Հա

Հասարակական

20/12/2016 - 09:10

ԱԿՆԱՐԿ - Պահենք ու գուրգուրանք Հայ Մշակոյթը՝ գիրն ու գրականութիւնը...

Հայ Մշակոյթը հայ կեանքի արեւն է:
Հայ Մշակոյթը հայ կեանքի յաւերժութիւնն է:
Հայ Մշակոյթը հայ կեանքի հացն ու ջուրն է:
Իմ ճամբորդութիւնը Թեհրան զուգադիպեց Սրբոցն Թարգմանչաց կամ ինչպէս ընդհանրացած է՝ Մշակոյթի օրւայ տօնակատարութեանց: Այս տարի 2016-ի տօնը հինգշաբթի, հոկտեմբերի 6-ին էր:

Ռ. ԿՈՐԻՒՆ


Հայ Մշակոյթը հայ կեանքի արեւն է:
Հայ Մշակոյթը հայ կեանքի յաւերժութիւնն է:
Հայ Մշակոյթը հայ կեանքի հացն ու ջուրն է:
Իմ ճամբորդութիւնը Թեհրան զուգադիպեց Սրբոցն Թարգմանչաց կամ ինչպէս ընդհանրացած է՝ Մշակոյթի օրւայ տօնակատարութեանց: Այս տարի 2016-ի տօնը հինգշաբթի, հոկտեմբերի 6-ին էր: Ընդհանրապէս հոկտեմբեր ամսւայ ընթացքում յիշատակելի միջոցառումներով պանծացւում են Թարգմանիչների փաղանգը, հայ տառերի ստեղծարար Մեսրոպ Մաշտոցի եւ Սահակ Պարթեւի աշակերտները՝ Մովսէս Խորենացի Պատմահայրը, Եղիշէ Պատմիչը, Եզնիկ Կողբացին, Ղազար Փարպեցին, Դաւիթ Անյաղթը, Կորիւն Սքանչելին, Ղեւոնդ Վարանդեցին եւ ոսկեշղթան շարունակւող երախտաւորները, որոնք կերտեցին հինգերորդ դարի Ոսկեդարը: Առանձին օրով, յունիսի վերջը կամ յուլիսի սկիզբը տօնւում է Մեսրոպ Մաշտոցի եւ Սահակ Պարթեւի՝ զոյգ լուսաւորիչների յիշատակը: Աստւածաշնչի թարգմանութիւնը իրկանացաւ Սահակ Պարթեւի 30 տարիների տքնաջան աշխատանքով եւ ջանքերով, որն ստացաւ «Թագուհի Թարգմանութեան» վսեմ կոչումին:
Արդէն իսկ գիշերւան քնելուս պահին հաստատապէս որոշեցի ներկայ գտնւել ս. պատարագին անւանակոչեալ՝ Սրբոցն Թարգմանչաց եկեղեցում, իսկ միտքս տարածւեց հայ ժողովրդի պատմութեան բաւիղներում՝ տառապանքներ, չարչարանքներ, պարտութիւններ, սխրագոծութիւններ, ջարդ ու կոտորած, հայրենեաց տարածքների կորուստ եւ սփիւռքեան հայ կեանքի ինքնութեան անտարբերութիւն: Այս բոլոր արհաւիրքների պատճառը ում վերագրել, ո՞ր մէկը թւել…: Արդարեւ, եթէ չունենայինք հրաշագործ մտքի, բանի, խօսքի աստւածատուր մարդիկ, որոնք ի սէր հայ ազգի յարատեւութեան՝ կերտեցին ու արարեցին ժայռակուռ հիմքերի վրայ դնելով մեր ոսկեզօծ ու ոսկեհունչ տառերը, մեր դպրութիւնն ու գրականութիւնը եւ թարգմանչական՝ արւեստը, առանց նրանց այսօր հայը չէր լինի, նրան պատմութեան էջերում պիտի փնտրէինք, փառք նրանց, որ իրենց մարգարէական հեռատեսութեամբ հային, հայ դպրութեան ու մշակոյթին անմեռ շունչ տւին:
161220e02aԳեղեցիկ աշուն, գեղեցիկ օր, արեւի գաղջ շողերի ներքոյ տնից քայլելով ուղղւեցի դէպի եկեղեցի Սասուն քաղաքամասում: Իրանի յեղափոխութեան օրերին երեք թաղեր՝ Նարմաք, Զարքեշ եւ Վահիդիէ հայերով բնակեցւած՝ հայկական անունով երեքը միատեղ անպաշտօն կոչւեց՝ Սասուն: Ճամբաս անցնում էր փողոցներով՝ անհաշիւ կառուցւած բազմայարկ շէնքերով: Անցեալում հայերով բնակեցւած Սասուն քաղաքամասը հայկականութեամբ էր մատնանշւում, հայկական շունչն էր թեւածում, հայ երեխաների խաղի կանչ ու աղաղակ, դարպասների առաջը հայ տատիկների ու պապիկների պարապ վախտի զրոյցներ, սակայն արտագաղթած հայերին փոխարինել են պարսիկ հայրենակիցներ, ոչ նախկինի համրանքով, միայն մի քանի հայկական դպրոցներ, սակայն դեռ համայնքը բազմամարդ է, կառչած՝ իր հայկականութեան՝ կեանք է ապրում վառ յոյսերով:
Եպիսկոպոսական պատարագ էր մատուցւում առ ի փառաբանութիւն Ս. Թարգմանիչներին, պատարագիչն էր Թ. Հ. Թ.-ի առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Եկեղեցու զանգերը դինգ-դանգ, դինգ-դանգ ղօղանջել սկսեցին, աւետելով Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ… շարականի քաղցրահունչ երգեցողութիւնը, խորհրդաւոր մթնոլորտ, առ Աստւած աղօթելու եւ մեր Սրբոցն Թարգմանիչների բարեխօսութիւնը խնդրելու մեր հաւատքի զօրացման, մեղքերի քաւութեան, աշխարհի խաղաղութեան, հայ ժողովրդի բարօրութեան եւ Հայաստան աշխարհի հզօրացման:
Սրբազան Հայրը իր քարոզում մեկնաբանեց եւ հակիրճ ու դիպուկ անդրադարձաւ Թարգմանիչների հրաշագործ փրկարար դերին ու առաքելութեան, հայ ժողովրդին լոյս եւ յարատեւութիւն բերելով: Նա նկատողութիւն դարձրեց երեւակայական այն արտայայտւողների ճոռոմ եւ ամպագոռգոռ ներբողականներին ասելով՝ Թարգմանիչները կարօտ չեն այդպիսի խօսքերի, նրանց կատարածը ինքնըստինքեան գովւած եւ փառաբանւած է, նրանք իւրաքանչիւրիցս աշխատանք են պահանջում հայրենիքի, հայութեան, մշակոյթի եւ արւեստի հարստացման ճամբին: Սրբազան Հայրը դժգոհութիւն յայտնեց դպրոցականների բացակայութիւնից եկեղեցում, ասելով՝ Թարգմանչաց տօնը պաշտօնապէս արձակ է յայտարարւած դպրոցներում, որպէսզի դպրոցին ծառայողները աշակերտութեան առաջնորդեն դէպի եկեղեցի, ոչ թէ նրանց արարողութիւնից անմասն թողնեն: Պատարագի աւարտին հիւրասիրութիւն էր կազմակերպւած Եկեղեցու խորհրդի կողմից, հոծ ներկայութեամբ ուսուցիչների, ծնողական խորհուրդների եւ հրաւիրեալների: Գնահատանքի արժանի ելոյթներ եւ գեղարւեստական գովելի կատարումներ եղան: Սրբազան Հօր փակման խօսքում մտահոգութիւն նկատւեց մեր մատաղ սերնդի հայեցի դաստիարակութեան հարցում՝ «Հեռանում ենք մեր արմատներից եւ մենք խորթանում ենք մեր ինքնութեան հետ» արտայայտութեամբ: Այս մտահոգութիւնը առաւել նշմարելի է արեւմտեան երկրներում, որը ուշադրութեան պէտք է յանձնւի բոլորին՝ պատասխանատուներին, ղեկավարներին եւ ծնողներին:
161220e02bԱրեւմտեան երկրներում պետութիւնները հսկայական գումարներ են ծախսում իրենց ազգային լեզուները օտարներին սովորեցնելու համար, իսկ մենք առանց գումար ներդնելով եւ գոհանալով դպրոցների, շաբաթօրեայ եւ կիրակնօրեայ մի քանի ժամերով, ուզում ենք մեր երեխաները մաքուր հայերէն խօսեն, գրեն եւ մեր մշակոյթին կապւած մնան, էդ քանի ժամերի համար էլ գումար են գանձում. կան շատ ու շատ ծնողներ, որ ձեռնահասութիւն չունեն այդ դասընթացներին, ուստի պատահում է այն, ինչ ասում ենք՝ խորթ են մնում մեր ինքնութեան հետ:
Սփիւռքը պէտք է լուրջ մտածի, այդ սպեղանի մի քանի ժամերով եւ սակաւ հայերով հայութիւն չի կարելի պահել, կարիք եւ անհրաժեշտութիւն է հիմնադրամ կեանքի կոչել, շաբաթօրեայ եւ կիրակնօրեայ դասընթացները դարձնել ձրի կամ թողնել վճարումը կամաւոր ծնողների կողմից, ապա խտասալիկներ եւ բրոշուրներ պատրաստել, ձրիաբար տրամադրելով բոլոր ծնողներին՝ հեռու եւ մօտիկ, առ ի տեղեկութիւն հաղորդակցական միջոցներով յայտարարելով: Եթէ մտահոգ ենք եւ մտածում ենք հայապահպանման մասին, պէտք է գումար ծախսել եւ առողջ ու գործնական միջոցներ խորհել, ոչ թէ մտածենք եկամուտ քաղել եւ դրամ շահել:
Տօնի առիթով հոկտեմբերի 19-ին գրքերի ցուցահանդէս էր կազմակերպւած Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու շրջափակում, հոծ թւով հանդիսականների ներկայութեամբ ու առաջնորդ Սրբազանի նախագահութեամբ: Գրքերի ցուցահանդէսի հիմքը դրել է առաջնորդ Սեպուհ Սրբազանը. տարբեր օրերով կատարւում է քաղաքամասերի եկեղեցիներում դպրոցների աշակերտութեան եւ ուսուցիչների ներկայութեամբ: Սա 14-րդ ցուցահանդէսն էր, որտեղ տեղի ունեցաւ գեղարւեստական ճոխ ծրագիր եւ ելոյթներ, փակման խօսքն արտասանեց Սրբազան Հայրը, ապա մօտեցան սեղանների վրայ շարւած տարբեր բովանդակութեամբ գրքերը դիտելու, այնուհետեւ տեղի ունեցաւ համեստ հիւրասիրութիւն:
Ներկայ գտնւեցի Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրում, Մշակոյթի տօնի առիթով ձեռնարկին, որը տեղի ունեցաւ հոկտեմբերի 21-ի երեկոյեան, նախագահութեամբ առաջնորդ Սրբազանի, հոծ թւով հրաւիրեալների եւ ժողովրդի ներկայութեամբ: Գովաբանելի ճոխ հանդէս՝ խմբական երգերով, մեներգերով, արտասանութիւններով եւ ճկունազարդ պարերով ու Հայ Մշակոյթը դրւատող խօսքերով: Փակման արտայայտութեամբ ելոյթ ունեցաւ առաջնորդ Սրբազան Հայրը, վեր հանելով Թարգմանիչների մեծ ու անփոխարինելի դերը հայի ու հայրենիքի կեանքում, ապա եզրակացնելով խօսքն ասաց. «Այս տօնակատարութիւնները պէտք է սթափեցնեն մեզ իւրաքանչիւրիս մեր օջախները ջերմացնելու, մեր մշակութային անաղարտ ոգով»: Այնուհետեւ հանդիսականները Սրբազան Հօր գլխաւորութեամբ առաջնորդւեցին մի առանձին մեծ սրահում կազմակերպւած կերպարւեստի վարպետ եւ համալսարանի նկարչութեան դասախօս Ժորժ Հայրապետեանի շուրջ հարիւր նկարների ցուցահանդէսին՝ որը արժէքաւոր գործեր եւ գնահատելի աշխատանքի արգասիքն էր: Այնուհետեւ ներկաները հիւրասիրւեցին:
Մշակոյթի տօնը Թեհրանում առաւել շուք եւ փայլ է ստանում ուսուցիչների մեծարանքին նւիրւած հանդէսով՝ գեղարւեստական բարձրարւեստ կատարումներով, որն աւանդական սովորութիւն է դարձել: Այդ հանդէսին ներկայ էին համայնքիս վարչական կոլեգիան, հանդերձ հայկական դպրոցների ծառայողական անձնակազմերի եւ հրաւիրեալների, առաջնորդ Սրբազանի հովանաւորութեամբ: Գնահատանքի են արժանանում հանգստի կոչւած հայ ուսուցիչները եւ պարգեւատրւում, ապա ներկաները հիւրասիրւում են:
Մշակոյթի հանդիսութեանց մէկ պտղունցը ներկայացւեց, այն, ինչին, որ ներկայ էի գտնւել, ուսուցիչներին նւիրւած հանդէսի մասին տպաւորութիւնս էր, իմ անցեալի թարմ յուշերից:
Ահաւասիկ, Թեհրանում այսպիսի ջանասիրութեամբ ու բծախնդրութեամբ կազմակերպում եւ տօնում են մեր մշակոյթի տօնը:
Վարձքները կատար:

Նոյեմբերի 30, 2016 թ.
Սանլանդ,
Լոս Անջելէս

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։