Հա

Հասարակական

19/10/2013 - 11:20

ՏԵՂԵԿԱՆՔ - Սերժ Սարգսեան.- «Սփիւռքի նախարարութիւնը ոչ միայն կայացել է, այլեւ դարձել է զարգացող եւ հեռանկարային կառոյց»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն հոկտ. 11-ին այցելել է Սփիւռքի նախարարութիւն եւ մասնակցել նախարարութեան 5-ամեայ գործունէութեան ամփոփմանը նւիրւած միջոցառմանը: ՀՀ նախագահի մամուլի գրասենեակի հաղորդմամբ՝ մինչ այդ՝ ՀՀ նախագահը շրջայց է կատարել նախարարութիւնում, ծանօթացել աշխատակազմի ստորաբաժանումների աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց կողմից իրականացւող ընթացիկ աշխատանքների եւ առաջիկայ ծրագրերի վերաբերեալ: 

«panorama.am» - ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն հոկտ. 11-ին այցելել է Սփիւռքի նախարարութիւն եւ մասնակցել նախարարութեան 5-ամեայ գործունէութեան ամփոփմանը նւիրւած միջոցառմանը: ՀՀ նախագահի մամուլի գրասենեակի հաղորդմամբ՝ մինչ այդ՝ ՀՀ նախագահը շրջայց է կատարել նախարարութիւնում, ծանօթացել աշխատակազմի ստորաբաժանումների աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց կողմից իրականացւող ընթացիկ աշխատանքների եւ առաջիկայ ծրագրերի վերաբերեալ: Սերժ Սարգսեանը դիտել է նաեւ Սփիւռքի նախարարութեան անցած հինգ տարիների գործունէութիւնը ներկայացնող ցուցահանդէսը:
Նախարարութեան աշխատակազմի, համահայկական կազմակերպութիւնների, Սփիւռքի նախարարութեան գործընկեր կառոյցների, հոգեւոր դասի ներկայացուցիչների, Հայաստան-Սփիւռք զարգացմանն իրենց նպաստը բերած պետական, քաղաքական, հասարակական գործիչների, մտաւորականների մասնակցութեամբ կայացած միջոցառման ժամանակ իր ողջոյնի խօսքում ՀՀ նախագահը շնորհաւորել է Սփիւռքի նախարարութեան հիմնադրման յոբելեանի առթիւ, խօսել նախարարութեան առջեւ դրւած խնդիրների, անցած ուղու եւ ձեռքբերումների, այդ կառոյցի առաքելութեան ու նրա կողմից իրականացւելիք հետագայ ծրագրերի մասին:
Սերժ Սարգսեանը վստահութիւն է յայտնել, որ նախարարութիւնն առաջիկայում կեանքի է կոչելու ազգային նպատակների, համահայկական իղձերի իրագործմանն ուղղւած աւելի մեծ ծրագրեր եւ որոշ ժամանակ յետոյ իր աշխատանքի արդիւնքներով դառնալու է այնպիսի կառոյց, ինչպիսին ցանկանում է տեսնել իւրաքանչիւր հայ: Սերժ Սարգսեանը նախարարութեանը մաղթել է նորանոր ձեռքբերումներ՝ համայն հայութեան ներուժը մէկտեղելու, Հայաստան հայրենիքը հզօրացնելու եւ Սփիւռքը հայ պահելու համազգային այդ դժւարին առաքելութեան իրագործման ճանապարհին:
«Հինգ տարի առաջ Սփիւռք-Հայաստան կապերին նոր որակ հաղորդելու նպատակով՝ ստեղծւեց պետական կառավարման այս մարմինը՝ Սփիւռքի նախարարութիւնը, որի խնդիրն էր համագործակցելով մեր դիւանագիտական ծառայութեան, ասել է թէ՝ արտգործնախարարութեան եւ սփիւռքեան կառոյցների հետ, նպաստել հայապահպանութեանը, օժանդակել հայրենադարձութեանն ու նպաստել Սփիւռքի ներուժի օգտագործմանը՝ ի շահ Հայաստանի Հանրապետութեան, ի շահ հայ ժողովրդի: Եւ ուրախ եմ, որ այս ժամանակահատւածում Սփիւռքի նախարարութիւնը դարձել է այդ աշխատանքի հիմնական օղակը: Այժմ նախարարութեան միջոցով ենք իրականացնում հայապահպանութեանը նպաստող բազմաթիւ ծրագրեր, որոնք միտւած են մեր ազգային ինքնութեան պահպանմանը, մայրենի լեզւի եւ հայ մշակոյթի տարածմանը, հայկական աւանդոյթների պահպանմանը:
Նախարարութեան կարեւոր խնդիրներից է՝ բացայայտելով Հայրենիքի եւ Սփիւռքի ներուժը, նպաստել առանձին ուղղութիւններով համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: Մասնագիտական համաժողովների միջոցով արդէն յաջողւել է իրար կապել տարբեր մասնագիտութիւնների տէր հազարաւոր մարդկանց: Սա, կարծում եմ, բաւականին արդիւնաւէտ ճանապարհ էր:
Սիրելի հայրենակիցներ,
Հայութեան համախմբւածութիւնը եւ մեր համատեղ ներուժը կարող են բազմապատկել մեր մրցակցային առաւելութիւնները՝ արդի աշխարհում: Անցած ժամանակաշրջանում նախարարութեանը յաջողւել է Սփիւռքի կառոյցների եւ կազմակերպութիւնների հետ հաստատել փոխվստահութեան ջերմ յարաբերութիւններ, ինչն ամուր հիմք է հետեւողական աշխատանքի համար:
Այդ կազմակերպութիւններն հայ աշխարհասփիւռ ժողովրդի հայապահպանութեան հիմնասիւներն են: Նրանց շնորհիւ՝ սերնդէսերունդ են փոխանցւում մեր հոգեւոր ժառանգութիւնը, Հայրենիքի հանդէպ սիրոյ, նւիրումի եւ պատասխանատւութեան զգացմունքները: Անհրաժեշտ է առաւելագոյնս համադրել պետութեան եւ համահայկական կառոյցների ծրագրերը: Պէտք է ձգտել իւրաքանչիւր կառոյցի հետ ունենալ մի քանի երկարաժամկէտ ծրագիր:
Այս տարիների լաւագոյն ձեռքբերումների շարքում կարող ենք նշել հայ մշակութային ժառանգութեան պահպանմանը միտւած քայլերը: Նշւած ուղղութեամբ մեծ աշխատանք է իրականացւում հոգեւոր կառոյցների, առաջին հերթին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ:
Սիրելի բարեկամներ,
Սփիւռքի նախարարութիւնը ոչ միայն կայացել է, այլեւ դարձել է զարգացող եւ հեռանկարային կառոյց, որը լծւած է հայութեան օրակարգային խնդիրների լուծմանը: Այս կառոյցն է այն շաղախը, որ կապում է Սփիւռքը Հայրենիքին, ամրացնում եւ ուղղորդում է այդ կապը: Նախարարութիւնն իր 5-ամեայ գործունէութեամբ ապացուցեց Սփիւռքի հետ յարաբերութիւնների համակարգման եւ պետութեան հետ առնչութիւնների կենտրոնացման նպատակայարմարութիւնը: Այս տարիների աշխատանքի արդիւնքում՝ ստեղծւել է փոխըմբռնման, վստահութեան եւ համագործակցութեան բարենպաստ մթնոլորտ՝ համայն հայութեան ներուժը մէկտեղելու, Հայաստան հայրենիքը հզօրացնելու եւ Սփիւռքը հայ պահելու համար»,-ասել է Սերժ Սարգսեանը:
Հանդիպման աւարտին Սփիւռքի նախարարութեան մի խումբ աշխատակիցների երկարամեայ ու բարեխիղճ աշխատանքի համար եւ մեր մի խումբ հայրենակիցների Հայրենիք-Սփիւռք կապերի ամրապնդման, ինչպէս նաեւ հայապահպանութեան գործում ներդրած աւանդի համար ՀՀ նախագահը յանձնել է ՀՀ պետական բարձր պարգեւներ եւ ՀՀ նախագահի շնորհակալագրեր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։