Հա

Քաղաքական

02/12/2013 - 12:10

«Հակառակորդի կողմից հասցւած իւրաքանչիւր կորստի դիմաց ադրբեջանական բանակը ստացել է 5 զոհ կամ վիրաւոր»

Հակառակորդի կողմից հասցւած իւրաքանչիւր կորստի դիմաց ադրբեջանական բանակը ստացել է 5 զոհ կամ վիրաւոր: Անդրադառնալով ադրբեջանական կողմից իրականացւող սադրանքներին՝ «Արմէնպրես»-ի հետ զրոյցում այս մասին նշել է ԼՂՀ-ի պաշտպանութեան նախարար, Պաշտպանութեան բանակի հրամանատար Մովսէս Յակոբեանը:

«panorama.am» - Հակառակորդի կողմից հասցւած իւրաքանչիւր կորստի դիմաց ադրբեջանական բանակը ստացել է 5 զոհ կամ վիրաւոր: Անդրադառնալով ադրբեջանական կողմից իրականացւող սադրանքներին՝ «Արմէնպրես»-ի հետ զրոյցում այս մասին նշել է ԼՂՀ-ի պաշտպանութեան նախարար, Պաշտպանութեան բանակի հրամանատար Մովսէս Յակոբեանը:
«2012 եւ 2013 թւականներին հակառակորդի կողմից մեզ հասցւած իւրաքանչիւր կորստի դիմաց ադրբեջանական բանակը ստացել է 5 զոհ կամ վիրաւոր: Բայցեւայնպէս, չնայած նման վիճակագրութեան, ի տարբերութիւն ադրբեջանական կողմի, մեզ համար անընդունելի է անգամ մէկ հայ զինւորի կորուստը»,- ասել է Մովսէս Յակոբեանը:
«Ես քանիցս նշել եմ, որ ադրբեջանական կողմի նման պահւածքը նպատակային է եւ այն ուղղւած է տարածաշրջանային լարւածութեան պահպանմանը: Դիւերսիոն գործողութիւնների մասով պէտք է ասեմ, որ նախորդ տարիների համեմատ՝ դրանք ակնյայտ նւազել են, ինչը պայմանաւորւած է շփման գծում մեր զօրքերի կողմից անընդհատ դրսեւորւող մարտական ու բարոյա-հոգեբանական բարձր պատրաստականութեամբ: Իսկ ինչ վերաբերում է հրադադարի խախտման դէպքերին, ապա դրանք հակառակորդի համար պարզապէս դարձել են վատ սովորոյթ: Մեր առաջապահ ուժերը հետեւում եւ վստահօրէն վերահսկում են շփման գծում տիրող իրավիճակը եւ պատասխան գործողութեան են դիմում միայն ծայրայեղ անհրաժեշտութեան դէպքում»,- յաւելել է բանախօսը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ռազմական բիւջէի տարէցտարի աւելացմանը, ապա դա, ըստ Մովսէս Յակոբեանի, չի կարող խախտել ուժերի հաւասարակշռութիւնը:
«Ռազմական բիւջէի ծաւալային աճը դեռեւս չի նշանակում ուժերի հաւասարակշռութեան խախտում, մանաւանդ, եթէ հաշւի առնենք, որ դրանում նախատեսւած ծախսային յատկացումները նպատակաուղղւած են այն միջոցների ձեռքբերմանը, որոնց համարժէքն արդէն առկայ է մեր զինանոցում: Ասեմ, որ ի տարբերութիւն Ադրբեջանի, որն իր քարոզչական խողովակով անընդհատ փորձում է ցանկալին ներկայացնել իրականի փոխարէն, մենք հակառակը՝ հանգիստ ու անշշուկ շարունակում ենք հարստացնել եւ կատարելագործել արդէն մեր ձեռքի տակ եղած իրականը: Իսկ սա հզօրանալու ամենաարդիւնաւէտ ճանապարհն է, որը տանում է ոչ թէ պատերազմի, այլ՝ խաղաղութեան»,- նշել է Մովսէս Յակոբեանը:
Անդրադառնալով Ստեփանակերտի օդանաւակայանի շահագործման դէպքում անվտանգութեան ապահովման գործառոյթներին՝ ԼՂՀ-ի պաշտպանութեան նախարարը նշել է, որ նման խնդիր ստանալու դէպքում՝ Արցախի զինւած ուժերը պատրաստ են առաջադրանքը կատարել անթերի եւ լրիւ ծաւալով»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։