Հա

Քաղաքական

25/08/2014 - 14:10

Դոկտ. Ռոհանիի ներկայութեամբ.- Ցուցադրւել են Իրանի պաշտպանական արդիւնաբերութեան վերջին ձեռքբերումները

Կառավարութեան շաբաթւայ առիթով հանրապետութեան նախագահը երէկ՝ օգոստոսի 24-ին այցելել է պաշտպանութեան նախարարութեան կազմակերպած ցուցահանդէսին, ուր առաջին անգամը լինելով՝ ցուցադրւել են ռազմական աւիացիոն եւ հրթիռային ոլորտներում Իրանի արտադրած վերջին՝ ամենանոր սարքաւորումները:

«ԱԼԻՔ» - Կառավարութեան շաբաթւայ առիթով հանրապետութեան նախագահը երէկ՝ օգոստոսի 24-ին այցելել է պաշտպանութեան նախարարութեան կազմակերպած ցուցահանդէսին, ուր առաջին անգամը լինելով՝ ցուցադրւել են ռազմական աւիացիոն եւ հրթիռային ոլորտներում Իրանի արտադրած վերջին՝ ամենանոր սարքաւորումները:
Ըստ ԻՍՆԱ-ի՝ ցուցահանդէսում, ցուցադրւել են նոր սերունդի «Կրուզ» տեսակի «Ղադիր» եւ «Նասր Բասիր» հրթիռներն ու «Քարար-4» եւ «Մոհաջեր-4» անօդաչու թռչող սարքերը:
«Ղադիր» հրթիռը կարող է խոցել մինչեւ 300 կմ. շառաւիղում յայտնւած ցանկացած թիրախի, իսկ միւս հրթիռը՝ «Նասր Բասիր»-ը զինւած է որոնողական, ուշիմ գլխիկով: Երկու տեսակի հրթիռներն էլ նախատեսւած են ռազմա-ծովային գործողութիւնների համար:
«Քարար-4»-ը հետախուզական տիպի անօդաչու թռչող սարք է, որը կարող է հետախուզական առաջադրանքներ կատարել բարձրութեան վրայ, իսկ ֆոտոգրամետրի տեսակի «Մոհաջեր-4» անօդաչու թռչող սարքը նախատեսւած է օդային քարտէզագըրման համար եւ կարող է կատարել թէ՛ ռազմական, եւ թէ՛ քաղաքացիական առաջադրանքներ:
Այցի ընթացքում հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին յատուկ ընդգծել է, որ Իրանի պաշտպանական դոկտրինան ունի բացառապէս «պաշտպանական ուղղւածութիւն, եւ Իրանը յարձակողական տեսակի որեւէ զէնք չի արտադրում»:
Նա կրկին անգամ բացառել է Իրանի միջոցով զանգւածային ոչնչացման զէնքերի արտադրութիւնը, նման զէնքերի օգտագործումը «կրօնական ուսմունքների, բարոյականութեան եւ յեղափոխութեան առաջնորդի ցուցմունքների» դէմ համարելով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։