Հա

Քաղաքական

16/08/2016 - 10:30

Բաբգէն Թունեան.- «ՀՀ տնտեսութիւնը չի օգտւել ռուս-թուրքական, ռուս-վրացական եւ ՌԴ-ԵՄ յարաբերութիւնների վատթարացումից»

Ռուս-թուրքական յարաբերութիւնների վատթարացումից յետոյ Հայաստանի տնտեսական հնարաւորութիւնների, ռուսական շուկայում հաստատւելու, ԵԱՏՄ-ի արդիւնաւէտութեան եւ այլ հարցերի շուրջ «tert.am»-ը զրուցել է տնտեսական մեկնաբան Բաբգէն Թունեանի հետ:

Ռուս-թուրքական յարաբերութիւնների վատթարացումից յետոյ Հայաստանի տնտեսական հնարաւորութիւնների, ռուսական շուկայում հաստատւելու, ԵԱՏՄ-ի արդիւնաւէտութեան եւ այլ հարցերի շուրջ «tert.am»-ը զրուցել է տնտեսական մեկնաբան Բաբգէն Թունեանի հետ:

 

- Պարո՛ն Թունեան, նախորդ տարւայ նոյեմբեր ամսից ռուս-թուրքական յարաբերութիւնները գրեթէ սառեցւել էին: Հայաստանն ի՞նչ հնարաւորութիւններ ունէր Ռուսաստանի հետ տնտեսական յարաբերութիւնները զարգացնելու համար:
- Ըստ էութեան, հնարաւորութիւններն այնքան մեծ չէին, որքան ներկայացւում էին: Ենթադրւում էր, որ մենք կարող ենք լրացնել ռուսական շուկայում թուրքերի ազատած տեղը: Իսկ թուրքերը առաւել ակտիւ են 4 ոլորտներում՝ զբօսաշրջութիւն, շինարարութիւն, պարէնային ապրանքներ (գիւղմթերք, սննդամթերք) եւ շինանիւթ:
Զբօսաշրջութեան մասով չենք շահել, որովհետեւ Թուրքիայում հանգստացող ռուսները գալիս են ոչ թէ Հայաստան, այլ ուրիշ ծովափնեայ երկրներ: Շինարարութեան մասով նոյնպէս հնարաւորութիւններ չկային. թուրքական ընկերութիւնների կողմից ՌԴ-ում իրականացւած շինարարութեան ծաւալները հսկայական են եւ հայկական շինարարական կապիտալը նման մասշտաբների մէջ չի կարող մտնել: Մեզ մնում էր միայն գիւղմթերքի մասով որոշ առաջընթաց ապահովել: Պաշտօնական վիճակագրութեան համաձայն՝ Հայաստանից Ռուսաստան արտահանւող գիւղմթերքի ծաւալը աճել է, յատկապէս լոլիկի գծով: Սակայն կասկածներ կան, որ իրականում ՌԴ է արտահանւել թուրքական լոլիկ՝ փաթեթաւորւած հայկականի տակ:


- Հայաստանը չօգտւեց նաեւ այն առիթից, երբ Ռուսաստանը պատժամիջոցներ սահմանեց Եւրոմիութեան նկատմամբ, խզւեցին ռուս-վրացական յարաբերութիւնները 2008-ից յետոյ: Ո՞րն է պատճառը, որ տեղի չի ունենում արտահանման աճ:
- Երբ Ռուսաստանը պատժամիջոցներ սահմանեց Եւրոմիութեան նկատմամբ եւ սահմանափակեց եւրոպական արտադրութեան սննդամթերքի ներմուծումը, մեզ մօտ նոյնպէս ոգեւորւեցին, թէ կարող ենք գրաւել միւսների տեղը, սակայն նման բան տեղի չունեցաւ:
Չշահեցինք նաեւ այն ժամանակ, երբ Ռուսաստանը պատժամիջոցներ սահմանեց վրացական գինու նկատմամբ: Մեր գինին, հակառակ որոշ գերլաւատեսական սպասումների, չգրաւեց ռուսաստանեան շուկան:
Այսինքն, պէտք չէ սպասել՝ ով ում նկատմամբ ինչ պատժամիջոցներ է սահմանելու եւ փորձել օգուտ քաղել: Փոխարէնը, պէտք է տեղո՛ւմ աշխատել տեղական արտադրանքի որակը բարձրացնելու եւ ինքնարժէքն իջեցնելու ուղղութեամբ: Այսինքն, պէտք է տեղական արտադրողների համար իդէալական պայմաններ ստեղծել, ու այդ ժամանակ արտահանումը աւտոմատ կաճի:


- Կա՞յ վիճակագրութիւն այն մասին, թէ այս ընթացքում աւելացե՞լ, թէ նւազել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառութեանը, ներկրման եւ արտահանման ծաւալները:
- Այս տարւայ առաջին կիսամեակի արդիւնքներով՝ Ռուսաստան-Հայաստան առեւտրաշրջանառութիւնը աճել է 12.4%-ով եւ հասել 599.6 մլն. դոլարի: Ռուսաստանի տեսակարար կշիռը ՀՀ արտաքին առեւտրաշրջանառութեան մէջ 24.1%-ից հասել է 26.4%-ի: Արտահանումը Հայաստանից Ռուսաստան 2016-ի առաջին կիսամեակում աճել է 87.4%-ով եւ հասել 168 մլն. դոլարի: Ներմուծումը նոյն ժամանակահատւածում 2.7%-ով կրճատւել է եւ կազմել 431.61 մլն. դոլար: Այսինքն՝ առաջին կիսամեակում երկկողմ առեւտուրը զարգացել է մեզ համար ձեռնտու ուղղութեամբ: Աճել է հիմնականում կոնեակի եւ գիւղմթերքի արտահանման գծով, սակայն դժւար է ասել՝ միջնաժամկէտ հեռանկարում ինչ փոփոխութիւններ կը լինեն:


- Կայի՞ն հնարաւորութիւններ, որոնք կարող էր, սակայն չի օգտագործել Հայաստանը:
- Անկեղծ ասած, ես այդ հնարաւորութիւնները չեմ տեսել ու այժմ էլ չեմ տեսնում: Սովորաբար, որեւէ կառոյցի անդամակցելուց առաջ նախ մանրամասն ուսումնասիրում են հնարաւորութիւնները, պոտենցիալ օգուտները, դրանք համադրում պոտենցիալ կորուստների հետ եւ ըստ այդմ որոշում կայացնում: Մեզ մօտ հակառակը տեղի ունեցաւ՝ յանկարծակի անդամակցեցինք, յետոյ նոր սկսեցինք հնարաւորութիւններ փնտրել: Սկսեցինք խօսել 170 միլիոնանոց ԵԱՏՄ-ի շուկայի, կամուրջ դառնալու հնարաւորութիւնների մասին:


- ՀՀ-ի եւ ՌԴ-ի նախագահների հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը խօսեց ՀՆԱ-ի 10 տոկոս աճի մասին, ինչի մասին Հայաստանում ոչ մի տւեալ չկայ, անդրադարձաւ նաեւ ԵԱՏՄ-ի անդամակցութիւնից յետոյ Հայաստանի օգուտներին: Ի՞նչ է փոխւել 2014-ից յետոյ ՀՀ տնտեսութեան մէջ, եւ արդեօք դրական կամ բացասական արդիւնքը ԵԱՏՄ-ի հետեւա՞նքն է:
- ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն ու ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը խօսում էին ԵԱՏՄ-ի անդամակցութեան արդիւնքում մեր օգուտների մասին: Սերժ Սարգսեանը նշում էր առեւտրաշրջանառութեան եւ մասնաւորապէս՝ արտահանման աճը, Պուտինը՝ Հայաստանի տնտեսական աճը 2013 թւականից ի վեր: Այո, տնտեսութիւնն աճել է որոշ չափով, արտահանումը նոյնպէս, սակայն արդեօք դա ԵԱՏՄ-ի հետեւանքո՞վ է: Նման գնահատական տալու համար լուրջ վերլուծութիւն պէտք է արւի, հասկանալու համար, թէ այս կամ այն ցուցանիշը որքանո՞վ է պայմանաւորւած ԵԱՏՄ-ին մեր անդամակցութեամբ: Ինչ-որ մէկն էլ կարող է պնդել, որ եթէ ԵԱՏՄ-ին անդամակցած չլինէինք, մեր տնտեսական աճը կը կազմէր ոչ թէ 10%, այլ 20%: Միայն ասելով չէ...
Իսկ ընդհանրապէս, ես ինքս չեմ հանդիպել որեւէ գործարարի, ով ինձ համոզիչ կերպով կապացուցէր, որ ԵԱՏՄ-ին անդամակցութիւնից յետոյ այդ երկրների հետ բիզնես անելը էապէս հեշտացել է: Եւ վերջապէս, մենք խօսում ենք ԵԱՏՄ-ի մասին, սակայն Ռուսաստանից բացի միւս երեք երկրների հետ՝ Ղազախստան, Բելոռուսիա, Կիրգիզստան, արտաքին առեւտրի չնչին ծաւալներ ունենք ու տնտեսական յարաբերութիւնների ակտիւացում չի նկատւել: Այնպէս որ, ԵԱՏՄ-ը՝ որպէս տնտեսական միաւորում, խիստ անարդիւնաւէտ է: Ամէն դէպքում, մեր տեսանկիւնից այդպէս է:


- Ռուս-թուրքական յարաբերութիւնների կայունացումն ի՞նչ ազդեցութիւն կը թողնի Հայաստան-Ռուսաստան տնտեսական յարաբերութիւնների վրայ՝ հաշւի առնելով նաեւ այն, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է:
- Կարծում եմ՝ որեւէ ազդեցութիւն չի թողնի: Ինչպէս այդ յարաբերութիւնների ժամանակաւոր խաթարումը որեւէ կերպ չազդեց հայ-ռուսական տնտեսական յարաբերութիւնների վրայ, այնպէս էլ՝ դրանց վերականգնումը որեւէ լուրջ հետեւանք չի ունենայ:

Յարակից լուրեր

  • ՌԴ ՊՆ-ն հրապարակել է ռուսական կործանիչների կողմից ամերիկեան հետախոյզ ինքնաթիռը որսալու տեսանիւթը
    ՌԴ ՊՆ-ն հրապարակել է ռուսական կործանիչների կողմից ամերիկեան հետախոյզ ինքնաթիռը որսալու տեսանիւթը

    ՌԴ պաշտպանութեան նախարարութիւնը տեսանիւթ է հրապարակել՝ ցոյց տալով, թէ ինչպէս են ռուսական կործանիչները որսացել ԱՄՆ ռազմածովային ուժերի հետախոյզ ինքնաթիռը Ճապոնական ծովի երկնքում:

  • «Ատոմակայանը հնարաւոր է այլեւս չաշխատի՞». «Հրապարակ»
    «Ատոմակայանը հնարաւոր է այլեւս չաշխատի՞». «Հրապարակ»

    «Ռուսաստան-Հայաստան յարաբերութիւնների, ատոմակայանի շուրջ տեղի ունեցող զարգացումների, ռուսական վարկի երկրորդ մասի մերժման ֆոնին հայաստանեան իշխանութիւններն անչափ «զգայուն» են դարձել ատոմակայանին վերաբերող հարցադրումների նկատմամբ:

  • Համահայկական տեսլականի տագնապը
    Համահայկական տեսլականի տագնապը

    Հայաստանի վերանկախացումէն ի վեր բազմիցս հրապարակ իջած է Հայաստան-Սփիւռք կապերու բարելաւման եւ համակարգման խնդիրը։ Տակաւին Հայաստան պաշտօնապէս չէր անկախացած՝ 1991-ի ամռան, երբ Վազգէն Մանուկեանի կառավարութեան նախաձեռնութեամբ կայացաւ հայ գործարարներու առաջին համագումարը։ Սկզբնական խանդավառութիւնը, շատ վառ երազներով, պիտի յանգէր սահմանափակ տարողութեամբ մի քանի իրագործումներու։

  • Անդրադարձ. Զգուշաւորութիւն եւ անվճռականութիւն
    Անդրադարձ. Զգուշաւորութիւն եւ անվճռականութիւն

    Ժողովրդավարական վարչակարգի տէր պետութեան մը մէջ գոյութիւն ունին մտածողութեան եւ մանաւանդ գործունէութեան անշրջանցելի արժեհամակարգ ու մշակոյթ, որոնք կը բացառեն կամայականութիւնը: Այդ արժեհամակարգէն ու մշակոյթէն որեւէ շեղում, կամայական որեւէ քայլ առնել կը նշանակէ մուտք գործել Լութովիկոս ԺԴ.-ի «Ես եմ պետութիւնը» մտածելակերպի աշխարհ:

  • Հայաստանը միացել է ՈՒԵՖԱ-ի PlayMakers ծրագրին
    Հայաստանը միացել է ՈՒԵՖԱ-ի PlayMakers ծրագրին

    Հայաստանը միացել է  ՈՒԵՖԱ-ի PlayMakers ծրագրին, որը ՈՒԵՖԱ-ի եւ «Դիսնէյ» աշխարհահռչակ ընկերութեան համագործակցութիւնն է, հիմքում ընկած է «Դիսնէյ»-ի հերոսների շնորհիւ նպաստել 5-8 տարեկան աղջիկների շրջանում ֆուտբոլի տարածմանն ու խթանմանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։