Կիրակի, մայիսի 22-ին, որպէս ուխտաւոր, ինձ եւս յաջողւեց մասնակից դառնալու Թեհրանի միութիւնների եւ Եկեղ. խորհուրդների միջոցով կազմակերպւած ուխտագնացութեան դէպի Ղազւին՝ Սրբոց Հռիփսիմեանց ու նաեւ Ս. Հռիփսիմէ եկեղեցու անւանակոչութեան տօների առթիւ:
Ս. Հռիփսիմէ եկեղեցին կառուցւել է 1936 թւականին, տեղի ազգայիններից Յովհաննէս Բարսեղեանի միջոցով՝ ի յիշատակ իր վաղամեռիկ դստեր՝ Հռիփսիմէ Բարսեղեանի:
ՆԱԶԱՐ ՇԱՀՎԵՐԴԵԱՆ
1.
Կիրակի, մայիսի 22-ին, որպէս ուխտաւոր, ինձ եւս յաջողւեց մասնակից դառնալու Թեհրանի միութիւնների եւ Եկեղ. խորհուրդների միջոցով կազմակերպւած ուխտագնացութեան դէպի Ղազւին՝ Սրբոց Հռիփսիմեանց ու նաեւ Ս. Հռիփսիմէ եկեղեցու անւանակոչութեան տօների առթիւ:
Ս. Հռիփսիմէ եկեղեցին կառուցւել է 1936 թւականին, տեղի ազգայիններից Յովհաննէս Բարսեղեանի միջոցով՝ ի յիշատակ իր վաղամեռիկ դստեր՝ Հռիփսիմէ Բարսեղեանի:
Իսկ. Ս. Հռիփսիմեանց եւ Գայիանեանց կոյսերի նահատակութիւնը սերտօրէն առնչւած է Հայաստանում քրիստոնէական կրօնի պետականօրէն ճանաչւելու հետ: (Այս մասին մանրամասնութիւններ ձեռք բերելու համար կարդալ՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի լոյս ընծայած «Սրբոց Հռիփսիմեանց եւ Գայիանեանց տօն» պրակը, նաեւ՝ Յարութիւն աւ. քհնյ. Տէր-Մեսրոպեանի (Բալայեան) «Կեանքի յուշեր» գիրքը, տպւած Նոր Ջուղա 1983):
2.
Վաղ առաւօտեան դեռ լոյսը չբացւած, մեր հանրակառքում ներկայացան Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու Եկեղ. խորհրդի նախագահ Սեդա Խաչատրեանն ու Քարոլին Մանդարին, որոնց՝ ուխտաւորների թիւը ճշտելուց եւ մի շարք յայտարարութիւններ անելուց յետոյ՝ մեքենան շարժւեց դէպի քաղաքի գլխաւոր պողոտան: Մեքենայում յատուկ եռուզեռ ստեղծելու համար տկն. Սեդան բոլորիս ծանօթ սարկաւագ պրն. Խաչիկին առաջարկեց իր ասմունքներով զբաղեցնել մեզ, ինչը եւ շատ լաւ ստացւեց: Այնուհետեւ բոլորս զրոյցով էինք զբաղւած, իսկ հանրակառքը երթը շարունակելով, մեզ հասցրեց Ղազւին քաղաք:
Ժամանակին Ղազւինը հայահոծ համայնք է ունեցել, ազգապատկան կալւած՝ մեծ տարածութեամբ, որի մէջ ընդգրկւած էին եկեղեցին ու դպրոցը: Ընդարձակ բակում ծառերի տակ խնամքով սեղաններ ու աթոռներ էին շարւած եւ նշւած թէ՝ ուխտաւորների ո՞ր խումբը, որտեղ պիտի հաստատւի: Կարճ ժամանակում բոլորը տեղաւորւեցին իրենց տեղերում: Սակայն, կային մարդիկ, ինչպէս նաեւ ես, ցրտից կծկւած, մի փշուր արեւի յետեւից էինք: Ինչեւէ, կազմակերպիչ յանձնախմբի անդամները ամենայն ժրաջանութեամբ մէկը միւսի յետեւից սկսեցին նախաճաշ մատակարարել բոլորին:
3.
Հիմա արդէն արեւը վեր է բարձրացել եւ եթէ առաւօտեան կողմը ուխտաւորները ցրտից խուսափելու համար մի փշուր արեւ էին փնտրում, հիմա ընդհակառակը՝ ծառի շւաք կամ ստւերի կարիքը կար, որը մասամբ օգտակար եղան՝ արեւի շողերին ընդդիմացող մեծ հովանոցները: Ընդարձակ բակում բարձր տրամադրութեամբ մի ընդհանուր աշխուժութիւն էր տիրում, մի տեղ երգում ու պարում են, մի այլ տեղ ուխտաւորների միջեւ քաղաքական վէճ էր առաջացել: Բայց, ամենահետաքրքիրը՝ մեզ մօտ գտնւող ազգային-հասարակական գործիչ՝ Վարդան Մասեհեանը մեծ ոգեւորութեամբ ուխտի եւ ուխտագնացութեան մասին հետաքրքիր տեղեկութիւններ էր հաղորդում:
——————————————
Մէկ էլ ամենուր լռութիւնը տիրական դարձաւ եւ զօրեղ մագնիսի ուժգնութեամբ իր կողմը ձգեց եկեղեցուց հնչող սուրբ պատարագի արարողութիւնը, որը կատարում էր Տ. Մակար եպս. Աշգարեանը՝ Ս. Սարգիս եկեղեցու երգչախմբի կատարողականութեամբ:
Հնչող հոգեւոր երգերը այնքա՜ն հոգեպարար ու դիւթիչ էին, որ թւաց եկեղեցու բակի անկիւնում ծւարած եւ համարեա մէկ դար ապրած դպրոցի հողմահարւած դէմքը՝ պայծառացաւ ու իր փառաւոր անցեալի յուշերով տարւեց:
4.
Բակում կէս լռութիւն է, մարդկանց զրոյցի հետ միախառնւած է նաեւ գդալ-պատառաքաղի զրնգոցներ: Ժողովուրդը ախորժակով վայելում էր ճաշը:
Կէսօրից յետոյ Տ. Մակար եպս. Աշգարեանը իրեն ընկերակցող քահանաների հետ, մտերմիկ հանդիպում ունեցաւ ուխտաւորների հետ եւ ապա թողեց սրբավայրը:
Վերջում՝ յարգանքի խօսք Թ. Հ. Թ.-ի կազմակերպիչ յանձնախմբին, որը ամենայն հոգատարութեամբ՝ իր օգնող ձեռքերին գործի դնելով, անթերի կերպով կատարեցին իրենց պարտականութիւնը՝ ի մասնաւորի նախաճաշ եւ ճաշ սպասարկողները:
Իսկ եկեղեցում աղօթքի պահին ականատեսը եղանք մի այսպիսի յուզիչ տեսարանի: Մի ուխտաւոր մամիկ, ձեռքերը դէպի առ Աստւած պարզած, հազիւ լսելի ձայնով մրմնջում էր.-
«Տէ՛ր, պահիր ու պահպանիր Արցախի հերոսամարտիկներին ու հայ ժողովրդին»:
* * *
Թող Աստւած միշտ հայ ուխտաւորի հետ լինի: Ամէն: