Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման համար անհրաժեշտ է, որպէսզի լինի 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձութիւնների ամբողջական, լիարժէք ճանաչում:
«ԱԼԻՔ» - Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման համար անհրաժեշտ է, որպէսզի լինի 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձութիւնների ամբողջական, լիարժէք ճանաչում: Այդ մասին հայ եւ թուրք լուսանկարիչների «Bridging Stories» (կամրջող պատմութիւններ) խորագրով աշխատանքների ցուցահանդէսի բացման ժամանակ յայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազօր դեսպան Ռիչարդ Միլսը: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:
«Այս ցուցահանդէսը կարեւորւում է նրանով, թէ որքան շատ ընդհանրութիւններ կան հայ եւ թուրք ժողովրդների միջեւ: Այդ ընկալումը կարող է հանգեցնել հաշտեցման, ինչը մենք ցանկանում ենք տեսնել հայ եւ թուրք ժողովրդների միջեւ: Մենք միշտ յստակ նշել ենք, որ հաշտեցման համար անհրաժեշտ է նաեւ, որպէսզի լինի ամբողջական, լիարժէք ճանաչում 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձութիւնների: Նման ցուցահանդէսը ցոյց է տալիս, թէ ինչ ընդհանրութիւններ կան: Դա է ողջ գեղեցկութիւնը»,- ասաց դեսպանը՝ յաւելելով, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որպէսզի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտեցում լինի: Դա բխում է տարածաշրջանի՝ Կովկասի շահերից: Դա այն է, ինչ կը բերի խաղաղութիւն եւ կայունութիւն տարածաշրջանում:
Անդրադառնալով այս հարցի շուրջ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշմանը՝ Միլսը նշեց, որ նա ընտրաշաւի ժամանակ հայ-թուքական յարաբերութիւնների կապակցութեամբ որեւէ արձագանգ չի կատարել:
«Առայժմ վաղ է, որպէսզի կարողանամ ասել, թէ ինչպիսին կը լինի նոր վարչակազմի դիրքորոշումը մի շարք հարցերի վերաբերեալ, այդ թւում՝ այս հարցի»,- ասաց դեսպանը: