Հա

Հասարակական

09/06/2014 - 10:00

Աղքատութիւն, թերսնւածութիւն. հայ մանուկների հիմնական խնդիրները

Աղքատութիւն, թերսնւածութիւն եւ կրթութիւն: Երեխաների հարցերով մարդու իրաւունքների պաշտպանի խորհրդական Աննա Սաֆարեանը եւ Գիւմրիի «Շիրակ կենտրոնի» ղեկավար Վահան Թումասեանը Երեխաների պաշտպանութեան միջազգային օրւայ առթիւ այս հիմնական խնդիրները նշեցին՝ ի պատասխան «tert.am»-ի այն հարցի, թէ որոնք են այսօր հայ մանուկների հիմնական խնդիրները:

«tert.am» - Աղքատութիւն, թերսնւածութիւն եւ կրթութիւն: Երեխաների հարցերով մարդու իրաւունքների պաշտպանի խորհրդական Աննա Սաֆարեանը եւ Գիւմրիի «Շիրակ կենտրոնի» ղեկավար Վահան Թումասեանը Երեխաների պաշտպանութեան միջազգային օրւայ առթիւ այս հիմնական խնդիրները նշեցին՝ ի պատասխան «tert.am»-ի այն հարցի, թէ որոնք են այսօր հայ մանուկների հիմնական խնդիրները:
«Այսօր շատ մեծ է երեխաների աղքատութիւնը, ու դա իր հետեւանքներն ունենում է հէնց երեխաների իրաւունքների պաշտպանութեան վրայ: Եթէ երեխան աղքատ է, հնարաւորութիւն չունի դպրոց գնալու, յետ է մնում կրթութիւնից, որովհետեւ գրենական պիտոյքներ չունի, հագուստ չունի: Եւ ընտանիքները երեխաներին դպրոցից հանում են, որպէսզի աշխատանքի ուղարկեն, շատերը դրդում են մուրացկանութեան»,- «tert.am»-ի հետ զրոյցում ասաց Աննա Սաֆարեանը:
Վերջնիս ասութեամբ՝ իրենց պրակտիկայում հանդիպած երեխաների իրաւունքների խախտումները բազմաթիւ են՝ երեխաների մուրացիկութիւն, նախադպրոցական կրթական իրաւունքների ու երեխաների խնամքի հետ կապւած խախտումներ ե՛ւ ծնողների կողմից, ե՛ւ խնամքի հաստատութիւններում:
Խնդիրները կախւած են նրանից, թէ երեխան որտեղ է խնամւում, եթէ հաստատութիւնում է խնամւում, այնտեղ խնդիրները մի փոքր այլ են, այդ երեխաներն աւելի խոցելի են, իրենց խնդիրներն էլ աւելի առանձնայատուկ են: Ընտանիքներում է՛լ այլ տեսակի են, օրինակ՝ բռնութիւն կարող է լինել ծնողների կողմից:
«Նախ աղքատութիւնն է, երկրորդը՝ կան պետական մարմիններ, որոնք պատասխանատու են երեխաների իրաւունքների համար, բայց լիարժէք կերպով չեն իրականացնում իրենց պարտականութիւնները, եթէ օրինակ՝ վերցնենք խնամակալութեան ու հոգաբարձութեան մարմինները, դրանք առաջին օղակն են, ու եթէ իրենք իրենց վրայ դրւած այդ 40-ից աւել լիազօրութիւնները պատշաճ ձեւով չեն իրականացնում, դա արդէն բերում է երեխաների իրաւունքների խախտումների»,- ասաց Աննա Սաֆարեանը՝ ընդգծելով, որ երեխաներն այսօր շատ յաճախ զոհ են դառնում ընտանեկան բռնութեան, ու դա պարտադիր չէ, որ ֆիզիկական բնոյթ կրի, լինում է նաեւ հոգեբանական:
Երեխաների խնդիրների մասին Գիւմրիի «Շիրակ կենտրոնի» ղեկավար Վահան Թումասեանն էլ նկատեց, որ Գիւմրիում երեխաների թիւ մէկ խնդիրը թերսնւածութեան խնդիրն է, դրան յաջորդում է կրթութեան խնդիրը եւ, բնականաբար, նաեւ կացարանի խնդիրը. «Քարուքանդ, հակահիգիենիկ պայմաններում կացարանների երեխաները հարիւր տեսակի հիւանդութիւններով են վարակւում: Սրանք են երեք կարեւոր խնդիրները, որոնք ունեն Գիւմրիի երեխաները»:
Նրա ասութեամբ՝ եթէ այլ մարզերում աղքատութեան խնդիրն է, ապա Գիւմրիում աղքատութեանը գումարւում է անօթեւանութիւնը: Եթէ միւս մարզերում աղքատութիւնը հնարաւոր է յաղթահարել աշխատատեղ ստեղծելով եւ այլն, ապա Գիւմրիում կրկնակի լուծման կարիք ունի անօթեւանութեան խնդիրը:
«Գիւմրիում աղքատների գրեթէ 70%-ը տնակային աւաններում ու ժամանակաւոր կացարաններում ապրող ընտանիքներն են, դրա համար, սովորաբար, ես ասում եմ, որ Գիւմրիում կրկնակի աղքատութիւն է: Եւ, ցաւօք սրտի, ամենախոցելի խմբերը երեխաներն են, որովհետեւ հասարակութիւնում առկայ ամենավատ երեւոյթներն առկայ են տնակային աւաններում»,- ասաց նա՝ աւելացնելով, որ առանց հայր ընտանիքները գերակշիռ մաս են կազմում, այդ ընտանիքների 60-70%-ը առանց տան տղամարդու են ապրում:
Նա նաեւ նշեց, որ հիմնականում միայնակ մայրեր են տնակային աւաններում, եւ դպրոցական կրթութիւնից յետոյ՝ շատերի երեխաները չեն շարունակում իրենց կրթութիւնը: Եւ բացի աղքատութիւնից՝ սոցիալական տարբեր խնդիրներ առկայ են այդ աւաններում:
«Շիրակ կենտրոնի» ղեկավարը խորհուրդ տւեց Երեխաների պաշտպանութեան միջազգային օրը Հայաստանում չնշել, որպէսզի մարդիկ միայն այդ օրը չյիշեն երեխաներին:
«Առհասարակ, Հայաստանում շատ իրաւունքներ են ոտնահարւած, բայց երեխաների պաշտպանութեան խնդիրներն առաւել սոսկալի են, որովհետեւ այն, ինչ մենք տեսնում ենք, բնականաբար, առաջինն ազդում է հէնց երեխաների վրայ, եւ մեր թիրախում փորձում ենք առաքինի պահել հէնց երեխաներին»,- ասաց նա եւ աւելացրեց, որ կոնկրետ Գիւմրիում այդ աղքատութիւնը յաղթահարելու կամ երեխաների թերսնւածութեան խնդիրը լուծելու առումով որեւէ լուրջ քայլ չի տեսնում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։