Հա

Հասարակական

01/11/2016 - 11:00

Ռուբէն Յովսէփեան.- «Եթէ կեանքիդ պատմութիւնը կրկնւում է, նշանակում է՝ սխալ ես ապրել»

Վերահրատարակում ենք «yerkir.am»-ի 2014-ի յունւարի 27-ի հարցազրոյցը Ռուբէն Յովսէփեանի հետ:
«Մի ժամանակ կարծում էի, թէ արագիլներն են գարուն բերում: Կանգնում էի մեր բակում, ցեխոտ մատներով սուլում ու ողջունում էի նրանց գալուստը: Պապս ասում էր՝ գարունը ընկնում է երկնքից, Աստծու տւածն է»,- իր պատմւածքներից մէկում /«Արագիլները վերադարձան»/ գրում է արձակագիր Ռուբէն Յովսէփեանը:

«ԱԼԻՔ» - Վերահրատարակում ենք «yerkir.am»-ի 2014-ի յունւարի 27-ի հարցազրոյցը Ռուբէն Յովսէփեանի հետ:


«Մի ժամանակ կարծում էի, թէ արագիլներն են գարուն բերում: Կանգնում էի մեր բակում, ցեխոտ մատներով սուլում ու ողջունում էի նրանց գալուստը: Պապս ասում էր՝ գարունը ընկնում է երկնքից, Աստծու տւածն է»,- իր պատմւածքներից մէկում /«Արագիլները վերադարձան»/ գրում է արձակագիր Ռուբէն Յովսէփեանը: Նրա համար տարին սկսւում է ոչ թէ յունւարի 1-ից, այլ արագիլների, ասել է, թէ՝ գարնան գալուն պէս: Գարնան գալուն պէս էլ կուտակւած մտքերը շարւում են գրչի ծայրին: Սակայն սպասել գարնան գալուն՝ զրուցելու համար Ռուբէն Յովսէփեանի հետ, չկարողացայ. անհամբեր եմ. «yerkir.am»-ի զրուցակիցն է Ռուբէն Յովսէփեանը:


- Սկսե՞նք:
- Պատրաստ եմ, ահա, դէ, կրակեցէք:


- Ամէն տարի նոր տարուց ակնկալիքներ ու սպասումներ ենք ունենում, բայց չէ՞ որ տարին, որքան էլ նոր, միեւնոյն է, նախորդի շարունակութիւնն է, եւ մինչեւ հնի հետ հաշիւները չպարզենք, նորից ինչ-որ բան ուզելն արդարացւա՞ծ է:
- Ամէն օրւայ վերջին պէտք է հաշիւ տանք մեզ, ամէն օրւայ հետ պէտք է մեր հաշիւը մաքրենք, քանի որ օրւայ վերջը բնական վերջ է, իսկ մնացած բոլոր ժամանակահատւածներն ինձ համար պայմանական են: Ամէն երեկոյ պէտք է մտածես, թէ աշխարհի, քեզ համար օրդ ո՞նց անցաւ, վերլուծել օրւայ անցուդարձը, եթէ կարող ես: Ես մեծ ու պայմանական ո՛չ թւարկութիւններն եմ ընդունում, ո՛չ էլ տարիները: Հաշւետւութիւնները ժամանակը կտրտելու յատկութիւն ունեն. պայմանականութիւնը բերում է ժամանակի հատւածայնութեան եւ կտրում է շարունակականութիւնը, իսկ ես շարունակականութեան կողմնակից եմ:

 

- Տեղաւորւո՞ւմ էք օրւայ մէջ: Ասում են՝ որքան տարիքդ առնում ես, այնքան, կարծես, օրը քիչ է թւում:
- Այո, քիչ է թւում, թւալը տեղին է ասւած: Եթէ ամէն մէկը յիշի իր մանկութեան մէկ օրը, կը տեսնի, թէ ինչ երկար-երկար է այն /ես մի գիրք ունեմ՝ կոչւում է «Երկար, հրաշալի օր»/: Մանկութեան օրը երկար բովանդակութիւն ունի, քանի որ երեխան շատ ընկալունակ է՝ նրան երկար է թւում օրը: Մեծ տարիքում աւելի քիչ ես շարժւում, նստակեաց ես, խոհերին ես տրւում, դրա համար օրդ կարճանում է: Չնայած գուցէ աշխարհում աւելին է կատարւում, քան քո մանկութեան տարիներին, բայց դրանք արդէն կարծես թէ քեզնից շատ հեռու են կատարւում: Մանկութեան տարիներին ամէն ինչ հետաքրքրում է քեզ՝ թիթեռը ո՞նց է թռչում, ոնց բազմանում: Մանկութիւնը յայտնագործութիւնների շրջան է, իսկ մեր տարիքում աւելի շատ դատողութիւններ են, մեկնաբանութիւններ:


- Ժամանակը, օրւայ աւարտն ինչ-որ փոփոխութիւն է ենթադրում, բայց վերջին շրջանում ոնց որ ժամանակը կանգնած լինի: Մի տեսակ շատ չի՞ կրկնւում ամէն ինչ:
- Կարծես, աշխարհն ինքն էլ է ծերացել, ինքն էլ մեզ նման զբաղւած է աւելի շատ վերլուծելով, քան յայտնագործութիւններով: Քաղաքակրթութեան այն աստիճանին, որին հասել է մարդը, նիւթական կառոյցների վիճակը չի բաւարարում, այսինքն՝ նիւթական կառոյցներն էլ են ծերացել, եւ հիմա փոփոխութեան խնդիր է առաջացել: Քանի որ նորը քիչ է նշմարւում, մեզ թւում է՝ կրկնւում է, իսկ կրկնութիւնից վատ բան չկայ: Եթէ քո կեանքի պատմութիւնը կրկնւում է, նշանակում է՝ սխալ ես ապրել: Պատմութիւնը պէտք է շարունակւի, ոչ թէ կրկնւի, եթէ կրկնւում է, նշանակում է՝ մենք մեր սխալների դասերը լաւ չենք առել:


- Մեզնից դուրս, մեզնից չկախւած շա՞տ բան կայ:
- Անշուշտ: Ճիշտ է, մենք շատ հարցերում ասում ենք՝ մենք պէտք է պինդ լինենք, կարեւորը մենք ենք, բայց մեզնից դուրս ուժեր կան, հոսանքներ եւ երեւոյթներ: Այդ ինչքա՞ն հզօր պէտք է լինես, որ կարողանաս այդ ամենին դիմակայել: Մեծ ազգերն անգամ չեն կարողանում դիմակայել դրանց, չնայած պէտք էլ չէ արդարացնել մեր թերութիւնները: Կարեւորը քո՝ պատրաստ լինելն է ամէն ինչին, ի վերջոյ, փոքրին էլ փոքր դիմակայութիւնների առջեւ է կանգնեցնում կեանքը: Մենք, մենք պէտք է լինենք, չդաւաճանենք մեզ, որ կարողանանք դիմակայել նրան, ինչ մեզնից դուրս է: Անակնկալ երեւոյթներ միշտ էլ պատահում են, եթէ կարողանանք դրանց պատրաստ լինելու չափ հզօր լինել՝ կեանքը հիասքանչ կը լինի, բայց բանն էն է, որ մեզ յատուկ, մեզ տրւած խոչընդոտներին դիմադրելուն դեռ կարգին պատրաստ չենք, ուր մնաց՝ պատահականութիւններին դիմադրենք: Այ, է՛ս է ցաւը:


- Երջանկութեան պահը կարողանո՞ւմ ենք որսալ, քանի որ այնպիսի տպաւորութիւն է, որ սոցիալական խնդիրները երջանիկ պահերից էլ են կտրում, ասենք՝ երեխայիդ առաջին քայլի, լաւ գիրք կարդալու հաճոյքը վայելելուց:
- Ես ցաւով եմ նայում այդ երեւոյթին, որն, այո, գոյութիւն ունի: Այս մասսայական ինֆորմացիաները, «ֆէյսբուք»-ները խուճապային այն տրամադրութիւնը, որ մեր երկրում ինչքան ժամանակ է գոյութիւն ունի, իրօք, մարդու կողքից երջանկութեանն անցնել են թողնում: Անընդհատ քեզ գցում են եռուզեռի մէջ, եւ երջանկութեան պահերի /ի դէպ, այո, դրանք պահեր են լինում, երկար չեն տեւում/ վայելքը սկսում է պակասել: Մարդն իր երեխայի առաջին բառով ուրախանալու եւ այդ պահն ապրելու պահը բաց է թողնում: Օրւայ մէջ այնքան փորձանք կարող է պատահել, բայց դու պէտք է ունենաս երջանկութեան պահը որսալու յատկութիւն, որ մնացած դժւարութիւնները յաղթահարես: Երջանկութեան պահերը, բարեբախտաբար, ես չեմ կորցնում. անձնական կեանքս այնպէս է դասաւորւել, որ գոնէ մանկութեան հետ յարաբերւելու երջանկութիւնն ունենում եմ՝ տանը 4 տարեկան թոռնիկ ունեմ, որի ամէն մի շարժումն ինձ երջանկութիւն է պատճառում: Ամէն երեխայի հետ մեր լեզուն եւ մտածողութիւնը թարմանում է: Երջանկութեան պահերի համար շատ առիթներ կան, ուղղակի դրանք օգտագործել է պէտք: Կեանքը միայն այն չէ, ինչ այսօր տեսնում ենք, մանաւանդ՝ բոլորս էլ անգիր գիտենք վատ դէպքերի հերթականութիւնը: Այդ ինֆորմացիայի դէմ հէնց մեր երջանկութեան պահերն է պէտք աւելացնել: Ուրիշ կերպ հնարաւոր չէ, մարդը չի դիմանայ: Երկրի սխալ իշխանութեանը, սխալ քաղաքականութեանը, իշխանութիւնների թերութիւններին ու յանցագործութիւններին կը դիմանաս, բայց երջանկութեան պահերի կորստին չես դիմանայ:


- Վերջերս քաղաքացիական հասարակութիւն ունենալու ծիլերը սկսել են հասունանալ: Յոյսներս ինչի՞ վրայ պէտք է դնենք՝ քաղաքացիական հասարակութեան գոյութեա՞ն, թէ՞ այս կամ այն կուսակցութեան կամ իշխանութեան ներկայացուցչի:
-Ես վաղուց եմ քաղաքացիական հասարակութեան ձեւաւորման եւ կայացման կոչն արել: Հասարակարգի փոփոխման համար դա շատ կարեւոր է: Այս վերջին հանրահաւաքը, որ կազմակերպել էին «Դէմ եմ պարտադիր կենսաթոշակայինին» երիտասարդները, շատ ուրախացրեց: Եթէ ոտքս չցաւէր, ես այնտեղ կը լինէի: Ես տեսայ, որ այս տղերքը խօսել գիտեն, համարձակ են, առողջ, նպատակասլաց, աչալուրջ: Երբ կուսակցական ընկերներից մէկն իր կոչն արեց, նրանք տեղնուտեղը խլացրին վերջնիս ձայնը՝ վանկարկելով իրենց կոչը՝ դա ինձ շատ դուր եկաւ: Առողջ մտածող երիտասարդներ են, եւ ոչ թէ նրա համար, որ ամբիցիայի համար են կռիւ տալիս, այլ գիտակցում են՝ սա մեր շարժումն է, մենք մեր կոչով ենք եկել, ձեր քաղաքական եւ կուսակցական կոչը մի խառնէք այս ամենին: Ուզում եմ՝ յանկարծ չխանգարեն նրանց, միայն այս շարժման զարգացումն է փրկելու երկիրը, կուսակցութիւններին թարմացնելու եւ զգօնութեան կոչ անելու:


- Այն, ինչ կատարւում է, չի՞ փաստում, որ մեր վերեւները ոչ միայն քաղաքացու պատրաստմանը չեն նպաստում, այլ, կարծես, ամէն գնով ցանկանան ճնշել անհատին, անհատականութեանը:
- Ինձ թոյլ չեմ տայ ասել, թէ դիտմամբ է արւում, քանի որ, եթէ այդպէս մտածեմ, պէտք է աւտոմատն առնեմ ձեռքս ու գնդակահարեմ ոմանց: Բայց, ցաւօք, արւած քայլերը ցոյց են տալիս, որ անհատի զարգացմանը նպաստելու փոխարէն աւելի են խանգարում: Ոչ մի հնարաւորութիւն չի ստեղծւում, որ տաղանդը կարողանայ իրեն դրսեւորել, ի վերջոյ, հօ անշնորհք ազգ չե՞նք: Մենք էն քրջոտ ազգերից չենք, որ տաղանդի ծննդի պակաս ունենայ: Մտաւորականութեան կարկառուն ներկայացուցիչները բոլորը սովետի շրջանից են, իսկ նրանք, քանի գնում է՝ տարիքի, կեանքի անտանելիութեան հետ կապւած, հերթով «գնում» են: Սակայն անկախութեան սերնդի տաղանդաւոր ներկայացուցիչներ էլ ունենք, բայց ո՞վ է գնահատում, արժեւորում նրանց, որ այս բացը լցնեն: Երբ թերթում էի աշխատում, Համօ Սահեանի հետ ընկերութիւն էինք անում, նա մեր խմբագիրն էր: Ամէն շաբաթ մէկ-երկու բանաստեղծական շարք էր գրում, եւ դէմքից էլ էր երեւում, որ նոր բան է գրել: Բարձրանում էինք Մոնումենտի ռեստորաններից մէկը, ընթերցում, քննարկում դրանք: Պետութեան հիմքը պէտք է մշակոյթը լինի, առանց մշակոյթի կը չորանան միւս բոլոր յաջողութիւնները: Միգուցէ միստիկ հնչի, բայց մեր բոլոր անյաջողութիւնները մշակութային գործօնի պակասից են գալիս:


- Մշակութային քաղաքականութի՞ւն չունենք, թէ՞ նրանց, ովքեր կարող են ինչ-որ բան անել, հնարաւորութիւն չի տրւում:
- Վերեւները հեռու են մշակոյթից, անտեղեակ են, բացի յոբելեանական նշանաւոր դէպքերից, ոչնչի մասին տեղեակ չեն, եւ միայն այդ ժամանակ կարող ես տեսնել երկրիդ ղեկավարին մշակութային միջոցառման մասնակցելիս: Սովորութիւն է դարձել՝ ինչ միջոցառման նախագահը մասնակցում է, միւսները նոյնպէս գնում են, իսկ եթէ նախագահը չկայ, միւսներն էլ չկան: Միթէ նրանց չի՞ հետաքրքրում՝ ինչ է կատարւում էս երկրում: Լաւ, եթէ քեզ չի էլ հետաքրքրում, վաղ, թէ ուշ, պէտք է գալու՝ միգուցէ երբ ժողովրդի հետ հանդիպման գնաս, 1-2 տող միգուցէ մէջբերում անես լսածիցդ:


- Վերջ: Աւելացնելու բան ունէ՞ք:
- Չէ, մնացածն էլ թող մնայ յետոյ:

Զրոյցը վարեց
ԿԱՐԻՆԷ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆԸ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։