Հա

Քաղաքական

19/08/2013 - 11:20

Ս. Մարկեդոնով.- «Ծայրայեղ անշրջահայեաց կը լինի Բրիւսէլի ու Մոսկւայի կողմից Հայաստանին պարտադրել ընտրութիւն կատարել»

«Նոյեան տապան» պարբերականը հրապարակել է վաշինգտոնաբնակ ռուս քաղաքագէտ Սերգէյ Մարկեդոնովի «Եւրոպական եւ եւրասիական ընտրութեան միջեւ» վերտառութեամբ ծաւալուն յօդւածը, որում հեղինակն անդրադարձել է Հայաստան-Եւրոմիութիւն եւ Հայաստան-Ռուսաստան յարաբերութիւններին եւ ինտեգրացիոն գործընթացներին:

«panorama.am» - «Նոյեան տապան» պարբերականը հրապարակել է վաշինգտոնաբնակ ռուս քաղաքագէտ Սերգէյ Մարկեդոնովի «Եւրոպական եւ եւրասիական ընտրութեան միջեւ» վերտառութեամբ ծաւալուն յօդւածը, որում հեղինակն անդրադարձել է Հայաստան-Եւրոմիութիւն եւ Հայաստան-Ռուսաստան յարաբերութիւններին եւ ինտեգրացիոն գործընթացներին:
Գնահատելով ներկայում բուռն քննարկումների թեմա դարձած եւրոպական ու եւրասիական ինտեգրման երկընտրանքի հարցը՝ տարածաշրջանային անվտանգութեան ապահովման համատեքստում՝ ռուս քաղաքագէտը համոզմունք է յայտնել, որ Հայաստանը «դատապարտւած է վարել կոմպլեմենտար (լրացուցիչ) քաղաքականութիւն», եւ ծայրայեղ անշրջահայեաց կը լինի Բրիւսէլի ու Մոսկւայի կողմից Հայաստանին պարտադրել ընտրութիւն կատարել:
Քաղաքագէտի վերլուծական յօդւածը թարգմանաբար ներկայացնում ենք որոշ կրճատումներով:
«Հայաստանի, ինչպէս նաեւ միջազգայնօրէն չճանաչւած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան համար Ադրբեջանի որեւէ հզօրացում սպառնալիք է, ինչը վտանգի տակ է դնում 1994 թւականին ձեւաւորւած ստատուս-քւօն: Դա ոչ միայն ռիսկ է՝ կորցնելու թանկ գնով ձեռքբերւած ռազմական յաղթանակները, այլեւ ուղղակի սպառնալիք է Հայաստանի ազգային շահերին: Հասկանո՞ւմ է դա Մոսկւան: Իհարկէ, հասկանում է, հակառակ դէպքում ջանքեր չէր գործադրի ոչ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում, ոչ էլ ՀԱՊԿ-ի ռազմա-քաղաքական գործընկերութեան շրջագծում...
...Մոսկւան Հայաստանին անւանում է «ռազմավարական դաշնակից», իսկ Ադրբեջանին՝ «ռազմավարական գործընկեր»: Ինչպէս ասւում է, զգացէք տարբերութիւնը: Գործընկերների հետ շահերը գործնական են: Այստեղ տրամաբանութիւնը թելադրում է շուկան, ծառայութիւնների գնի ու որակի յարաբերակցութիւնը: Բաքւի հետ յարաբերութիւններում Մոսկւան առաջին անգամ չէ, որ կիրառում է շուկայական մօտեցումը՝ չունենալով մեծ ակնկալիքներ՝ գործընկերոջից: Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի հարցում չպայմանաւորւեցին: Խնդրայարոյց կէտեր ի յայտ եկան Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով նաւթի տարանցման հարցում: Սակայն, զէնքի գործարքի հետ կապւած, կարծես, ընդհանուր եզրեր գտան:
Այդպիսով՝ չկայ ստատուս-քւոյի կտրուկ փոփոխութիւն եւ Ադրբեջանի վերածում «երկրորդ Վրաստանի». դրանով Մոսկւան բաւարարւած է: Բայց, դաշնակիցների հետ թոյլատրելի են արտօնութիւններ եւ ռազմա-տեխնիկական ոլորտում շահոյթի գործօնի անտեսում: Ճիշտ է, ռուսական գազի հարցում գնային քաղաքականութիւնը դուրս է մնում այդ սխեմայից: Այնուամենայնիւ, Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ազգային անվտանգութեան կարեւոր երաշխաւոր: Հայաստանը Հարաւային Կովկասի միակ պետութիւնն է, ուր տեղակայւած են ոչ միայն ռուս զինւորներ, այլեւ՝ սահմանապահներ: Ռուս պաշտօնատար անձինք, ինչպէս նաեւ ՀԱՊԿ-ի ներկայացուցիչները, բազմիցս հրապարակայնօրէն նշել են, որ Հայաստանի դէմ որեւէ արտաքին յարձակում կը համարւի սպառնալիք՝ Ռուսաստանի եւ նրա շահերի համար...
...Կը կարողանա՞յ արդեօք Եւրոմիութիւնը փոխարինել «ռուսական գործօնը»՝ անվտանգութեան ոլորտում: Այս հարցը հռետորական է: Այսօրւայ դրութեամբ՝ Եւրոպան չունի հեռանկարի յստակ տեսլական՝ Հայաստանի անվտանգութեան համար այնպիսի կարեւոր հարցում, ինչպիսին է Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորումը: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներից է Ֆրանսիան՝ Եւրոմիութեան ազդեցիկ անդամներից մէկը: Սակայն, Մինսկի խմբում առաջատար են՝ Մոսկւան ու Վաշինգտոնը: Ընդհանրապէս, իր արտաքին գրաւչութեամբ հանդերձ, ի տարբերութիւն ԱՄՆ-ի, Եւրոմիութիւնը չունի կոշտ ուժի արդիւնաւէտ գործիքներ, փաստացի այդ հարցում ամբողջութեամբ կախում ունի ՆԱՏՕ-ից եւ Վաշինգտոնից:
Հասկանալի է, որ ինչպէս Եւրոմիութիւնն ամբողջութեամբ, այնպէս էլ նրա առանձին կառավարութիւնները չեն կարող զբաղեցնել Ռուսաստանի տեղը՝ Գիւմրիում, եւ ապահովել հայկական բանակի սպառազինութիւնը՝ արտօնեալ գներով: Դա կը հակադրէր Եւրոմիութիւնն Ադրբեջանին, ում հետ Եւրոպան ունի իր շահերը: Բաքուն դիտւում է որպէս «էներգետիկ անվտանգութեան» այլընտրանքային աղբիւր, որն ունակ է գոնէ մասնակիօրէն կոմպենսացնել (փոխարինել) Ռուսաստանից ունեցած կախւածութիւնը: Ո՛չ Բրիւսէլը, ո՛չ էլ Վաշինգտոնը չեն ցանկանայ խաղադրոյք կատարել բացառապէս Հայաստանի վրայ՝ ի վնաս Ադրբեջանի հետ կապերի: «Սաֆարովի գործ»-ի հետ կապւած Եւրոմիութեան անդամ Հունգարիայի սկանդալային պատմութիւնը ասւածի վկայութիւնն է:
Այնուամենայնիւ, նշւած այդ բոլոր գործօնները չեն նշանակում, որ Հայաստանի համար եւրոպական վեկտորը արժէք ու կարեւորութիւն չի ներկայացնում: Եւրոմիութեան, ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ համագործակցութիւնից հրաժարւելը յղի է նրանով, որ այդ հարթակը կը զբաղեցնի Ադրբեջանը: Այս առումով՝ Արեւմուտքի հետ շփումներից հրաժարւելը կարող է վնասել Հայաստանի շահերին, որը նաւթային եւ գազային գործիքի բացակայութեան պայմաններում ունի Սփիւռքի գործօն:
Այլ հարց է, թէ արժէ՞ դիտարկել «արեւմտեան վեկտորը» ռուսական ուղղութեամբ փոխարինելու հարցը: Ենթադրելի է, որ պէտք է այն դիտարկել ոչ թէ մէկը միւսով փոխարինելու առումով, այլ մէկը միւսով լրացնելու՝ որպէս տնտեսական եւ դիւանագիտական լրացում՝ ռազմա-քաղաքական ձեւաչափին: Մեծամասամբ Երեւանը, որքան էլ դա դժւար է, դատապարտւած է կոմպլեմենտարիզմի: Ծայրայեղ անշրջահայեաց կը լինի ինչպէս Մոսկւայում, այնպէս էլ Բրիւսէլում Հայաստանից պահանջել կողմնորոշւել: Առաւել եւս, երբ առաջարկւող ռուսական նախագծերը (Մաքսային միութիւն եւ Եւրասիական միութիւն) դեռեւս ձեւաւորւած չեն ամբողջ ծաւալով, իսկ եւրոպականի դէպքում՝ առաջադիմական հռետորաբանութիւնը յաճախ առաջ է անցնում իրականութիւնից:
Այս առումով՝ վերջնական կողմնորոշումը կարող է լուրջ կորուստների յանգեցնել ոչ միայն Երեւանի, այլեւ եւրասիական ու եւրոպական անվտանգութեան համար, քանի որ դա կը պահանջի լրջագոյն փոփոխութիւն գոյութիւն ունեցող ստատուս-քւոյում՝ առանց ապագայ յստակ օգուտների: Ռուսական «յենարան»-ի կորուստը կարող է Բաքւին դրդել դիմել կոշտ գործողութիւնների, իսկ արեւմտեան ուղղութեան թուլացումը կը խթանի հայ-ադրբեջանական հակամարտութեան «վրացականացմանը»: Երկու դէպքում էլ Մոսկւայի եւ Բրիւսէլի օգուտները չափազանց կասկածելի են»,- գրել է ռուս քաղաքագէտ Սերգէյ Մարկեդոնովը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։