Հա

Հասարակական

27/07/2016 - 10:40

ԶՐՈՅՑ - Ռուբէն Վարդանեան.- ««FAST»-ը պէտք է տեխնոլոգիական ճեղքման հիմք դառնայ»

Ապրիլեան պատերազմի գլխաւոր դասն ակնյայտ է. մեզ ուժեղ Հայաստան է հարկաւոր, որը մեր փոխարէն ոչ ոք չի կերտելու: Միայն ուժեղ Հայաստանը մեզ թոյլ կը տայ խուսափել պատերազմից, խաղաղ ճանապարհով պաշտպանել մեր շահերը եւ գտնել ազգի ու երկրի համար ընդունելի փոխզիջումային լուծումը:

Գործարար եւ բարերար, «Հայաստանի զարգացման նախաձեռնութիւններ» հիմնադրամի (IDeA) համահիմնադիր Ռուբէն Վարդանեանի հարցազրոյցը «Մեդիամաքս»-ին:

 

- Ապրիլեան պատերազմից երեք ամիս է անցել: Այդ ընթացքում տարբեր կարծիքներ են հնչել պատերազմի ընթացքում ի յայտ եկած խնդիրների ու բացթողումների մասին: Որո՞նք են, ըստ Ձեզ, այն հիմնական եզրակացութիւնները, որ պէտք է անենք ապրիլեան պատերազմի համատեքստում:
- Ապրիլեան պատերազմի գլխաւոր դասն ակնյայտ է. մեզ ուժեղ Հայաստան է հարկաւոր, որը մեր փոխարէն ոչ ոք չի կերտելու: Միայն ուժեղ Հայաստանը մեզ թոյլ կը տայ խուսափել պատերազմից, խաղաղ ճանապարհով պաշտպանել մեր շահերը եւ գտնել ազգի ու երկրի համար ընդունելի փոխզիջումային լուծումը:
Միայն այդպէս մենք կարող ենք վստահ լինել, որ հակառակ կողմը պատասխանատւութեամբ կը մօտենայ իր ստանձնած պարտաւորութիւններին, այլ ոչ թէ յարմար պահի կը սպասի նոր ռազմական արկածախնդրութեան համար, իսկ միջազգային միջնորդները յարգանքով կը վերաբերեն Հայաստանի ու Արցախի դիրքորոշմանը:
Կարծում եմ, ազգային առաջնահերթութիւններ պէտք է դառնան հայկական գիտութեան վերածնունդը եւ Հայաստանում տեխնոլոգիական արդիւնաբերութեան ստեղծումը, ինչի անհրաժեշտութիւնն ակնյայտ դարձաւ ապրիլեան դէպքերի լոյսի ներքոյ: Էական արդիւնքների հնարաւոր է հասնել արդէն 5-10 տարւայ ընթացքում, սակայն սկսել պէտք է այսօր:
Մենք պէտք է հնարաւորութիւն տանք հայ գիտնականներին, յատկապէս՝ երիտասարդներին, ֆունդամենտալ եւ կիրառական հետազօտութիւններ կատարել, մշակումներ ու գիւտեր անել, սեփական գիտական ու հետազօտական ներուժը օգտագործել ազգային կարեւորագոյն խնդիրների լուծման համար:
Համաշխարհային փորձը ցոյց է տալիս, որ գիտական մշակումների հետեւողական ներդրումը տնտեսութեան բոլոր ոլորտներում սիներգետիկ արդիւնք է ապահովում դրանց զարգացման համար:


- Ինչպէ՞ս էք Դուք եւ «IDeA» հիմնադրամը մտադիր մասնակցել Հայաստանի գիտական եւ տեխնոլոգիական զարգացման ապահովմանը:
- Այս պահին «IDeA» հիմնադրամը գործընկերների հետ աւարտին է հասցնում Հայաստանի գիտա-տեխնիկական հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology-FAST) գործարկման հարցերը, որն ուղղւած է Հայաստանում տեխնոլոգիական նորարարութիւնների համար միջավայր զարգացնելուն եւ հայաստանեան ու միջազգային գիտական հանրութիւնների գիտական, տեխնոլոգիական ու ֆինանսական ռեսուրսները մոբիլիզացնելուն:
«FAST»-ը պէտք է դառնայ Հայաստանում տեղեկատւական տեխնոլոգիաների, համակարգչային գիտութիւնների, արհեստական ինտելեկտի, բարձր տեխնոլոգիական նիւթերի, ռոբոտիկայի, առաջատար ինժեներային ու արտադրական տեխնոլոգիաների ոլորտում տեխնոլոգիական ճեղքման հիմքը:
Մենք դիտարկում ենք հիմնադրամի զարգացման համար 10 մլն. դոլարի չափով առաջնային ֆինանսաւորման տրամադրման հնարաւորութիւնը եւ յաջորդիւ միջոցների հաւաքագրման գլոբալ արշաւի կազմակերպումը՝ հիմնադրամի ծաւալը երեք տարւայ ընթացքում մինչեւ 200 մլն. դոլարի հասցնելու նպատակով: Քննարկւող մոդելի համաձայն՝ «FAST»-ը կարող է դառնալ խառը գրանտավենչուրային ֆինանսաւորման գործիք, իսկ հիմնադրամի կառավարումը կիրականացւի խորհրդատւական խորհրդի կողմից: Դրա կազմում հիմնադիրներից բացի կընդգրկւեն անւանի հայեր Հայաստանից եւ Սփիւռքից, ովքեր յաջողութեան են հասել գիտութեան, տեխնոլոգիաների, վենչուրային ինդուստրիայի եւ գործարարութեան ոլորտներում: Մենք կապահովենք հիմնադրամի կառավարումը արդիւնաւէտութեան, անկախութեան ու թափանցիկութեան ամենաբարձր ստանդարտներին համապատասխան:


- Ինչպէ՞ս են կառուցւելու նոր հիմնադրամի յարաբերութիւնները պետութեան հետ:
- Գիտա-տեխնիկական հիմնադրամի յաջող աշխատանքը հնարաւոր է միայն մասնաւոր-պետական համագործակցութեան ձեւաչափում, եւ ներկայ պահին մենք ակտիւօրէն քննարկում ենք այդ հարցերը Հայաստանի ղեկավարութեան հետ: Մեր կարծիքով, անհրաժեշտ է պետութեան ակտիւ ներգրաւումը ամենատարբեր մակարդակներում՝ հեռանկարային գիտական ծրագրերի հաւաքագրումից մինչեւ պետական պատւէրի ձեւաւորումը կարեւորագոյն մշակումների համար: Խօսքը գիտատեխնոլոգիական ոլորտին համակարգային աջակցութիւն ցուցաբերելու մասին է բոլոր մակարդակներում՝ կառավարութեան ամենօրեայ աշխատանքում:
Միաժամանակ, «FAST»-ին կամ որեւէ այլ տեխնոլոգիական նախաձեռնութեանը աջակցելով, պետութիւնը պէտք է յստակ պահպանի օրէնքի գերակայութեան, բաց տնտեսութեան եւ ազատ մրցակցութեան սկզբունքները: Դա թոյլ կը տայ ստեղծել առաւել բարենպաստ էկոհամակարգ լաւագոյն ուղեղները ներգրաււելու համար, ովքեր կը ստեղծագործեն եւ բացառիկ նախագծեր կիրագործեն Հայաստանում:


- Իսկ ինչպէ՞ս էք դուք փոխգործակցելու Հայաստանի գիտական եւ տեխնոլոգիական հանրութիւնների անդամների հետ:
- Մենք պէտք է բոլոր հնարաւոր ջանքերը գործադրենք, որպէսզի «FAST»-ը հետաքրքիր դառնայ միջազգային բարձրակարգ մասնագէտների, եւ, առաջին հերթին, մեր Սփիւռքի ներկայացուցիչների համար: Մենք պէտք է կրկին մեզ դրսեւորենք որպէս նորարարների ու գործարարների ազգ, որն իր ստեղծագործական ներուժը կեանքի է կոչում սեփական երկրում, եւ ոչ միայն նրա սահմաններից դուրս:
«FAST»-ի տեսլականի հիմնական նպատակն է միաւորել պետութիւնն ու մասնաւոր հատւածը, եկեղեցին, լայն հասարակութիւնն ու էլիտան, Հայաստանի քաղաքացիներին ու Սփիւռքը, մեր արտասահմանեան գործընկերներին, նւիրատուներին ու միջազգային կազմակերպութիւններին, որպէսզի միացեալ ուժերով պայմաններ եւ մեխանիզմներ ստեղծենք Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական ու նորարարական կենտրոն դարձնելու համար:
Խօսքը պէտք է գնայ իւրատեսակ «լայն կոալիցիայի» մասին, որի մասնակիցները կը լինեն կրթական կազմակերպութիւնները, առաջատար տեղեկատւական տեխնոլոգիաների ընկերութիւնները եւ մասնագիտական միաւորումները, կապի օպերատորները:
Մենք մեր առջեւ բաւականին բարդ խնդիր ենք դնում, որը լուծելու համար ստիպւած ենք լինելու բազմաթիւ խոչընդոտներ եւ դժւարութիւններ յաղթահարել: Սակայն միջակ դերակատար մնալու այլընտրանքը ոչ միայն անընդունելի է, այլեւ վտանգաւոր: Մենք իրաւամբ հպարտանում ենք մեր անցեալով, սակայն դա բաւարար չէ: Միայն միասնաբար գործելով մենք կարող ենք ստեղծել այնպիսի ապագայ, որում կը վերագտնենք առաջատար դիրքերը եւ նոր խօսք կասենք գիտութեան եւ տեխնոլոգիաների ոլորտում:

Զրոյցը վարեց
ԱՐԱ ԹԱԴԷՈՍԵԱՆԸ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։