Հա

Քաղաքական

12/08/2013 - 10:36

Արտագաղթը միայն թւաբանութիւն չէ: Արտագաղթը նաեւ տրամադրութիւն է, ճնշող տրամադրութիւն, որը ուղղակիօրէն ազդում է այն մարդկանց վրայ, ովքեր բնակւում են Հայաստանում: Ներկայացնեմ բացառապէս պաշտօնական թւեր, որպէսզի պարզ եւ հասկանալի լինի, թէ դէպի ո՛ւր են Հայաստանը տանում Սերժ Սարգսեանն ու նրա գլխաւորած Հանրապետական կուսակցութիւնը:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայութիւնը մի քանի օր առաջ հրապարակել է նոր տւեալներ, համաձայն որոնց՝ այս տարւայ՝ 2013 թւականի առաջին վեց ամիսներում երկրից մեկնողների եւ ժամանողների հաշւեկշիռը կազմել է 123,303: Այսպիսով՝ յունւար-յունիս ամիսներում Հայաստանից հեռացել են աւելի քան 123 հազար հոգի: Մօտաւորապէս այսքան բնակչութիւն ունի հանրապետութեան երկրորդ քաղաք Գիւմրին: Հասկանո՞ւմ ենք, այո, թէ խօսքը ինչի մասին է: Խօսքը աղէտի մասին է, խօսքը մաշւող ու արիւնաքամ լինող Հայաստանի մասին է:
Անշուշտ, ողջ տարւայ կտրւածքով՝ հաւանաբար արտագաղթի ընդհանուր թիւը չի կազմի 123 հազար, քանի որ հեռացածների մի մասը Ռուսաստանում եղանակային աշխատանքի մեկնող հայ բանւորներն են, որոնք իրենց ընտանիքի՝ ծնողների ու երեխաների մի կտոր հացը վաստակում են Ռուսաստանում: Նրանց մի մասը տարւայ վերջերում՝ հոկտեմբերից դեկտեմբեր հատւածում, վերադառնալու է տուն: Սակայն, բոլորը չեն վերադառնալու: Միտումները ցոյց են տալիս, որ ողջ տարւայ կտրւածքով՝ արտագաղթի թիւը կը կազմի շուրջ 80 հազար:
Յիշո՞ւմ էք՝ Սերժ Սարգսեանը նախընտրական շրջանում Տաւուշի մարզի Մովսէս գիւղում բաւական ջղային ոճով արձագանգեց մի գիւղացու գանգատին: «Ե՞ս եմ մեղաւոր, որ քո տղան գնացել է Ռուսաստան»,- նեղսրտեց Սարգսեանը:
Նորից կարդացէք երկրի ղեկավարի խօսքերը. «Ե՞ս եմ մեղաւոր, որ քո տղան գնացել է Ռուսաստան»: Անշո՛ւշտ, Սարգսեանը չէ մեղաւոր, որ մի տաւուշցի անհատ թողել է հայրենի տունը, ծնողներին ու փորձում է արժանապատիւ կեանք գտնել Ռուսաստանում: Բայց, Սարգսեանը եւ իշխող վերնախաւն են մեղաւոր եւ պատասխանատու, որ վերջին հինգ տարիներում Հայաստանից արտագաղթել են շուրջ 300 հազար հոգի կամ Հայաստանի բնակչութեան 10 տոկոսը: Հայաստանից արտագաղթած մէկ մարդու համար գուցէ Սարգսեանը եւ իշխող Հանրապետական կուսակցութիւնը չեն մեղաւոր, բայց մեղաւոր են ընդհանուր 300 հազար հեռացածի համար, քանի որ Հայաստանում չեն ապահովում արժանապատիւ կեանքի պայմաններ:
Արտագաղթը միայն թւաբանութիւն չէ: Արտագաղթը նաեւ տրամադրութիւն է, ճնշող տրամադրութիւն, որը ուղղակիօրէն ազդում է այն մարդկանց վրայ, ովքեր բնակւում են Հայաստանում: Ներկայացնեմ բացառապէս պաշտօնական թւեր, որպէսզի պարզ եւ հասկանալի լինի, թէ դէպի ո՛ւր են Հայաստանը տանում Սերժ Սարգսեանն ու նրա գլխաւորած Հանրապետական կուսակցութիւնը:
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայութեան տւեալներով՝ 2008 թւականին Հայաստանից հեռացել եւ չեն վերադարձել 23 հազար, 2009 թ.՝ 25 հազար, 2010 թ.՝ գրեթէ 47 հազար, 2011 թ.՝ 44 հազար, 2012 թ.՝ 43 հազար Հայաստանի քաղաքացիներ: Այսպիսով՝ Սերժ Սարգսեանի նախագահութեան առաջին հինգ տարիներում Հայաստանից արտագաղթել են շուրջ 182 հազար հոգի: Եւ սա, կրկնում եմ, պաշտօնական թւեր են, իրական թւերը գուցէ աւելի մտահոգիչ են:
Այս տարւայ՝ 2013-ի առաջին վեց ամիսների արտագաղթի ծաւալը աննախադէպ է Հայաստանի վերջին 25 տարիների ընթացքում: Այսպիսի ծաւալով արտագաղթ չի եղել անգամ 1990-ականների մութ ու ցուրտ, պատերազմի տարիներում:
Ներկայացնեմ պաշտօնական վիճակագրական տւեալներ, որպէսզի հասկանալի լինի, թէ ինչպէ՛ս եւ ի՛նչ ծաւալներ է ունեցել արտագաղթը՝ Հայաստանում: Մի առիթով գրել եմ, որ Խորհրդային Հայաստանում առաջին մարդահամարի՝ 1926 թւականի տւեալներով՝ բնակչութեան թիւը կազմել է ընդամէնը 911 հազար, որից շուրջ 200 հազարը՝ ոչ-հայեր, հիմնականում՝ ադրբեջանցիներ: Խորհրդային Հայաստանում վերջին մարդահամարը անց է կացւել 1989 թ., երբ փլուզւում էր ԽՍՀՄ-ը: Այդ ժամանակ Հայաստանն ունէր շուրջ 3,3 միլիոն բնակչութիւն: Այսպիսով՝ Խորհրդային Հայաստանի եօթ տասնամեակների ընթացքում հայերի թիւն աւելացել է աւելի քան չորս անգամ: Այսպիսի բնական աճ Հայաստանը չի ունեցել իր ողջ պատմութեան ընթացքում:
Արտագաղթը Հայաստանից սկսւեց 1980-ականների վերջերից: Ճիշտ է, այսօր չկան պաշտօնական տւեալներ, բայց բոլորս յիշում ենք, թէ ինչպէս էին հայաստանցիները արտագաղթում Արեւմուտք, հիմնականում՝ ԱՄՆ ու Եւրոպա, երբ Մոսկւայում իշխանութեան եկաւ Միխայիլ Գորբաչովը: Սահմանները բացւեցին, «սառն պատերազմ»-ը աւարտւեց, եւ մարդիկ սկսեցին աւելի լաւ կեանք փնտրել: ԽՍՀՄ-ի գոյութեան վերջին տարիներում՝ 1985-1991 թւականներին Խորհրդային Հայաստանից հաւանաբար հեռացել են մինչեւ 100 հազար հոգի: Իսկ եթէ հաշւի առնենք, որ Խորհրդային Հայաստանում բնակւում էին շուրջ 170 հազար ադրբեջանցիներ, որոնք եւս հեռացան, ապա կը պարզւի, որ Խորհրդային Հայաստանի վերջին տարիներում հանրապետութիւնից հեռացել են շուրջ 300 հազար հոգի: Սրա կողքին՝ պէտք է նշել, որ այդ նոյն ժամանակահատւածում Ադրբեջանից Հայաստան են գաղթել շուրջ 300 հազար հայեր, որոնք, սակայն, հետագայ տարիներում, երբ արդէն Հայաստանը անկախ էր, հիմնականում հեռացան երկրից:
Որքա՞ն մարդ է հեռացել Հայաստանից 1991-1998 թւականներին, երբ նախագահը Լեւոն Տէր-Պետրոսեանն էր: Սա վիճելի է, քանի որ չկան այդ տարիների պաշտօնական տւեալները: Հայաստանի նախկին վարչապետներից Հրանտ Բագրատեանը (1993-1996) պնդում է, որ Տէր-Պետրոսեանի նախագահութեան եօթ տարիներում Հայաստանից հեռացել են շուրջ 600 հազար հոգի, որոնցից 300 հազարը այն հայերն էին, որոնք եկել էին Ադրբեջանից: Պարզւում է, որ Տէր-Պետրոսեանի նախագահութեան եօթ տարիներում արտագաղթել են 300 հազար հոգի կամ ամէն տարի՝ շուրջ 45 հազար Հայաստանի քաղաքացիներ: Պարզւում է, որ Տէր-Պետրոսեանի իշխանութեան տարիներում տարեկան արտագաղթում էր մօտ այնքան մարդ, որքան՝ այսօր: Բայց, պէտք է յիշել, որ այսօր չկայ պատերազմ, այսօր մենք մտել ենք անկախութեան 23-րդ տարին, այսօր չկայ էլեկտրականութեան եւ գազի պակասի խնդիր, լայն հաշւով՝ այսօր չկայ հացի խնդիր այնպէս, ինչպէս կար 1990-ականների սկզբներում: Որեւէ կերպ չի կարելի այսօրը համեմատել 1990-ական թւականների ծանր տարիների հետ:
Որքա՞ն մարդ է արտագաղթել Հայաստանից Ռոբերտ Քոչարեանի նախագահութեան տասը տարիներում: Կրկին դիմենք վիճակագրութեանը: 1998-1999 թւականներին՝ Ռ. Քոչարեանի նախագահութեան առաջին երկու տարիներում, վիճակագրական տւեալներ չեն պահպանւել, սակայն հաշւի առնելով յաջորդ երկու-երեք տարիների տւեալները եւ միտումները՝ կարելի է ասել, որ երկու տարւայ ընթացքում Հայաստանից արտագաղթել են շուրջ 100 հազար հոգի: Վիճակագրական պաշտօնական տւեալներ պահպանւել են 2000 թւականից ի վեր: 2000 թ. Հայաստանից արտագաղթել են աւելի քան 57 հազար, 2001 թ.՝ աւելի քան 60 հազար, 2002 թ.՝ ընդամէնը 2700, 2003 թ.՝ շուրջ 10 հազար: Այսպիսով՝ Ռ. Քոչարեանի նախագահութեան առաջին վեց տարիներում Հայաստանից հեռացել են շուրջ 230 հազար հոգի:
2004 թ. արտագաղթը կանգ առաւ: Աւելի՛ն՝ սկսւեց փոքր ծաւալների ներգաղթ: Ներկայացնեմ պաշտօնական տւեալներ: 2004 թ. ներգաղթը կազմեց շուրջ 2 հազար: Յաջորդ՝ 2005 թ., ներգաղթը կազմեց աւելի քան 12 հազար, իսկ 2006՝ շուրջ 22 հազար: Այսպիսով՝ Ռ. Քոչարեանի նախագահութեան յաջորդ երեք տարիներում Հայաստան վերադարձան շուրջ 35 հազար հոգի: Քոչարեանի նախագահութեան վերջին տարում՝ 2007 թ., կրկին սկսւեց արտագաղթ. ճիշտ է, փոքր ծաւալով՝ 3 հազար: Մօտաւոր տւեալներով՝ Քոչարեանի նախագահութեան տասը տարիներում Հայաստանից արտագաղթել են շուրջ 200 հազար հոգի:
Ամփոփելով' ստանում ենք հետեւեալ պատկերը՝ Տէր-Պետրոսեանի նախագահութեան եօթ տարիներում Հայաստանից հեռացել են շուրջ 600 հազար հոգի, որոնցից 300 հազարը՝ ադրբեջանահայեր: Ռոբերտ Քոչարեանի նախագահութեան տասը տարիներում Հայաստանից արտագաղթել են շուրջ 200 հազար հոգի, իսկ Սերժ Սարգսեանի նախագահութեան հինգուկէս տարիներում՝ շուրջ 300 հազար հոգի: Իսկ ընդհանուր առմամբ՝ երեք նախագահների իշխանութեան տարիներում Հայաստանից հեռացել են 1,1 միլիոն հոգի:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։