Հա

Հասարակական

12/09/2015 - 11:00

Բագրատ Սրբազան Հայրը պաշտօնապէս ստանձնեց հերոսական Տաւուշի թեմի առաջնորդութիւնը

Իջեւանի Ս. Ներսէս Շնորհալի եկեղեցում կիրակնօրեայ պատարագով Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանեանը պաշտօնապէս ստանձնեց Տաւուշի հոգեւոր առաջնորդի պաշտօնը:
Հայաստանի հիւսիս-արեւելեան դարպասի՝ Տաւուշի թեմի նախորդ առաջնորդ Եզնիկ արք. Պետրոսեանը գաւազանը փոխանցեց նորանշանակ առաջնորդին՝ Բագրատ Սրբազան Հօրը:

«artsakhpress.am» - Իջեւանի Ս. Ներսէս Շնորհալի եկեղեցում կիրակնօրեայ պատարագով Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանեանը պաշտօնապէս ստանձնեց Տաւուշի հոգեւոր առաջնորդի պաշտօնը:
Հայաստանի հիւսիս-արեւելեան դարպասի՝ Տաւուշի թեմի նախորդ առաջնորդ Եզնիկ արք. Պետրոսեանը գաւազանը փոխանցեց նորանշանակ առաջնորդին՝ Բագրատ Սրբազան Հօրը:
Եկեղեցին լեփ-լեցուն էր հաւատաւոր մարդկանցով, ովքեր եկել էին Հայաստանի տարբեր հատւածներից: Հոգեւոր առաջնորդի կողմից մատուցւող պատարագը լի էր յաղթական ոգով, որի վկայութիւնն է նրա քարոզը: «Այստեղ մտնող մարդը պէտք է զգայ լոյսը, պէտք է ունենայ կեանքի նկատմամբ յոյսի ու յաղթանակի զգացումը: Երբեք խեղճ, ընկճւած ու թշւառ վիճակում չպէտք է լինի»,- ասաց Տաւուշի թեմի նորանշանակ առաջնորդը: Նա սուրբ խորանից ներկաներին ցոյց տւեց մանկական մեքենայ խաղալիք, որն ադրբեջանական կրակահերթերի պատճառով եւս խոցւել էր թշնամու փամփուշտից: «Այս քանի օրերին մենք գտնւում էինք կրակահերթերի ներքոյ, Երեւանում խուճապ էր, մեր գիւղերում մարդիկ նարդի էին խաղում, հեռուստացոյց դիտում, իրենց այգին մշակում ու սահմանն էին պահում: Մենք անընդհատ ասել ենք՝ այստեղ բացարձակ տագնապի ու խուճապի վիճակ գոյութիւն չունի, այստեղ քաջարի, արժանապատիւ հայ մարդ է ապրում, որը պաշտպանում է իր սահմանը, մեզ բոլորիս: Բոլորիս կեանքի համար այնտեղ կանգնած է հայ զինւորը: Այդ սահմանի պաշտպաններից մէկը մեքենայի տէրն է»,- ասաց Սրբազան Հայրը՝ յաւելելով, որ դա է տաւուշեցու պատմութիւնը: «Ամենափոքր երեխան՝ խոցւած անիւով մեքենայով, կանգնած է սահմանի եզրին ու երբ հարցնում ենք՝ վախենում էք, ասում են՝ ոչ»,- շեշտեց Տ. Բագրատ եպս. Գալստանեանը:
Ժողովրդին ուղղւած խօսքում Սրբազան Հայրը նշեց, որ իրենք հոգեւորականներով սակաւ են, սակաւ են նաեւ նիւթական միջոցները, բայց իրենց յամառութիւնն ու կամքը, հաւատքն՝ առ Աստւած, առաջնորդելու է յաղթանակների: «Բայց դա լինելու է միասին: Ոչ մի բանի չենք կարող հասնել, եթէ չկանք որպէս ընտանիք, որպէս հաւաքականութիւն»,- ընդգծեց Բագրատ Սրբազան Հայրը:
Տաւուշի թեմի առաջնորդը կոչ արեց սիրով լցւած լինել միմեանց հանդէպ: «Շռայլութիւն է մեզ համար ապրել ու չսիրել միմեանց: Գաղափարների տարբերութիւն կունենանք բոլորս ամենուր եւ պէտք է ունենանք, բայց գաղափարների տարբերութեան միջոցով ատելութիւն չպէտք է սերմանւի: Դա մեզ համար չափից շատ է»,- եզրափակեց Տ. Բագրատ եպս. Գալստանեանը: Այնուհետեւ Սրբազան Հայրը հաղորդութեան արժանացրեց հաւատացեալներին:
Պատարագի աւարտին եկեղեցու բակում թեւածեց հայկական երգն ու պարը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։