Հա

Քաղաքական

30/06/2014 - 13:30

Ահաբեկիչները յայտարարել են Մերձաւոր Արեւելքում խալիֆայութեան ստեղծման մասին

«Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետութիւն» ահաբեկչական խմբաւորումը յայտարարել է, որ Մերձաւոր Արեւելքում նոր իսլամական պետութիւն՝ խալիֆայութիւն է ստեղծւել, որը ներառում է Իրաքի Դիալէ շրջանից մինչեւ Սիրիայի Հալէպ ընկած տարածքները: Այս մասին յայտարարել է խմբաւորման խօսնակ Աբու Մուհամմեդ Ադնանին՝ տարածւած տեսանիւթում:

«ԱԼԻՔ» - «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետութիւն» ահաբեկչական խմբաւորումը յայտարարել է, որ Մերձաւոր Արեւելքում նոր իսլամական պետութիւն՝ խալիֆայութիւն է ստեղծւել, որը ներառում է Իրաքի Դիալէ շրջանից մինչեւ Սիրիայի Հալէպ ընկած տարածքները: Այս մասին յայտարարել է խմբաւորման խօսնակ Աբու Մուհամմեդ Ադնանին՝ տարածւած տեսանիւթում:
Տեսանիւթում մասնաւորապէս ասւում է, որ շարժման խորհուրդը որոշել է իսլամական խալիֆայութիւն ստեղծել, եւ խալիֆ կարգել: Խալիֆ կարգւել է շարժման առաջնորդ Աբուբաքր ալ Բաղդադին, որի ամբողջական անունն այսպէս է նշւած՝ Իբրահիմ բին Աւադ բին Իբրահիմ բին Ալի բին Մուհամմեդ Բադրի Հաշեմի Հոսէյնի: Ահաբեկիչները կոչ են արել բոլոր մուսուլմաններին բէյաթ կատարել՝ հաւատարմութեան երդում տալ նորանշանակ խալիֆին:
ԱՄՆ-ի հետախուզութեան տւեալներով՝ Ալ Բաղդադին ծնւել է Ւրաքի Սամարա քաղաքում 1971 թւականին: Ըստ աղբիւրի՝ այժմ նա աւելի հզօր է, քան նոյնիսկ «Ալ Ղայիդա»-ի առաջնորդ Այման ալ Զաւահերին:
Խմբաւորումը յայտնել է, նաեւ որ այսուհետեւ նախկին «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետութիւն» անւանման փոխարէն իր բոլոր հաղորդագրութիւններն ու յայտարարութիւնները ստորագրելու է «Իսլամական պետութիւն» անւանումով:
Խալիֆայութեան ստեղծումը, «ԴԱԷՇ»-ի խօսնակը բնութագրել է որպէս «բոլոր մուսուլմանների երազանքն ու սրտի ցանկութիւնը», եւ յայտարարել է, որ այլեւս չեն գործելու Առաջին համաշխարհային պատերազմից յետոյ Անգլիայի միջոցով Մերձաւոր Արեւելքում գծւած սահմանները:
«Սա փորձ է վերակենդանացնելու խալիֆայութեան համակարգը, որը տապալւել էր Օսմանեան կայսրութեան անկումով մօտ հարիւր տարի առաջ»,- յայտարարել է Ադնանին:
Իսկ Իրաքում Թիքրիտ քաղաքի ճակատագիրը շարունակում է մնալ անորոշ: Յունիսի 28-ի ուշ երեկոյեան Իրաքի զինւած ուժերի խօսնակը յայտարարել էր, որ իրաքեան բանակի ստորաբաժանումներին յաջողւել է ազատագրել Թիքրիտը՝ «ԴԱԷՇ»-ի զինեալների վերահսկողութիւնից: Երէկ՝ միջօրէին, սակայն, նրանք յայտարարեցին, որ բանակայինները ստիպւած են եղել նահանջել դէպի Դեջլէ քաղաքը, որը գտնւում է Թիքրիտից 25 կմ. հեռաւորութեան վրայ: Համաձայն տարածւած պաշտօնական հաղորդագրութեան՝ տակտիկական նահանջը պայմանաւորւած է եղել այն հանգամանքով, որ դէպի քաղաք տանող մուտքերը, ինչպէս նաեւ՝ քաղաքի գրեթէ բոլոր փողոցներն ու անցումներն ամբողջովին ականապատւած են եղել:
Թիքրիտի համար մարտերը շարունակւում են: Իրաքի բանակի ռազմական ուղղաթիռներն ու ծանր հրետանին շարունակում են ռմբակոծել քաղաքը: Ստացւած վերջին լուրերի համաձայն՝ բանակի ստորաբաժանումները, աշխարհազօրային ջոկատների օգնութեամբ դանդաղօրէն մօտենում են քաղաքի մատոյցներին:
Գլխապտոյտ իրադարձութիւնների այս ֆոնին Սաուդական Արաբիայի միապետ Մալէք Աբդուլլահ բին Աբդոլազիզը ռամազան ամսւայ առիթով երկրի ազգաբնակչութեանն ուղղւած իր աւանդական պատգամում յատուկ նշել է, որ պետութիւնը ոչնչացնելու է այն բոլոր իսլամիստ ծայրայեղականներին, որոնք սպառնում են երկրի անվտանգութեանը: Մալէք Աբդուլլահի այս պատգամը հետեւել է նախօրէին նրա մէկ այլ յայտարարութեանը, որում նա հանգամանօրէն անդրադարձել էր ահաբեկչութեան ու ծայրայեղականութեան դէմ պայքարի անհրաժեշտութեանը՝ նշելով, որ իր գլխաւորած պետութիւնն ամէն ինչ անելու է, «որպէսզի կանխի ահաբեկիչների ներթափանցումը՝ երկրի տարածք»:
Միեւնոյն ժամանակ, միապետի հրամանով զբաղեցրած իր պաշտօնից ազատւել է երկրի պաշտպանութեան նախարարի տեղակալ Ամիր Խալեդ բին Բանդարը, ով այս պաշտօնն զբաղեցրել է ընդամէնը 45 օր: Յատկանշական է այն փաստը, որ վերջին 15 ամիսների ընթացքում սա չորրորդ անգամն է ինչ պաշտօնանկ է արւում Սաուդական Արաբիայի պաշտպանութեան նախարարի տեղակալը:
Մինչ արաբական ամենամեծ պետութեան ղեկավարը փորձում է հաւաստիացնել իր երկրի յանձնառութեան մասին՝ ահաբեկչութեան դէմ պայքարում, Իրանի զինւած ուժերի գլխաւոր շտաբի պետի տեղակալ գեներալ Մասուդ Ջազայերին «Ալալամ» հեռուստաընկերութեան հետ զրոյցում Սաուդական Արաբիային համարել է ԱՄՆ-ի միջոցով մշակւած Իրաք ահաբեկիչների ներթափանցման ծրագրի իրագործողը:
«Մօտ ապագայում անցանկալի իրադարձութիւններ են տեղի ունենալու այն երկրներում, որոնք Իրաքում ու Սիրիայում հովանաւորում են ահաբեկիչներին: Երբ նրանք՝ ահաբեկիչները, հեռանան Իրաքից ու Սիրիայից, լուրջ խնդիրներ կը ստեղծեն իրենց պետութիւնների համար»,- ասել է Ջազայերին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։