Հա

Հասարակական

05/10/2013 - 11:00

ՇՐՋԱԳԱՅՈՒԹԻՒՆ - Ուղեւորութիւն՝ Ազատն Արցախ

Այս ամառ մասնակցեցի «Անի թուր» ընկերութեան միջոցով կազմակերպւած շրջագայութեանը՝ դէպի Ղարաբաղ՝ օգոստոսի 15-ից 22-ը, որը անմոռանալի յուշեր պարգեւեց բոլոր մասնակցողներին. ինչպէս կարգախօսն է՝ «Սիրով գնանք, սէրով վերադառնանք», իրօք որ՝ այդպէս էր: Թուրին մասնակցեցին 23 հոգի՝ տարբեր բնաւորութիւնների եւ սովորութիւնների տէր մարդիկ, որոնք դարձել էին մի ոգի եւ մի բուռ ու այստեղ չի կարելի անտեսել պրն. Անդրանիկի ու նրա դստեր՝ Անի Բունիաթեանի բարեհամբոյր ու սիրալիր վերաբերմունքը:

Այս ամառ մասնակցեցի «Անի թուր» ընկերութեան միջոցով կազմակերպւած շրջագայութեանը՝ դէպի Ղարաբաղ՝ օգոստոսի 15-ից 22-ը, որը անմոռանալի յուշեր պարգեւեց բոլոր մասնակցողներին. ինչպէս կարգախօսն է՝ «Սիրով գնանք, սէրով վերադառնանք», իրօք որ՝ այդպէս էր: Թուրին մասնակցեցին 23 հոգի՝ տարբեր բնաւորութիւնների եւ սովորութիւնների տէր մարդիկ, որոնք դարձել էին մի ոգի եւ մի բուռ ու այստեղ չի կարելի անտեսել պրն. Անդրանիկի ու նրա դստեր՝ Անի Բունիաթեանի բարեհամբոյր ու սիրալիր վերաբերմունքը:
Թեհրանից հանրակառքով ճանապարհւեցինք կէսօրւայ ժամը 12-ին: Մեր ուրախութիւնը կրկնապատկեցին երգիչ Արման Յովհաննիսեանի ազգասիրական երգերն ու ինչպէս սովորութիւնն է՝ հայի ուղեւորներս՝ զւարճացանք մինչեւ ուշ գիշեր: Մթնշաղին հասանք սահման եւ ըստ նախատեսւած ծրագրի՝ սահմանը անցանք քայլելով, որը յատուկ զգացմունք պարգեւեց մեզ եւ անցնելով երկաթէ դարպասից՝ արդէն մենք մեզ մեր տանն էինք զգում, այնտեղ մեզ սպասում էին երկու միկրոաւտոբուս (մարշուտնի), որոնց շնորհիւ՝ այդ չորս օրը շրջագայեցինք գրեթէ ողջ Արցախը:
16 օգոստոսի առաւօտեան հասանք Գորիս, որտեղ եւ բոլոր ուղեւորներս հաւաքւեցինք իրար շուրջ՝ նախաճաշելու: Հասնելով Արցախի սահման՝ այնպիսի զգացմունք տիրեց մեզ, որը խօսքով անհնար է բացատրել: Հայաստանի եւ Ղարաբաղի դրօշները վեհ բարձունքում այնպէս էին ծածանւում այս ու այն կողմ՝ կարծես իրենց շքեղանին էին ցուցադրում ողջ աշխարհին. այդ զգացմունքով հասանք Շուշի ու տեղաւորւեցինք չորսաստղանի «Grand Hotel»-ում:
Հիւրանոցում մեզ այցի եկաւ ԼՂՀ-ի Ազգային ժողովի պատգամաւոր եւ խորհրդարանի Դաշնակցութեան ֆրակցիայի նախագահ Արմէն Սարգսեանը, բարի գալուստ մաղթեց եւ ծանօթացրեց Դաշնակցութեան գրասենեակի պատասխանատու պատմաբան Սիրանուշ Սարգսեանի հետ, որը մինչ վերադարձ՝ մեր կողքին էր ու իր գեղեցիկ բացատրութիւններով առաւել հետաքրքիր դարձրեց մեր ճամբորդութիւնը: Այսպիսով սկսւեց մեր շրջագայութիւնը՝ այդ սքանչելի ու լեռնային քաղաքում:
Երեկոյեան այցելեցինք Շուշիի Կերպարւեստի պետական թանգարան, ուր տեղի պատասխանատուն բացատրեց, որ թանգարանը ժամանակին իջեւան է եղել եւ վերանորոգւել է՝ հիմքը նոյնութեամբ պահպանւելով՝ մի բէյրութահայ բարերարի աջակցութեամբ, եւ կտաւների մեծ մասն էլ նրա նւիրածն եւ ստեղծագործածն է:
Այնուհետեւ այցելեցինք Ս. Ղազանչեցոց եկեղեցի, ուր տեղի քահանան մեզ ուղեկցեց տաճարի ներքնայարկում գտնւող մի խոստովատուն. ժամանակին այդ վայրում խոստովանութիւններ էին կատարում ցանկացողները՝ առանց քահանայի, եւ ապագայում եղել է նոր օծւած քահանաների քառասուն օրւայ մենաստանը. իհարկէ, նաեւ վերջին տարիներում ոչ-հոգեւոր անձնաւորութիւնների չի թոյլատրւել այցելել վայրը:
Այնուհետեւ մեկնեցինք Հունոտի կիրճն ու տեսանք այն վայրը, ուր հայ աղջիկներն ու կանայք ադրբեջանցիների ձեռքից ազատւելու նպատակով՝ իրենց նետում էին ներքեւ եւ վերջ տալիս իրենց կեանքին, ուր նաեւ ժամանակին, զարգացած լինելու պատճառով, կազմակերպւում էին ձիարշաւներ եւ կայանում էր ձի վաճառելու շուկայ:
Այցելութիւնը շարունակելով՝ մեկնեցինք մի աւերւած մզկիթ ու դրա հարեւանութեամբ՝ պատերազմում աւերւած ժամանակի գորգագործութեան եւ առեւտրային շէնք, որն ըստ Սիրանուշի բացատրութեան՝ վերջերս ադրբեջանցիները Կարմիր Խաչին խոստացել էին նորոգել շէնքը, եթէ Ղարաբաղի նոր պետութիւնը վերանորոգէր մզկիթը եւ ինչպէս միշտ՝ կեղծ էր իրենց խոստումը, իսկ մզկիթը վերանորոգւելու է ի յարգանս Իրանի կառավարութեան եւ դառնալու է տեսարժան վայր: Այդ օրւայ վերջին այցելեցինք «Մանուկեան» օրիորդաց ճեմարան, որը նաեւ կառուցել էին բէյրութահայ բարերարներ:
Վերադառնալով հիւրանոց՝ անակնկալի ականատես եղանք մեր պատւին կազմակերպւած ուրախ երեկոն՝ DJ Գայիանէ Պօղոսեանի մասնակցութեամբ, որը այնպիսի աշխուժութեամբ ու վարպետութեամբ էր երգում ու պարում, որ իր դրական լիցքերը փոխանցեց մեզ եւ որով մինչեւ ուշ ժամ պարեցինք ու զւարճացանք:
17 օգոստոսի առաւօտեան բոլորս միասին այցելեցինք Կապոյտ եկեղեցի, որը գտնւում է հիւրանոցի հարեւանութեամբ, եւ ականատես եղանք պարզ ու առանց ճոխութեան մկրտութեան արարողութեան: Այնուհետեւ կրկին բոլորս միասին մեկնեցինք Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի, ուր մասնակցեցինք Խաղողօրհնէքի արարողութեանը, եկեղեցին լեցուն էր արցախցիներով: Խաղողօրհնէքի արարողութիւնը կատարեց Պարգեւ արք. Մարտիրոսեանը. արարողութիւնը աւարտւելուց յետոյ՝ ճաշակեցինք խաղողը եւ այցելեցինք Սրբազան Հօրը՝ նախապէս պայմանաւորւածութեամբ եւ հաճելի մթնոլորտում հիւրասիրւեցինք ու հաճոյքով լսեցինք Սրբազան Հօր յուշերը՝ Թեհրան ժամանելու օրերում: Վերջում իր սուրբ աղօթքի ներքոյ՝ խմբի եւ իրանահայութեան համար, վերադարձանք հիւրանոց՝ ճաշելու նպատակով:
Ճաշելուց եւ քիչ հանգստանալուց յետոյ՝ մեկնեցինք Մարտունու շրջան եւ տեսանք Տնջրի ծառը, որը 2030 տարեկան է: Սիրանուշը մեզ բացատրեց՝ ծառն ունի անձնագիր եւ 80400 մետր ստւեր է տարածում. տրամագիծը 27 մետր է, ծառի շուրջն ու մէջը 100 հոգի տեղաւորւել են. ծառի մի մասը կայծակի հետեւանքով՝ այրւել էր, շրջանի ժողովուրդը այդ ծառն ընդունում էր որպէս խորհրդատու. մենք էլ ուխտ արեցինք եւ ըմպեցինք աղբիւրից եկած սառը ջուրը: Այդտեղից եղանք սարի փէշում գտնւող մի քաղաքում. տեղի բնակիչներից մէկը բացատրեց, որ սոյն քաղաքը կոչւում է Կարմիր շուկայ. կոմունիստական ժամանակ այդ վայրը շուկայ էր եւ բոլոր գիւղացիները իրենց արտադրութիւնները բերում ու վաճառում էին այդ շուկայում, իսկ պատերազմից յետոյ՝ շրջակայքում մնացած ընտանիքները հաւաքւեցին այդ վայրում՝ ապրելու եւ անունը նոյնութեամբ պահպանեցին:

131005d01a

Այնուհետեւ ճանապարհւեցինք դէպի Ամարաս գիւղ, նախ այցելեցինք Ամարասի վանքը: Գրիգոր Լուսաւորչի թոռան՝ Գրիգորիսի դամբարանը գտնւում է տաճարի աջ մասում. իր պապիկի դամբարանի նման է. տասնուքանի աստիճան իջնելով՝ ներքեւ այցելեցինք դամբարանը: Տեղաբնիկ եւ ոտքից վիրաւորւած մարտիկ պրն. Յովիկ Չարխչեանը մեզ բացատրեց, որ Ամարասը հայաշատ լինելով՝ Գրիգորիսը քաղաքը անչափ զարգացրեց ու ասում են՝ երբ Լենկ Թեմուրը մտաւ Արցախ աշխարհ եւ գրաւեց Ամարասը, տեսնելով քաղաքի զարգացումը՝ բարկացաւ եւ հրամայեց աւերել քաղաքը եւ մինչեւ Արաքս գետ, շարան կանգնելով, ձեռք-ձեռքի, քարերը նետել գետ: 1933 թ. վանքը կործանւել է կոմունիստների միջոցով, եւ յետոյ էլ՝ պատերազմի հետեւանքով: Պարգեւ արք. Մարտիրոսեանը երբ մտնում է Ղարաբաղ, մտածում է վերականգնել վանքը, բայց Ղարաբաղեան շարժումը պատճառ է դառնում, որ Սրբազանը մեկնի Շուշի եւ կենտրոնանում է այնտեղ մինչ այժմ: Վանքի շրջափակի աւերւած շինութիւնների մասին տկն. Սիրանուշը բացատրեց՝ Մ. Մաշտոցը առաջին դպրոցը կառուցել է Ամարասում, եւ մենք տեսանք այդ վայրը՝ հէնց վանքի շրջափակում, ուր հայկական մի քանի գրերի քանդակներ մնացել են դասարանի առաստաղին, նաեւ մի այլ սենեակ, որի պատի բուխարու շուրջ քանդակւած էր մի հարս ու փեսայի պրոֆիլ: Բացատրւեց՝ հին ժամանակներում, երբ Ամարասում հարսանիք էր լինում, մարդիկ արարողութիւնից յետոյ հաւաքւում էին այդ սենեակում եւ խնջոյք կազմակերպում: Հիացմունքով եւ գերւած՝ թողեցինք վանքը, այնուհետեւ այցելեցինք մի գիւղական ընտանիքի, ուր նախապէս հրաւիրւել էինք տանտիրուհու կողմից՝ իր հանգուցեալ ամուսնու տարեդարձի առիթով: Մեզ անչափ ջերմ ընդունեցին եւ անմիջապէս գնացինք թոնրատուն՝ հաց թխելու, հացը թխելուց յետոյ՝ հաւաքւեցինք իրար շուրջ, հիւրասիրւեցինք, ստեղծւեց մի ջերմ մթնոլորտ, որից դժւար էր հեռանալ:
18 օգոստոսին նախ մեկնեցինք Ղշլաղ գիւղ՝ Նիկոլ Դումանի տուն-թանգարան: Թանգարանի պատասխանատու Մարիամը բացատրեց, որ ներկայ թանգարանը եղել է Նիկոլ Դումանի հայրական տունը. ինքը այստեղ է եղել մինչեւ 9 տարեկան եւ իր նախնական կրթութիւնը ստացել է իր հօրից. այնուհետեւ հայրը իրեն ուղարկել է Շուշի՝ կրթութիւնը շարունակելու: 10 տարի սովորում է Շուշիի պետական դպրոցում, գիտէր չորսից հինգ լեզուներ, շատ կրթւած եւ բանիմաց անձնաւորութիւն էր: 1852 թ. ուղարկւում է Թաւրիզ՝ որպէս ուսուցիչ, որտեղ նաեւ սկսւում է իր ֆիդայական կեանքը, տասնութհոգանոց մի կամաւորական խումբ է ստեղծում, որի նպատակն էր օգնել տեղի հայ ժողովրդին եւ իր աշխատանքը տարածում է Հայաստանից՝ Ռուսաստան, Վրաստան: Նա 48 տարի ապրեց, տառապում էր թոքախտով, իսկ կեանքի վերջին տարիները ապրեց Ռուսաստանի Կիսլովոդսկ քաղաքում: 1914 թ. երբ լսեց հայերի ջարդի մասին, չդիմացաւ՝ մտածում էր, օգնութեան հասնել, մտածում էր, որ հերոսը չպիտի անկողնում մեռնի, եւ իր ընկերներին խնդրեց՝ իր հրացանով վերջ տան իր կեանքին, բայց ընկերները մերժեցին խնդրանքն ու ինքը կրակելով իր սրտին՝ վերջ տւեց կեանքին: 23 սեպտեմբերի 1914 թ. նրան հողին յանձնեցին Վրաստանի Խոջիվանքի գերեզմանատանը, իսկ ներկայում ոչնչացրել են դամբարանը: Նաեւ բացատրւեց, որ Դուման նշանակում է փոթորիկ, քրդերն էին այդ մականունը տւել Նիկողայոս Տէր-Յովհաննիսեանին: Ազդւած եւ հիացմունքով՝ միասին երգեցինք Խանասորի երգը եւ թողեցինք թանգարանը:
Այնուհետեւ մեկնեցինք Գանձասարի վանքը՝ Վանք քաղաքում, տեսանք՝ «Տայտանիկ» հիւրանոցի կողքի ճանապարհի երկու կողմերում ադրբեջանցիներից մնացած մեքենաների համարներից սարքել էին պատեր:
Շարունակեցինք մեր ճանապարհը՝ մինչեւ հասանք Գանձասարի վանք ու նախ՝ Աստծու զօրութեան տեսարանի ականատես եղանք՝ պատերազմի ընթացքում մի ռումբ էր մտել եկեղեցու պատի մէջ, որը չէր պայթել, մասնակցեցինք մեռելոցի արարողութեանը: Գանձասարի վանքը կոչւում է Ս. Յովհաննէս Մկրտիչ եկեղեցի, որը կառուցւել է 1216-1238 թւականներին, Հասան-Ջալալ (Հայկազ) իշխանի կողմից: Գանձասարը 1400-1816 թթ. Աղւանից կաթողիկոսների նստավայրն էր. 1923-ից՝ Ադրբեջանի կողմից բռնակցւելուց յետոյ, ցաւօք, չի գործել եւ միայն հնարաւոր է եղել նորոգել այն 1993-1997 թւականներին: Վանքի շրջափակի տեսարանը հիանալի էր. վանքը գտնւում էր բարձունքում եւ շրջափակում տարածւած էին անտառներ:
Այդ օրը որոշւել էր՝ ճաշը անցկացնէինք բնութեան գրկում. ուստի՝ նախապէս համադրութիւնները կատարւել էին պրն. Բունիաթեանի միջոցով՝ Հացի ծառ անւամբ մի գեղեցիկ վայրում, ուր սքանչելի աղբիւր էր հոսում: Ճանապարհին ականատես եղանք բնութեան մի հրաշքի՝ առիւծանման մի ժայռի, որը անընդհատ մռնչում էր՝ իր ճանկերը ցուցադրելով:
Այդ օրը նաեւ նախապէս պայմանաւորւել էինք մեկնել Ստեփանակերտ, ուստի՝ որոշեցինք կիսատ թողնել խրախճանքը եւ վերադառնալ հիւրանոց, որ մի քիչ հանգստանանք, իսկ վերադարձի ճանապարհին տեսանք պատերազմից մնացած մի տանկ, որը պահպանւել էր զբօսաշրջիկների համար ու վրան նշւած էր՝ 442 համար եւ հայկական խաչ:
Երեկոյեան ժամը 8-ին մեկնեցինք Ստեփանակերտի հրապարակ. այնտեղ մեզ միացաւ Արմէն Սարգսեանը եւ բացատրութիւններ տւեց վերանորոգւած ու գեղեցիկ քաղաքի մասին: Նախ վայելեցինք գեղեցիկ շատրւանը, որի ջրի յատակում տեղադրւել էին գոյնզգոյն լոյսեր եւ հնչում էին Շուշան Պետրոսեանի երգերը... Հրապարակում տեսանք Շահումեանի արձանը, այնուհետեւ գնացինք հրապարակի վերին մաս, ուր վեր էին խոյանում պետական շէնքեր, հիւրանոցներ, մարզասրահներ, ռեստորաններ, զանազան խանութներ, մի խօսքով հիանալի նորակառոյց քաղաք:
Արմէն Սարգսեանից հարցրինք՝ թէ ինչ մտադրութիւններ կան վերաբնակեցման առումով. նա բացատրեց՝ որոշւել է ամէն մի զոյգի, որը մտադիր է ապրել այստեղ, ամուսնութեան որպէս նւէր յանձնել 1000 դոլար, ապագայում վեցը երեխայ ունեցողին տրամադրել մեքենայ, աւելին՝ տրամադրել բնակարան, վարուցանքի հողամաս եւ այլն: Այնուհետեւ մեզ հետաքրքրող հարցերին նա սիրայօժար պատասխանեց ու շրջագայելով հրապարակի շրջակայքում՝ միասին մեկնեցինք՝ այդ գեղեցիկ վայրում ընթրելու:
19 օգոստոսին եղանք Շուշիի յուշահամալիրում, ուր տեղադրւած էր Երկրորդ աշխարհամարտի եւ Արցախեան զոհւած ազատամարտիկների յուշարձանն ու մեր յարգանքի տուրքը մատուցեցինք մարտիկների դամբարանին, որը գտնւում էր համալիրի հարեւանութեամբ, ընթերցեցինք դամբարաններին քանդակւած չափածոյ տողերը, որոնք բխել էին սրտից ու հոգուց բոլոր գերեզմանների վրայ արհեստական գոյնզգոյն ծաղիկներ էին տեղադրւած: Վերջում այցելեցինք Արցախի Գերագոյն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչեանի գերեզմանին. անչափ յուզումնալից էր, մեզ գերել էր այն իրականութիւնը, որ այդ հսկայ տարածքից, որը ծածկւած է սարերով եւ անտառներով, ազատամարտիկները ինչպէս են իրենց կեանքը վտանգելով՝ վռնդել ադրբեջանցիներին:
Այնտեղից մեկնեցինք Տիգրանակերտի Հնագիտական թանգարան, որը 17-րդ դարի բերդ էր. թանգարանում տեղադրւած էին պեղումներից դուրս բերւած Տիգրանունիների ժամանակւայ տարբեր իրեր. նաեւ այցելեցինք աւերւած եկեղեցին, որից միակ բանը որ մնացել էր յատակն էր:
Վերադառնալիս՝ այցելեցինք Ղարաբաղի խորհրդանիշ Տատիկի ու Պապիկի արձանին: Սիրանուշը բացատրեց, որ յուշարձանները կառուցել են՝ ճարտարապետ Սարգիս Բաղդասարեանը եւ քանդակագործ Իւրի Յակոբեանը 1968 թ., որը խորհրդանշում է այն, որ Ղարաբաղում հայի արմատները հողի մէջ ամուր են, նաեւ խորհրդանշում է երկարակեցութիւն, ու եթէ եռանկիւնին դրւի քառանկիւնու վրայ, լինում է տուն, որը մեր հայկական աւանդական ընտանիքի խորհրդանիշն է: Վերանորոգւում էր տարածքը, եւ աւելի հեշտ բարձրանալու համար՝ տեղադրւում էին աստիճաններ:
Վերջին գիշերն էր, ու պրն. Բունիաթեանի անակնկալը առաւել յիշատակալից դարձրեց մեր ճամբորդութիւնը, կրկին կազմակերպւել էր ուրախ երեկոյ՝ հիւրանոցի աւազանի շրջափակում եւ հիանալի գիշեր պարգեւեց DJ Գայիանէ Պօղոսեանը, որին ընկերակցում էր երիտասարդ դուդուկահար Արթուր Մկրտումեանը. այդ անմոռաց գիշեր մեզ հիւր եկան մեր նորածանօթ ղարաբաղցի ընկերներն ու նաեւ հիւրանոցում իջեւանած չինացի տուրիստները: Մեր ուրախ երեկոն ճոխացաւ, երբ մեր թուրին մասնակցող անդամ-անդամուհիներից մէկի տարեդարձի տորթը յայտնւեց ու մինչեւ ուշ ժամ երկարեց մեր խրախճանքը:
Այդ գեղեցիկ եւ հիանալի օրերին մեզ հետ էր հիւրանոցի տնօրէն տկն. Անժելլան, ով ոչ մի ճիգ ու ջանք չխնայեց՝ մեր յարմարաւէտութիւնը եւ հանգիստը լաւագոյնս կազմակերպելու համար:
Օգոստոսի 20-ի առաւօտեան ժամը 7-ին նախաճաշելուց յետոյ՝ թողեցինք Ղարաբաղը՝ ունենալով հիանալի եւ անմոռանալի յուշեր, եւ մեկնեցինք դէպի Սատանի կամուրջ, որը բնութեան առեղծւածային սքանչելի մի վայր էր, որին կոչում էին բնութեան յուշարձան: Հոսում էր սարերից ակունք առած Որոտան գետը. վայրը պատւած էր գեղեցիկ խիտ ծառերով, ծաղիկներով, մոշի թփերով ու նաեւ հիանալի ջերմուկ ջրով, որը անընդհատ հոսում էր աղբիւրից:
Այնուհետեւ մեկնեցինք Տաթեւի վանքը, իսկ նախքան վանք այցելեցինք հարեւանութեամբ գտնւող 13-րդ դարից մնացած ձիթհանի գործարանը:
Ապա մեկնեցինք Տաթեւի վանք, որը անչափ գերեց մեզ: Ներս մտնելիս՝ մուտքի մօտ տեղադրւել էր վանքի հին փայտէ դուռը: Մի քիչ ներքեւ հին հիմնական մուտքի մօտ մի քանի խողովակներ կային, հոսում էր սառն ըմպելու ջուր, որն ակունք էր առնում հաւանաբար Որոտան գետից: Վանքը հիմնադրւել է 4-րդ դարում, իսկ գլխաւոր եկեղեցին՝ 906 թ.: Տաճարը ձգւած ուղղանկիւնի դահլիճ է. գոյութիւն ունէին քանդակւած դիմանկարներ եւ գրութիւններ, որոնք հազիւ էին պահպանւել: Տաճարի պատերը 930 թ. ծածկւել են հարուստ որմնանկարներով, որոնցից այժմ քիչ բան է մնացել: Տաճարում պատկերւած է եղել գահի վրայ նստած Քրիստոսը, աւելի ցած՝ առաքեալները եւ սուրբերը. պատի մօտ կանգուն է 13-րդ դարի խաչքար՝ Յովհաննէս քահանայի արձանագրութեամբ: Տաթեւի վանքում իւրայատուկ տեղ է գրաւում Ս. Երրորդութեանը նւիրւած «Գաւազան սիւնը»՝ յայտնի յուշարձան-կոթող՝ ընդգրկւած Հայաստանի հրաշալիքների ութերորդ թւում:
Վանքի մեր վերջին այցելութիւնից յետոյ՝ ուղղակի մեկնեցինք ճոպանուղի: Բոլորս միասին տեղաւորւեցինք ճոպանուղու մէջ եւ 11 րոպէ տեսանք Տաթեւի կիրճը՝ 330 մետր բարձրութիւնից: 5,7 կիլոմետր երկարութիւն, որը գրանցւել է աշխարհի ամենաերկար ուղեւորափոխադրող ճոպանուղի:
Այս ճամբորդութիւնը մեզ տւեց հոգեկան բաւարարութիւն, հիանալի եւ անմոռաց յուշեր ու նոր ծանօթութիւններ:

ՔԱՐՄԵԼԼԱ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։