Հա

Հասարակական

08/07/2018 - 14:30

Յեղափոխութեան իրական յաղթանակը

Հասարակութեան որոշ մասը, յուսանք մեծամասնութիւնը, ոգեւորւած է յեղափոխութիւնից յետոյ նոր իշխանութիւնների կողմից իրականացւող կոռուպցիոն բացայայտումներով։ Բոլորն անհամբեր սպասում են նոր, աղմկոտ բացայայտումների։ Յուսանք, վերջապէս, իրական ջանքեր կը ներդրւեն կոռուպցիան արմատախիլ անելու ուղղութեամբ։

ԱՒԵՏԻՔ ԻՇԽԱՆԵԱՆ

 

Հասարակութեան որոշ մասը, յուսանք մեծամասնութիւնը, ոգեւորւած է յեղափոխութիւնից յետոյ նոր իշխանութիւնների կողմից իրականացւող կոռուպցիոն բացայայտումներով։ Բոլորն անհամբեր սպասում են նոր, աղմկոտ բացայայտումների։ Յուսանք, վերջապէս, իրական ջանքեր կը ներդրւեն կոռուպցիան արմատախիլ անելու ուղղութեամբ։

Թերեւս կոռուպցիայի ոլորտի մասնագէտներն աւելի յստակ ձեւակերպում տան կոռուպցիա եզրոյթի եւ երեւոյթի մասին։ Սակայն, ուզում եմ անդրադառնալ այլ հանգամանքի։ Թրանսփարենսի Ինթերնեշնալ հակակոռուպցիոն կազմակերպութեան զեկոյցներում տարբեր ցուցանիշներով ներկայացւում են կոռուպցիայի մակարդակն այս եւ այն երկրներում։ Բայց կարծես ուսումնասիրութիւն կատարւած չի, թէ տւեալ երկրում կոռուպցիայի նկատմամբ ինչպիսի՞ն է հանրութեան վերաբերմունքը՝ հանդուրժողականութեան, այն արդարացման տեսանկիւնից։ Ենթադրում եմ, որ հայ հասարակութիւնը, իր մեծամասնութեամբ բացասաբար չի վերաբերւում կոռուպցիային։ Եւ սա կարծում եմ նոր երեւոյթ չի։

Յիշում եմ խորհրդային տարիներին մեր՝ Շինարարների խրուշչովեան շէնքում ինչպիսի ակնածանքով էին վերաբերւում, յարգում եւ խոնարհւում մսամթերք առաքողի, շինաշխղեկի, եւ յատկապէս դատախազի առջեւ, որոնք ինքնավստահ եւ մեծամիտ հայեացքով քայլում էին բակով եւ շրթունքների թեթեւ շարժումով շնորհ անում նկատել հարեւաններին, մինչեւ 21-ը, հետագայում՝ 06-ը կամ 24-ը նստելը։ Չէ՞ որ բոլորս ենք լսել նմանատիպ արտայայտութիւններ. «զատօ ընտանիքը լաւ ա պահում», «բա, պարզ չի՞, իշխանութիւնը պէտք է լաւ ապրի․․․ բայց չափի մէջ», «կոմունիստներն էլ էին ուտում, բայց չափ կար, մի բան էլ մեզ էր հասնում, սրանք չափ չունեն», եւ այլն: Եւ, արդեօ՞ք, անկեղծ է հանրութեան զայրոյթը իշխանութիւնների կոռուպցիայի նկատմամբ, թէ՞ ընդամենը չարութիւն, որ իրենք, իրենց հարազատներով ներգրաււած չեն եւ չեն եղել դրանում։ Չգիտեմ, չեմ պնդում։ Յամենայն դէպս, այսօր որոշակի յոյսեր են արթնանում, որ իրավիճակը կը փոխւի։

Բայց․․․բայց, արդեօ՞ք, կոռուպցիան միայն հանրային միջոցների ստւերային (պետական գնումներ, «ատկատներ», նւիրատւութիւններ, տօնական օրերին, եւ ոչ միայն՝ պաշտօնեաների ծառայողական մեքենաները դելիկատեսներով եւ տարբեր ապրանքներով բեռնելը, շահերի բախում՝ ծանօթ, ազգական եւ այլն, կաշառք) վատնումն ու իւրացումն է:

Արդեօ՞ք կոռուպցիան Հայաստանում նաեւ օրինական հիմքեր չունի, նկատի ունեմ՝ օրինականացւած կոռուպցիան։

ԽՍՀՄ-ում կոմունիստա-կոմերիտա-մտաւորական, ուռճացւած նոմենկլատուրան, թերեւս ոչ այնքան բարձր աշխատավարձ էր ստանում, որքան՝ օրէնքով բազմաթիւ եւ բազմապիսի արտօնութիւններից էր օգտւում՝ կառավարական առանձնատներ, հանգստեան տներ, արտասահմանեան ուղեգրեր, ծառայողական աւտոմեքենաներ (պոդաւատ) եւ այլն։ 1990-91 թթ․ իշխանափոխութեան հետեւանքով, այդ նոյն արտօնութիւնները ժառանգեցին նոր, իրենց ժողովրդավարական հռչակած քաղաքական ուժերը, ովքեր ոչ միայն չհրաժարւեցին դրանցից, այլեւ նախկիններից աւելի շատ սկսեցին հոգալ իրենց անձնական, ընտանեկան բարեկեցութեան եւ անվտանգութեան մասին, մեկուսանալով այն նոյն ժողովրդից, որի օժանդակութեամբ եւ անվերապահ աջակցութեամբ հասան իշխանութեան։

Դիպուկ է նկատել Ռ․ Հախվերդեանը․

Նոր տէրերի մօտ դեռ խրախճանք է,

Նոր տէրերը դեռ չեն կշտացել,

Հին տէրերի մօտ անհուն զարմանք է,

Թէ նորերն ինչքան են յղփացել:

Նոր էր Լեւոն Տէր-Պետրոսեանը ընտրւել ՀՀ Գերագոյն խորհրդի նախագահ, նրա առաջին քայլը ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ Կրիւչկովից զրահապատ Մերսեդես-Բենց մակնիշի աւտոմեքենայ խնդրել եւ ստանալն էր։ Ներդրւեց նաեւ, այսպէս կոչւած թիկնապահների ինստիտուտը։ Եւ ամէն իրեն յարգող պաշտօնեայ, խոշոր գործարար (որպէս կանոն սրանք համընկնում են), նրանց կանայք, սիրուհիները եւ երեխաները պէտք է շրջէին շքեղ ծառայողական մեքենաներով, անտարբեր, երբեմն սարսափազդու թիկնապահների ուղեկցութեամբ: Ի դէպ, ծառայողական աւտոմեքենաներից չեն խորշում նաեւ մեր քաջարի ընդդիմադիրները։

1998 թ․ պալատական յեղաշրջումից յետոյ, ԱԺ նորընտիր նախագահ Խոսրով Յարութիւնեանը ծառայողական աւտոմեքենաներ տրամադրեց նաեւ ԱԺ խմբակցութիւններին, եւ ընդդիմադիր խմբակցութիւնները մեծ հաճոյքով ընդունեցին իշխանութեան կողմից տրամադրւած օրինական կաշառքը։ Նոյնիսկ Երեւանի քաղաքապետարանի հասարակական հիմունքներով աշխատող ընդդիմադիրները չեն խորշում, իրենց կողմից խարազանւող Տարօն Մարգարեանի կողմից տրամադրւած ծառայողական աւտոմեքենաներից օգտւելուց։

Վերջերս հրապարակւեց, որ Հայաստանում, կարծեմ 1200 ծառայողական աւտոմեքենաներ կան։ Բացարձակապէս անհասկանալի է, կարո՞ղ էք բացատրել, թէ օրինակ, ինչի՞ համար են պէտք ԱԺ-ի պաշտօնեաներին, բազմաթիւ նախարարութիւններին, գերատեսչութիւններին տրամադրւած շքեղ ծառայողական աւտոմեքենաները։ Եւ ընդհանրապէս, արդեօ՞ք, Հայաստանին պէտք են 17 նախարարութիւններ, իրենց նախարարներով, տեղակալներով, աշխատակազմի ղեկավարներով, խորհրդականներով, օգնականներով եւ նոյն ծառայողական աւտոմեքենաներով։ Կառավարութեան կառուցւածքն ընդունւել էր անձամբ Սերժ Սարգսեանի ցանկութեամբ եւ հրահանգով։ Սովոր լինելով 10 տարի ամենակարող նախագահական լիազօրութիւններին, նա ցանկանում էր նոյն լիազօրութիւններով «աշխատել» վարչապետ, շարունակելով գահակալել Բաղրամեան 26-ում, կից ունենալով Ոստիկանութեան եւ Ազգային անվտանգութեան ծառայութիւնները, իսկ ընթացիկ աշխատանքները պէտք է իրականացնէին ու պատասխանատւութիւն կրէին արհեստականօրէն ներդրւած փոխվարչապետները։

Ուռճացւած պետական համակարգը ստեղծւած էր բաւարարելու բազմաթիւ ՀՀԿ-ական, ինչպէս նաեւ արբանեակ կուսակցութիւնների անդամների, այլ իւրայինների, նրանց հարազատների ախորժակը։ Ի՞նչ փոյթ, որ այդ ֆունկցիոներներից քչերն էին պիտանի մասնագէտներ, մնացածը թէեւ ոչ այնքան բարձր աշխատավարձի համար էին «գնում աշխատանքի», այլ՝ ոչինչ չանելով գլուխ էին պահում։ Եւ ու՞մ հաշւին․․․ Արդիւնքում ՀՀ պետական պարտքը հասել է ահռելի չափերի, ոչ միայն ստւերային կոռուպցիայի, այլեւ հանրային միջոցները ոչ արդիւնաւէտ մսխելու հետեւանքով։

Եւ ինչպէս, խորհրդային նոմենկլատուրայի համար նախատեսւած արտօնութիւնները ժառանգեց ՀՀՇ-ն, այնպէս էլ Սերժ Սարգսեանի անձնական իշխանութեան համար ստեղծւած համակարգը փոխանցւեց յեղափոխականներին ՝ Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ։

Կունենա՞ն, արդեօք, քաղաքական կամք նոր իշխանութիւնները հրաժարւելու նախորդների կառավարման համակարգից։ Հասարակական կարծիքի փոփոխութեան, հասարակութեանը կրթելու համար, կարծում եմ ամենակարեւորը իշխանութեան ներկայացուցիչների անձնական օրինակն է։ Այսօր, յեղափոխութեամբ իշխանութեան եկած պաշտօնեաների վրայ հսկայական պատասխանատւութիւն է դրւած։ Եւ յեղափոխութեան իրական յաղթանակը կարելի է արձանագրել, եթէ նոր իշխանութիւնն իր օրինակով, նաեւ մեր հասարակութեան մտածողութեան յեղափոխութիւն իրականացնի։ Իսկ գայթակղութիւնը կարող է ․․․ Օրինականացւած կոռուպցիայից դէպի ստւերային, կէս քայլ է։ Յուսանք, որ նախորդ դառը փորձը չի կրկնւի։

Կարելի է, ոչ այնքան ստոյգ մասնագիտական հաշւարկ անել, թէ քանի՞ նախարարութիւն լիովին կը բաւարարի Հայաստանի կառավարման համակարգին․ 1. Ներքին գործերի (ոստիկանութիւն, տարածքային կառավարում, արտակարգ իրավիճակներ, գուցէ ազգային անվտանգութիւն), 2. Պաշտպանութեան, 3. Արտաքին գործերի, 4. Կրթութեան, գիտութեան, 5. Մշակոյթի, սպորտի, երիտասարդութեան, 6. Տնտեսական զարգացման, 7. Արդարադատութեան, 8. Սոցապ, 9. Առողջապահութեան։ Եւ ինչպէս չպէտք է լինեն փոխվարչապետներ, այնպէս էլ փոխնախարարներ։ Ընտրութիւնների արդիւնքում ձեւաւորւած մեծամասնութեան կամ կոալիցիայի կողմից նշանակւում է նախարար, որպէս քաղաքական պաշտօն։ Նախարարութիւնում երկրորդ դէմքը, քաղաքացիական ծառայող նախարարութեան քարտուղարն է, որն իրականում եւ փոխնախարար է, եւ աշխատակազմի ղեկավար, այսինքն՝ հմուտ կազմակերպիչ ( մենեջեր): Նախարարութեան տարբեր ոլորտների՝ բաժինների ղեկավարները նոյնպէս քաղծառայող, ոլորտի բարձրակարգ մասնագէտներ են, ընտրւած բաց հրապարակային մրցոյթով եւ վերջ։ Էլ ինչ խորհրդականներ, օգնականներ եւ այլն։ Նախարարի խորհրդականները հէնց ոլորտների ղեկավարներն են, եւ նախարարը լաւագոյն դէպքում կարող է ընդամենը մէկ գործավար ունենալ։ Ծառայողական աւտոմեքենաներ օրէնքով տրամադրւում են՝ ՀՀ վարչապետին, Պաշտպանութեան նախարարին, Ներքին գործերի նախարարին եւ վերջ (խօսքս չի վերաբերում ի պաշտօնէ աւտոմեքենայով ծառայութիւն իրականացնող պետական ծառայողներին՝ ճանապարհային ոստիկանութիւն, ՊՆ սպաներ եւ այլն)։ Մնացած բոլոր պետական պաշտօնեաները գործուղումների, կամ այլ անհրաժեշտ դէպքերում դիմում են պետական աւտոմեքենաների պարկ, հիմնաւորելով պատւէրը եւ օգտւում ծառայութիւնից։ Սա կը բացառի ծառայողական աւտոմեքենաների շահագործումը հանգստեան օրերին, ընտանիքի անդամներին շուկայ, խանութներ, դպրոց ուղեկցելուց եւ այլն։ Վերջերս քննարկւում էր նախարարների ոչ համարժէք աշխատավարձերի մասին։ Ահա եւ ազատւած հսկայական ֆինանսական ռեսուրսներ, ոչ միայն նախարարների, այլեւ բոլոր պետական պաշտօնեաների աշխատավարձերի բարձրացման համար։ Այսպիսի բարեփոխումների դէպքում, ընտրութիւններին մասնակցող կուսակցութիւններին անհրաժեշտ կը լինեն միայն փոքրաթիւ, գաղափարական անդամներ եւ արդեօ՞ք, տարբեր կոռուպցիոն լծակներ փնտրողներ կը դեգերեն մէկ կուսակցութիւնից միւսը։ Եւ գուցէ՞ վերանան նաեւ ընտրակեղծիքները, երբ պարզւի, որ իշխանութիւնը արտօնութիւն եւ վայելք չի, իսկ պաշտօններն էլ սահմանափակ են։

Եւ վերջապէս, Պռօշեան փողոցի կառավարական առանձնատների եւ Բաղրամեան 26-ի մասին։

Կարծում կառավարական առանձնատներն, իրենց ողջ տարածքով կարելի է տրամադրել մանկա-պատանեկանա-երիտասարդական կենտրոնի, օրինակ՝ Թումոյին։

Բաղրամեան 26-ի պալատը դարձնել Հայաստանի 1918-ից մինչեւ մեր օրերի, եւ անընդհատ լրացւող Պատմութեան թանգարան։

Կարծում եմ, վատ չէր լինի, եթէ այս ամէնը տեղ գտած լինէր կառավարութեան ծրագրում, բայց դեռ ուշ չի, կարող են այն ներառել իրենց նախընտրական ծրագրում։

Վերջապէս, համոզւած եմ, որ աղքատութիւնը, ոչ թէ նաւթ չունենալու, կամ շրջափակման, այլ վատ, անարդիւնաւէտ կառավարման հետեւանք է։

«hetq.am»

Յարակից լուրեր

  • Հայաստանը կորցնում է իր գրաւչութիւնը. ՄԱԿ-ի ահազանգը
    Հայաստանը կորցնում է իր գրաւչութիւնը. ՄԱԿ-ի ահազանգը

    ՄԱԿ-ը Հայաստանի ներդրումների միջավայրի վերաբերեալ հրապարակել է զեկոյց՝ արձանագրելով բաւական հակասական պատկեր: Չնայած ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD/ՄԱԿԱԶՀ) կողմից  հրապարակւած զեկոյցը դժւար է միանշանակօրէն նեգատիւ գնահատել, սակայն դրանում տեղ գտած մի շարք կարեւոր շեշտադրումներ ստիպում են խորապէս վերագնահատել իշխանութիւնների կողմից պարբերաբար արւող ամպագոռգոռ յայտարարութիւնները՝ կապւած տնտեսական յեղափոխութեան անխուսափելիութեան հետ:

  • Ակնարկ. 21-րդ դարու կայկական կրթակարգ. Բովանդակային քննարկումի անհրաժեշտութիւնը
    Ակնարկ. 21-րդ դարու կայկական կրթակարգ. Բովանդակային քննարկումի անհրաժեշտութիւնը

    Հայաստանի մէջ «Հայոց լեզու», «Հայ գրականութիւն», «Հայոց պատմութիւն» դասանիւթերը բարձրագոյն ուսման հաստատութիւններու մէջ ոչ պարտադիր դարձնելու նախաձեռնութիւնը տեղի տուած է  թէժ եւ լարուած իրավիճակներու: Դասադուլներ, նստացոյցեր, բանավէճեր, բողոքի գործողութիւններ` հասնելու համար նախարարի հրաժարականի պահանջ` խնդիրը կրթականէն մղուած է  հասարակական-քաղաքական հարթութիւն եւ ստացած սուր հնչեղութիւն:

  • «Մի՞թէ Փաշինեանն է այն «փայլատակող միտքը», որը վերջապէս գտել է խաղաղ կարգաւորման բանաձեւը». Արտակ Զաքարեան
    «Մի՞թէ Փաշինեանն է այն «փայլատակող միտքը», որը վերջապէս գտել է խաղաղ կարգաւորման բանաձեւը». Արտակ Զաքարեան

    Տարիներ շարունակ հայատեացութիւնը Ադրբեջանում դարձել է պետական քաղաքականութեան հիմնարար եւ բաղկացուցիչ մաս. այն խորապէս արմատաւորւել է դպրոցական դասագրքերում եւ թունաւորում է այդ երկրի երիտասարդ սերնդի մտածողութիւնը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը:

  • «Մել»-ի հակաբարոյական, հակազգային եւ հակապետական շարժապատկերը
    «Մել»-ի հակաբարոյական, հակազգային եւ հակապետական շարժապատկերը

    Սեռափոխւած ծանրամարտիկ Մելինէ Դալուզեանի (Մել) մասին պատմող ֆիլմի մասին բաւականին գրւեց եւ խօսւեց: «Մելը» 2019 թւականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացւած 65 յայտերից երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թւում է: Պետութիւնը (ՀՀ ԿԳՄՍ նախարարութիւնը) ֆիլմի ֆինանսաւորման համար յատկացրել է 20 միլիոն դրամ:

  • «Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների բարելաւմանը». Լաւրով
    «Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների բարելաւմանը». Լաւրով

    Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների բարելաւմանը: Այդ մասին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականեանի հետ հանդիպումից յետոյ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ յայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։