Հա

Քաղաքական

25/07/2016 - 09:10

ԱՆԴՐԱԴԱՐՁ - Ապրիլեան պատերազմի Իսրայէլական գործօնը

2016 թւականի ապրիլի 2-ին Արցախի Հանրապետութեան դէմ Ադրբեջանի կողմից շղթայազերծւած պատերազմը, դժբախտաբար, «անակնկալ» որակումով բնորոշւեց շատերի կողմից: Բոլորս գիտէինք, որ Ադրբեջանը անհամեմատ քանակով զէնք էր գնել Ռուսաստանից՝ շուրջ 16 միլիարդ դոլար արժողութեամբ, Իսրայէլից՝ շուրջ հինգ միլիարդ արժողութեամբ, դառնալով Ասիայում Իսրայէլի երկրորդ մեծ յաճախորդը, իսկ Թուրքիայից՝ չբացայայտւած քանակով:

ՅԱՐՈՒԹ ՉԷՔԻՃԵԱՆ


2016 թւականի ապրիլի 2-ին Արցախի Հանրապետութեան դէմ Ադրբեջանի կողմից շղթայազերծւած պատերազմը, դժբախտաբար, «անակնկալ» որակումով բնորոշւեց շատերի կողմից: Բոլորս գիտէինք, որ Ադրբեջանը անհամեմատ քանակով զէնք էր գնել Ռուսաստանից՝ շուրջ 16 միլիարդ դոլար արժողութեամբ, Իսրայէլից՝ շուրջ հինգ միլիարդ արժողութեամբ, դառնալով Ասիայում Իսրայէլի երկրորդ մեծ յաճախորդը, իսկ Թուրքիայից՝ չբացայայտւած քանակով:
Ադրբեջանական «Իլիւշին 76» տիպի բեռնատար օդանաւը երկու անգամ վայրէջք է կատարել Իսրայէլ՝ ապրիլի 4-ին եւ ապրիլի 6-ին, ըստ համացանցի թռիչքների կայքի: Օդանաւը՝ «AZAF8» անցել է Թուրքիայի, ապա Կիպրոսի վրայից եւ մտել է Իսրայէլի օդային տարածք՝ իջնելով Ուվտայի զինւորական խարիսխ: Ապրիլի 10-ին Հայաստանը Իսրայէլի դէմ բողոք է ներկայացրել՝ Ադրբեջանին անօդաչու «անձնասպանական» ռումբ-թռչող սարքեր տրամադրելու համար1):
Բոլորիս համար՝ զինամթերք վաճառողների ու պարզ ժողովրդի, յստակ էր, որ այդ զինատեսակները պէտք է գործածւէին Արցախի ու Հայաստանի դէմ, ոչ թէ՝ Ադրբեջանի միւս հարեւանների Ռուսաստանի, Թուրքիայի, կամ՝ առ այժմ Իրանի ու Վրաստանի դէմ: Բայց՝ ո՞ւմ հոգսն է, «առեւտուր է սա»… Մինչ Ադրբեջանի ղեկավարները անդադար ռազմաշունչ ճառեր էին արտասանում եւ վերջին տարիներին անդադար փորձեր էին կատարում՝ «փոքր» յարձակումներ կատարելով Արցախի ու Հայաստանի սահմանների վրայ, զոհեր խլելով խաղաղ բնակիչների եւ զինծառայողների շարքերից:
Սակայն, այս պատերազմի նախօրեակին, ամիսներով, վերլուծաբաններ ու քաղաքական յայտնի դէմքեր, ակնարկելով Ադրբեջանի անհամեմատօրէն զինւելուն, դժբախտաբար, ընդհանրապէս այսպիսի պատերազմը բոլորովին անհաւանական էին համարւում հիմնւելով այն թիւր կարծիքի վրայ, թէ՝ «Շրջանային եւ միջազգային լարւած իրավիճակը թոյլ չէր տայ մի նոր տագնապի բռնկում Կովկասում»… Կարծէք թէ Ադրբեջանը արտօնութիւն պիտի խնդրէր որեւէ մէկից, թէեւ նա ունէր Թուրքիայի (եւ հաւանաբար՝ ուրիշների, ինչպէս Իսրայէլ) անվերապահ ու բացայայտ զօրակցութիւնը: Մինչ քչերն էին ասում, թէ այսպիսի «խենթութիւն» կարելի էր ակնկալել:

160725e01a

Բայց ինչո՞ւ է Ադրբեջանը որոշել եւ համարձակւել զէնքի ուժով վերստին բռնագրաւել Արցախը, քանի որ Արցախը, մասամբ ազատագրելու հայ ժողովրդի զինւորական յաղթանակից յետոյ, ժամանակի վարչակազմը իր աններելի, անարդարանալի, թոյլ ու կարծէք պարտւողի սխալ վարքագծով յոյսեր շնորհեց պարտւած Ադրբեջանին, թէ՝ տարածքներ կը վերադարձնի… բանակցութեան ճանապարհով:
Թէեւ հայ ժողովուրդը մասամբ տապալեց այդ վարչակազմը, սակայն յաջորդող վարչակազմերը, այդ բանակցային հոլովոյթի կատարւած իրողութեան ծուղակի մէջ շարունակեցին տապակւել: Այս մասին երբեւիցէ հայկական «միասնութեան» կարծիքը առնւե՞ց… Ո՛չ, բնա՛ւ: Վերադարձանք դրամահաւաքի ու նւիրատւութեան անխուսափելի յանկերգին…
Իւրաքանչիւր «բանակցութիւնից» յետոյ հայկական կողմը միայն հերքում է ադրբեջանական յայտարարութիւնները, բայց հայ ժողովուրդին տեղեակ չի պահում, թէ իրականութիւնը ո՛րն է: Այս հերքումների շարանը իշխանաւորների հանդէպ հատել է արդէն վստահութեան սահմանը: Մինչեւ ե՞րբ պիտի շարունակւի այս իրավիճակը:

160725e01b

Նազարէթ Պերպերեանը «Ասպարէզ»-ի 24 յունիսի ««Պալատակա՞ն», թէ՞ «մարտական»… հաշւեյարդար»2) յօդւածում ասում է. «Բացի պետական լծակներին տէր եղող իշխանաւոր փոքրամասնութիւնից, բոլորս էլ խարխափում ենք անտեղեակութեան եւ ապատեղեկատւութեան մթութեան մէջ… Ո՛չ «իրաւական պետութեան» հանդէպ յարգանք կայ, ո՛չ էլ ժողովրդին հաշիւ տալու հրամայականի արժէք տւող կայ»… «Եթէ արտաքին ուժերը վճռել են իրենց յարմար դատած եղանակով Հայաստանի ու հայութեան պարտադրել իրենց նախասիրած քարտէզն ու քաղաքական լուծումը, գոնէ որպէս այս պետութեան պահապանն ու պաշտպանը՝ մեր ժողովուրդը պէտք է իմանայ, թէ ի՞նչ ապագայ է պատրաստւում ու կը պարտադրւի իր գալիք սերունդներին»: Եւ եզրակացնում է. «Սեփական ժողովրդից դուրս չկայ ուժի յենարան եւ դիմադրականութեան երաշխիք: Հաշիւ տւէք եւ ոչ թէ պալատական կամ մարտական հաշւեյարդարներով մսխէք Հայաստանի եւ հայութեան բաժին ընկած ամբողջական վերականգնման եւ ինքնահաստատման պատմական բացառիկ պահը»:
Ներկայ Ադրբեջանի նախայարձակ պատերազմը եւ նրա կատարած հրէշային վայրագութիւնները ոսկի առիթ են այդ բանակցային հոլովոյթի կանոնները եւ ցարդ կատարւած «զիջումները» (շատ հաւանաբար կան) ջնջելու եւ միայն ու միայն ամէն գնով պահանջելու յաւելեալ անվտանգութեան գօտիներ՝ Արցախի ու Հայաստանի ներկայ սահմանների շուրջ՝ պաշտպանւելու համար Ադրբեջանի ատելավառ ցեղասպան մոլուցքից, եւ վե՛րջ: Փաստօրէն, մի քանի «աննշան» որակւող պաշտպանութեան դիրքերի կորստի պատճառով Թալիշը եւ Մատաղիսը սրանից յետոյ մշտական վտանգի տակ են:

160725e01c

Հարցումներ. ինչո՞ւ նմանօրինակ կացութեան մէջ գտնւող Աբխազիայի, Հարաւային Օսեթիայի ու Ղրիմի պարագաներում «Մինսկի խմբակ-ներ» չկազմւեցին… Ինչո՞ւ Կոզովոյի պարագայում «միջազգային ընտանիքը», մի շարք բացառութիւններով, ճանաչեց նրա անկախութիւնը... Քանի որ նրանց պարագայում օտար ուժեր էին մասնակցում: Մինչ Արցախի պարագային, համազգային, զուտ հայկական ազատագրական պայքար էր ցեղասպանութիւն գործող Ադրբեջանի դէմ եւ սրբագրելու խորհրդային վարչակարգի հայկական տարածքների բռնազբօսիկ բաշխումը Ադրբեջանին, Թուրքիային ու Վրաստանին:
Իսրայէլը բացայայտօրէն թէ՛ զինւորական ներկայութիւն է Վրաստանում ու Ադրբեջանում՝ խորհրդատուներով եւ մասնագէտներով, թէ՛ էլ՝ արդիական զինամթերք հայթայթող: Իսրայէլի հետախուզութեան բաժանմունքը՝ «Մուսադ»-ը, իր մեծ կենտրոնով ազատօրէն գործունէութիւն է ծաւալում Ադրբեջանում: Այս պատերազմից միայն երկու օր առաջ Իսրայէլը լազեր ճառագայթով ուղղւող հակահրասայլային արդիական հրթիռներ յանձնեց Ադրբեջանին: (Տե՛ս «Նիւզ Ամ», 9 ապրիլի 2016) «Մարտի 31-ին Իսրայէլը Ադրբեջանին է տրամադրել իր հակատանկային լազերային հրթիռները»3): Շատ հաւանաբար իսրայէլացի մասնագէտներ են մասնակցել հայկական 14 հրասայլեր կործանելուն, վկայ՝ պատերազմից միայն երկու օր առաջ հասած այս արդիական հրթիռները: Ինչպէս նաեւ հաւանաբար մասնակցել էին իրենց վաճառած անօդաչու սարքերով յարձակումներին:
Ինչո՞ւ է Իսրայէլը բացայայտ ներկայութիւն Ադրբեջանում, քանի որ Իսրայէլը յայտարարել է, որ իր թիւ մէկ թշնամին լիբանանեան դիմադրութիւնն է ու նրա դաշնակից Իրանը, եւ փոխադարձաբար, Իրանի ու «Հեզբօլլահ»-ի թիւ մէկ թշնամին Իսրայէլն է: Չմոռանանք, որ Իսրայէլը որքան փորձեց «ճնշում» բանեցնել Ամերիկայի վրայ՝ ռմբակոծելու համար Իրանին եւ նրա ատոմական կայաններին: Ադրբեջանը 756 կիլոմետր երկարութեամբ սահման ունի Իրանի հետ, մինչ Թեհրանը միայն 400 կիլոմետր հեռաւորութեան վրայ է Ադրբեջանի սահմանից…: Իսրայէլը բազմիցս յոխորտացել էր, որ եթէ Ամերիկան չռմբակոծի Իրանը, ինքը կը ռմբակոծի: Յատկանշական է, որ Իսրայէլը իր նաւթի պահանջի 40 տոկոսը Ադրբեջանից է ներածում:
Իլհամ Ալիեւը, «Վիքիլիքս»-ի բացայայտումով, ամերիկեան դեսպանատանը ասել է. «Ադրբեջանի եւ Իսրայէլի երկկողմանի յարաբերութիւնները նման են ծփացող սառոյցի, որի 90 տոկոսը մակերեսի տակ է»…
Իսկ ամենավտանգաւորը՝ իսրայէլեան «ԼԱՌ-160» եւ ռուսական «Սմերչ» տիպի տարանջատւող հրթիռներ (cluster bomb) գործածւեցին այս պատերազմին, որոնց իւրաքանչիւրի՝ հարիւրաւոր ականների մահասփիւռ ազդեցութիւնը մնում է երկար տարիներ, մահացու կամ հաշմանդամ զոհեր խլելով հողագործներից, քաղաքացիներից ու մանուկներից:
«Ռազմինֆօ»-ն 13 յունիսին յայտնում է. «Ապրիլի մարտերից յետոյ չպայթած զինամթերքից առաջնահերթ մաքրւում են Արցախի գիւղական տարածքները»: «Այս տիպի կասետային ռումբերը վտանգաւոր են նախեւառաջ այն պատճառով, որ ունեն գունաւոր ժապաւէններ, որոնք գրաւիչ են առաջին հերթին երեխաների համար», նշել է «ՀԱԼՕ Թրասթ»-ի ներկայացուցիչը՝ աւելացնելով, որ «Սմերչ»-ի գործածութեան կողքին, նաեւ գործածւել է իսրայէլեան ԼԱՌ-160-ը: «Այս ժապաւէնով ականները այստեղ են հասնում իսրայէլեան «ԼԱՌ-160» («Կրատ»-ի համարժէք) հրթիռներով, իւրաքանչիւր հրթիռ 104 նման ական է բերում… Սա պայթուցիկ բեկորային հրթիռ է, տեղեկութիւն ունենք, որ Մարտակերտի ուղղութեամբ մի քանի հարիւր նման հրթիռ են կրակել»4):
Իսրայէլը 2006-ին հարաւային Լիբանանի վրայ շուրջ 1800 ոճրային մահասփիւռ տարանջատւող հրթիռներ արձակեց, որոնք շուրջ մէկ միլիոն 200 հազար փոքր ռումբերով ողողեցին գիւղերը եւ դաշտերը, որոնց պատճառով հարիւրաւոր լիբանանցիներ մինչեւ այսօր, տասը տարիներ անց, իրենց կեանքն են կորցնում կամ հաշմանդամ են դառնում5):
2000 թւականից սկսած «ՀԱԼՕ Թրասթ» ականազերծման մարդասիրական միջազգային կազմակերպութիւնը, որը արդէն ականազերծում էր կատարում Արցախում, սկսեց ականազերծման նոր առաքելութիւն՝ յայտնաբերելու եւ վնասազերծելու հաւանաբար շուրջ 20 հազարի հասնող այս փոքր ականները6):
Վիետնամի պատերազմից ի վեր քանիցս միջազգային փորձ է կատարւել զանգւածային բնաջնջման այս ոճրային զինամթերքի գործածութիւնը արգելելու, ու վերջապէս 2008 մայիսին Դուբլինում որոշում կայացնելուց յետոյ, 2008-ի դեկտեմբերին Օսլոյում հաստատւում է պայմանագիրը, որը ուժի մէջ է մտնում 2010-ի օգոստոսին: Մինչեւ 2016-ի ապրիլը 108 երկրներ ստորագրել են այն: Հայաստանը, Ադրբեջանը Իսրայէլը, Ռուսաստանը եւ Միացեալ Նահանգ-ները պայմանագիրը դեռեւս չընդունողների շարքում են7):
Այս պատերազմի մեղսակցութեան իսրայէլեան գործօնը աւելի եւս հաստատւեց, երբ Իսրայէլի խորհրդարանի անդամներ ու յօդւածագիրներ կոչ ուղղեցին որոշ տեսակի զինամթերք չյանձնել Ադրբեջանին: Յստակ է, որ այս պատերազմի ակնյայտ կողմերի շարքում՝ Արցախ, Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա եւ Ռուսաստան, պէտք է աւելացնել Իսրայէլը եւ Իրանը՝ որպէս լուրջ յակադիր ու առնչւող կողմեր:
Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութիւն լոզունգին պէտք է տալ իրական ու գործնական իմաստ, քանի որ այս երրորդութիւնը կտրականապէս մերժում է որեւէ զիջում: Արեան գնով մասամբ ազատագրւած մեր հողերը երբե՛ք սակարկութեան ու բանակցութեան նիւթ չե՛ն կարող լինել:

28 յունիսի 2016


_________________________
1) http://www.haaretz.com/israel-news/.premium-1.715293
2) http://asbarez.com/arm/257450/
3) http://news.am/arm/news/321409.html
4) http://razm.info/84503#more-84503
5) http://www.haaretz.com/news/idf-commander-we-fired-more-than-a-million-cluster-bombs-in-lebanon-1.197099
6) https://www.halotrust.org/media-centre/news/halo-begins-emergency-clearance-in-karabakh/)
7) https://en.wikipedia.org/wiki/Convention_on_Cluster_Munitions

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։