Հա

Հասարակական

28/08/2016 - 10:10

Փնտրւած հանդիպում

Եղիցի՜ լոյս, վերջապէ՜ս Ձեզ գտայ, ա՛յ Մեծ Մարդ:
Զարմանալի մարդ էք, Ձեզ որտե՞ղ էի փնտրում, որտեղ գտայ: Փնտրում էի, իրօ՛ք, չէ՞ք հաւատում: Դուք ինձ չհաւատալ չէք կարող: Ուզո՞ւմ էք երդւեմ, բայց..., ա՜խր ես չեմ ստում: Հա՛, տիզերքում էի Ձեզ փնտրում, իսկ աստղերի մասին մանկապարտէզում քիչ բան են սովորեցնում:

ՋԵՄՄԱ ԲԱՂԴԱԴԵԱՆ


Եղիցի՜ լոյս, վերջապէ՜ս Ձեզ գտայ, ա՛յ Մեծ Մարդ:
Զարմանալի մարդ էք, Ձեզ որտե՞ղ էի փնտրում, որտեղ գտայ: Փնտրում էի, իրօ՛ք, չէ՞ք հաւատում: Դուք ինձ չհաւատալ չէք կարող: Ուզո՞ւմ էք երդւեմ, բայց..., ա՜խր ես չեմ ստում: Հա՛, տիզերքում էի Ձեզ փնտրում, իսկ աստղերի մասին մանկապարտէզում քիչ բան են սովորեցնում: Գիտեմ, որ Դուք էնտեղ էք…, կը ներէք, բայց ես չեմ հասցնում Ձեզ ու աստղերին տեսնել, որովհետեւ մայրս ամէն երեկոյ ինձ ստիպում է շուտ քնել, սակայն ես հաստատ գիտեմ, որ աստղերի հետ Դուք մթին երկինքն էք լուսաւորում: Մէկ-մէկ էլ՝ էն պայծառ աստղի պէս մենակ զբօսնում…
Հաւատացէ՛ք՝ մտածում էի, որ կամ էլ բա՜րձր լեռան, հա՛, Արարատ լեռան վրայ կը լինէք: Է՛, ինչո՞ւ էիք ցած իջել: Էնտեղ էլ չկայիք: Ո՞ւմ մտքով կանցնէր, որ աստղերից ու լեռներից իջել, եկել ու նստել էք էս չոր աթոռին եւ ինձ էք սպասում: Ի՜նչ լաւ է, որ քեզ սպասում են, կամ՝ փնտրում, այդպէս չէ՞: Հապա կարօտե՜լը. հիմա կասէք՝ բլբլում եմ, ճիշտ եմ ասում, Ձեզ տեսնելու ցանկութիւնս՝ դարձել է կարօ՜տ: Մենք օտար չենք. հայ ենք, չէ՞:
Գիտէ՞ք մայրս Ձեր պատւին ինձ Սեւակ է կոչել: Ո՛չ, չեմ դժգոհում, ինձ ամենուր Սեւակ ջան են ասում, առանց «ջանի» ինձ չեն դիմում, բայց մի… մի հարց է ինձ տանջում՝ հիմա ի՞նձ են շատ սիրում, թէ՞ Ձեզ: Երբ այդ մասին հարցնում եմ, ասում են՝ Սեւակի՛ն, ի՛մ Սեւակին, մե՛ր Սեւակին: Ա՜խր, ես էլ, Դուք էլ նրանց Սեւակն ենք: Հիմա չգիտեմ՝ ի՞նձ են շատ սիրում, թէ՞ Ձեզ: Բայց ես կարծում եմ… Սեւակին:
Անկեղծ խօսքից չէք նեղանում, չէ՞, դա ես չէ՝ Դուք էք ասել, յիշո՞ւմ էք: Դեռ չծնւած, հա՛, չծնւած անգիր գիտէի Ձեր շատ ու շատ ոտանաւորները. մայրս կարդում էր ու կարդում, հիմա էլ է կարդում: Հա՛, մինչեւ երէկ էլ մայրս մահճակալիս մօտ օրօր ասելու փոխարէն կարդում է, «Որդուս - Ազնի՛ւ եղիր ամէն ինչում - ո՞վ է կեանքում սովից մեռել: Ճշտի համար աքսոր չկայ-ստի հանդէպ ինչու լռել…»: Մեծ Մարդ, գիտէք՝ յաճախ եմ բարձիս տակից Ձեր նկարով գիրքը հանում, աւելի յաճախ, քան մայրիկիս աշխատասեղանին դրւած ու երբեմն բարձիս տակ պահւող Աստւածաշունչն ու Նարեկը…
Ինձ պէս գեղեցիկ ու զարմանալի աչքեր ունէք…: Գիտէք՝ ինչ լաւ է, հիմա ես խօսում եմ, իսկ Դուք՝ լուռ լսում: Մե՛ծ Մարդ, ես գիտեմ նաեւ, որ Դուք լուռ էլ էք խօսում…: Ճիշտ է, չէ՞...
Էն գրողին յիշո՞ւմ էք, նրան, որին Ձեր մայրն անգամ գիտէր, էն «Շունն ու կատուն» գրողին, գոնէ նրա «Շունն ու կատւի», պէս մի «Շունն ու կատու» էլ Դուք գրէիք ինձ համար, թէ չէ «Նորից չեն սիրում, սիրում են կրկին», «Ա՜խ ես գիտէի, չէիր սիրում», «Մարդ կայ ելել է շալակն աշխարհի», «Թէ տխրում եմ», «Լուսնահար կարօտ», «Անջատում», պատկերացնում էք անգամ «Եռաձայն պատարագ», «Անլռելի զանգակատուն» ու «Սարդարապատ»...:
Լսէ՛ք, կարո՞ղ է Դուք մանկութիւն չէք ունեցել: Վա՜յ, ես ո՜նց էի մոռացել, որ Դուք… Դուք մի՛ անգամից էք մեծացել, մի՛ անգամից էք Սեւակ դարձել, մի՛ անգամից… մի՛ անգամից…:
Ինչ որ եղաւ, եղաւ մի՛ անգամից:
Ես էլ իմ ասելիքը Ձեզ ասացի մի՛ անգամից…
Բայց ես չե՛մ հեռանում Ձեզ պէս մի անգամից…
Մե՛ծ Մարդ, չհեռանա՛ք, խնդրում եմ, ես նորից եմ գալու... նորի՜ց...
Գալու եմ Ձեզ պէս ու էլի՛ մի անգամից…

«magaghat.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։