Հա

Քաղաքական

21/10/2015 - 09:20

Ինչ է Արա Աբրահամեանի միջոցով Հայաստանում «հետախուզում» Պուտինը

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհաւորական ուղերձ է յղել Ռուսաստանի հայերի միութեան 15-ամեակի կապակցութեամբ: Գնահատելով միութեան դերը «Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ աւանդական բարեկամական յարաբերութիւնների ամրապնդման» գործում՝ Պուտինն ընդգծել է, որ այն ներկայացնում է աշխարհի ամենամեծ՝ մօտ 3 մլն. մարդ ներառող հայկական համայնքը:

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ


ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհաւորական ուղերձ է յղել Ռուսաստանի հայերի միութեան 15-ամեակի կապակցութեամբ: Գնահատելով միութեան դերը «Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ աւանդական բարեկամական յարաբերութիւնների ամրապնդման» գործում՝ Պուտինն ընդգծել է, որ այն ներկայացնում է աշխարհի ամենամեծ՝ մօտ 3 մլն. մարդ ներառող հայկական համայնքը:
Որեւէ մէկի համար գաղտնիք չէ ՌՀՄ-ի նկատմամբ նախագահ Պուտինի առանձնայատուկ վերաբերմունքը: Դա պայմանաւորւած չէ միայն նրանով, որ Հայերի միութիւնը եւ, ընդհանուր առմամբ, ռուսաստանահայութիւնը մշտապէս աջակցել են Պուտինին նախագահական ընտրութիւններում: Կարեւոր գործօն է նաեւ այն, որ ՌՀՄ-ն վերածւել է Ռուսաստանից Հայաստանի տնտեսական եւ սոցիալական կախւածութիւնը մարմնաւորող օրգանիզմի, որը, իբրեւ այդպիսին, նաեւ դարձել է Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականութեան վրայ ներազդելու իւրօրինակ գործիք: Պատահական չէ, որ Պուտինն իր ուղերձում յատուկ շեշտում է ՌՀՄ-ի՝ 3 մլն.-ի հասնող հայկական համայնքը ներկայացնելու հանգամանքը:
Դեռ 2012 թ. նախագահական ընտրութիւնների ընտրարշաւի շրջանում մի հաւաքի ժամանակ Պուտինը, արձագանգելով այս կազմակերպութեան նախագահ Արա Աբրահամեանի դիտարկմանը, թէ 2.5 մլն. ռուսաստանահայութիւնը պաշտպանում է նրա թեկնածութիւնը, հեգնել էր, որ Ռուսաստանում աւելի շատ հայ է ապրում, քան բուն Հայաստանում: Ըստ էութեան՝ երկու դէպքում էլ նա հասկացնում է, որ ռուսաստանահայերը եւ Հայաստանն այդ ամօթալի իրականութիւնից, իսկ ՌՀՄ-ն՝ այդ իրականութեամբ պայմանաւորւած, Կրեմլի պոտենցիալ գործիքը կամ լծակը լինելու իրողութիւնից փախչելու տեղ չունեն:
Այս ֆոնին Պուտինը վերջին շրջանում ընդգծւած կերպով մեծացնում է Արա Աբրահամեանի դերակատարութիւնը: Յունիսին ՌԴ-ի նախագահը նրան նշանակեց նախ՝ նոր ձեւաւորւող Պետական ազգային քաղաքականութեան տեղեկատւական աջակցութեան հարցերով յանձնաժողովի նախագահ, ապա նաեւ՝ Ռուսաստանի օրւան, Ազգային միասնութեան, Ղրիմն ու Սեւաստոպոլը՝ Ռուսաստանին միանալու օրւան նւիրւած միջոցառումները համակարգող աշխատանքային խմբի անդամ: Իսկ սեպտեմբերին Պուտինը Արա Աբրահամեանի եղբօրը՝ Գագիկ Աբրահամեանին, պարգեւատրեց Բարեկամութեան մեդալով:
Աբրահամեան ֆիգուրի առաջմղման այս դրսեւորումները տեղի են ունենում Հայաստանում սահմանադրական փոփոխութիւնների գործընթացի ֆոնին, որը թէ՛ հայաստանեան իշխանութիւնների, եւ թէ՛ Մոսկւայի կողմից դիտարկւում է Հայաստանի ապագայ իշխանութեան ձեւաւորման ֆորմատի, սկզբունքների եւ մեխանիզմների համատեքստում: Մի քանի օր առաջ ՌՀՄ-ի 5-րդ համագումարի ժամանակ Արա Աբրահամեանը յայտարարել էր կուսակցութիւն ստեղծելու եւ 2017թ. կայանալիք խորհրդարանական ընտրութիւններին մասնակցելու մտադրութեան մասին: Նա տեղեկացրել էր, որ 100-ից աւելի փորձագէտներ սկսել են կուսակցութեան ծրագրի մշակման աշխատանքները, եւ մինչեւ 2016 թ. մարտը խորհրդակցութիւններ են կայանալու թէ՛ ՌԴ-ում, թէ՛ Հայաստանում, եւ թէ՛ Սփիւռքում:
Դժւար է ասել՝ որքանով է Աբրահամեանի այս նախաձեռնութիւնը պայմանաւորւած ՌԴ-ի իշխանութիւնների ցանկութիւններով: Մի կողմից չի բացառւում, որ սա նրա անձնական նախաձեռնութիւնն է: Տեղեկատւական խայծ նետելով ասպարէզ՝ փորձում է հասկանալ՝ որքանո՞վ կարող է օգտագործել իր նկատմամբ Կրեմլի այդ առանձնայատուկ վերաբերմունքի քաղաքական կապիտալը Հայաստանում իշխանութեան գալու համար, եւ ի՞նչ վերաբերմունք կարող է յարուցել նման հնարաւորութիւնը հայաստանեան քաղաքական իսթեբլիշմենթում: Միւս կողմից՝ չի բացառւում, որ Աբրահամեանի նախաձեռնութիւնը թելադրւած է հէենց Կրեմլից՝ ոչ այնքան գուցէ Հայաստանում Սերժ Սարգսեանից յետոյ իշխանութիւնը ուղնուծուծով ռուսահպատակ եւ գերվստահելի Աբրահամեանին փոխանցելու հող նախապատրաստելու նպատակով, որքան հասկանալու, թէ սահմանադրական այս փոփոխութիւնների նախաձեռնութիւնը որքանով է հաշւի առնում ռուսական շահերը իշխանութեան փոխանցման սխեմաներում, ինչից էլ կախւած կարող է լինել այս փոփոխութիւնների նկատմամբ Մոսկւայի վերջնական դիրքորոշման յստակեցումը:
Բանն այն է, որ հանրաքւէով Սահմանադրութեան ընդունումից յետոյ Աբրահամեանը չի կարող առհասարակ յաւակնել խորհրդարան մտնելուն, առաւել եւս՝ վարչապետի պաշտօնը զբաղեցնելուն: Դրա համար նա ոչ միայն ՀՀ քաղաքացի պէտք է լինէր, այլեւ առնւազն 4 տարի մշտապէս բնակւէր Հայաստանում: Դժւար է հաւատալ, որ այս սահմանափակումների մասին Աբրահամեանը չգիտի կամ նրան չեն տեղեկացրել: Հէնց դա է պատճառը, որ այս յայտարարութիւնն աւելի շատ նման է հետախուզական նպատակներ հետապնդելուն՝ Մոսկւայի շահագրգռութեամբ:
Եթէ Աբրահամեանի ակտիւացման նպատակը քաղաքական դաշտում պրոռուսական ուժեղ բեւեռի ձեւաւորումն է՝ առանց այն էլ այդ դաշտի գերյագեցւածութեան պայմաններում, ապա դա կարող է իրականացնել միայն միջնորդաւորւած՝ տեղական քաղաքական ուժերի միջոցով: Իբրեւ պոտենցիալ նման ուժ՝ վերջին շրջանում նշւում է ՕԵԿ-ի հէնքի վրայ ստեղծւած «Հայկական վերածնունդ» խմբաւորումը, որի լիդերը՝ Արթուր Բաղդասարեանը, ի դէպ, օրերս մեկնել էր Մոսկւա: Բայց եթէ նույնիսկ այդպէս է, նման խաղադրոյք կատարելուց առաջ Աբրահամեանը պէտք է շատ երկար մտածի: Խնդիրը միայն օեկածին այս ամորֆ (անձեւ, անկերպարանք) խմբաւորման զրոյական հեղինակութիւնը չէ: Աբրահամեանը Հայաստանի քաղաքական դաշտում միջնորդաւորւած իրացւելու մէկ անյաջող փորձ կատարել է. 2002թ. խորհրդարանական ընտրութիւններում նա ֆինանսաւորեց ՀՌԱԿ-ի քարոզարշաւը, սակայն վերջինս այդպէս էլ չկարողացաւ յաղթահարել ԱԺ-ի անցնելու՝ 5 տոկոսանոց արգելքը: Իհարկէ, այն ժամանակ Աբրահամեանը չունէր Կրեմլի վստահութեան այն կապիտալը, որից փորձում է օգտւել հիմա: Բայց, միւս կողմից, պատմութիւնը, ինչպէս յայտնի է, սիրում է կրկնւել:

«yerkir.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։