Հա

Քաղաքական

16/09/2014 - 11:30

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ - Լուրջ չեմ համարում խօսել մի բանի մասին, որը դեռ չկայ

Ընդհանրապէս մարդու հեղինակութիւնն ու յարգանքը ձեռք է բերւում աշխատանքով ու կենսագրութեամբ: Ինչ վերաբերում է իմ քաղաքական վարկանիշին, ապա ես դրա մասին շատ չեմ մտածում: Ես աշխատում եմ մարդկանց չխաբել, իմ սկզբունքներից չհրաժարւել, քաղաքական գործընկերների հետ յարաբերութիւններում պայմանաւորւածութիւններ չխախտել: Եւ երեւի ամենակարեւորը՝ ես չեմ հետապնդում որեւէ անձնական շահ:

Գագիկ Ծառուկեանի ուշագրաւ հարցազրոյցը


«yerkir.am» - «zham.am»-ը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկեանի հարցազրոյցն է ներկայացրել, որը կարող էք կարդալ ստորեւ:

 

Հ.- Ի՞նչ խնդիրներ էք դուք այսօր լուծում քաղաքական դաշտում եւ ո՞րն է դրանցից ամենակարեւորը Ձեզ համար:
Պ.- Ես տեսնում եմ խնդիրներ եւ պատրաստ եմ դրանք լուծել պետութեան մէջ՝ երկրի համար, ժողովրդի համար: Բայց, ես երբեք չեմ մտել եւ չեմ մտնելու քաղաքական տարբեր յարաբերութիւնների մէջ, որոնք երբեմն շատ մանր են: Իսկ երբեմն էլ աւելի շատ յիշեցնում են սովորական առեւտուր: Դա իմը չէ, ինձ չի սազում: Ես շատ լաւ գիտեմ հայաստանեան քաղաքական դաշտի խաղի կանոնները, յարաբերութիւնների՝ մեղմ ասած, ոչ այնքան ազնիւ խաղի կանոնները: Ճիշտ հասկացէք, ինձ համար դա օտար եւ անհետաքրքիր զբաղմունք է: Եթէ ես քաղաքական դաշտում մտածէի անձնական շահի մասին, ապա ես ընդհանրապէս չէի մտնի քաղաքականութիւն: Ես շատ հանգիստ կարող էի ապրել միայն իմ, իմ ընտանիքի, իմ մերձաւորների համար: Ի՞նչն էր ինձ խանգարում. ոչ մի բան: Բայց, տեսնելով, որ մեր երկրում լուրջ խնդիրներ կան, տեսնելով, որ ժողովուրդը շատ վատ է ապրում, մարդիկ թողնում են իրենց տները, հեռանում օտար երկրներ, յուսահատութիւնն ու անարդարութիւնը մեծ է երկրում, ես չկարողացայ անտարբեր մնալ, ես չուզեցի մի կողմ քաշւել ու ապրել միայն ինձ համար: Սա է քաղաքական դաշտում լինելու իմ միակ դրդապատճառը:


Հ.- Բայց Ձեր բարձր ժողովրդականութիւնը, բարձր վարկանիշը պարտաւորեցնող են, եւ գաղտնիք չէ, որ հասարակութեան եւ քաղաքական դաշտի զգալի հատւածը առաջիկայ փոփոխութիւնները կապում են նաեւ Ձեր անձի հետ:
Պ.- Ընդհանրապէս մարդու հեղինակութիւնն ու յարգանքը ձեռք է բերւում աշխատանքով ու կենսագրութեամբ: Ինչ վերաբերում է իմ քաղաքական վարկանիշին, ապա ես դրա մասին շատ չեմ մտածում: Ես աշխատում եմ մարդկանց չխաբել, իմ սկզբունքներից չհրաժարւել, քաղաքական գործընկերների հետ յարաբերութիւններում պայմանաւորւածութիւններ չխախտել: Եւ երեւի ամենակարեւորը՝ ես չեմ հետապնդում որեւէ անձնական շահ: Ես իշխանութիւն չեմ ուզում, որ փող աշխատեմ, հարստութիւն դիզեմ, իմ բարեկամներին աշխատանքի տեղաւորեմ: Ես շատ լաւ գիտեմ Հայաստանի պրոբլեմները, ես փայլուն գիտեմ Հայաստանի տնտեսութիւնը, ես շատ լաւ պատկերացնում եմ ժողովրդի հիմնական խնդիրները: Եւ վերջապէս՝ ես պատկերացնում եմ, թէ այդ հարցերից շատերը քայլ առ քայլ ինչպէս պէտք է լուծել: Ես լաւ գիտեմ Սփիւռքի գործարար հնարաւորութիւնները, եւ գիտեմ, թէ ինչպէս պէտք է դա ի շահ մեր երկրի օգտագործել, ես գիտեմ, թէ ինչպէս կարելի է օտարերկրեայ խոշոր ներդրումներ բերել Հայաստան ու նոր աշխատատեղեր, նոր հնարաւորութիւններ ստեղծել երկրում:


Հ.- Որոշակի ի՞նչ քայլեր էք պլանաւորում Դուք եւ ԲՀԿ-ն:
Պ.- Նախ, ես հպարտ եմ, որ կարողացել եմ ձեւաւորել գրագէտ քաղաքական թիմ ԲՀԿ-ում, եւ այսօր ԲՀԿ-ի բարձր հեղինակութիւնը պայմանաւորւած է նաեւ այդ մարդկանց աշխատանքով: Նշեմ, որ մեր կուսակցութեան մէջ տիրում է խնդիրները քննարկելու ազատ մթնոլորտ: Եւ որոշումները կայացւում են հէնց այդ մթնոլորտում խնդիրները քննարկելուց յետոյ: Եւ մենք կարեւորում ենք նոյնանման քննարկումները այլ քաղաքական ուժերի եւ հասարակական խմբերի հետ: Մօտակայ ժամանակներում ես պլանաւորում եմ քաղաքական հանդիպումների եւ խորհրդակցութիւնների մեծ փուլ՝ քաղաքական կուսակցութիւնների, հասարակական կառոյցների ներկայացուցիչների հետ: Ես կարծում եմ, որ հիմա կայ նման հանդիպումների անհրաժեշտութիւնը: Եւ ակնյայտօրէն կայ նման ցանկութիւն՝ շատերի մօտ: Ես չեմ ուզում բացել փակագծերը, բայց այս հանդիպումները շատ կարեւոր են՝ մօտեցումների յստակեցման, տեսակէտների փոխանակման եւ առաջիկայ անելիքների քննարկման համար:


Հ.- Հայաստանի, ժողովրդի խնդիրները քիչ էին, հիմա էլ դրւում է սահմանադրական փոփոխութիւնների հարցը: Ձեր տեսակէտը ո՞րն է:
Պ.- Ես լուրջ չեմ համարում խօսել մի բանի մասին, որը դեռ չկայ, յայտնի չէ: Պարզ չէ՝ խօսքը ինչ փոփոխութիւնների մասին է: Երբ կը լինի փաթեթը, հայեցակարգը, այն ժամանակ ես պատրաստ կը լինեմ բոլոր հարցերին պատասխանելու:
Բայց, սահմանադրական փոփոխութիւնների յանձնաժողովի անդամները, իրենց ասելով, ժողովրդի հետ տարբեր մարզերում քննարկումներ են անում:
Այսինքն՝ Ձեր ասած յանձնաժողովի անդամները գնացել են գիւղեր՝ բերքահաւաքի, աշխատանքների ամենախառը փուլում, երբ գիւղացին չունի սերմնացու, տեխնիկայ, վառելիք, կարկուտից հսկայական վնասներ է կրել, բանկերում գրաւ է դրել իր տունն ու հողը, ու ասել են՝ սիրելի գիւղացի, դրանք բոլորը կարեւոր չեն, ամենակարեւորը Սահմանադրութի՞ւնն է: Թող քո երեխան ու ծնողը սոված լինեն, դեղի, հագուստի փող չունենան, բայց դրանք մի կողմ դիր, արի իրար հետ քննարկենք Սահմանադրութիւնը: Այդպէ՞ս է եղել: Սա լուրջ չէ: Թէ՛ գնացել են քննարկելու ադրբեջանական բանակի կողմից գնդակոծւող գիւղերում: Թէ՛ աղէտի գօտում են քննարկել, թէ՛ աւտոկայաններում ու օդանաւակայանում են քննարկել, որտեղից մարդիկ ընտանիքներով արտագաղթում են: Սահմանադրութիւնը լուրջ խնդիր է, ես ոչ մէկին խորհուրդ չեմ տայ՝ անլուրջ վերաբերւել այս հարցին: Սուտ քննարկումներ, սուտ պատկեր չի կարելի ստեղծել: Եթէ իշխանութիւնները որոշեն փաթեթը պատրաստել, հայեցակարգը հաստատել, այդ ժամանակ «Բարգաւաճ Հայաստանը» նոյնպէս կը քննարկի՝ դահլիճներում եւ հրապարակներում: Մենք կը վերցնենք ամենալաւ դահլիճները, կը հրաւիրենք քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպութիւններին, իշխանութիւններին, կը քննարկենք, մեր փաստարկները կը բերենք, կը լսենք ուրիշներին: Այդ դէպքում ես կունենամ բարոյական իրաւունք՝ հրաւիրել ժողովրդին հանրահաւաքների՝ մարզերում, Երեւանում: Կը ներկայացնեմ մեր մօտեցումները, մարդկանց կը լսեմ: Այն ժամանակ էլ՝ ինչպէս ժողովուրդը որոշի, այնպէս էլ կանենք: Մենք կողմ ենք ցանկացած բարեփոխման, դէպի լաւը փոփոխութեան, բայց ոչ՝ վերարտադրման:


Հ.- Սովորաբար, երբ Ձեր քաղաքական հակառակորդները Ձեր դէմ որեւէ վատ բան են ուզում գրել, կամ Ձեր շուրջ անվստահութիւն առաջացնել՝ ասում են, որ դուք երբեմն հանդիպումներ էք ունենում իշխանութեան որոշ ներկայացուցիչների հետ: Եկէք խօսենք դրա մասին եւ այս հարցը մէկընդմիշտ փակենք:
Պ.- Ես հանդիպումներ եմ ունենում շատ-շատերի հետ: Թէ՛ արմատական ընդդիմութեան հետ, թէ՛ հասարակական ակտիւիստների, թէ՛ քաղաքագէտների, առաջին եւ երկրորդ նախագահների, Հայաստանում հաւատարմագրւած դեսպանների հետ: Ես հանդիպումներ ունենում եմ նաեւ իշխանութեան որոշ ներկայացուցիչների հետ, եւ ես դա համարում եմ շատ կարեւոր: Օրինակ՝ ես չէի կարող սահմանին լարւածութեան ժամանակ չզանգել պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանին, չհետաքրքրւել իրավիճակով եւ չյայտնել իմ պատրաստակամութիւնը՝ ցանկացած հարցով աջակցելու: Ես անհրաժեշտութեան դէպքում հանդիպում եմ Սերժ Սարգսեանին: Իրենից եմ ճշտում իր տեսակէտները՝ որոշ խնդիրների նկատմամբ, ներկայացնում եմ իմը: Ձեւակերպում եմ իմ մտահոգութիւնները՝ տարբեր հարցերի շուրջ: Մենք նոյն երկրում ենք ապրում, մի փոքր երկրում, որն ունի բազմաթիւ խնդիրներ: Եւ քննարկելն աւելի լաւ է, քան՝ չքննարկելը: Չքննարկելուց երկրի ու ժողովրդի համար ոչ մի խնդիր չի լուծւում: Ես դէմ եմ, որ այսօր որոշ մարդիկ նեղ անձնական նպատակների համար, ինչ-որ մէկին դուր գալու համար վիրաւորում ու վարկաբեկում են Հայաստանի առաջին ու երկրորդ նախագահներին: Հիմա Սերժ Սարգսեանի պաշտօնավարման վերջին ժամկէտն է: Նա դրանից յետոյ իրաւունք ունի հանգիստ հեռանալու, իր սիրած գործերով զբաղւելու: Ես չեմ ուզում, որ այսօր մարդիկ, ովքեր իր ենթականերն են, վաղը ուրիշին դուր գալու համար նրա հասցէին չարախօսեն ու յետեւից խօսեն: Ես ուզում եմ՝ մէկընդմիշտ այդ աւանդոյթը վերանայ: Պէտք է ունենալ խիզախութիւն՝ այդ աւանդոյթը կոտրելու: Երբ ես ասում եմ միմեանց վիրաւորելու, վարկաբեկելու անթոյլատրելիութեան մասին, հասկանալի է, որ ես նկատի չունեմ քննարկելը, բանավիճելը, տարբեր տեսակէտներ ու մօտեցումներ ունենալը, քննադատելը: Բայց դա պէտք է լինի առարկայական, փաստերով: Ես պատրաստ եմ ինքս լսել ու ընդունել ցանկացած հիմնաւոր հակառակ կարծիք ու քննադատութիւն:


Հ.- Մեր վերջին հարցը վերաբերում է ոչ-իշխանական ուժերի քառեակի հեռանկարին: Դուք լաւատե՞ս էք, թէ՞ ոչ այնքան: Եւ որո՞նք են լինելու անձամբ ձեր քայլերը:
Պ.- Ես հարցին նայում եմ մի փոքր այլ տեսանկիւնից: Կայ հնարաւորութիւն՝ խնդիրները իրար հետ քննարկելու, միասնական փոխզիջումային որոշումներ կայացնելու. Ու դա շատ լաւ է: Չի լինի նման հնարաւորութիւն՝ ողբերգութիւն չպէտք է սարքել: Այդ դէպքում քաղաքական ուժերի հետ ԲՀԿ-ն կաշխատի երկկողմ յարաբերութիւնների մեխանիզմով: Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ մասին, ապա որքան էլ ես կարեւորեմ քաղաքական ուժերի հետ յարաբերութիւնները, ես ամենից առաջ կարեւորում եմ ԲՀԿ-ի դերի ու վարկանիշի բարձրացումը, ԲՀԿ-ի ուժեղացումը: Կան ներքին որոշումներ, կան յանձնարարականներ՝ այդ ուղղութեամբ, կայ մշակւած ծրագիր, որով մենք շարժւելու ենք, եւ որը է՛լ աւելի է ուժեղացնելու «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւնը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։