Հա

Հասարակական

20/10/2014 - 11:20

ՇՆՈՐՀԱՆԴԷՍ - Այս պատկերները Օսմանեան Թուրքիայի անձնագրերն են

Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն, պատմական գիտութիւնների դոկտոր, Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյեանի «Հայոց Ցեղասպանութեան լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» պատկերազարդ գրքի շնորհանդէսին, որը տեղի ունեցաւ հոկտեմբերի 17-ին, յայտարարեց. «Այս պատկերներն Օսմանեան Թուրքիայի անձնագրերն են»:

Ցեղասպանութիւնը համաշխարհային մամուլի էջերում՝ Հայկ Դեմոյեանի նոր գրքում


«tert.am» - Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն, պատմական գիտութիւնների դոկտոր, Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյեանի «Հայոց Ցեղասպանութեան լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» պատկերազարդ գրքի շնորհանդէսին, որը տեղի ունեցաւ հոկտեմբերի 17-ին, յայտարարեց. «Այս պատկերներն Օսմանեան Թուրքիայի անձնագրերն են»:
Դեմոյեանի ասութեամբ՝ համաշխարհային մամուլի էջերում պատկերւած այդ տեսարանները հայ ժողովուրդը եւ աշխարհը հարիւր տարի առաջ են տեսել, սակայն այսօր էլ տեսարանները տեսնում են: Նոյն ոճն է, նոյն պայթիւնը, նոյն Դեր Զորի եկեղեցու աւերումը:
«Այսօրւայ Թուրքիան եւ նրա ղեկավարութիւնը ընդամէնը մէկ հնարաւորութիւն ունեն՝ կա՛մ ընդունել Օսմանեան կայսրութեան այս անձնագրաւորումը, կա՛մ ձեռնպահ մնալ ու երբեք չխօսել արդար յիշողութեան մասին»,- ասաց նա:
Հայկ Դեմոյեանը նաեւ յայտարարեց խորհրդանշական մի գործողութեան մեկնարկ՝ ասելով. «Այսուհետեւ ցանկացած ցուցադրութիւն, որը պատկերում է Ցեղասպանութիւն, երեք հասցէատէր ունի՝ Թուրքիայի նախագահը, վարչապետը եւ արտաքին գործերի նախարարը: Ես հէնց հիմա ստորագրում եմ այդ յայտարարութեան տակ: Մենք գիտենք ճանապարհները, թէ ինչպէս դա տեղ կը հասցնենք»:
Գիրքը պատրաստւած է երկու լեզուներով՝ հայերէնով եւ անգլերէնով: Պատկերազարդ այդ հատորում ամփոփւած են եզակի նիւթեր՝ քաղւած 19-20-րդ դարերի արտասահմանեան մամուլից: Հաւաքածուն համոզիչ ներկայացնում է մարդկութեան եւ քաղաքակրթութեան դէմ թուրքական յանցագործութիւնների իրական պատկերը, որը մշտապէս եղել է համաշխարհային մամուլի ուշադրութեան կենտրոնում: Գրքում ներառւած են անգլիական, ֆրանսիական, ամերիկեան, իտալական, ռուսական, աւստրիական, չեխական, գերմանական եւ նորւեգական մամուլի նիւթերը:
Գրքի մասին կարծիք յայտնեց նաեւ շնորհանդէսին ներկայ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած միջոցառումները համակարգող Վիգէն Սարգսեանը. «Այն բոլոր մարդիկ, ովքեր ուզում են առերեսւել պատմութեան հետ, ունեն այդ հնարաւորութիւնը, պարզապէս պէտք է թերթել այդ էջերը, այն էլ ոչ հայկական մամուլի, այլ՝ միջազգային: Այս գիրքը կարեւոր քայլ է Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ մեր նախապատրաստական աշխատանքներում»:
«Այս աշխատութիւնը ցոյց է տալիս, որ աշխարհում հիմնականում տեղեակ են եղել հայ ժողովրդի դէմ կատարւող ոճրագործութեան մասին, ու ամէն պետութիւն արձագանգել է այն չափով, որքանով որ կարողացել է, համապատասխանել է տւեալ պետութեան շահերին»,- գրքի շնորհանդէսին ասաց ՀՀ Գիտութիւնների Ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտութիւնների դոկտոր Յարութիւն Մարութեանը:
Գրքի հրատարակութիւնը հնարաւոր է դարձել «Ամերիա» ընկերութիւնների խմբի աջակցութեան շնորհիւ: «Ամերիա» ընկերութիւնների խմբի զարգացման գծով տնօրէն Տիգրան Ջրբաշեանն իր խօսքում ասաց, որ այս գիրքը ցոյց է տալիս, որ հայերի կողքին եղել են այլազգիներ, ովքեր ընդունել են հայերի ցաւը՝ որպէս անձնական ցաւ:
«Սա մեր երախտագիտութեան խօսքն է այն երկրներին, այն մարդկանց, ովքեր օգնել են հայերին: Մեր խմբի համար գրքի հրատարակմանն աջակցելը յուզումնալից, բովանդակային, պատւի հարց է»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։