Հա

Քաղաքական

20/08/2013 - 12:55

Մեկնաբանում է Շահան Գանտահարեանը.- Եգիպտոսում բռնութեան թիրախ են դարձել քրիստոնեաները

Զբօսաշրջիկների համար Արաբական աշխարհի երբեմնի գայթակղիչ Եգիպտոսն այսօր ծայրաստիճան ճգնաժամ է ապրում: Զինւորականութեան օժանդակութեամբ գահընկէց արւած Մուհամմադ Մուրսիի կողմնակիցների ճամբարները ցրելու համար օգոստոսի 14-ից սկսւած զինւած գործողութիւնների եւ դրանց յաջորդած բախումների զոհերի ընդհանուր թիւը 900-ի է հասնում:

«yerkirmedia.am» - Զբօսաշրջիկների համար Արաբական աշխարհի երբեմնի գայթակղիչ Եգիպտոսն այսօր ծայրաստիճան ճգնաժամ է ապրում: Զինւորականութեան օժանդակութեամբ գահընկէց արւած Մուհամմադ Մուրսիի կողմնակիցների ճամբարները ցրելու համար օգոստոսի 14-ից սկսւած զինւած գործողութիւնների եւ դրանց յաջորդած բախումների զոհերի ընդհանուր թիւը 900-ի է հասնում:
Իրադարձութիւնների էպիկենտրոնը մայրաքաղաք Եգիպտոսն է, թատերաբեմում են իշխանութիւնից զրկւած եւ ներկայում ճաղերի յետեւում գտնւող Մուրսիին սատարող «Մուսուլման եղբայրներ» շարժման կողմնակիցները՝ մի կողմից ու զինւորականութիւնը՝ միւս կողմից:
Վերջին օրերին բռնութեան թիրախ են դարձել նաեւ Եգիպտոսի քրիստոնեաները: Յարձակման են ենթարկւել մի քանի տասնեակ քրիստոնէական եկեղեցիներ, ինչպէս նաեւ՝ բնակելի տներ, դպրոցներ, կրպակներ:
Եգիպտոսի քրիստոնէական համայնքը 85 միլիոն բնակչութեան 10 տոկոսն է կազմում: Հայեր կամ հայկական եկեղեցիներ այս յարձակումների հետեւանքով՝ չեն տուժել:
Ի դէպ, Եգիպտոսում, եւ ընդհանրապէս, այս տարածաշրջանում բնակւող քրիստոնեաներն առաջին անգամ չէ, որ այլատեացութեան կամ ծայրայեղ իսլամականութեան թիրախ են դառնում:
«Որոշակի խմբաւորումներ, որ ստանձնել են յարձակումների պատասխանատւութիւնը, չկան: Ընդհանուր այս ֆոնին նաեւ խուլիգանական արարքներ են լինում, սակայն չի բացառւում, որ սա իսլամական եւ աշխարհիկ ուժերի միջեւ ընթացող պայքարի դրսեւորում լինի»,- ասաց լիբանանեան «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը:
Ականատեսների վկայութեամբ՝ յարձակման ենթարկւած եկեղեցիներն ու քրիստոնեաներին պատկանող այլ հաստատութիւններն այս յարձակումների հետեւանքով՝ չեն աւերւել, միայն թեթեւ վնասներ են կրել: Երբեմն զինւած փոքր խմբերը յարձակւում են եկեղեցիների վրայ՝ բղաւելով Մուրսիին սատարող կարգախօսեր: Իսկ «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչները համարում են, որ այս յարձակումները յաճախ զինւորականութեան ձեռքի գործն են՝ իրենց դէմ դաւադրութիւն իրականացնելու համար:
Կահիրէից 400 կիլոմետր հեռու գտնւող Սոհագ քաղաքի Մար Ջերգիս ղպտիական եկեղեցին յարձակման ենթարկւածների թւում է: Լրատւամիջոցները տեղանքը ուրւական քաղաքի են նմանեցնում. մարդիկ թաքնւել են իրենց բնակարաններում:
Միեւնոյն ժամանակ, «Մուսուլման եղբայրներ»-ը մեղադրում են քրիստոնեաներին, մասնաւորապէս՝ ղպտիներին՝ Մուրսիին իշխանութիւնից զրկելու հարցում զինւորականութեանը սատարելու համար:
Յուլիսի 3-ին, երբ գահընկէց արւեց Մուրսին, ղպտիների Թաւադրոս 2-րդ առաջնորդը իր աջակցութիւնը յայտնեց զինւորականութեանը: Շատ քրիստոնեաներ, իրենց հերթին, կրօնական բազմակարծութիւնը պարբերաբար ճնշելու համար՝ մեղադրում են Մուրսիին:
«Այլատեացութեան միտում կայ տարածաշրջանում: Չի բացառւում, որ սա տարածաշրջանը ապաքրիստոնէականացնելու աշխարհա-քաղաքական օրակարգի մաս է»,- ասաց Շահան Գանտահարեանը:
Անկայուն վիճակն աստիճանաբար Ալեքսանդրիայից եւ Կահիրէից տարածւում է երկրի այլ շրջաններ: Մահացու ելքով հերթական բախումն է գրանցւել Սինայի թերակղզում: Դեռեւս անյայտ զինեալների յարձակման զոհ են դարձել 24 ոստիկաններ, երեք հոգի վիրաւոր են: Սինայում անվտանգութեան ապահովման խստացւած միջոցառումներ ձեռնարկւել էին դեռեւս 2011 թւականից, քանի որ յարձակումներն այստեղ յաճախակի էին դարձել: Այն անցակէտ է ոչ միայն ջիհադիստների համար, այլեւ՝ յանցագործ տարրերի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։