Հա

Քաղաքական

22/12/2016 - 11:10

ԿԱՐԾԻՔ - Հալէպն ազատագրւում է, բայց սիրիական թնջուկի հանգուցալուծումը դեռ բաւական հեռու է

Կարելի է առանձնացնել Հալէպի ազատագրմանը նպաստող մի քանի գործօն: Նախ եւ առաջ, այս գործողութիւնը սիրիական բանակի, նրան յարող կազմաւորումների, ռուսական օդատիեզերական ուժերի, իրանցի ռազմական ոլորտի մասնագէտների կողմից համատեղ, ամենայն մանրամասնութեամբ մշակւած եւ իրականացւած ռազմագործողութիւն էր, որին չկարողացան համարժէք դիմադրութիւն ցոյց տալ հակակառավարական տարաբնոյթ խմբաւորումները եւ նրանց արտաքին հովանաւորներն:

«blognews.am», ԱՐՄԷՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ - Հալէպն ազատագրւում է, բայց սիրիական թնջուկի հանգուցալուծումը դեռ բաւական հեռու է:
Հալէպի ազատագրութեան ռազմագործողութիւնը սիրիական բանակի եւ նրան յարող ներսիրիական ու արտաքին ուժերի ամենանշանակալից ռազմական եւ ռազմավարական ձեռքբերումն է ներքին զինւած հակամարտութեան անցած շուրջ 6 տարիների ընթացքում, մինչդեռ անգամ այս յաղթանակը բնաւ չի նշանակում, որ բազմաշերտ թնջուկը մօտ է հանգուցալուծման. պարզապէս պէտք է արձանագրել՝ հակամարտութիւնը թեւակոխում է որակապէս նոր շրջափուլ, որտեղ կառավարական ուժերն ու նրանց ներքին եւ արտաքին դաշնակիցները հանդէս կը գան շատ աւելի բարենպաստ ռազմական, քաղաքական, հոգեբանական դիրքերից:
Կարելի է առանձնացնել Հալէպի ազատագրմանը նպաստող մի քանի գործօն: Նախ եւ առաջ, այս գործողութիւնը սիրիական բանակի, նրան յարող կազմաւորումների, ռուսական օդատիեզերական ուժերի, իրանցի ռազմական ոլորտի մասնագէտների կողմից համատեղ, ամենայն մանրամասնութեամբ մշակւած եւ իրականացւած ռազմագործողութիւն էր, որին չկարողացան համարժէք դիմադրութիւն ցոյց տալ հակակառավարական տարաբնոյթ խմբաւորումները եւ նրանց արտաքին հովանաւորներն: Անշուշտ, պէտք է առանձնացնել նաեւ այս յաջողութեանը յանգեցրած որոշ արտաքին իրողութիւններ, եւ յատկապէս այն հանգամանքը, որ ընդդիմադիր զինեալները զրկւած էին որեւէ առարկայական արտաքին աջակցութիւն ստանալու հնարաւորութիւնից: Այս համատեքստում, կարեւոր է ընդգծել նաեւ Թուրքիայի փաստացի անգործութեան յանգամանքը, որի ձեռքերը նաեւ Հալէպում կապւել էին դեռեւս «Եփրատի վահան» ռազմագործողութեան հետ կապւած պայմանաւորւածութիւնների ձեռքբերման արդիւնքում: Իսկ ընդդիմադիրների միւս արտաքին հովանաւորներն, ըստ էութեան, զրկւել էին աջակցելու հնարաւորութիւնից՝ քաղաքի արեւելեան շրջանների՝ օդում ու ցամաքում պաշարման մէջ գտնւելու եւ կառավարական ուժերի վճռական մօտեցման պատճառով:
Մինչդեռ ժամանակավրէպ են նաեւ այն կանխատեսումները, որ սիրիական հակամարտութիւնն աստիճանաբար մօտենում է տրամաբանական հանգուցալուծման: Մի բան պէտք է հաշւի առնել՝ այս հիմնախնդիրը բազմաշերտ է, Սիրիայի տարածքում տարբեր հարթութիւններում այսօր բախւում են խիստ խայտաբղէտ եւ հակոտնեայ շահեր, եւ, նաեւ հաշւի առնելով աշխարհաքաղաքական եւ մերձաւորարեւելեան ներկայ գործընթացները, պատկերաւոր ասած, պնդել՝ ենթադրենք, որ Սաուդական Արաբիան, Կատարը, Թուրքիան պատրաստ են զիջել Իրանին, ԱՄՆ-ը՝ Ռուսաստանին առնւազն անհիմն է:
Այս օրերին՝ Հալէպի ազատագրութեանը զուգահեռ, սիրիական ռազմադաշտում արձանագրւեց մի շատ կարեւոր եւ խօսուն իրադարձութիւն եւս՝ Պալմիրան վերագրաւեց ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման զինեալների կողմից, ինչն ուղղակիօրէն հաւաստում է, որ սիրիական ռազմադաշտում բացարձակ առաջատարներ, միանշանակ յաղթողներ չկան. առանցքային դերակատարներից իւրաքանչիւրը մի ճակատում յաջողում է, մէկ այլում՝ կորցնում, եւ բնաւ կարեւոր չէ, թէ ում է զիջում, սիրիական թնջուկի բնոյթն է այդպիսին: Նոյն իրողութիւնը պէտք է դիտարկել նաեւ աշխարհաքաղաքական դիմակայութեան հարթութիւնում. Պալմիրայի կորուստը, որը գտնւում էր նաեւ ռուսական օդատիեզերական ուժերի հովանու ներքոյ, անշուշտ ե՛ւ ռազմական, ե՛ւ ռազմավարական տեսանկիւնից ոչ համարժէք, բայց իւրօրինակ պատասխան էր Մոսկւային նրա աշխարհաքաղաքական հակառակորդների կողմից՝ առ այն, որ Հալէպի յաղթանակը բնաւ էլ սիրիական հակամարտութեան աւարտ չի նշանակում:
Հալէպի ազատագրութեան իրողութիւնը հայկական դիտանկիւնից առաւելապէս կարեւորւում է ինչպէս բուն քաղաքում, այնպէս էլ՝ առհասարակ Սիրիայում դեռեւս ապրել շարունակող եւ տարբեր երկրներում գաղթական դարձած մեր հայրենակիցների ճակատագրի առումով: Այո՛, կանխատեսելի է, որ Հալէպի հայաբնակ շրջանների առնւազն անվտանգութեան խնդիրը գոնէ առժամանակ կը լուծւի, սակայն քանի դեռ վերջնական հանգուցալուծում չի գրանցւել սիրիական հիմնախնդրում ընդհանրապէս, դեռեւս օրակարգում են լինելու կենցաղային, մարդասիրական, սոցիալական բազմաթիւ խնդիրներ եւ այլ սպառնալիքներ: Բացի այդ՝ նաեւ նոյն Պալմիրայի օրինակն էլ ցոյց է տալիս, որ քանի դեռ կայ նաեւ արտաքին ուժերի լուրջ դիմակայութիւն, սիրիական ռազմաճակատում որեւէ յաղթանակ վերջնական չէ, իսկ ռազմական գործողութիւնների հետագայ ընթացքն էլ ոչ այնքան կանխատեսելի՝ բնականաբար պայմանաւորւած մի շարք զուգահեռ եւ փոխկապակցւած գործընթացներով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։