Հա

Քաղաքական

08/08/2013 - 12:46

ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺ

Համաշխարհային հանրութիւնը արձագանգել է դոկտ. Հասան Ռոհանիի մամուլի ասուլիսին

«ԱԼԻՔ» - Եւրոմիութեան արտաքին քաղաքականութեան պատասխանատու Քաթրին Աշտոնը, Անգլիայի վարչապետ Դէյւիդ Քամերոնը, ինչպէս նաեւ Ֆրանսիայի եւ Գերմանիայի բարձրաստիճան պաշտօնատարներն արձագանգել են Իրանի միջուկային թղթածրարի շուրջ բանակցութիւնների հետ կապւած նորընտիր նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի խօսքերին:
Քաթրին Աշտոնը, որ գլխաւորում է Իրանի հետ բանակցող «5+1» խումբը, պատասխան նամակում տեղեկացրել է, որ Իրանի միջուկային ծրագրի համար շուտափոյթ հանգուցալուծում գտնելու նպատակով՝ Արեւմուտքը պատրաստ է վերսկսել բանակցութիւնները: Նա բարձր է գնահատել Իրանի նորընտիր նախագահի դիրքորոշումը՝ կապւած բանակցային գործընթացի հետ, եւ յայտարարել է, որ համաշխարհային հանրութիւնը պատրաստ է վերսկսել սառեցւած գործընթացը:
Քաթրին Աշտոնը դոկտ. Ռոհանիի յաղթանակն Իրանի նախագահական ընտրութիւններում բնութագրել է որպէս Իրանի ժողովրդի կարեւոր պատգամը՝ ուղղւած աշխարհին, որը դոկտ. Ռոհանիին պարտաւորեցնում է բանակցել եւ համագործակցել համաշխարհային հանրութեան հետ:
Յիշեցնենք, որ դեռեւս դոկտ. Հասան Ռոհանիի յաղթանակից յետոյ՝ Քաթրին Աշտոնը շնորհաւորելով պրն. Ռոհանիին՝ յաղթանակի կապակցութեամբ, յայտարարել էր, որ խնդրի համար դիւանագիտական հանգուցալուծում գտնելու նպատակով՝ Եւրոմիութիւնը հաստատակամ է համագործակցել Իրանի նորընտիր նախագահի հետ:
Քաթրին Աշտոնի նամակի հրապարակման նախօրէին նրա խօսնակ Մայքըլ Մանն ասել էր. «Իրանի միջուկային ծրագրի շուրջ առկայ կասկածների փարատումից յետոյ՝ պատժամիջոցների շարունակումը դառնալու է ինքնանպատակ»:
Նախօրէին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւս յաղթանակի կապակցութեամբ շնորհաւորական հեռագիր էր յղել պրն. Ռոհանիին: Հեռագրում Ֆրանսիայի նախագահն անդրադառնալով հազարամեակների վաղեմութիւն ունեցող իրանական քաղաքակրթութեանը՝ ցանկութիւն էր յայտնել որ նոր առիթ ստեղծւի՝ վերականգնելու երկկողմ բնականոն յարաբերութիւնները:
Ողջունելով «5+1» խմբի հետ լուրջ եւ բովանդակալից բանակցութիւններ վարելու կապակցութեամբ Իրանի նորընտիր նախագահի յայտարարութիւնը՝ Գերմանիայի արտգործնախարարութիւնն այն որակել է որպէս ճիշտ ուղընթացում վերցւած քայլ:
Գերմանիայի արտգործնախարարութեան խօսնակ Անդրէաս Պեշկէն օգոստոսի 7-ին վկայակոչելով այդ երկրի արտգործնախարար Գիդօ Վեստերւելէին՝ ասել է. «Բեռլինը յստակօրէն ողջունում է Իրանի նախագահ՝ դոկտ. Հասան Ռոհանիի արտայայտութիւններն ու որդեգրած դիրքորոշումները»:
Գերմանիայի արտգործնախարարութեան խօսնակը նաեւ անդրադառնալով Ռոհանիի երդմնակալութեան արարողութեանը այդ երկրի դեսպանի մասնակցութեանը՝ յաւելել է. «Երկու երկրների շփումներն է՛լ աւելի կը խորանան»:
Անգլիայի վարչապետ Դէյւիդ Քամերոնը եւս դոկտ. Հասան Ռոհանիին ուղղւած նամակում յոյս է յայտնել, որ նրա նախագահութեան օրօք Իրանը կընտրի նոր ուղի եւ կը բարելաււի երկու երկրների յարաբերութիւնը: Քամերոնն այս նամակում, որ հրապարակւել է վարչապետի պաշտօնական կայքէջում, ասել է. «Երկու երկրների յարաբերութիւնների բարելաւումը պահանջում է աստիճանական – տեւական գործընթաց: Հարկաւոր է կարգաւորել մի քանի հիմնական խնդիրներ»: Նա նաեւ պահանջել է, որ Իրանը համաշխարհային հանրութեան հետ վերսկսի կառուցողական - օգտաշատ բանակցութիւններ եւ հովանաւորի Սիրիայի ճգնաժամի հանգուցալուծման համար առաջարկւող նախագծերը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը եւս, իր հերթին, ողջունել է դոկտ. Հասան Ռոհանիի խօսքերը եւ յայտարարել է, որ Մոսկւան բարձր է գնահատում ու հաստատում Իրանի նորընտիր նախագահի դիրքորոշումները:
Նա ասել է. «Ես ընդգծում եմ, որ մենք բացարձակապէս համաձայն ենք, որպէսզի խնդիրը հանգուցալուծւի բանակցող կողմի նկատմամբ փոխադարձ յարգանքի, այլ ոչ թէ՝ սպառնալիքների եւ վերջնաժամկէտների հիմքի վրայ»:
Հետաքրքիր է, որ այս դրական համատեքստում Իսրայէլի վարչապետ Բենիամին Նաթանիահուն պահանջել է, որ շարունակւեն համաշխարհային հանրութեան ճնշումները՝ Իրանի վրայ, իսկ ԱՄՆ-ի կառավարութիւնը յայտարարել է. «Գնդակը գտնւում է Իրանի դաշտում» եւ աւելացրել է, որ դոկտ. Ռոհանին պէտք է գործնական քայլերի դիմի՝ համաշխարհային հանրութեան մտահոգութիւնները փարատելու նպատակով: ԱՄՆ-ի արտգործնախարարութեան խօսնակն անդրադառնալով պրն. Ռոհանիի դիրքորոշումներին՝ յայտարարել է. «Բանակցութիւնները սառեցւած կէտից շարժելու համար՝ Իրանի հերթն է դիմելու գործնական քայլերի»:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։