Հա

Հասարակական

30/09/2013 - 12:00

ԿԱՐԾԻՔ - Ազգի խնդիրները ինչո՞ւ չքննել լուռ-լռեցւող մեծամասնութեան հետ

Հրապարակային հանդիպումներով լուռ մեծամասնութեանը՝ անտարբեր դարձածներին, ինչո՞ւ չենք լսում, երբ նրա անունով իրաւունքներ ենք սահմանում եւ ցանկանում ենք խօսել: Անտարբերութիւնն աճում է, երբ երկխօսութիւնը բացակայի: Խօսում եւ գրում ենք ներազգային ճակատի «հզօրացումներ»-ի մասին, եկեղեցի, կուսակցութիւններ, Հայաստան, դպրոցներ: Շարքը երկար է: Ուրեմն՝ կան տկարացում եւ տկարացման ազդակներ՝ հակառակ նախաձեռնութիւններին:

ՅԱԿՈԲ ՊԱԼԵԱՆ

Հրապարակային հանդիպումներով լուռ մեծամասնութեանը՝ անտարբեր դարձածներին, ինչո՞ւ չենք լսում, երբ նրա անունով իրաւունքներ ենք սահմանում եւ ցանկանում ենք խօսել: Անտարբերութիւնն աճում է, երբ երկխօսութիւնը բացակայի:
Խօսում եւ գրում ենք ներազգային ճակատի «հզօրացումներ»-ի մասին, եկեղեցի, կուսակցութիւններ, Հայաստան, դպրոցներ: Շարքը երկար է: Ուրեմն՝ կան տկարացում եւ տկարացման ազդակներ՝ հակառակ նախաձեռնութիւններին:
Ժողովուրդը եթէ չարտայայտւի, «չլսւի», կառաջանայ ճահճացում: Հայաստանի իրավիճակը, իրադարձութիւնները, ուղղութիւնները, քաղաքացու եւ ընդհանրապէս հայի կեցւածքները եւ անելիքը ինչո՞ւ չքննել հրապարակաւ՝ հայ խաւերի հետ, որ խօսեն եւ ոչ միայն լսեն:
Երկու տարի յետոյ Ցեղասպանութեան 100-ամեակն է: Հարցում՝ ընթացիկ սգատօնի կամ «քայլարշաւ»-ների համայնքային մակարդակո՞ւմ կը մնանք թէ այլ բան կը նախաձեռնւի: Յանձնախմբեր են ստեղծւել: Հասարակութիւնը՝ հայերը ի՞նչ են մտածում, ի՞նչ են ակնկալում: Խօսե՞լ են, լիազօրւե՞լ են: Ինչպէ՞ս խօսել նրանց անունով՝ նրանց անգիտանալով: Գէթ գիտական ձեւով պատրաստւած հարցախոյզով լուռ մեծամասնութեան կարծիքը առնւէր, Հայաստան եւ Սփիւռքներ: Հարցախոյզ կազմակերպելու եւ դրա արդիւնքը նկատի ունենալու սովորութիւն չունենք: Այն իմաստ ունի, երբ մասնագիտական ձեւով է կազմակերպւել եւ... ծախսալից:
Մի այլ օրինակ: Եկեղեցական կազմակերպութեան եւ վարչական խնդիրներ եթէ կային անգամ, տագնապալի բնոյթ չունէին: Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդի հրաժարումով՝ ստեղծւել եւ դրսեւորւել է մի տագնապ, որն արդէն ընդհանուր է: Թերթերը գրում են, համացանցի վրայ կարծիքներ եւ քննադատութիւններ են շրջում, բայց պատասխանատուները չեն գնում դէպի հասարակութիւնը՝ ժողովուրդը, որպէսզի լուրերը բացատրւեն, ժողովուրդը արտայայտւի, եւ ըստ այնմ կողմնորոշումներ լինեն:
Իրավիճակի անշպար գնահատումը հարկ է կատարել: Այս մասին խօսելը մեղանչում չէ, ոչ էլ յոռետեսութիւն: Պէտք է տեսնել, թէ վերջին տասը-քսան եւ աւելի տարիներում ինչ է եղել հոլովոյթը եկեղեցի յաճախողների համրանքի եւ տարիքի: Անտարբերութիւն եւ ձեւականութիւն է բնորոշում ներկայ պատկերը, եկեղեցին համարւում է քուրջ: Հայաստանեայց Եկեղեցու պարագայում, հաւատքի կողքին, յաճախ մոռանում ենք նրա պատմական ազգապահպան դերը եւ անմիջական ներկայում նրա համախմբելու կարողութիւնը:
Պէտք է ճշտել «կրօնական ընկերակցութիւններ»-ի անդամների թիւը՝ նշելով համայնքի անդամների թիւը, որպէսզի գործող մարմինների ոչ միայն օրինական, այլ նաեւ բարոյական հեղինակութիւնն ըստ այնմ ճանաչւի: Ինչպէ՞ս հարիւր հազար անդամ հաշււող համայնքի պատասխանատուները կարող են ճշտւել մի քանի տասնեակ անձերի քւէներով: Նշանակում է, որ միջուկը կորել է եւ՝ կճեպը մնացել, այսինքն՝ ջոջականութիւն:
Հարցում՝ մեր համայնքները եւ կազմակերպութիւնները իմաստութեամբ օգտագործո՞ւմ են մեր բոլոր ուժերը թէ ջոջական-դիրքապաշտական դրութիւնը տեւականացնում ենք եւ նահանջում, ապա զարմանում ենք, թէ ինչո՛ւ են մարդիկ հեռանում: Լսո՞ւմ ենք լուռ մեծամասնութեանը, որ իրական հանրային կարծիքն է, ի՞նչ ենք անում՝ դա լսելու համար: Երեւելիի երթեւեկի առիթով փարթամ ճաշկերոյթները հանրային կարծիքը չեն ցոլացնում: Առանց տեսակէտ պաշտպանելու կամ քննադատութիւն մերժելու ճապկումների ամէն տեղ թշնամի տեսնելու՝ պէտք է քննել հարցը, որպէսզի մեր վաղը այսօրւանից աւելի լաւ լինի:
Ներազգային կեանքը կազմակերպական հզօրացման կարիք ունի. նիւթական միջոցներ, թիւ, բայց նաեւ գիտակից եւ բանիմաց զանգւած, որ տարին մէկ անգամ կարգախօս լսելով չբաւարարւի, միայն թաղային-քաղաքապետական հարցերով չհետաքրքրւի, ճաշկերոյթի շահը ազգային յաջողութիւն չհամարի, այլ իմանայ պատմութիւն, դրա հետ մեր մշակոյթը, որպէսզի ազգային դիմագիծ ունենայ եւ իմանայ, թէ ո՛րտեղ կը գնայ, ինչո՛ւ եւ ինչպէ՛ս կը գնայ, ինչպիսի հարազատ ապագայ է պատրաստում հայածնունդ սերունդների համար:
Նման կազմակերպութիւն եւ ուժ էապէս որակի կարիք ունեն: Նաեւ՝ հեռանկարային ծրագրման եւ նախաձեռնութիւնների:
Տոկալու եւ տեւելու ցանկութիւնը զգացումներով չի կարող օրօրւել: Այն պահանջում է առաջնորդութեան կողմից զանգւածին ներշնչւող վստահութիւն՝ կողմերից եւ կողմնապաշտութիւններից վեր:
Կրկին պէտք է անդրադառնալ որակի հարցին, որ տիտղոսներով չի սահմանւում, այն ամբողջական յանձնառութիւն է, զոհողութեան ոգի, անձի օրինակ, բայց նաեւ՝ գիտակցութիւն եւ տիրութիւն ազգի հիմնական եւ հիմնարար արժէքների, որը պատմութիւն է, լեզու, լայն առումով մշակոյթ եւ սկզբունքայնութիւն՝ ազգի նպատակների իրականացման ճանապարհին: Սրանք կեանք են տալիս ազգային հաւաքականութեանը, որպէսզի այն շնչի եւ ճառագայթի:
Առանց արդարացումներ փնտրելու ճահճացումների եւ տեղատւութեան՝ անշպար ախտաճանաչում պէտք է անել՝ հիմնւելով ուսումնասիրութիւնների վրայ, եթէ դրանք նոյնիսկ ցաւացնող կը լինեն:
Ներազգային ղեկավարումը սոսկ վարչական խնդիր չէ, այն առեւտրական կամ ճարտարարւեստական հիմնարկ չէ. այն ազգային, քաղաքական, մշակութային, գաղափարական ըմբռնում է, այլապէս՝ մենք մեզ կը գտնւենք ձեւականութիւնների մէջ եւ չի առաջանայ ցանկալի՝ տոկալու, տեւելու կամքը, որն ստեղծւում է նաեւ որակով:
Հայաստանի կացութիւնը բարդ է, եւ երբ տեղի վրայ չենք, մեր տեղեկութիւնները մասնակի են, դրանց «ընթերցում»-ը կատարւում է մեր ակնոցով կամ՝ մեր ծանօթի կողմից: Ո՛չ ճիշտ վերլուծում կարող ենք անել եւ ո՛չ էլ յանգել ճիշտ եզրակացութիւնների: Արդէն Սփիւռքը կարծիք յայտնելու եւ լսւելու հնարաւորութիւն չունի, նման իրաւունք չի տրւել, չի նախատեսւել:
Սխալները, թերիները, շահախնդրութիւնները եւ այլ չարիքները տեսնել եւ քննադատել: Բայց, խստապահանջութիւնը հիմնաւոր եւ անաչառ պէտք է լինի: Խորհո՞ւմ ենք եւ ասո՞ւմ ենք, թէ մեզանից իւրաքանչիւրը ինչ կարող էր անել եւ չի արել:
Հայաստանում, վերանկախացումից յետոյ, մարդիկ տէր դարձան անաշխատ հարստութեան (չարաշահութիւն, կողոպուտ): Մտաւորականութիւնը պարտք պէտք է համարի, անհանգստանալու գնով, ճշմարտութիւնները հրապարակելու, յստակ քննադատութիւններ անելու: Հակառակ երբեմն ասւածին եւ անորոշ խոստմանը՝ անշպար եւ առարկայական հաշւեքննութիւն չկատարւեց՝ իշխանութեան հետ կամ նրա դէմ գտնւող բոլոր օղակների մաս կազմողներին անկեղծիք հաշւետւութեան կանչելով: Նման քայլ ամրացնում էր ներքին ճակատը եւ ցոյց էր տալիս հայ ժողովրդի որակական տարբերութիւնը:
Ճիշտ է, որ հայաստանեան կացութիւնը, ինչպէս ասւում է, «մաֆիոզ» է: Բայց, երկրի երեք միլիոն բնակիչները «մաֆիոզ» չեն, բոլոր քւէարկողները կաշառւած չեն: Արիութեամբ յատկանշւող եւ անկաշառ քաղաքական գործիչներն ու մտաւորականութիւնը կոչւած են կարեւոր եւ պատմական դերի:
Գիտական հարցախոյզը «սոնդաժ» պէտք է անել՝ իմանալու համար, թէ վերանկախացումից ի վեր Հայաստանի ժողովուրդը ինչ է մտածում իր ղեկավարների եւ հրապարակում եղող կուսակցութիւնների մասին: Նման հարցախոյզը շւարումի մատնող ենթադրութիւններից դուրս է բերում բոլորին:
Անպայման պէտք է քննել «աղէտ-արտագաղթ»-ի եւ արտագաղթողների հարցը, տրամագծօրէն հակառակը քարոզւած «Դէպի երկիր» կարգախօսի:
Յիշո՞ւմ ենք բանաստեղծուհի Սիլւա Կապուտիկեանի, մարդորսական ճապկումներից առաջ եւ յետոյ, գերքաղաքական եւ իրաւութեամբ ցնցող խօսքը. «Արտագաղթը հայրենիքից, 1915 թւականի Ցեղասպանութիւնից յետոյ, ամենամեծ ոչ բնական աղէտն է... Այն մեր հողի կամաւոր զիջումն է Թուրքիային» (Սիլւա Կապուտիկեան (1919-2006):
Ցեղասպանութեան 100-ամեակ: Տեղեա՞կ ենք, թէ ի՛նչ են կազմակերպում Հայաստանը եւ Սփիւռքները: Հարցը տեղական չէ, համայնքային չէ: Մշակութային բազմերես կորստի հարցով թղթածրար կազմել եւ դիմել ԻՒՆԵՍԿՕ՝ հրատարակութիւն պատրաստել նոյն նիւթով եւ դիմել ԻՒՆԵՍԿՕ՝ միասնաբար հրատարակելու համար: Այս գործերը պահանջում են ոչ- սիրողական մարդուժ եւ նիւթական ներդրում:
Կամ՝ հայ եւ օտար իրաւագէտների հետ քննել Թուրքիային Միջազգային ոճրադատ ատեան տանելու հնարաւորութիւնները՝ քայլ աւելի առաջ գնալով Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտութեան աւանդական կարգախօսից:
Համայնքային սահմաններից դուրս պէտք է գալ: 100-ամեակը նախորդ տարիներից տարբե՞ր պէտք է լինի: Այսինքն՝ 100-ամեակը նախորդ տարիներից աւելի մեծ տարողութիւն պէտք է ունենայ, կրկնութիւն չլինի, նպատակադրի՝ հայոց իրաւունքների ձեռքբերման յաջողութեան հասնել:
Ստեղծւած տեղական կամ կենտրոնական յանձնախմբերին զուգահեռ՝ ինչո՞ւ իրաւագէտներից, մտաւորականներից, պատմաբաններից եւ քարոզչական մասնագէտներից բաղկացած անձերով դիւանակալականից ձերբազատւած խորհրդաժողով չգումարել, որ ուսումնասիրւած առաջարկներ ներկայացնի, որպէսզի ապագան հնարաւոր լինի պատրաստել եւ տեսնել, ներքին սպառումը գերանցելով՝ միջազգային հրապարակ գալու համար:
Խորհել նաեւ, որ ժամանակը ի նպաստ մեզ չի գործում, եւ սպասումները աւերող բնոյթ ունեն: Իմանալ նաեւ, որ այս կարգի մտմտուքներից հեռու են, հեռացւել են անորոշ սահմանումով հայկական զանգւածները: Երբ ծառը ծածկում է անտառը, որ քնացող դարձած ուժն է, ի՞նչ ենք տեսնում:

«Ասպարէզ»
(Արեւելահայերէնի վերածւած)

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։