Հա

Հասարակական

24/07/2016 - 10:40

Հայ ժողովրդի շնորհալի դուստրը՝ Սերիկ Դաւթեան

Ասում են կեանքը չի սիրում թոյլերին, եւ նա է ուժեղ, ով իր մէջ ուժ է գտնում դիմակայելու ճակատագրի հասցրած հարւածներին, պայքարելու եւ ոտքի կանգնելու, չկորցնելով կամքն ու սկզբունքները: Այդ նկարագրի տէր անհատականութիւններից է Սերիկ Ստեփանի Դաւթեանը: Հայուհի, ով դէմ-յանդիման ապրելով իր դժւարին ճակատագրին՝ բազում զրկանքներ կրեց ստալինեան անհատի պաշտամունքի տարիներին, չընկրկելով ոչ մի դժւարութեան ու հարւածի առջեւ:

ՄԵՐԻ ՔԵՇԻՇԵԱՆ


Ասում են կեանքը չի սիրում թոյլերին, եւ նա է ուժեղ, ով իր մէջ ուժ է գտնում դիմակայելու ճակատագրի հասցրած հարւածներին, պայքարելու եւ ոտքի կանգնելու, չկորցնելով կամքն ու սկզբունքները: Այդ նկարագրի տէր անհատականութիւններից է Սերիկ Ստեփանի Դաւթեանը: Հայուհի, ով դէմ-յանդիման ապրելով իր դժւարին ճակատագրին՝ բազում զրկանքներ կրեց ստալինեան անհատի պաշտամունքի տարիներին, չընկրկելով ոչ մի դժւարութեան ու հարւածի առջեւ: Ինչպէ՞ս կարող ես չհպարտանալ այն անձով՝ ով տարիների տառապանքից չի չարացել եւ չի մաղձոտել հոգին…
Ս. Դաւթեանը հայագիտութեան եւ կիրառական արւեստի մասնագիտական բնագաւառի աւագ սերնդի կարկառուն դէմքերից է, գիտնական, արւեստագէտ-ազգագրագէտ, մանկավարժ, պետական եւ հասարակական գործիչ: Տասնեակ տարիներ են անցել նրա մահից, բայց մինչ օրս նրան ճանաչողները հիացմունքով են տալիս նրա անունը, ջերմօրէն յիշելով նաեւ նրա մարդկային լուսաւոր ու ազնիւ կերպարը:
Ս. Դաւթեանի կեանքը երեք շրջափուլերի մի հանրագումար է՝ մանկավարժական եւ պետական-հասարակական (1913-1937 թթ.), բռնադատւածութեան (1937-47 թթ.) եւ գիտական գործունէութեան (1950-1978 թթ.):
Վաստակաշատ գիտնականը տարիների ընթացքում ջանասիրութեամբ հաւաքել եւ կորստից փրկել է հայ վարպետների ձեռագործ արժէքները (գորգեր, կարպետներ, ասեղնագործ աշխատանքներ, զանազան ձեռագործ ստեղծագործութիւններ): Հաւաքչական աշխատանքը չի սահմանափակւել միայն Հայաստանում: Նա կիրառական արւեստի ձեռագործ նմուշներ է հաւաքել աշխարհի չորս ծագերում ապրող հայերից, իր ուսումնասիրութիւններում օգտագործել դրանք, առանձնացրել ու բնորոշել նախշերի, դրա տարատեսակների, գոյների եւ ոճի բազմաթիւ ձեւերը, որոնցով աշխատել է հայ կինը:
Ծնւել է 1893 թ. սեպտեմբերի 17-ին, Դիլիջան քաղաքում, տոհմիկ մանկավարժի ընտանիքում: Սերիկը ուսուցիչ Ստեփանի անդրանիկ զաւակն էր, ում ծնունդը շատ է ուրախացրել հօրը: Նա տասը երեխայ ունեցաւ, սակայն առաջին եւ վերջին, տասներորդ զաւակը՝ Գագիկը (կենսաբան, ՀՍՍՀ Գիտութիւնների ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար) անւանի մարդիկ դարձան: Հայրը վաղուց էր որոշել, եթէ աղջիկ ծնւի՝ անունը Սերիկ է կնքելու, եւ իրեն աչքալուսանք տւողներին պատասխանել է. «Իմացած եղէք, որ ձեզ համար վարժուհի ծնւեց…»:
Նախնական ուսումնառութիւնը ստանում է Դիլիջանի ծխական դպրոցում, առաջին ուսուցիչներից մէկը հայրն էր: Ուղիղ 21 տարի անց՝ 1914 թւականին, Դիլիջանի ծխական դպրոցի ճանապարհով գնում էին Ստեփան վարժապետն ու վարժուհի Սերիկը, ով նոր էր վերադարձել Թիֆլիսից՝ 3րդ օրիորդաց գիմնազիան աւարտելով ոսկէ մեդալով: Համաքաղաքացիները յարգալից եւ հպարտօրէն բարեւում էին նրանց, մէկը միւսին շշնջալով. «Այս աղջիկը, խելքի պարկ է, իսկական Դիլիջանի ծնունդ»:
Թիֆլիսում ուսանելու տարիներին, Սերիկը ծանօթանում է հայ մշակոյթի անւանի շատ գործիչների հետ: Նւիրական եւ բախտորոշ էր նրա ծանօթութիւնը Յովհաննէս Թումանեանի հետ, որը շարունակական եղաւ: Ամենայն Հայոց բանաստեղծի եւ 15-ամեայ գիմնազիստուհու միջեւ ստեղծւած անխախտ բարեկամութիւնը, ում հետ անկախ տարիքային տարբերութիւնից լաւ ընկերներ ու մտերիմներ էին, երիտասարդ Սերիկի մէջ հիմք դրեց ժողովրդական ստեղծագործութեան նկատմամբ սիրուն: Օրիորդ Սերիկը Բանաստեղծի խնդրանքով, ժողովրդական հեքիաթներ է գրի առնում եւ ուղարկում նրան. դրանցից մէկի մշակումն է «Մուկիկի մահը» իմաստուն աւանդութիւնը, որը բարեբախտաբար փրկւում եւ պահպանւում է Թումանեանի արխիւում:
Մի կարճ ժամանակ դասաւանդում է ծննդավայրի դպրոցում, ապա Բաքւի եւ Սարատովի հայկական դպրոցներում: 1918 թ. ընդունւում է Սարատովի համալսարանի պատմա-լեզւագրական ֆակուլտետ (սովորում է մինչեւ 1920 թ.): Մէկ տարի ուսանում է նաեւ Երեւանի պետական համալսարանի պատմութեան ֆակուլտետում (1922-23 թթ.), համատեղութեամբ դասաւանդելով դպրոցում (ներկայումս այն կրում է Նիկոլ Աղբալեանի անունը):
Դժւար տարիներ էին… Բայց երիտասարդ հայուհին, որտեղ էլ կարիքում յայտնւած հայ տեսնէր՝ ամէն կերպ ջանում էր օգնել: Սարատովում՝ ռուսական ցուրտ ձմռան, քաղցի մէջ, հանդիպում է հայ գաղթականների մի խմբի, ովքեր Հայոց Ցեղասպանութեան ճիրաններից փրկւել ու հասել էին այդ բնակավայրը: Իր ուժերի հնարաւորութեան սահմանում հայրենակիցների համար տուն է գտնում, պարէն, աշխատանք: Տունտեղ կորցրած հայ ընտանիքների մանուկներին հաւաքելով՝ սկսում է նրանց դասաւանդել մայրենի լեզուն, պատմութիւնը: Այս ամէնը մեծ նւիրում եւ ջանք էր պահանջում, որին անմնացորդ նւիրւած էր: Կարծես ամէն մի հայ երեխայի հայերէն մէկ տառ աւել գրել ու կարդալ սովորեցնելով՝ մի կեանք փրկած լինէր:
1920-ական թթ. Ս. Դաւթեանը մանկավարժական աշխատանքը զուգակցում է հասարակական գործունէութեան հետ, աշխատելով ժողովրդական կրթութեան բնագաւառում, ապա՝ պետական կառավարման համակարգում: Մինչեւ 1937 թ. զբաղեցնում է մի շարք պատասխանատու պաշտօններ, որից յետոյ, շատերի նման համարւելով այլախոհ եւ ժողովրդի թշնամի՝ բռնում աքսորի ուղին: Նրան յիշողները պատմում են, որ նա երբեմն կառքով, երբեմն մեքենայով, իսկ աւելի յաճախ ոտքով՝ շրջել է Հայաստանի գիւղերը, այցելել դպրոցներ եւ վերադառնալով Երեւան, շատ դռներ բախել՝ պետական այրերի միջամտութեանն ապաւինելու, որ օգտակար լինեն ու կրթական գործին ուշադրութիւն դարձնեն: Չնչին յաջողութիւնները նրա համար յաղթանակ են եղել: Գոհացում պահանջող լուծելիք հարցերը շատ էին, իսկ գոհացնելու միջոցները՝ սակաւ:
1920 թ. Բաքւից վերադառնում է իր ծննդավայր Դիլիջան, ղեկավարելով կրթական բնագաւառը: Այստեղ էլ՝ նշանաւոր հոգեբան Գուրգէն Էդիլեանի օգնութեամբ, Դիլիջանի գիմնազիայում ռուսաց լեզւի եւ գրականութեան դասեր է վերցնում, միաժամանակ ստեղծելով գաւառագիտական թանգարան:
1921 թ. Սերիկը գործուղւում է Էջմիածին, աշխատելու որպէս գաւառային Լուսբաժնի վարիչ: Նախապէս գալիս է Երեւան՝ Չարենցից արւեստի բաժինը ընդունելու: Նրան երկար սպասելուց եւ փնտրելուց յետոյ, համարձակւում է պոէտի գրասեղանին մի գրութիւն թողնել՝ «Չարենց, շտապ յանձնիր գործերը: Սերիկ»: Յաջորդ օրը, դրան ի պատասխան, սեղանի վրա նկատում է թանաքամանի տակ դրւած մի թուղթ՝ «Տրիոլետ Սերիկին» Չարենցեան մակագրութեամբ: «Այդ էր արւեստի բաժնի վարիչ Չարենցի գործերի յանձնումը», տարիներ անց յիշել է Ս. Դաւթեանը:
Էջմիածնում ծանօթանում է հայ անւանի մտաւորական-գիտնականներ՝ հայագէտ եւ արեւելագէտ Կարապետ Մելիք-Օհանջանեանին, Սենեքերիմ Տէր-Յակոբեանին (Մատենադարանի այն ժամանակւայ դիրեկտորին), ճարտարապետ Թորոս Թորամանեանին, երաժշտագէտներ Սպիրիդոն եւ Ռոմանոս Մելիքեաններին, Նիկողայոս Թէյմուրազեանին, անւանի հայագէտներ՝ Երւանդ Տէր-Մինասեանին եւ Գարեգին Յովսէփեանին: Գիտնականների այս մթնոլորտում նրա առջեւ բացւում է Էջմիածնի Մատենադարանի՝ արւեստի գանձերի այդ զարմանահրաշ աշխարհը, սկսում է յաճախակի զննել վանքի թանգարանում եղած եւ տարբեր տեղերից բերւած ժողովրդական ստեղծագործութեան նմուշները: Գ. Յովսէփեանը նկատելով նրա սէրը դէպի ձեռագործ արւեստը, խորհուրդ է տալիս զբաղւել դրանցով: Նրա մէջ զարթնում է սէրը դէպի արւեստը, ազգային ձեռագործ նշխարները: Թէեւ մանկուց սիրել եւ տիրապետել է ձեռագործին (մի զբաղմունք, որին տիրապետում են գրեթէ բոլոր դիլիջանցիները), բայց լրջօրէն չէր զբաղւում:
Բազում անելիքներ կային այդ ծանր, յետեղեռնեան տարիներին: Շատ էին որբերը, անապաստանները, դեռ գաղթականներ կային, ու գալիս էին տարբեր վայրերից, հաւաքւում վանքի բակում, պարիսպների տակ: Սերիկը զբաղւած էր նրանց օգնելու, տեղաւորելու, երեխաների ուսման գործը կազմակերպելու աշխատանքով: Հնարաւորինս կարողանում է հայթայթել քիչ քանակութեամբ թուղթ եւ ածուխի կտորներ. ահա դրանք էին այն աղքատիկ գրենական պիտոյքները, որոնցով այդ տարիների հայ երեխաներից շատերը սկսեցին գրաճանաչութիւն սովորել: Իր հայրական խորհուրդներով նրան շատ է օգնում արդէն ծերունազարդ բանաստեղծ Յ. Յովհաննիսեանը:
Բայց լարւած առօրեայից յետոյ էլ՝ ժամանակ էր գտնում կարդալու: Այդպիսի մի օր, երբ ուշ գիշերով՝ լիալուսնի լոյսի տակ Էջմիածնի Մատենադարանի պատշգամբում նստած, բառարանի օգնութեամբ ջանում էր գերմաներէնով կարդալ «Գիլգամեշ»-ը, կողքից մի բամբ ձայն է լսում.
Ի՞նչ էք կարդում:
Ընթերցանութեամբ տարւած չէր նկատել, որ իրեն է մօտեցել մի մօրուքաւոր մարդ, ով առանց պատասխան սպասելու՝ Սերիկի ձեռքից վերցնում է գիրքն ու կրկին հարցնում.
«Գիլգամէ՞շ»: Հետաքրքրւո՞ւմ էք բանահիւսութեամբ:
Այդ մարդը հայագէտ Գարեգին Յովսէփեանն էր, ով դարձեալ առանց պատասխան սպասելու՝ սկսում է գերմաներէն բարձրաձայն կարդալ գիրքը եւ թարգմանել հայերէն: Երբ աւարտում է, ուզում է իմանալ, թէ ինչ մասնագիտութիւն ունի երիտասարդ աղջիկը. վերջինս անմիջապէս չի պատասխանում… Կրթութեամբ պատմաբան էր, բայց միշտ ցանկացել է բանասէր լինել, նւիրւել գրականութեանը, արւեստին, դեռ Թիֆլիսում ուսումնառութեան տարիներին կարդում էր հայ գրողների գործերը, փորձում գրել պատմւածքներ, արժանանալով Յովհաննէս Թումանեանի քաջալերանքին: Միայն խոնարհաբար պատասխանում է, որ Էջմիածնի կրթութեան բաժնի վարիչն է: Սերիկ Դաւթեանը մի առիթով ասել է. «Ես մտածում էի, որ նախ պիտի փրկել որբերին, մարդկանց…»:
Զաւեշտալի մի յուշ է մնացել այդ օրերից: Գաւառը մեծ էր, եւ այն ժամանակ ընդգրկում էր ոչ միայն Էջմիածինը, այլեւ Աշտարակի, Արմաւիրի, Ապարանի, Թալինի տարածաշրջանները, իսկ փոխադրամիջոց չկար: Մեծամասամբ ամենուր պէտք էր հասնել ոտքով: Իսկ Ս. Դաւթեանը նոյնիսկ կարգին կօշիկներ չունէր, եւ չունէր ժամանակ՝ դրանք ձեռք բերելու մասին մտածէր: Հագնում է տրեխներ, որոնք յարմար ու թեթեւ էին քայլելու համար: Բայց դրանք արդէն մաշւել ու ծակւել էին: Ապարանի գիւղերից մէկում նրան նոր տրեխներ են նւիրում, եւ դրանցով էլ գնում է Երեւան՝ հողժողկոմ Ա. Երզնկեանի մօտ, Էջմիածնի Ներսիսեան լիճը ծառապատելու համար ծառեր խնդրելու: Վերջինս նայելով աղջկայ տրեխներին, նախ զարմանում է, յետոյ կատակում, թէ. «Արի մեզ մօտ աշխատանքի, լաւ կօշիկներ կը տանք՝ այդ ի՞նչ էք հագել»:
Սերիկ Դաւթեանի մասին դիպուկ բնութագրական է տւել արւեստաբան Ռուբէն Զարեանը, ով յիշում է, որ այդ ժամանակների համար Սերիկը լաւ կրթութիւն էր ստացել, նոյնիսկ նկատել, որ նրա գրաւոր եւ խօսակցական հայերէնը ժողովրդական խոր արմատներ ունէր. «Պատմական գիտելիքները, հայկական, հետն էլ եւրոպական, հիմնաւոր էին այնքան, որ նրա նոր ընկալումները կենսական շարունակութեան համար ունէին բաւարար հող: Գեղարւեստական պատրաստւածութիւնը վայրիվերոյ տպաւորութիւնների գումար չէր: Լաւ գիտէր, թէ ով է Յովհաննէս Թումանեանը եւ ինչ տեղ ունի մեր ազգային մշակոյթի մէջ: Գիտէր, թէ ինչ արժէքներ են Սարեանն ու Կոջոյեանը կամ Թամանեանը: Նրա համար առեղծւածներ չէին, ոչ էլ լոկ համբաւաւոր անուններ չէին գիտութեան այնպիսի դէմքեր, ինչպէս Աճառեանն ու Աբեղեանը: Լինելով նրանց կրտսեր ժամանակակիցը, նա իր վրայ կրել է նրանց ազդեցութիւնը, ու չնայած իր պաշտօնին, միշտ էլ ունեցել է խոնարհ երկրպագութիւն այդ մեծութիւնների նկատմամբ»: Թերեւս վերջին տողերը խիստ բնորոշիչ է մարդկային նրա նկարագիրը ընկալելու համար:
Մի կարճ ժամանակ ապրում է Մոսկւայում, իսկ 1924 թ. վերադառնալով Հայաստան՝ կրկին հաստատւում է Դիլիջանում: Այստեղ պաշտօնավարում է ժողովրդական կրթութեան բնագաւառում, ղեկավարելով մի շարք պատասխանատու պաշտօններ, միաժամանակ ուսուցչութեամբ զբաղւում դպրոցում: 1925 թ. վերադառնալով Երեւան, կրկին նոյն բնագաւառում շարունակելով աշխատանքը, միաժամանակ զբաղւում է մշակոյթին առնչւող կազմակերպչական հարցերով: Ղեկավարել է Հայաստանի ժողովրդական կրթութեան բաժինը, լինելով Լուսաւորութեան ժողկոմի տեղակալը: 1934-37 թթ. Երեւանի Քաղաքային խորհրդի ժողովրդական կրթութեան բաժնի ղեկավարն էր, նաեւ խմբագրում է մի շարք մանկա-պատանեկան թերթեր ու ամսագրեր, եղել է դրանց հիմնադիրներից:
1937 թւականին՝ բազմաթիւ հայ մտաւորականների հետ անհիմն ձերբակալւում են նաեւ Ս. Դաւթեանն ու նրա ամուսինը՝ Ներսիկ Ստեփանեանը: Սերիկին դատապարտում են 10 տարւայ ազատազրկման: Տարիներ անց, այդ դժոխքային օրերի եւ Ե. Չարենցի մասին գրած յուշերում՝ Ս. Դաւթեանը յիշել է. «Մենք համոզւած էինք, որ մեր օրերում չի կարող ողբերգութիւն լինել… Բայց եղաւ պատմութեան մէջ չտեսնւած ողբերգութիւն. կապարի պէս ծանրութիւն իջաւ մեր սրտերի, մեր էութեան վրայ, ամէն մարդ դիմանալ չէր կարող»:
ՆԳԺԿ-ից Ս. Դաւթեանին եւ Զապէլ Եսաեայնին տեղափոխում են Երեւանի քաղաքային բանտի մի ընդարձակ խուց: Ամիսներ շարունակ լոյս չտեսած կանայք՝ վանդակապատ պատուհանից երկար նայում են երեւացող լուսնին, որը կարծես կեանքի եւ յոյսի մի ուղենիշ թւար: Եւ միայն առաւօտեան, երբ Սերիկը բացում է աչքերը՝ խուցի պատերին նկատում է զանազան գրութիւններ, իսկ իր գլխավերեւում ճանաչում է Չարենցի ձեռագիրը… Նայիրեան ոգու հզօր բանաստեղծը գրել էր.
Ով չի տեսել բանտ ու աքսոր,
Նա չգիտէ՝ ինչ է կեանքը,
Այսպէս ասաց մի օր Չարենցը…
Այս տողերը կարդում է թանկագին մասունք յայտնաբերած մարդու ոգեւորութեամբ. «Չարե՜նցը, Չարե՜նցը, տիկին Զապէլ, այս Չարե’նցն է գրել…»: Տարիներ շարունակ բարեկամութիւն էին անում Չարենցի եւ Սերիկի ընտանիքները: Վերջնիս ամուսինը՝ Ներսիկ Ստեփանեանը (ԵՊՀ-ի քաղտնտեսագիտութեան պրոֆե՛սոր, ամբիոնի վարիչ), բարձր էր գնահատում Չարենցի տաղանդը, նրան վերաբերւելով զարմանալի հոգատարութեամբ: Այդ յարգանքը եւ սէրը փոխադարձ էր:
Չարենցի տողերի կողքին, տասն անգամ միմեանց տակ, մի այլ ձեռագրով նկատում է գրւած 365 թւերին հաւասար հաշիւ՝ 10 տարի... Սա տեսնելով՝ կարծես կայծակնահար, շրջւում է դէպի Զապէլ Եսայեանը եւ հարցնում. «Միթէ՞ ես տաս տարի պէտք է ստանամ»: Միշտ լաւատես տիկին Զապէլը, յուսադրում է նրան եւ բոլորին, հաւատացած լինելով, որ շուտով կազատւեն… Աւա՜ղ… Հէնց այստեղ էլ, ուր բազում զրկանքներ է կրում, լսում է իր սիրելիների եւ մտերիմների մահւան բոթը: Սպանւում է նաեւ ամուսինը՝ ժամանակի ամենալուսաւոր անհատականութիւններից եւ մտաւորականներից մէկը:
Բախտը նրան գցում է հեռաւոր Մագադան աքսորավայր: Աշխարհից կտրւած, կեանքից պոկւած բանտային ու զրկանքների մագադանեան այդ դաժան տարիները ամէն դէպքում չկոտրեցին նրա յամառ ու տոկուն կամքը: Դրանք ծանր փորձութիւնների տարիներ էին: Այստեղ էլ՝ օրերի պարապը լրացնելու եւ մտքով իր դաժան առօրեայից կտրւելու համար, սկսում է զբաղւել ասեղնագործութեամբ: Կարծես այդ հիւսւածքների նախշերի յօրինւածքներում էր գտնում իր հանգստութիւնը, հոգեկան անդորրը եւ հաւասարակշռութիւնը, մենաւոր հոգու ցաւն ու տառապանքը լռութեան մէջ խեղդելով: Վճռական բնաւորութեան տէր այս կինը տոկաց, եւ ճակատագրի դաւերն ու ցաւերը ամրացրին նրա հոգին, միտքն ու կամքը: Եւ անկախ իրեն բաժին հասած տառապանքից պահում է իր երազանքի բաժինը: Հետագայում, իր համոզմունքներից մէկն այն է եղել, որ մարդու ճշմարիտ էութիւնը, տեսակը եւ բարոյականութեան չափը ստուգւում է բանտում եւ աքսորում: Մեծ կենսափորձի տէր եւ արդարամիտ մարդ…
Աքսորից վերադառնում է 1947 թ., սակայն թոյլ չեն տալիս ապրել Երեւանում: Սա եւս կեանքի մի հարւած էր: Արհեստական մի անվստահութեան սարդոստայն էր հիւսւում նրանց դէմ՝ ովքեր բռնադատւածի պիտակ ունէին: Ինչեւէ, դժւար էր ուժեղ լինելը, բայց աւելի դժւար՝ ուժեղ մնալը: Սերիկ Դաւթեանը քայլ առ քայլ յաղթահարում է դրանք, կարծես նոյն կեանքին ու բախտին ապացուցելով իր աննկուն կամքը, որ կոփւել էր տառապանքի մէջ: Հաստատւում է հայրենի Դիլիջանում, որտեղ աշխատում է քաղաքային գրադարանում (1947-54 թթ.), նաեւ դասաւանդում դպրոցում, ասեղնագործութեան խմբակներ ստեղծում, հիմնում գաւառագիտական թանգարան, նիւթեր հաւաքում ապագայ աշխատութիւնների համար: Որպէս բռնադատւած, նրա վրայ դրւած էին սահմանափակումներ ու արգելքներ, եւ դրանք զգուշօրէն շրջանցելով՝ Ս. Դաւթեանը գիշերով, գաղտնի, հասել է Երեւան, եւ ծանօթ-բարեկամներից գրքեր հաւաքել Դիլիջանի գրադարանի համար: Ի դէպ, նրա աքսորից վերադառնալու հետ կապւած մի հետաքրքիր յուշ կայ պահպանւած: Երբ Մագադանից հասնում է Մոսկւայի կառամատոյց, որտեղից յետոյ պէտք է մեկնէր Հայաստան, տեսնում է իրեն դիմաւորելու եկած եղբօր ընկերոջը՝ անւանի գիտնական, ակադեմիկոս, կենսաբան Նորայր Սիսակեանին եւ տիկնոջը: Սերիկին ճանաչողները՝ խուսափելով անախորժութիւններից, վախեցել էին դիմաւորել նրան, սակայն ազնւագոյն մի հայ մարդ՝ արհամարհելով այդ ազնիւ կնոջ անւան շուրջ եղած անվստահութիւնը, եկել էր նրան իր օջախ տանելու: Այդպէս միայն վարւում են մեծ հոգու տէր ուղղամիտ մարդիկ: Այդ արարքից Ս. Դաւթեանը շատ է յուզւում եւ չի մոռանում… Հայրենիք վերադառնալով, նա ասեղնագործում է ականաւոր գիտնականի ծննդավայրի՝ Աշտարակի կամրջի պատկերը եւ ուղարկում նրան՝ ի նշան երախտիքի եւ շնորհակալութեան: Տարիներ շարունակ այդ ձեռագործից անբաժան էր գիտնականը, որը հանգրւանում է նրա աշխատասենեակի պատին:
1954 թ. վերականգնւում են Ս. Դաւթեանի իրաւունքները, եւ 1955 թ. վերջնականապէս արդարացւում է: Տեղափոխւում է Երեւան: Չնայած իր առաջացած տարիքին եւ խաթարւած առողջութեանը, կրկին մեծ եռանդով եւ նւիրումով ձեռնամուխ է լինում լուրջ գիտական աշխատանքի: 1958 թ. աշխատանքի է անցնում ՀԽՍՀ-ի ԳԱ Արւեստի ինստիտուտում, իսկ 1959 թ. մինչեւ 1978 թ. ղեկավարում նշեալ հաստատութեան դեկորատիւ-կիրառական արւեստի բաժինը: Նա գիտական աշխատանքը զուգակցում է գործնականին, կարծես շտապելով լրացնելու այն բացը, որ խլել էր նրանից ազատազրկման 10 տարիները:
Նրա նախաձեռնութեամբ Հայաստանի շատ բնակավայրերում (Երեւան, Էջմիածին, Դիլիջան, Վանաձոր, Գիւմրի, Սեւան) հիմնւում են ձեռագործի խմբակներ: 1948 թւականից մասնակցում է բազում ցուցահանդէսների: Նա ամբողջովին նւիրւում է հայ կիրառական արւեստի ուսումնասիրութեանը, եւ երիտասարդական աւիւնով ձեռնամուխ լինում նիւթերի հաւաքմանը: Գիտարշաւներով ոչ միայն շրջում էր Հայաստանի հեռաւոր շրջաններում եւ գիւղերում, այլեւ մեկնելով Հայաստանի սահմաններից դուրս գտնւող հայ գաղթօջախներ՝ փնտրում եւ գտնում է հայ ձեռագործութեան նմուշներ: Ուսումնասիրում է նաեւ միջնադարեան հայ արւեստը, մանրանկարչութիւնը, ոսկերչութիւնը, փայտագործութիւնը, ճարտարապետութիւնը, խաչքարերի զարդաքանդակները, վստահ լինելով, որ ասեղնագործութիւնը իր ներքին բովանդակութեամբ եւ ոճով ընդհանրութիւն ունի արւեստի այս ճիւղերի հետ: Եւ յաջորդիւ լոյս են տեսնում Սերիկ Դաւթեան գիտնականի ալբոմներն ու մենագրութիւնները՝ «Ասեղնագործութեան ձեռնարկ» (1963 թ., երկրորդ հրատարակութիւն), «Հայկական ժանեակ» (1966 թ.), «Հայկական ասեղնագործութիւն» (1972 թ.), «Հայկական կարպետ» (1975 թ.), «Մարաշի ասեղնագործութիւն» (1978 թ.), «Դրւագներ հայկական միջնադարեան կիրառական արւեստի պատմութեան» (1981 թ.) աշխատութիւնները: Վերջին երկուսը լոյս են տեսել յետմահու: Ունի նաեւ գրադարանային գործին, յատկապէս Դիլիջանի քաղաքային գրադարանին եւ նրա պատմութեանը նւիրւած գրքեր, արժէքաւոր գիտական յօդւածներ, որոնք տպագրւել են գիտական հանդէսներում եւ ամսագրերում, թերթերում: Ծանօթանալով նրա աշխատանքներին՝ իր անթաքոյց հիացմունքն է արտայայտել նկարիչ Մարտիրոս Սարեանը. «Ժողովրդական ստեղծագործութեան ասպարէզներից մէկն էլ ասեղնագործութիւնն է, որի մեղւաջան հետազօտողը եւ ուսումնասիրողն է արւեստագիտութեան թեկնածու Սերիկ Դաւթեանը: Նա լոյս սփռեց կիրառական արւեստի յանիրաւի մոռացւած մի ասպարէզի վրայ: Դա գնահատութեան եւ խրախուսանքի արժանի աշխատանք է, որ պէտք է շարունակւի»: Մեծն Սարեանը նկարում է նաեւ Ս. Դաւթեանի դիմանկարը եւ նրան նւիրում:
Հայաստանի գիւղերում եւ բնակավայրերում նրա հայեացքից երբեք չի վրիպել տներում պահւող կիրառական արւեստի նմուշները, կարպետները, գորգերը, ասեղնագործ ժանեակները, նախշազարդ գուլպաները, քսակները, սրբիչները… Ժողովրդական արւեստի երեւելի մասնագէտ լինելով՝ անձամբ տիրապետել է դրա հմտութիւններին եւ գաղտնիքներին, եղել է ժողովրդական կենցաղի, ծէսերի եւ սովորոյթների մեծ գիտակ, որոնցից ծնւում են արւեստի ստեղծագործութիւնները: Նրա մասին ասել են, որ գործին նւիրւած նրա եռանդին ու չթուլացող լարումին, կը նախանձէր նոյնիսկ երիտասարդ մասնագէտը: Ռուբէն Զարեանի բնորոշմամբ, Ս. Դաւթեանը՝ «Մեծ պաշտօններ է ունեցել, որոնք թւում է յաւակնոտ պիտի դարձնէին բնաւորութիւնը, բայց հակառակ դրան՝ համեստութեան մարմնացում: Չափազանց աշխատասէր էր, ծայրայեղ կարգապահ… Ո’չ անցեալը, ո’չ տարիքը, ո’չ հեղինակութիւնը նրան թոյլ չէին տալիս տարբերւել ուրիշներից, կամ որեւէ արտօնութիւն շահել: Ինչպէս բոլորը, այնպէս էլ ինքը»:
Առաջացած տարիքում անգամ, հասցնում է լինել հանրապետութեան գրեթէ բոլոր շրջաններում, կապեր հաստատել աշխարհով մէկ սփռւած հայկական գաղթօջախների հետ, հետեւողականօրէն ամբարելով ազգային կիրառական արւեստի ոճի եւ աւանդների իմացութիւնը: Նա ոչ միայն հաւաքել եւ վաղահաս կորստից փրկել է ժողովրդական ստեղծագործութեան անհետացող նմուշները, այլեւ տարբերակել դրանք, պարզել դրանց ստեղծման եղանակները, անհնարին գաղտնիքները, ստեղծման վայրով եւ ժամանակով պայմանաւորւած ոճական անկրկնելի առանձնայատկութիւնները, կրած եւ թողած ազդեցութիւնները: ժողովրդական նշխարք-մասունքների հաւաքման համար՝ մեծ նւիրումի տէր այս հայուհին, չի խնայում ո’չ իր տարիքն ու եռանդը, ոչ էլ աչքերի լոյսն ու ժամանակը: Նա կարծես թելերի, գոյնի ու նախշի միջոցով պեղել է հայ արւեստի դարաւոր ծալքերը՝ լոյս աշխարհ հանելով հայուհիների շնորհալի ձեռքերով ստեղծւած անզուգական մարգարիտները, ապա գիտականօրէն ուսումնասիրել դրանք:
1963 թ. պաշտպանում է թեկնածուական ատենախօսութիւն արւեստագիտութեան գծով՝ «Հայկական ասեղնագործութեան արւեստի պատմութիւնից» թեմայով: Ուսումնասիրւող թեմաներում նրա համար չի եղել անկարեւոր հարց կամ մանրուք: Նա հաւասարապէս է վերաբերւել նիւթի նկարագրութեանը, այն ստեղծող գործիքներին, դրանց պահպանութեան եւ օգտագործման հարցերին, նախշերին եւ դրանց վերծանմանը, գոյներին ու առանձնայատկութիւններին:
Մեծ նւիրումով ուսումնասիրելով նաեւ հայկական կարպետը, նա առաջիններից մէկն էր՝ ով ուշադրութիւն դարձրեց դրա հետազօտութեանը, այն կարեւորեց՝ դիտարկելով առաւել նախնական, քան գորգը: Ըստ Ս. Դաւթեանի կարպետն աւելի անաղարտ է պահել ազգային ոճն ու աւանդական նախշերը: Նա նոյնիսկ տւել է կարպետների խմբային դասակարգումը:
Նիւթերի հայթայթումը քրտնաջան աշխատանք է գիտնականի համար, եւ Ս. Դաւթեանը նոյնիսկ մէկ փոքր նախշ գտնելու համար՝ կարող էր ամենահեռաւոր գիւղը գնալ: Համբերատար, մաս առ մաս հաւաքելով եւ ամբարելով նախշ եւ արւեստի նմուշներ, իսկապէս մեծ գործ կատարեց կիրառական արւեստի բնագաւառում: Ի դէպ, նա ոչ միայն տեսականօրէն ուսումնասիրողն էր հայկական գորգի կամ կարպետի, ասեղնագործ ժանեակի, այլեւ հէնց դրանց արարողներից մէկը: Սա հազւագիւտ է պատահում: Իր ասեղնագործ կոմպոզիցիաներով, «Զանգեզուր», «Շամշադին» գորգերով նա մասնակցել է հանրապետական եւ հայրենիքից դուրս կայացած ցուցահանդէսների, ստանալով պատւաւոր մրցանակներ, իսկ «Շամախի» գորգի համար արժանանում է ոսկէ մեդալի: Նրա ձեռքերով ստեղծւելիք իրը ստանում էր ոգի եւ կեանք, յետոյ գեղեցկանում գոյնի եւ նախշի ներդաշնակութեան միջոցով, դառնալով այն՝ ինչ նրա մտապատկերում արդէն գծւել էր: Ի դէպ, Սփիւռքում ծանօթանալով Ս. Դաւթեանի աշխատութիւններին եւ գործունէութեանը, «Հայկական ժանեակ» ընկերութիւն է ստեղծւում Հալէպում եւ Բէյրութում, որոնց անդամները սկսում են նրան եւ Հայաստանի թանգարաններ ուղարկել իրենց յայտնաբերած հայկական ձեռագործների հին նմուշներ:
Արւեստի ինստիտուտում աշխատելու տարիներին ղեկավարում է բազմաթիւ գիտարշաւախմբեր, նաեւ մասնակցում դրանց, գիտական զեկուցումներով հանդէս գալիս տարբեր գիտաժողովներում: 1967 թ. Ս. Դաւթեանին շնորհւում է Հայկական ՍՍՀ Մշակոյթի վաստակաւոր գործչի կոչում եւ Ինքնագործ արւեստի Համամիութենական փառատօնի դափնեկրի կոչում, պարգեւատրւել է բազում պատւոգրերով եւ շքանշաններով:
Կեանքի վերջում ձեռնամուխ է լինում մի շատ կարեւոր գործի՝ սկսում է գրել եւ կազմել Կիրառական արւեստի տերմինների (բառեզրերի) բառարան՝ նախապէս քարտարանի տեսքով, որն անաւարտ է մնում: Նա բառեզրոյթներին մեծ ուշադրութիւն է դարձրել, գիտական շրջանառութեամբ մէջ դնելով մոռացութեան մատնւածները, ինչպէս նաեւ առաջարկել նոր բառեզրեր, նոյնիսկ ստուգաբանական ճշգրտումներ կատարել, սահմանազատելով հայահունչն ու օտարահունչը՝ դրանով իսկ դրսեւորելով լեզւաբանական խորը իմացութիւն:
Ս. Դաւթեանի գրական շնորհի մասին է վկայում նաեւ նրա թողած յուշերը հայ գրականութեան մեծերի՝ Յ. Թումանեանի, Լ. Շանթի, Ե. Չարենցի, Պ. Պռօշեանի, Աւ. Իսահակեանի մասին: Նա իսկապէս իր ժամանակաշրջանի տաղանդաւոր եւ շնորհալի հայուհի էր, ով ցանկացած գործ սկսում եւ կատարում էր մեծ ու անմնացորդ նւիրումով:
Ասում են, թէ արծիւը չի լքում բարձունքները, մինչեւ թեւերը լրիւ չեն յոգնում: Ս. Դաւթեանը վախճանւում է 1978 թ. փետրւարի 14-ին, Երեւանում: Մահից առաջ, դստերը՝ Ներիկ Ներսէսի Դաւթեանին, պատգամում է իր աճիւնն ամփոփել ծննդավայր Դիլիջանում: Իմաստուն եւ խելացի կին լինելով՝ իր անձնական փորձով գիտէր, որ կեանքը նաեւ կորուստներից է բաղկացած, եւ անկախ ամէն ինչից, մարդն ինչ տարիքի էլ որ լինի չպէտք է կորցնի յոյսը, կամքն ու համբերատարութիւնը: Կեանքի նկատմամբ այդպիսի վերգտած հաւատով ապրեց նաեւ Սերիկ Դաւթեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։