Հա

Հասարակական

16/01/2014 - 10:20

ԺԱՅՌԱԲԵԿՈՐԸ (Լեւոն Խեչոյեանի յիշատակին)

Թւում է, թէ ԺԱՆՏԱԽՏԸ տաքուկ ու հանգստաւէտ տեղաւորւել է մեզ՝ հայերիս մօտ, եւ սառնասրտօրէն ընտրում, սրբում ու տանում է մեր մտաւորականութեան սերուցքին՝ մեզ «պարգեւելով» հոգեւոր սնանկութեան զգացողութիւն:
Երեւի թէ 2014 թւականի յայտնի մեռելների շարքից իրահանահայ ընթերցողն ամենաքիչը ծանօթ է արձակագիր Լեւոն Խեչոյեանի հետ:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

Թւում է, թէ ԺԱՆՏԱԽՏԸ տաքուկ ու հանգստաւէտ տեղաւորւել է մեզ՝ հայերիս մօտ, եւ սառնասրտօրէն ընտրում, սրբում ու տանում է մեր մտաւորականութեան սերուցքին՝ մեզ «պարգեւելով» հոգեւոր սնանկութեան զգացողութիւն:
Երեւի թէ 2014 թւականի յայտնի մեռելների շարքից իրահանահայ ընթերցողն ամենաքիչը ծանօթ է արձակագիր Լեւոն Խեչոյեանի հետ: Լեւոնը մեր վերջին 20-25 տարիների արձակի ամենավառ ներկայացուցիչներից է, եւ իր թողած գրական ժառանգութիւնը՝ «Խնկի ծառեր», «Արշակ արքայ, Դրաստամատ ներքինի», «Տան պահապան հրեշտակը», «Հողի դողը», «Յունիսի հինգը եւ վեցը», «Փուշը, Հայր, Փուշը», եւ 2000 թւականին ՀՀ պետական՝ «Ոսկէ եղէգն» մրցանակին արժանացած «Սեւ գիրք, ծանր բզեզ» վէպը համարւում են արդի հայ գրականութեան ամենափայլուն նմուշներից:
Լեւոն Խեչոյեանի ստեղծագործութիւնները բազմաշերտ ու խորքային են՝ օժտւած կուռ կառուցւածքով: Նրա գրչի մասին խօսելիս՝ գրականագէտներն ասում են, որ այն «ունակ է ընթերցողին պարտադրել իր տիրոջ՝ Լեւոնի աշխարհը՝ անվերջութեան աշխարհը, որ կրկին վերադառնում է «ինքն իրեն»: Այսինքն՝ արտաքուստ ձգտելով՝ կտրւել իր էութիւնից, եզակի իմաստով յանգում է մի, միասնական ամբողջութեան»:
Վաղամեռիկ արձակագրի լաւագոյն բնութագիրը տւել է Հրանտ Մաթեւոսեանը: 1998 թւականին վարպետը նրա մասին գրել է. «Հայ ընթերցողի համար Լեւոն Խեչոյեանի յայտնութիւնը իրական պարգեւ է: Կարդում եմ նրա գործն ու յաճախ երանի եմ տալիս նրան. բաներ, որ ես էի կռահում, միայն կռահում էի, իր համար այբուբեն են. բաներ, որ ես հրճւանքով որպէս գիւտ էի անելու, իր համար սովորական իրողութիւններ են: Կեանքը գիտի եւ գիտի՝ գրականութիւնն ինչ է: Մեր դժւար, ինչ-որ տեղ նոյնիսկ հակագրական պայմաններում իր ճշմարիտ էջերը շարադրել է: Լաւ արձակագիր է գալիս, աշխատում է, իր հացը գրականութեամբ է վաստակում, քաջ տղայ է, մարմինը նոյնպէս պինդ, եւ ես վստահ եմ, որ այսօր եւ վաղը մեր գրականութիւնը նրանով է շարունակւելու: Նշանակում է՝ մեր մշակոյթի վերջը չի եւ հակառակը՝ գրականութիւնը մի լաւ ժամանակի առաջին օրերն է ապրում»:
Այսօր Լեւոն Խեչոյեանի գրականութեան մասին գրել չեմ ցանկանում: Այդ պատասխանատու գործը մասնագէտների՝ գրականագէտների եւ գրաքննադատների պարտականութիւնն է: Ինձ, որպէս շարքային գրականասէրի, հետաքրքրում է Լեւոն Խեչոյեան մարդ-մտաւորականի կերպարը, որը վեր է յառնում քո դէմ, երբ ձեռքդ ես վերցնում նրա ցանկացած գիրքը: Ցանկանում եմ ընդգծել ՄԱՐԴ եւ ՄՏԱՒՈՐԱԿԱՆ բառերը, քանզի հաւատացած եմ, որ ամէն շնչող, ասուն էակ չէ, որ մարդ կոչւելու իրաւունք ունի, իսկ ամէն գրիչ շարժող չէ, որ արժանի է մտաւորականի կոչմանը: Իսկ Լեւոն Խեչոյեանն իր ապրած կեանքով արդարօրէն նւաճել է ՄԱՐԴ-ՄՏԱՒՈՐԱԿԱՆ-ի բարձր կոչումը:
Ինչպէս նրա մտերիմներն են բնութագրում, Խեչոյեանը «հայի պայքարող, մարտնչող տեսակն էր: Նա հայրենասիրութիւն չէր խաղում, հայրենասիրութիւնը, նրա արեան, հոգու, գէների մէջ էր: Հայրենասիրութիւնը նրա էութիւնն էր: Նայէք Լեւոնի լուսանկարին, եւ նրա ամենահայկական, ամենաբարի ու թախծոտ աչքերում, անմիջապէս ուրւագծւած կը տեսնէք մեր պատմութեան ողջ ընթացքը՝ Հայկ ու Բէլից մինչ օրս»:

Լեւոն Խեչոյեան մարդ-մտաւորականն անմասն չմնաց 80-ականների վերջին եւ 90-ականների սկզբին Հայաստանում ծաւալւող իրադարձութիւններից: Դա պատահականութիւն չէր, ոչ էլ բախտի խաղ: Դա ճակատագրի տնօրինումն էր՝ բացարձակ օրինաչափութիւն, քանի որ Հայոց աշխարհի բոլոր մեծ ու փոքր խնդիրները հետաքրքրում էին նրան: Նա իւրացնում էր դրանք՝ դարձնելով իրենը: Ու հէնց այդ խնդիրներին էլ իւրովի լուծում տալու միտումով էր, որ Լեւոն Խեչոյեանն ապրում, պայքարում ու ստեղծագործում էր: Եւ իզուր չէր, որ նա դարձաւ հայ ֆիդայի-ազատամարտիկ՝ իր մարդ-մտաւորականի բնութագրին աւելացնելով նաեւ ազատամարտիկի ոչ-պակաս բարձր ու պարտաւորեցնող կոչումը:
Որպէսզի աւելի պարզ դառնայ, թէ ով էր Լեւոն Խեչոյեանը, եւ ինչպիսի կորուստ ենք ունեցել մենք, որոշեցի Ձեզ ներկայացնել նրա ճառը՝ արտասանւած 2000 թւականին, ՀՀ պետական գրական մրցանակ ստանալու առիթով: Նրա մահւան առիթով այդ ճառը հրապարակել է «yerkir.am» կայքը:
Կարդացէք եւ կիմանաք, թէ ինչ որակների տէր էր, ինչով էր ապրում, ինչպէս էր մտածում եւ շնչում ՄԱՐԴ-ՄՏԱՒՈՐԱԿԱՆ-ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ Լեւոն Խեչոյեանը:
Լաւ մնացէ՛ք, կը հանդիպենք ...

 

ԳՐՈՂԸ ՈՏՔԻ Է ԿԱՆԳՆԵՑՆՈՒՄ ԾՆԿԻ ԸՆԿԱԾ ՄԱՐԴՈՒՆ

Հայաստանի Հանրապետութեան մեծարգոյ նախագահ, տիկնայք եւ պարոնայք...
Երբեք ինքս իմ առաջ, արեւածագի դէմ կանգնած, քուրմ չեմ ձեւացել, վախեցել եմ Մեծ գրականութիւնից...
Հիմա էլ ես գիտակցում եմ, որ պետական այս պարգեւը ոչ թէ ինձ է տրւում, այլ տարիների իմ տառապագին աշխատանքին՝ հաւատալով, որ հայրենի գրականութեանը ծառայելն աւելի շահաւէտ է, քան նրա զօրութեամբ արծաթ դիզելը, իսկ արդիւնքը ոսկու մաքրութիւնից էլ ազնիւ է... նաեւ զգօն գիտակցել եմ, որ դիզած այդ երեսուն արծաթով է գիշերները մեծ առեւտուրը կատարւում՝ համբոյրով մատնւածին խաչի փայտին գամելու շուրջ, իսկ արդարութեամբ յայտնի, ազնւագոյն ոսկին էլ քուրայի բոցերի վրայ է հալւում...
Եւ խելագարութեան եզրին ապրած իմ կեանքը, անքուն գիշերների տքնանքը չի եղել դափնեպսակին հասնելու ձգտում, որովհետեւ ճշմարիտ է՝ քիչ հեղինակութիւն ունենալ արժանիօրէն, քան թէ մեծ փառք՝ առանց իրաւունքի:
Երբ զգոյշ լինել էր պէտք ամէն ինչից ու ամէն մի դարանից, առաւել եւս զգուշացել եմ սրտից: Սրտի խաղաղ լռութեան մէջ է, որ ապրում է կեանքի ծագումը եւ գութը:
Նրա իմաստութեան մէջ ապաւինել եմ լոյսին եւ գրականութեանը: Ու գրասեղանի առաջ իմ յաճախազարկ տենդի ժամանակ տեսնում եւ ճանաչում էի նրան, իսկ նա առաջնորդում էր ինձ:
Այս կողմնորոշումն առողջութիւն է բերել իմ գրւածքներին եւ պարարտութիւն՝ ոճին:
Գրականութեան մէջ է, որ աշխարհի փորձը եւ մարդու ժամանակի տեւականութիւնն է պահպանւած, սերունդներին փոխանցւող այդ ժամանակն է մահկանացու մարդուն փոխակերպում յաւերժականի: Ինքն իրեն փրկելու ձգտումից նա յիշում է Պրոմեթեւս անունով մարդու հողագնդի վրայ ապրելու հերոսական փորձը...
Գրողը նորից ու նորից ոտքի է կանգնեցնում երկրաշարժերից, արիւնահեղութիւններից, աղէտներից ծնկի ընկած մարդուն՝ այդ բարուն, համեստին: Լաւ է ճանաչում այդ փառամոլին, պատերազմների այդ հրձիգին, ախտերով բռնւած հիւանդին, աշխարհի ճշմարտութիւնը որոնելիս սատանայի կամակատար, Աստծոյ փէշից բռնած ցնորամտին, բայց դարձեալ գրում է այս ընկած հրեշտակի հազւադէպ գեղեցկութեան մասին...մահւան նշանը ճակատին, մերկ հողագնդի վրայ թափառական այս վտարւածի խիզախութեան, վեհութեան, զոհողութիւնների, նրա յուսահատ սիրոյ, արժանապատւութեան եւ նրա հիւլէի յաւերժական վերադարձի մասին:
Ահա տիեզերքի յաւերժ խաղաղութեան մէջ Բուդդայի փորի նման փքւած, կլոր երկրագունդը, նրա պորտը՝ Անդրկովկասը ցնցւում, թպրտում է, այդ պորտի բաց վէրքի վրայ է մշտապէս ցանւում աղը:
Չոր հողի երեսին առատօրէն թրջւած՝ պղպջացող արիւնը Անդրկովկասի բնակչի համար դարձել է ոչնչացման սարսափ սփռող անասնական վախ:
Այս մղձաւանջի, մենութեան ու քաոսի խորքից ամէն մի պետութեան եւ ցեղի առաջնորդ իր դուդուկն է փչում, ժողովուրդներ են նետում հրդեհների մէջ եւ պարացնում են իրենց իսկ յօրինած մեղեդու տակ:
Մարդկային միտքը այսպէս մոլոր, կոյր, թափառական՝ դարեր շարունակ յանձնւած կարմրածուփ սատանայի մշտապահ խաղի օրէնքին, նորից ու նորից վերադառնում է եւ իր վերադարձով դարձեալ յետ է գալիս ու կանգնում իր սկզբի վրայ. դարեր շարունակ պատահած նոյն պատերազմներն ու նոյն խաղաղութիւնը, այս կրկնութիւնից, ինքն իրենից չի փրկւում այս մարդը...
Աշխարհագրական մեր դիրքի պատճառով հազարամեակներ է արդէն իսկ, որ դէպի ճրագակրակը նետւող գիշերային թիթեռի նման թռչկոտում ենք Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ:
Հարեւան երկու գերտէրութիւնները՝ Բիւզանդիան եւ Պարսկաստանը հնարաւորութիւն չտւեցին ստեղծելու մեր ընդհանրութիւնը:
Երբ պէտք էր Արեւելքի հետ լինել, Արեւմուտքի փէշից բռնած՝ աչքներս Արեւելքին էինք յառել, իսկ երբ մնալ էր պէտք Արեւմուտքի հետ, Արեւելքի փէշը բռնած՝ հայեացքներս յառել էինք Արեւմուտքին...
Տակաւին դեռ այդպէս է:
Մենք, երբեմն բարձրաձայն, խօսքը շեշտելով ասում ենք, թէ. «Մենք ենք մեր սարերը...»:
Այդ լեռները եւ ճանապարհներ չունենալն ինչքան որ օգնել, նոյնքան վնասել են՝ թոյլ չտալով մշակելու ազգային ընդհանրութիւն՝ մէկ գաղափարախօսութիւն, մէկ քաղաքականութիւն, մէկ սկզբունք...
Աշխարհը հիմա սարսափած է մեզ նայում, թէ այդ ինչպէս ենք երկրագունդը մաշել մեր ոտքի տակ, 1700-ամեայ քրիստոնեայ ենք ու Աստւածաշնչի անգամ յայտնի պատւիրանը չգիտենք. «Մի սպանիր...»: Ազգովի Աստծոյ խօսքը չիմացող, քրիստոնեայ ենք, անհատներով՝ խուլ ականջ հեթանոս, խորհրդարանում համատարած սեւ սպանդ եղաւ... իմաստութեամբ եւ առաքինութեամբ են ծաղկում ազգերը, իսկ մեղքը անարգանք է դառնում ժողովրդի պատմութեան մէջ:
2001 թւականը մօտիկ է, մեր 1700-ամեայ քրիստոնէութեան յոբելեանը, որը եւ աշխարհի չորս ծագերի դէմ վկայում է, թէ մեզ ճանապարհներին ընկած քար դառնալու վտանգը չի սպառնում, մանաւանդ որ՝ ջրհեղեղի աւարտից յետոյ Արարատի գագաթից եկած Նոյի աղաւնին մեր աշխարհից կեանքի նշան ձիթենու տերեւը տարաւ:

_________________________________________________
Յ. Գ. - Լեւոն Խեչոյեանի յիշատակին նւիրւած իմ փոքրիկ ակնարկը գրելիս՝ երկար ժամանակ մտածում էի, թէ այն ինչ վերնագրեմ: Երբ աւելի ուշադիր նայեցի նրա լուսանկարին, հասկացայ, որ այն պէտք է վերնագրեմ ԺԱՅՌԱԲԵԿՈՐԸ, քանզի նրա կոշտ ու կոպիտ հայեացքը, սուր կտրւած գծերով դիմագիծն ինձ յիշեցնում էր հայոց լեռներից պոկւած հսկայական մի ժայռաբեկոր: Այն մարդու եւ քարի իւրայատուկ ներդաշնակութիւնն է յիշեցնում: Դուք եւս ուշադիր նայէք լուսանկարին եւ կը համաձայնւէք ինձ հետ:

Յարակից լուրեր

  • Ռուբիկոնն յաղթահարւած է
    Ռուբիկոնն յաղթահարւած է

    Կայացնել որոշումներ առանց անմիջական պատասխանատւութիւն կրելու եւ առանց անհրաժեշտ գիտելիքներ եւ տեղեկութիւն ունենալու։ Սա պոպուլիզմի ամենաանմիջական բնութագիրն է:

    Քաղաքականութիւն, որը թիրախաւորում է լայն զանգւածներին, խոստանում է նրանց արագ եւ հեշտ լուծում սոցիալական սուր խնդիրների համար, ներկայացնելով ոչ թէ բարդ իրականութիւնը, այլ այն, ինչ մարդիկ ցանկանում են: Իսկ մարդիկ ընդհանրապէս ցանկանում են խուսափել բարդ իրականութիւնից եւ նախընտրում են պարզ եւ արագ իրականացւող մակերեսային լուծումներ։

  • 124 մտաւորականների կոչը՝ «Հայաստան» դաշինքին սատարելու վերաբերեալ
    124 մտաւորականների կոչը՝ «Հայաստան» դաշինքին սատարելու վերաբերեալ

    Սիրելի հայրենակիցներ,

    Հայոց պետականութիւնն այսօր լրջագոյն մարտահրաւէրի առջեւ է կանգնած: Իշխող վարչախմբի ազգակործան քաղաքականութեան հետեւանքով մեզ ցաւալի կորուստներով պատերազմ պարտադրւեց։ Երեք տարի շարունակ վարւող քաղաքականութեան հետեւանքով մեր հասարակութիւնը խոր բարոյական, քաղաքական եւ անվտանգային ճգնաժամ է ապրում: Մեր պարտութիւնները խորանում են՝ ժողովրդին դրդելով վիճակից ելքը տեսնել արտագաղթի մէջ կամ համակերպւել պարտութեան իներցիային։

  • Միացեալ Հայաստանը՝ որպէս նւիրական իդէալ եւ տեսլական
    Միացեալ Հայաստանը՝ որպէս նւիրական իդէալ եւ տեսլական

    Մայիսի 28-ն անկասկած մեր պատմութեան ամենապայծառ էջն է: Այն սեփական անկախ պետականութիւն ունենալու նպատակով հայ ժողովրդի անբեկանելի կամքի մարմնաւորման տօնն է:

    Մայիսի 28-ի մասին շատ է խoսւել ու գրւել: Եւ դեռ էլի է խօսւելու ու գրւելու: Եւ դա բնական է, որովհետեւ այն մի բացառիկ իրադարձութիւն էր, որին մենք սպասել էինք 6 դար շարունակ՝ կորսւած անկախութեան պայմաններում:

  • «Սիւնիքի հարցով Իրանն իրադարձութիւններին կը ներգրաււի այնքան, որքան դա կը պահանջի եւ կը ցանկանայ Հայաստանը». Արամ Շահնազարեան
    «Սիւնիքի հարցով Իրանն իրադարձութիւններին կը ներգրաււի այնքան, որքան դա կը պահանջի եւ կը ցանկանայ Հայաստանը». Արամ Շահնազարեան

    Ադրբեջանի կողմից ՀՀ պետական սահմանի հատումը, յատկապէս Սիւնիքի ուղղութեամբ, Alikonline-ի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարեանը հակւած է որոշակիօրէն դիտարկել նաեւ Հարաւային Կովկասում ակտիւօրէն ընթացող աշխարահաքաղաքական նոր խմորումների համատեքստում:

  • «Իրանական շրջանակներում նորից սկսել են խօսել, որ Սիւնիք-Զանգեզուրի հաւանական կորուստը աղէտ է լինելու Իրանի ազգային անվտանգութեան եւ տարածքային ամբողջականութեան համար». Արամ Շահնազարեան
    «Իրանական շրջանակներում նորից սկսել են խօսել, որ Սիւնիք-Զանգեզուրի հաւանական կորուստը աղէտ է լինելու Իրանի ազգային անվտանգութեան եւ տարածքային ամբողջականութեան համար». Արամ Շահնազարեան

    Թէ ինչպէս են Զանգեզուրի, Մեղրիի միջանցքի մասին ադրբեջանական յայտարարութիւններն ընդունւում Իրանում, 168.am-ի հետ զրոյցում Alikonline-ի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարեանը նշեց, որ Իրանում մտահոգութեամբ են հետեւում Մեղրիի կամ, այսպէս ասած, Զանգեզուրի միջանցքի հետ կապւած զարգացումներին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։