Հա

Հասարակական

07/04/2016 - 10:10

Մայրերի օր թէ՞ Աստւածամօր աւետման տօն

Իւրաքանչիւր տարւայ ապրիլի 7-ը մեր եկեղեցու տօնացոյցում նշւում է իբրեւ տօն Աւետման Ս. Աստւածածնի:
Արդարեւ, Ս. Աստւածածինը, իբրեւ սրբազան միջոց փրկագործութեան, անբաժան է Քրիստոսի փրկական տնօրինութիւններից: Նա կենտրոնական եւ առանցքային դերակատարութեամբ կայ քրիստոնէութեան հիմնական դաւանութեան՝ փրկագործութեան խորհրդի մէջ:

Ձօն հայ մայրերին


Իւրաքանչիւր տարւայ ապրիլի 7-ը մեր եկեղեցու տօնացոյցում նշւում է իբրեւ տօն Աւետման Ս. Աստւածածնի:
Արդարեւ, Ս. Աստւածածինը, իբրեւ սրբազան միջոց փրկագործութեան, անբաժան է Քրիստոսի փրկական տնօրինութիւններից: Նա կենտրոնական եւ առանցքային դերակատարութեամբ կայ քրիստոնէութեան հիմնական դաւանութեան՝ փրկագործութեան խորհրդի մէջ:
Աստւածամայրը իբրեւ ուխտի զաւակ իր սրբակենցաղ ու անարատ կեանքով արժանացաւ Աստծու շնորհքին ու եղաւ մայրը Աստւածորդու, եւ Աստւածորդու միջոցով՝ ողջ մարդկութեան:
Աւետման տօնը Աստւածամօր մայրութեան տօնն է, ի՛ր մայրութեան, Աւետիսը իր մայրանալուն, որով Նա պիտի լինէր՝ տապան փրկութեան, կենդանի տաճար, լուսաւոր ամպ, որ կեանքի ցօղը թափեց բանական երկրի վրայ, մայր անճառելի լոյսի եւ բնակարան անսկզբնակից Որդուն: Հայ եկեղեցու շարականագիր վարդապետների մտքի եւ հոգու գրական ամենագեղեցիկ ստեղծագործութիւնները ձօնւած են Աստւածամօր, որովհետեւ նա եղաւ մայրը Քրիստոսի եւ իր սուրբ եկեղեցու:
Ահա թէ ինչու իսկապէս շատ իմաստուն տնօրինումով ապրիլի 7-ը մի պահ Հայաստանում նկատւեց որպէս կանանց, մայրերի օր, սակայն քիչ յետոյ փոխւեց այն: Իրանում մեր ժողովուրդն ու օրւայ հոգեւոր առաջնորդները իմաստութիւնը ունեցան ապրիլի 7-ը պահել ու տօնել իբրեւ մօր, մայրութեան օր:
Հայ մայրը պատմութեան ամենավաղ ժամանակներից սկսեալ եղել է՝ անձնուրաց, գիտակից ու իր ընտանեկան արժանապատւութեան տէր, առաւել նա եղել է յենարան ու նեցուկ իր ամուսնուն, իր ընտանիքին: Նախաքրիստոնէական շրջանից մեզ հասած տեղեկութիւնները վկայում են հայ կնոջ, հայ մօր հաւատարմութեան, քաջութեան եւ հայրենասիրութեան անգերազանցելի օրինակելիութեան կերպարներին:
Աստւածաշնչական վկայութեամբ, շնորհալի կինը բարձրացնում է ամուսնու փառքը ժրաջան կինն իր ամուսնու պսակն է իմաստուն կանայք շինում են իրենց տները, ով բարի կին է գտել՝ շնորհք է գտել՝ եւ ուրախութիւն է ստացել Աստծուց (Առակաց գիրք):
Աստւածաշնչական վերոյիշեալ բարեմասնութիւններով զարդարւած հայ մայրը եղաւ սիւնը իր տան, պահապանը իր քրիստոնէական հաւատքի, մայրենի լեզւի եւ հոգեւոր ու ազգային այն արժէքների, որոնցով մարդը, ազգը հարստանում ու յաւերժութեան է գնում:
Հայ մատենագիրները գովերգում են քաջութիւնը Փառանձեմ թագուհու, որ գերազանց օրինակը եղաւ հայրենասիրութեան, Ե դարի «Տիկնայք փափկասուն» ազնւազարմ կանանց, որոնք մայրական ու հայրենասիրական գութով ու սիրով լեցուն, տէր եղան Աւարայրի պատերազմի հետեւանքով որբացած հայորդիներին, Ձուիկ իշխանուհու, որ Վահանեանց ապստամբութեան հերոսների դաստիարակը եղաւ: Աւելի ուշ ժամանակների ձեռագիրների յիշատակարաններում հանդիպում ենք՝ Խոսրովանուշ թագուհուն, Շահանդուխտ թագուհուն եւ տասնեակ իշխանուհիների, ովքեր փայլեցին բարեգործութեան, շինարարութեան եւ ողորմածութեան սքանչելի արարքներով, այլեւ հերոսութեան, տառապանաց ու սուգի մէջ հայ կանայք եղան անգերազանցելի: Իզուր չէ որ բանաստեղծը «սրբութիւն սրբոց» է կոչում մօրը, կամ
Աստւածացած ու Սուրբ,
Հպարտ մայրեր հայոց:
Դարերով հայ մայրը եղել է ու է՛ իր տան պատւանդանն ու ճրագը, որ իր լոյսով լուսաւորել է իր շրջապատը: Այսօրւայ համաշխարհայնացած ու մի քիչ էլ ապաբարոյականացած աշխարհում, առաւել եւս շեշտւում է ուղղափառ առաքելութիւնը հայ մօր:
Այսօր հայաշխարհում հայ ընտանիքը մեծ մարտահրաւէրների առաջ է: Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքի իւրաքանչիւր գաղթօջախում հայ կեանքը անհրաժեշտ ու անյապաղ կարիքն ունի՝ ինքնաքննութեան, վերատեսութեան եւ նոր գործելակերպի: Հայ մայրը պէտք է ճանաչի իր նախորդների գործն ու պատմութիւնը եւ ըստ ա՛յնմ գործի: Երբ հայ բանաստեղծը գրում է.-
Մա՛յր, սրբութիւն ամենասուրբ,
Մա՛յր, նրբութիւն ամենանուրբ.
Դու ամենից մեծ վշտահար.
Անդաւաճան ու անկաշառ:
Ուզում է ասել, որ հայ մօր կոչումն է այսօր տէր կանգնել իր մայրենի լեզւին, հաւատքին, հայրենիքին եւ իր ժողովրդի պահանջատիրական պայքարին, նման՝ Սօսէ մայրիկներին, Շաքէներին, Տատօներին, որոնք արիասիրտ ու քաջամարտիկի ոգով մաքառեցին թշնամու դէմ ի խնդիր հայի արդար իրաւունքների պահպանման:
Այսօրւայ հայ մայրը կոչւած է լսելու Մարութայ սարերի, Տարօն ու Վասպուրական աշխարհների ու Հայաստանի լեռներից ու դաշտերից արձագանգող հայ մայրերի կանչը: Ականջ տւէք հայոց աւերակեալ աշխարհի խորքից մեզ հասնող տաճարական մեղեդիին, որն յուշում է մեզ՝ «Չեղնի մոռնաք»:
Այո՛ «չեղնի՛ մոռնաք» լեռնակուտակ արգելքներն ու դժւարութիւնները, որոնց միջից անցաւ իր ժողովրդի ազատագրական պայքարի դրօշակակիր մայրը:
«Չեղնի՛ մոռնաք»՝ պատւախնդիր, ընտանեկան սրբութիւնը ամէն բանից վեր դաւանող գիւղական պարզ, սակայն տոկուն ու անարատ կրթութեամբ զինւած հայ մայրը, որի համար իր որդւոց ազատութիւնը աշխարհ արժէր…
«Չեղնի՛ մոռնաք», սիրելի մայրեր, որ մեր զաւակները մեզանից պիտի սովորեն մայրենի լեզուն ու հերոսական պատմութիւնը մեր ժողովրդի: Մենք է, որ նրանց երակների մէջ ներարկելու ենք հայրենասիրութեան հետ աննահանջ պայքարի ոգին, պահանջատիրական պայքարի հուրն ու բոցը, այլ խօսքով այն ամէն ինչը, որի համար մենք աւելի քան մէկուկէս միլիոն նահատակներ ենք տւել:
«Չեղնի՛ մոռանաս», որ դու հայոց անմահանուն բանաստեղծի բառերով.-
Բայց դուն մեր տունն ես ամբողջ, մեր անցեալին չափ անհուն,
Դուն անսպառ գանձարան եւ մշտանորոգ աւետիս,
Դուն անծանօթ լուսաղբիւր մեր կենսառոյգ դարերուն,
Որուն հատնում յորդաբո՜ւխ եղաւ անումէ կեանքիս:
«Չեղնի՛ մոռանաս», անգին մայր, որ կաթիդ հետ մանկանդ տւած կրթութիւնն ու յորդորը լինելու են ճամբան դէպի Աստւած, դէպի ազգն ու հայրենիք:

* * *

Մայր իմ անուշ, մայր իմ քաղցր ու աննման, այսօր տօնիդ առիթով, յիշում եմ քեզ ու լալու չափ յուզւում եմ վերապրելով բարի ու խաղաղաբոյր նայւածքդ, յիշելով կենսայորդ խօսքերդ, տաքուկ գիրկդ ու ջերմ համբոյրներդ…: Թոյլ տուր, մայր, որ որդիաբար ծունկի եկած գերեզմանիդ առաջ խոնարհաբար հայցեմ քո բարեխօսութիւնը, որովհետեւ դու իմ համար մի Աստւած էիր ու քո աստւածային էութեամբ կանուխ մեկնեցիր միանալու Մայրութեան աստւածուհուն՝ Աստւածամօր, ու ես մնացի մենակ ու որբ՝ կարօտ քո ձայնին, քո նայւածքին, քո ողջ էութեան…:
Մայրերի օրւայ առիթով, իմ սիրելի մայրեր, մօրս յիշատակի միջից ողջունում եմ ձեզ բոլորիդ, շնորհաւորում եմ ձեզ ամբողջական սրտով ու անկեղծագոյն զգացումներով, համբուրում եմ ձեր ձեռքերը եւ ձեզ համար հայցում ողջ մարդկութեան մայր եղող՝ Աստւածամօր բարեխօսութիւնը:
Ձեր տօնը շնորհաւոր, սիրելի մայրեր, աննման մայրեր, մէկ հատիկ մայրեր: Հայ բանաստեղծի՝ Ժագ Ս. Յակոբեանի հետեւեալ տողերը ընդունեցէք, որպէս մի փունջ ծաղիկ եւ օրհնութիւն ընծայւած ձեզ՝
Այբբենարան շրթներէդ ինծի հպա՜րտ ուսուցիր
Մեսրոպաշունչ քու լեզուն- հայակարկա՜չ մեղեդին,
Միտքդ դպրոցս եղաւ, ուր ինձի բացիր ոսկեգիր
Դիւցազնագիրքն ու փառքերն մասիսեղէն իմ ցեղիս:

* * *

Եկեղեցիս առաջին եղաւ հոգի՛դ լուսաւոր,
Ուրկէ խնկեց նա՜րդ առ նա՜րդ Յիսուսավէպը անոյշ,
Որ իր անլուր հրաշքով հիմնեց հաւատքս հզօր,
Եւ իր բոյրովն ու լոյսով լեցուց խորանը հոգւոյս:

* * *

- Աստուծմէն ետք երկնքի՝ մա՜յրն է միայն երկրի վրայ…

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
Առաջնորդ Թեհրանի հայոց թեմի
7 ապրիլի 2016
Թեհրան

Յարակից լուրեր

  • Շնորհաւոր Նոռուզ եւ խաղաղութիւն բոլորիդ
    Շնորհաւոր Նոռուզ եւ խաղաղութիւն բոլորիդ

    Նոր տարւայ - Նոռուզի - տօնական այս օրերին, երբ աշխարհը կորոնավիրուսի առաջացրած համաճարակի պատճառով տագնապի է մատնւած, մենք աղօթախառն ու անկեղծ զգացումներով շնորհաւորում ենք իրանցի մեր հայրենակիցներին եւ բոլորին մաղթում առողջութիւն, յաջողութիւն եւ արեւշատ երկար կեանք։

  • ՏԵՂԵԿԱՆՔ
    ՏԵՂԵԿԱՆՔ

    Ի հետեւումն աշխարհում տիրող տագնապահար վիճակին, կորոնավիրուսի ստեղծած համաճարակի եւ նրա առաջացրած հետեւանքների եւ նկատի ունենալով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի կոչն ու Ազգային Կենտրոնական վարչութեան Կրօնական ժողովի որոշումները, երեքշաբթի 17 մարտ 2020-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հրաւէրով ազգային առաջնորդարանի դահլիճում գումարւեց Կրօնական եւ Թեմական խորհուրդների դիւանների եւ Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատուի համատեղ նիստ:

  • Համբերութեամբ դիմագրաւենք ամէն տեսակի դժւարութիւնները
    Համբերութեամբ դիմագրաւենք ամէն տեսակի դժւարութիւնները

    Այս օրերին ողջ աշխարհը բռնւած է կորոնավիրուսի պատճառած համաճարակ հիւանդութեամբ։ Չինաստանից ծայր արած, արագավազ նժոյգի նման, արշաւում է, ամէն տեղ ահ ու սարսափ տարածելով. պետութիւններն ու միջազգային կազմակերպութիւնները ի տես եւ ի լուր այս նոր տեսակ Աժդահակի հնարաւոր ամէն միջոցի են դիմում նրա առթող վնասը նւազագոյնի իջեցնելու։

  • Ողջոյն հայ կանանց
    Ողջոյն հայ կանանց

    Մեր ժողովրդի պատմութեան իսկ վկայութեամբ հայ կինը իր առաքինութեամբ, հաւատարմութեամբ, անձնուրացութեամբ, հայրենասիրութեամբ, քրիստոնէական հաւատքով, ծնողական գուրգուրանքով եղել է եւ է օրինակելի եւ զօրութեան ու ներշնչման աղբիւր։

  • 2020 թւականի առաջին Արեւագալի արարողութիւն Ս. Սարգիս եկեղեցում
    2020 թւականի առաջին Արեւագալի արարողութիւն Ս. Սարգիս եկեղեցում

    Երեքշաբթի, 25 փետրւարի 2020 թւականին Թեհրանի Ս. Սարգիս Մայր Եկեղեցում, առաւօտեան ժամը 9։30-ին, նախագահութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ Տ. Սեպուհ Ս. սրք. Սարգսեանի ու հոգեւոր դասի մասմակցութեամբ եւ աղօթակցութեան հաւատացեալ ժողովրդի՝ սկսւեց Մեծ պահքի հաւաքական Արեւագալի ժամերգութիւնը, որը յետայսու իւրաքանչիւր երեքշաբթի, հերթաբար պիտի տեղի ունենայ թեմիս ծխական եկեղեցիներում իսկ չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին էլ առաւօտեան ճշտւած ժամերին կը կատարւի նոյն ժամերգութիւնը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։