Հա

Հասարակական

30/04/2017 - 18:40

Հայրիկը խորհրդաւոր ժպիտով ժպտում է մեզ. Թաթուլ Կրպէյեանի անւան զբօսայգում բացւեց հերոսի կիսանդրին

«Մենք չենք, որ արդարութիւն ենք մատուցում Թաթուլ Կրպէյեանին, այլ ինքն է, որ հերթական անգամ իր օրինակով մեր սերունդներին ասում է, որ Հայաստանի հողն անառիկ է, պետութիւնն ամուր, իսկ մեր ապագան միշտ պայծառ։ Շնորհակալութիւն, Թաթուլ»,- կիսանդրու բացման արարողութեան ժամանակ ասաց ՀՀ պաշտպանութեան նախարարը:

«alikonline.ir» - Երեւանում այսօր՝ ապրիլի 30-ին, բացւել է Ազգային-ազատագրական պայքարի նւիրեալ, պատմաբան, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպէյեանի կիսանդրին: Տեղեկացնում է «news.am»-ը:

Այս առիթով, ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանն իր խօսքում, մասնաւորապէս, նշել է. «Ասում են՝ այդքան կարեւոր չէ, թէ քանի օր կայ մարդու կեանքում, որքան կարեւոր է, թէ ինչքան կեանք կայ մարդու ապրած իւրաքանչիւր օրւայ մէջ: Իւրքանչիւր ժողովրդի պատմութեան մէջ լինում եմ պահեր, երբ կենաց-մահու կռիւը միակ այլընտրանքն է անպատիւ կործանման։ Եթէ շատերի համար դա ինքնաբուխ, պահի թելադրանքով ընդունւած որոշումներ էին, ապա ԽՍՀՄ բանակում ծառայելուց յետոյ պատմաբանի մասնագիտութիւն ընտրած եւ հայրենի գիւղում պատմութեան ուսուցիչ աշխատող Թաթուլ Կրպէյեանի համար խորը գիտակցւած իմաստնութիւն էր։ Որ հայերնի հողի ամէն թիզի համար պէտք է կռւել եւ անգամ սեփական կեանքի գնով պատրաստ լինել հատուցելու։ Դրանում հսկայական տարբերութիւնն է սխրանքի, խիզախութեան եւ հերոսութեան։ Հերոսութեան իրական բնորոշումը իմացեալ մահից անվախութիւն է, իմացեալ մահին պատրաստ լինելը՝ հասկանալով, որ դա միակ ուղին է։ Պարտադիր չէ զոհւել, այլ պատրաստ լինելն է կարեւոր։

Մենք չենք, որ յարգանքի տուրք ենք մատուցում հերոսներին։ Այդ նրանք են, որ թոյլ են տալիս, որ նոյնիսկ մահւանից յետոյ իրենց ապրած կեանքով իամաստաւորել մեր ինքնութիւնը։

Մենք չենք, որ արդարութիւն ենք մատուցում Թաթուլ Կրպէյեանին, այլ ինքն է, որ հերթական անգամ իր օրինակով մեր սերունդներին ասում է, որ Հայաստանի հողն անառիկ է, պետութիւնն ամուր, իսկ մեր ապագան միշտ պայծառ։ Շնորհակալութիւն, Թաթուլ»,- ասաց ՀՀ պաշտպանութեան նախարարը:

Իր հերթին Թաթուլ Կրպէյեանի դուստրը՝ Ասպրակ Կրպէյեանն իր խօսքում շնորհակալութիւն յայտնեց քանդակագործ Լեւոն Թոքմաջեանին՝ նշելով. «Նա, ոգեշնչւած Թաթուլ Կրպէյեան հերոսի կերպարով կերտեց նրան արժանի քանդակ։ Սիրելի վարպետ, ձեր բարձր արւեստի շնորհիւ այսօր հայրիկիս կիսանդրին վեր է խոյանում իրեն բնորոշ խրոխտութեամբ եւ վեհութեամբ։ Անշունչ քարը Ձեր ձեռքերով կարծես շունչ է ստացել եւ հայրիկը խորհրդաւոր ժպիտով ժպտում ու զրուցում է մեզ հետ»։

Նշենք, որ Թաթուլ Կրպէյեանի կիսանդրու բացման արարողութեանը ներկայ էին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարեանը, ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգեն Սարգսեանը, ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Լեւոն Մկրտչեանը, ՀՀ մշակույթի նախարար Արմէն Ամիրեանը, ՀՀ զինւած ուժերի գլխաջոր շտաբի պետ Մովսէս Յակոբեանը:

Թաթուլ Կրպէյեանը զոհւել է 1991 թւականի ապրիլի 30-ին։ Նրան ազգային հերոսի կոչում է տրւել 1996 թւականին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։