Հա

Հասարակական

20/08/2016 - 09:40

ԶՐՈՅՑ - Յասմիկ Պապեան.- «Ամէն մէկը չէ, որ դասեր է քաղում»

Հայ օպերային թատրոնի պատմութեան մէջ իր արժանապատիւ տեղն ունի ՀՀ ժողովրդական արտիստ, հայ դասական երգարւեստն աշխարհին ներկայացնող Յասմիկ Պապեանը: Աշխարհահռչակ երգչուհու ստեղծագործական գործունէութեան մասին շատ է գրւել ու դեռ կը գրւի, քանզի սիրւած երգչուհին շատ ասելիք ունի եւ երկար ճանապարհ անցնելու: Տայ Աստւած, որ այդ ճանապարհը լինի շատ-շատ երկար եւ է՛լ աւելի բեղմնաւոր: Այս հարցազրոյցի նպատակն է խօսել կեանքից, մտորել այսօրւայ մասին...

Հայ օպերային թատրոնի պատմութեան մէջ իր արժանապատիւ տեղն ունի ՀՀ ժողովրդական արտիստ, հայ դասական երգարւեստն աշխարհին ներկայացնող Յասմիկ Պապեանը: Աշխարհահռչակ երգչուհու ստեղծագործական գործունէութեան մասին շատ է գրւել ու դեռ կը գրւի, քանզի սիրւած երգչուհին շատ ասելիք ունի եւ երկար ճանապարհ անցնելու: Տայ Աստւած, որ այդ ճանապարհը լինի շատ-շատ երկար եւ է՛լ աւելի բեղմնաւոր: Այս հարցազրոյցի նպատակն է խօսել կեանքից, մտորել այսօրւայ մասին...


- Հռոմի Պապի այցը Հայաստան, իրօք, պատմական երեւոյթ էր: Տպաւորութիւնները դեռ թարմ են... Ձեզ եւ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրեանին բախտ վիճակւեց մօտկից շփւել Ֆրանցիսկոս Պապի հետ, ստանալ օրհնութիւնը եւ զրուցել նրա հետ: Ի՞նչ զգացում ապրեցիք այդ պահին:
- Այս իմաստով ես բախտաւոր աստղի տակ եմ ծնւել: Օրհնւած էի, որ ինձ բախտ վիճակւեց հանդիպել Ֆրանցիսկոս Պապին, այդ մեծ հայասէրին ու հայրենասէրին: Ես իտալերէնով շնորհակալութիւն յայտնեցի նրան: Նա ուրախացաւ, որ հայաստանցին գիտէ իտալերէն, ասացի, որ ես երգչուհի եմ: Այնքան ջերմ ստացւեց մեր կարճատեւ զրոյցը, որ Հռոմի Պապն ինձ այս խաչը նւիրեց (երգչուհին սրբօրէն կրում է այդ խաչը-«Առաւօտ»): Մինչ այս, շատ երկրներում, կարծես, կասկածում էին, որ մենք առաջին քրիստոնեայ ժողովուրդն ենք: Սրբազան քահանայապետը քրիստոնեայ ազգերին յայտարարեց եւ շատերը համոզւեցին: Հայաստան աշխարհը, ողջ հայութեան հետ, ապրեց ուրախութեան եւ հպարտութեան երեք անմոռաց օրեր:


160820d04a- Դուք սիրւած ու ճանաչւած էք ոչ միայն մեզանում, եւ ձեր կարծիքը կարեւոր է մեզ համար: Ինչպէ՞ս կը գնահատէք Հռոմի Պապի այցը Հայաստան:
- Ֆրանցիսկոս Պապի կոչը, յղումը շատ դիպուկ եւ իմաստալից էր: Նա ընդգծեց, որ սա ուխտագնացութիւն է առաջին քրիստոնեայ երկիր: Կարեւոր եւ ուրախալի էր, որ Պապը այցելեց նաեւ Գիւմրի: Սա մեծ մարդասիրական եւ քրիստոնէական ուղերձ էր ոչ միայն համայն հայութեանը: Նա նոյնիսկ չանտեսեց հաշմանդամներին, յատկապէս՝ երեխաներին: Մենք ապրեցինք, կարելի է ասել՝ մաքրամաքուր, ապրեցինք՝ հպարտութեան օրեր… Պատահական չէր, որ այդ օրերին ողջ աշխարհի ուշադրութեան կենտրոնում Հայաստանն էր, հայ ժողովուրդը… Ուշագրաւ էր Պապի այցը Հայոց Ցեղասպանութեան զոհերի յուշահամալիր, ծաղիկներ խոնարհելն անմեղ նահատակների յիշատակին, այցի աւարտին՝ եղաւ Խոր Վիրապում եւ դիտեց Բիբլիական Արարատը…


- Ի՞նչ խորհուրդ տւեց մեզ Հռոմի Սրբազան քահանայապետը... Ի՞նչ դասեր քաղեցինք այցից եւ արդեօք քաղեցի՞նք...…
- Դա ցոյց կը տայ ժամանակը: Ամէն մէկը չէ, որ դասեր է քաղում: Ըստ իս՝ մենք շատ բան սովորեցինք, ունեցանք հպարտութեան եւ մարդասիրութեան զգացում: Պապի այցը, իրօք, պատմական էր, իսկ պատմական երեւոյթը միշտ էլ իր ազդեցութիւնը թողնում է: Ժամանակի խնդիր է…


- Որպէս հայրենասէր հայուհի՝ ինչպէ՞ս արձագանգեցիք ապրիլեան քառօրեայ պատերազմին:
- Մինչեւ հիմա ուշքի չեմ գալիս: Մենք յաւերժ պէտք է յիշենք եւ խոնարհւենք պատերազմում զոհւած տղաների շիրիմների առաջ: Այն տղաները, որ իրենց կեանքով պահեցին ու պահպանեցին մեր հայրենիքը, հայրենասիրութեան դաս էր այսօրւայ ու գալիք սերունդների համար: Նրանք մեր ժամանակների հերոսներն են… Յաւերժ փառք նրանց:


160820d04b- Ի՞նչն է ձեզ անհանգստացնում Հայաստանում: Ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել մեր հայրենիքի վաղւայ օրը:
- Ինձ անհանգստացնում է Հայաստանի՝ այսօրւայ եւ վաղւայ հանդէպ մեր ժողովրդի հաւատի պակասը: Կուզենայի, որ անջրպետ չլինէր հարուստների ու աղքատների, իշխանութեան ու ժողովրդի միջեւ: Կուզենայի, որ հայը իր հայրենիքում արժանապատիւ ապրէր, ժողովուրդը լինէր այս երկրի տէրն ու ծառան… Կուզենայի, որ արտագաղթ, գործազրկութիւն, աղքատներ չլինէին… Իմ հայրենիքը տեսնէի անհոգ ու բարգաւաճ…


- Ունենալով մեծ համբաւ եւ հեղինակութիւն, Դուք Ձեզ երջանիկ համարո՞ւմ էք: Գո՞հ էք Ձեր ճակատագրից...
- Շատ երջանիկ եմ: Երջանկութիւնս կատարեալ կը լինէր, եթէ մեր առօրեայ կեանքում բացասական երեւոյթները պակաս լինէին, որոնք արգելք են կատարեալ երջանկութեան համար: Օրինակ՝ ինչպէս կարող ես երջանիկ լինել, երբ հեռաւոր Պառաւաքար գիւղում խմելու ջուր չկայ՝ այս 21-րդ դարում: Այսքան աղքատութիւն, գործազրկութիւն, արտագաղթ, տարերային աղէտներ… Դուրս ես գալիս փողոց՝ մարդկանց դէմքին ժպիտ չկայ… Երջանկութիւնը միայն քեզանով չի սահմանափակւում… Կուզենայի Հայաստանը տեսնել կատարեալ, անհոգ ապրող մարդկանցով, փողոցները՝ առանց մուրացկանների, առանց հարուստ ու աղքատների, լինէր իսկական բարեկեցիկ եւ ապահով Հայաստան:


- Երբ տեւական ժամանակ հեռանում էք Հայաստանից, զգո՞ւմ էք շուտափոյթ վերադառնալու պահանջ:
- Հայաստանում լինելը իւրաքանչիւր հայի համար կարօտ է, հոգու պահանջ, ուզում ես օր առաջ լինել հայրենիքում: Հայաստանը միայն ծննդավայր չէ, ուր էլ լինես՝ ուզում ես գալ Հայաստան, որտեղ քո արմատներն են: Երանի գար այն օրը, որ բոլոր հայերը վերադառնան Հայաստան եւ տէր կանգնեն իրենց հող ու ջրին…


- Մտադի՞ր էք ընդմիշտ մնալ Հայաստանում...
- Այո, Հայաստանը իմ ծննդավայրն է:


- Ինչպէ՞ս էք գնահատում մեր օպերային թատրոնի այսօրը:
- Այսօր մեր օպերային թատրոնն ունի շատ աղքատ խաղացանկ: Կուզենայի, որ աւելի շատ ներկայացումներ լինէին, խաղացանկն աւելի հարուստ լինէր: Ցանկութիւնս է, որ առաջւայ նման ունենայինք լեցուն դահլիճներ…

Զրոյցը վարեց
ԵԱՇԱ ՉԱԽՈՅԵԱՆԸ
Լուսանկարները՝
«www.belcanto.ru»-ի եւ «armradio.am»-ի
«Առաւօտ» օրաթերթ
08.08.2016 թ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։