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան գրասենեակի ղեկավար դոկտ. Աբդօլլռեազա Ռաշիդիի եւ նոյն քաղաքի ուրբաթօրեայ աղօթարար հոջ. Ահմադիի եւ ճրտգ. Ջաֆար Հոսէյն Զադէի՝ Ռոյանի քաղաքապետի հետ։ Հանդիպումներին պատգամաւորին ուղեկցել են Իրանի Հայ Կաթողիկէ համայնքի առաջնորդ Տ. Սարգիս եպս. Դաւիթեանը, Հայ Կաթողիկէ համայնքի ազգային առաջնորդարանի ներկայացուցիչներ, եւ «Հայկաշէն» աւանի պատասխանատուներ, որոնք պետական պաշտօնեաներին շնորհաւորել են իրանական Նոր տարւայ եւ պատմական Նոռուզի տօների առթիւ։
Երեքշաբթի՝ մարտի 28-ին Արա Շահվերդեանը այցելել է Նուրի հրամանատարութիւն եւ հանդիպում ունեցել քաղաքի հրամանատար դոկտ. Ահմադ Թաւաքոլիի հետ։
Այս հանդիպմանն եւս Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորին ուղեկցել են Կաթողիկէ համայնքի առաջնորդ Տ. Սարգիս եպս. Դաւիթեանը եւ «Հայկաշէն» աւանի պատասխանատուները։
Քննարկւել է աւանի խնդիրները եւ պետական կառոյցների հետ համագործակցութիւնների հնարաւորութիւնները։