Հա

Հասարակական

14/08/2016 - 10:20

ԱՆԴՐԱԴԱՐՁ - «Վարդապետի՞», թէ՞ մեր լռութիւնը... (Շար. 2 եւ վերջ)

Ինչպէս գիտէք, Կոմիտասի կենսագրութիւնը միաժամանակ ողջ արեւմտահայութեան դառը կենսագրութիւնն է լի թշւառութեամբ, ստեղծումով, փառքով, կորուստներով, օտարութեան մէջ թափառումով մաշւող: Հայրենի Քեօթահեայից՝ Էջմիածին, Թիֆլիս, Բեռլին, կրկին Էջմիածին, Պոլիս, տարագրութիւն, Չանղըրը, կրկին Պոլիս, Վիեննա, Փարիզ:

(Շարունակութիւն նախորդ համարից)

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԵՖԵԱՆ


Ինչպէս գիտէք, Կոմիտասի կենսագրութիւնը միաժամանակ ողջ արեւմտահայութեան դառը կենսագրութիւնն է լի թշւառութեամբ, ստեղծումով, փառքով, կորուստներով, օտարութեան մէջ թափառումով մաշւող: Հայրենի Քեօթահեայից՝ Էջմիածին, Թիֆլիս, Բեռլին, կրկին Էջմիածին, Պոլիս, տարագրութիւն, Չանղըրը, կրկին Պոլիս, Վիեննա, Փարիզ: Իրապէս խելագարեցնող ճամբայ... Մենք չենք տեսնում այդ ամէնը, կարիքը չունենք, գիտենք արդէն, բայց խօսւում է եւ ֆիլմում գրող Նովենցը, ի վերջոյ ուզում է պարզաբանել վաղուց անվերջ խօսւող, բայց երբեք չբարձրաձայնւող այն հարցը, որ եթէ Կոմիտասին վատ չվերաբերւէին Էջմիածնում, նա յետ չէր վերադառնայ Պոլիս եւ այդ եղերական վախճանը չէր ունենայ: Վարդապետութեան համար չէր, որ նա յայտնւեց Էջմիածնում, նրա որբ ու անտուն վիճակը նրան տարաւ այնտեղ: Նա շատ արագ հասկանալով ի վերուստ իրեն տրւած կոչումը, արհամարհելով իր առջեւ դրւած բոլոր արգելքները, հետեւեց իր կոչումին, ազգային երգին ու երաժշտութեանը: Եկեղեցին չներելով նրա յանդգնութիւնը մեծ հալածանք ծաւալեց նրա դէմ այնքան, որ նա ստիպւած վերադարձաւ Պոլիս այդ չարագուշակ տարում: Սա է ճշմարտութիւնը, որը Վիգէնը համարձակօրէն յայտնում է իր ֆիլմում, աւելորդ անգամ յիշեցնելով, որ ժամանակն է արդէն անդրադառնալ մեր սխալներին եւ ընդունել դրանք եւ ոչ թէ լռութեան մատնելով շարունակենք աղաւաղել մեր պատմութիւնը: Վիգէնի պատգամը այսօրւայ համար է, այսօրւայ մեր պատմութեան ճշգրիտ ու անկեղծ կերտման, կոծկւած, ազգակործան սխալները բացայայտելու, մեր պատմութիւնը ճշտելու:
Ահա թէ ինչու ֆիլմի գրողը դէմ է մահից յետոյ միայն արժանաւորելու արժանեալներին, միայն մահից յետոյ հերոսացնելու կեանքի հերոսներին, ինչպէս միշտ եղել է մեր ազգային կեանքում եւ դեռ մինչեւ օրս շարունակւում է:
Հոգեբուժարանի վանդակապատ դռնով սկսւող ճերմակ, ձգւող, երկարաւուն միջանցքը այն 20 տարիներն են, որը բանտել է այդ հանճարեղ հային իր մէջ եւ որով էկրանի վրայ քայլում է Արմենակ Շահմուրադեանը հոգեբոյժի հետ իր ուսուցչին տեսնելու, նրա հետ հաղորդակցւելու: Բոլորս գիտենք այդ հանդիպման մասին, բայց Վիգէնն այնպիսի արւեստով է հրամցնում, որ ազդւում ես, ինքդ էլ մեղսակից ես զգում քեզ նրա այդ վիճակի համար: Կոմիտասի վայրագութեամբ պարտադրւած անապատային լռութիւնը միախառնւած դաշնամուրի հնչիւններով եւ միջանցքում յայտնւող ճերմակազգեստ հիւանդների լայն բացւած, անկենդան աչքերով, անորոշ սպասումով, մեզ կանգնեցնում է նոյն անողոք մեղադրանքի առջեւ, որ կարող էինք խնայել նրան, եթէ չհալածէինք: Դեռ աւելին, այդ պարտադրանք հալածանքի շարունակութիւնն է, ֆիլմում ցոյցի ելած այսօրւայ հայ երիտասարդութեան բողոքի ճնշումը, ինչպէս նաեւ դասախօսի, նոյն ինքն գրող Նովենցի, հեռացումը իր պաշտօնից, որպէս այդ ցոյցի կազմակերպչի:
Կոմիտասի դէմքը չենք տեսնում, նա անվերջ մէջքով է կանգնած դէպի մեզ, համար «0» սենեակի վանդակապատ պատուհանի առջեւ: Պատուհանից դուրս Փարիզն է իր եռացող, խայտաբղէտ, աղմկոտ կեանքով: Կոմիտասի լռութիւնը հակադրւող դրսի ժխորին մի նոր համեմատութեան էջ է բացում մեր առջեւ: Աշխարհի այդ առաջընթաց իրարանցումում դեռ մենք բանտւած ու լուռ ենք: Մեր դէմ սրընթաց աշխարհն է իր խուռներամ, բարդ ու շնային հարցադրումներով, իսկ մենք լռելեայն սպասում ենք, դիտում ու դաս չենք առնում պատմութիւնից, չենք փորձում այն վերանայել, չենք կարողանում փշրել մեր դէմ կանգնեցւած վանդակապատնէշները:
Վիգէնը այդ ամէնը աւելի շեշտելու համար մէկ այլ կերպար է իրականացրել ֆիլմում, հակադրելով գրողի կերպարին: Դա գործարարի կերպարն է, որն ինքը՝ Վիգէնն է խաղում: Գրողը չի համաձայնւում միայն դրամի համար իր սկզբունքները զիջելով գործակցել այս անձի հետ, որի հարստութիւնը արդէն երեւում է իր սենեակից, ուր տեղի է ունենում խօսակցութիւնը: Այստեղ շատ հետաքրքիր երկիմաստ երկխօսութիւն է տեղի ունենում երկուսի միջեւ: Գործարարի համար պատին շարւած տիկնիկները իրական մարդկանց տիպերն են, որոնց նա օգտագործում է տիկնիկների պէս, ցանկացած պահին խաղում, կամ խաղացնում ու նետում է մի կողմ: Մեր երկրի ղեկավարների համար էլ ժողովուրդը դարձել է տիկնիկ, առանց պահանջի ու դիմագծի: Նրանք վարւում են այնպէս, ինչպէս այդ պահին իրենց կողոպուտին է մեծ շահ բերւելու: Իսպառ վերացել է հողի եւ Հայրենիքի հոգածութիւնը, վաղւայ հայի ճակատագրի հարցը:
Ֆիլմում երկու իրարայաջորդ հոգեբուժարաններ են ներկայացւում, մէկը՝ ենթադրեալ Վիլ Ժուիֆ-ի, որը հետագայում այնտեղ կատարւած իրական նկարահանումով է վաւերացւում, իսկ միւսը՝ ուր մտնում է գրող Նովենցը՝ պարզելու Կոմիտասի լռութեան իսկութիւնը: Հիւանդներն ամենուր են, ինչպէս ամենուր է բռնութիւնը, անարդարութիւնը, օրէնքի չգոյութիւնը: Հիանալի է նկարահանւած հիւանդների ոչ միայն յարաբերութիւնը, այլ յատկապէս ընթրիքի պահը, իւրաքանչիւրը իր աշխարհի մէջ տարւած է իր ուտելիքով: Չեմ կարող չշեշտել, թէ ինչ նրբութեամբ ու մտածումով է բացայայտել Վիգէնն այս տեսարանը: Առանց չափազանցման, առանց աւելորդ հիւանդագին ծռմռումների, առանց սուտ շարժումների, որով սովորաբար ներկայացնում են այդ հիւանդներին, միայն անհատականութեան միջոցով է հաղորդում նրանց մտային եւ հոգեկան խանգարումները: Այսօր աշխարհը դարձել է մի մեծ խենթանոց, ուր իրենց ուժը ցուցադրող աշխարհի «հսկիչները» երկրներ են աւերում, ժողովուրդներ տեղահանում, իրենց ենթակայեցնում ցանկացած ազգին: Այդ ցուլի ուժով, բութ հսկիչներն ամենուր են, մեր երկրում էլ, որոնց շատերս ենք ճանաչում եւ նրանցից մէկն էլ, Նովենցին հրամայում խենթերի հետ ուտել, դառնալ նրանցից մէկը: Այո, աշխարհը եւ յատկապէս մենք՝ ազգովի, չենք ընդունում անհատ մտածողներին, նրանց մեկուսացնելով փորձում ենք հասարակութեանը դարձնել անգոյն, անուղեղ, ենթարկւող մարդկային մի հօտ: Այդպէս վարւեց թուրքը մեզ հետ, այդպէս վարւեց Ստալինը մեզ հետ եւ մենք այսօր որդեգրել ենք նրանց քաղաքականութիւնը:
Վիգէնը մեծ հմտութեամբ եւ յատկապէս արւեստի լեզւով պաստառի վրայ միշտ երկու պատկերով է գործում: Առաջինը՝ իրական գործողութեան պատկերն է, որն անմիջականօրէն դիտում ենք եւ որի վրայ կառուցում է ֆիլմը: Երկրորդը՝ այդ պատկերում տեղադրւած ասելիքպատգամն է, որն ամենակարեւորն է արւեստում եւ որ առանց դրա ֆիլմն արդէն ոչ թէ արւեստի գործ է դառնում, այլ սովորական շարժապատկեր: Այս ֆիլմում պատկերի տակից իշխող խորհրդանիշ է դառնում մտաւորականութեան լուռ քայլը եւ ձիերի վրայ բազմած բութ հայեացքներով զինւած նրանց հսկողները: Մտածող հանդիսատեսը անմիջապէս համեմատութիւն է անցկացնում այսօրւայ իշխող իրավիճակի հետ: Կռահում ես, որ դա մեր մտաւորականութեան, մեր ազգային իրական ներկայացուցիչների լռեցւած վիճակն է, որոնց հսկում եւ ուժը իրենց ձեռքում են պահում երկրի այսօրւայ ինքնահռչակ «տիրակալները»: Սա նոր երեւոյթ չէ, բայց եւ այլեւս անընդունելի է իր անկախութիւնը ունեցող մեր երկրի համար, որի մասին էլ բարձրաձայնում է ֆիլմը:
Այս պարզ պատկերը նաեւ տասնեակ խորհրդածութիւնների դուռ է բացում, որոնցից մէկն էլ նաեւ մեր մտաւորականութեան անկարող, լուռ հեռացումն է երկրից, հորիզոնում աստիճանաբար խամրող նրանց ստւերի հետ:
Մեզ պարտադրւած լռութիւնն այլեւս յեղձուձիչ է դարձել այնքան, որ Վիգէնն իր ֆիլմում փորձում է պատռել այդ վտանգաւոր լռութիւնը:
Յիշենք այն պատկերը, երբ Սոնան միայնակ բլուրի վրայ կանգնած ամբողջ կոկորդով բղաւում է: Շուրջը քար լռութիւն է, նոյնիսկ արձագանգ չկայ: Բայց չէ՞ որ այդպիսի տեղանքում միշտ ձայնն արձագանգւում է: Եթէ Սոնային ֆիլմում ընդունում ենք, որպէս Սփիւռքի կապ, ուրեմն հետեւութիւնն այն է, որ Սփիւռքի ձայնը մնում է անարձագանգ: Ի վերջոյ Սոնային է միանում գրողը՝ հայրենի մտաւորականը եւ սկսում են միասին բղաւել, խախտել մեր մէջ տեղ գտած այս վտանգաւոր լռութիւնը: Նրանց այդ արարքը մեզ թելադրում է թօթափել մեր լռութիւնը, մեր անտարբեր թմբիրը, մեր օրէօր հալչող, դատարկւող երկրի ու ժողովրդի այսօրւայ վիճակի հանդէպ:
Մեր անտարբերութեամբ թոյլ տւինք, որ մեր հանճարեղ հայը միայնակ տառապի օտար, անշուք հիւանդանոցում, առանց իր ժողովրդի ուշադրութեան ու գուրգուրանքի: Այդ անտարբերութիւնը ցուցաբերեցինք մի անհատականութեան հանդէպ, որը ինչ սիրով ու գուրգուրանքով է հաւաքագրել ու ազգայնացրել իր ժողովրդի հոգու ձայնը, նրա էութեան խորքից բխած երգերը:
Այսքանից յետոյ էլ դեռ մենք շարունակում ենք ոտնատակ տալ, արհամարել, մեր ազգի շնորհալիներին, նրանց առջեւ փակել աճելու, անվերջ ստեղծագործելու ճանապարհները: Գուցէ այս ֆիլմը սթափեցնի մեզ...
Կրկին յայտնւում է տարագրւող մտաւորականութեան թափօրը, կանգ են առնում ինչ-որ տեղ եւ Վիգէնը մեզ է մատուցում Կոմիտասի կենսագրութեան իրական դէպքից մի հատւած, երբ ջուրի դոյլը իւրայինները բոլորից առաջ յարգանքով փոխանցում են Կոմիտասին եւ երբ Կոմիտասը ուզում է խմել, այդ պահին թուրք հսկիչը ոտքով շրջում է դոյլը: Դա միակ կոպտութիւնն է, որ տեսնում ենք, որպէս նւաստացման, ստորադասման, դիմացինին ուժով ոչնչացնող տիրական փաստ, որով եւ ոչնչացրին մեր ժողովրդին: Բայց դա բաւական է աւելին տեսնելու, հասկանալու, յիշելու: Չէ՞ որ արդէն անգիր գիտենք մեր տարագիրների վախճանը: Դեռ չի մշուշւել եւ յուսանք երբեք չմշուշւի մեր ազգի յիշողութիւնը:
Եւ յանկարծ թափօրից մեզ հետ խօսում են Վարուժանը, Ռուբէն Սեւակը, Սիամանթօն, որոնք դեռ կոկիկ հագնւած են, նրանց մէջ ոչինչ է փոխւած, կարծես այդ դժոխային ճանապարհը չեն անցել:
Այս հատւածում էլ հիանում ենք Վիգէն արւեստագէտի հեռատեսութեամբ: Նա գիտէ, որ մեր այդ զարմանահրաշ ստեղծագործողները սերունդների մէջ ապրելու են յաւէտ եւ այդ յաւերժութեան մէջ նրանք պէտք է որ մնան իրենց վեհ կենդանի պատկերով, քանի որ նրանք այդպէս են իրենց անկրկնելի ստեղծագործութիւններում: Այդ պահը կենդանացնում է Վարուժանի եւ Սեւակի վերջին ցանկութիւնը, որն է՝ «Չենք ուզեր յիշւիլ որպէս նահատակ գրողի: Չենք ուզեր մեռնիլ: Մեք կուզենք ապրիլ»: Եւ Վիգէնը այնքան զգուշօրէն, կարծես յատուկ փայփայանքով, ապրեցնում, նոր կեանք է պարգեւում նրանց:
Այսպէս, մանրակրկիտ աշխատելու համար տաղանդից բացի, ապագան զգալու ներքին ջիղ պիտի ունենալ, ներքին տեսողութիւն, ապագան տեսնելու: Վիգէնն ունի մեծ արւեստագէտի ե՛ւ այդ ջիղը, ե՛ւ այդ տեսողութիւնը, որն առանց շահագործելու օգտագործում է ճիշտ տեղին եւ ժամանակին: Ահա թէ ինչու տեսարանները այդքան յստակ ու ճշգրիտ են, ոչ մէկ յաւելեալ շարժում, ոչ մէկ յաւելեալ պատկեր, որ անիմաստ ու ձանձրալի լինի: Նա կամերան օգտագործում է բնական աչքի պէս, առանց ցուցամոլութեան, առանց աւելորդ լուսային խաղերի: Ամէն ինչ այնպէս է, ինչպէս կեանքում ենք տեսնում եւ այդ բնականութիւնը իր ֆիլմերի բարդութիւնը դարձնում է հանգիստ ու ընդունելի:
Ֆիլմում նրբօրէն օգտագործւած բանաստեղծուհի Սոնա Վանի «Լիբրետօ անապատի համար» գրքի քառեակները, աւելի են հաստատում ֆիլմի բարձրագոյն արւեստը: Սոնան այսօրւայ մեր ամենատաղանդաւոր բանաստեղծուհին է, որը խօսում է մեր թաղւած պատմութեան լռութեան մասին, փորձում է արթնացնել թմրած աշխարհին: Բանաստեղծուհու խորը տողերը մեր անվերադարձ կորուստների ճիչն է, ուշացած սփոփանք, իր երկարատեւ լռութեան մէջ տառապած մեր հանճարեղ Կոմիտասին: Վիգէնն այսպիսով յաւելեալ անգամ մեր ուշադրութիւնը կենտրոնացնում է մեր ազգի արժէքներ ստեղծող բոլոր նրանց վրայ, ովքեր այսօր մեր ուշադրութիւնից դուրս են, ինչպէս 20 երկարատեւ տարիներ ազգի գուրգուրանքից զուրկ, լռութեան ու անուշադրութեան մատնւեց մեր այս հանճարեղ հսկան՝ Կոմիտասը:
Ֆիլմում օգտագործւած երաժշտութիւնն անգամ պատահական յարմարեցւած ընտրութիւն չէ, այլ առանձնայատուկ մտածումով է արւած: Կոմիտասից եւ Աւետ Տէրտէրեանից բացի, օգտագործւած է Կլօդ Դեբիւսի, քանի որ նա եղել է Կոմիտասի առաջին բարձր գնահատողներից մէկը եւ ազգայինը համաշխարհայինի հետ զուգակցելով, Վիգէնը նոր պատւանդանի վրայ է բարձրացնում Կոմիտասին, որի տեղը իրականում այդտեղ է:
Ֆիլմն աւարտւում է մեծ իմաստով՝ Սոնայի ծննդաբերութեան ցաւագին ճիչով եւ Կոմիտասի լռութեան խզումով, նրա յիշողութեան վերադարձով ու իր երգով, իր երգով, որը մեր ազգայինի յաւէտ կենդանութեան առհաւատչեան է:
«Վարդապետի լռութիւնը» ֆիլմը, որքան էլ Վիգէն արւեստագէտի մօտեցումն ու արտայայտութիւնն է Կոմիտաս տառապած հանճարին, նոյնքան ընդգրկումն է մեր անցեալի եւ ներկայի գիտակից ու անգիտակից բացթողումների, մեր այսօրւայ կուտակւած, արդէն պայթումի պատրաստ հրատապ հարցերի լուծման անհրաժեշտութեան: Դա հողի ու Հայրենիքի նւիրումի կոչն է, ինքներս մեզ վերանայելու հրամայականը:
Վիգէն Չալդրանեանը «Վարդապետի լռութիւնը» ֆիլմով ոչ միայն հարստացրեց իր առանց այդ էլ հարուստ խաղացանկը, այլ նաեւ հայ ֆիլմարւեստը, նրա հարուստ անցեալի վրայ կրկին անգամ աւելացնելով նաեւ իր անունը:
«Վարդապետի լռութիւնը» ֆիլմի պատրաստմանը հովանաւորել է նաեւ Հայաստանի «Համազգային» միութիւնը եւ զարմանալին այն է, որ ամենեւին մտահոգ չէ իր օժանդակած ֆիլմը այստեղ՝ արտերկրի տարբեր համայնքներում ցուցադրելու: Յատկապէս, երբ Վիգէնը գտնւում է Լոս Անջելէսում եւ աւելի մատչելի է իր ֆիլմը ցուցադրելու համար նրան հրաւիրելը: Չէ՞ որ ֆիլմը մեր այս անտարբերութեան մասին է, ազգային արժէքների տարածման եւ գնահատման թերացման մասին է: Ստեղծագործողների ներկայութիւնը արհամարհելու մասին է: Յատկապէս արտերկրի հայութիւնը անհաղորդ է իր ազգային ժամանակակից հարստութիւններին, նրանց մտածումներին ու ապրումներին եւ մանաւանդ երիտասարդութիւնը: Ե՞րբ ենք արժեւորելու նրանց, երբ հեռանա՞ն, կամ երբ օտա՞րը գնահատի: Այս ֆիլմը պէտք է որ որոշ բան փոխի մեր գործելակերպում, սա իմ յոյսն է, քանի որ այդ յոյսով է Վիգէնն ստեղծել իր ֆիլմը:
Բարի երթ ե՛ւ Վիգէն ստեղծագործողին ե՛ւ իր ստեղծած ֆիլմին:

Սան Ֆրանցիսկօ
7 յունիսի, 2016 թ.
(Շար. 2 եւ վերջ)

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։