Հա

Հասարակական

14/04/2019 - 11:50

Յիսուս Քրիստոսի յաղթական մուտքը Երուսաղէմ. այսօր Ծաղկազարդ է

Ս. Յարութեանը նախորդող կիրակի օրը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Յիսուս Քրիստոսի յաղթական մուտքը Երուսաղէմ:

«alikonline.ir» - Ս. Յարութեանը նախորդող կիրակի օրը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Յիսուս Քրիստոսի յաղթական մուտքը Երուսաղէմ:

Յիսուսի մուտքը Երուսաղէմ ժողովուրդն ընդունել է խանդավառութեամբ` ձիթենու եւ արմաւենու ճիւղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրայ եւ աղաղակելով. «Օւսաննա՜ Բարձեալին, օրհնեալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնեալ լինի մեր հօր` Դաւթի թագաւորութիւնը, որ գալիս է: Խաղաղութիւն երկնքում եւ Փառք բարձունքներում» (Մարկ. 11:9-10):

Ըստ Եկեղեցու հայրերի՝ Յիսուսի առջեւ հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր եւ ճիւղեր ընծայելն ընդհանրապէս առանձնակի պատիւներ եւ հանդիսաւորութիւն էր նշանակում: Ձիթենին ընկալւել է որպէս իմաստութեան, խաղաղութեան, յաղթանակի եւ փառքի խորհրդանշան: Մեռեալ Ղազարոսին հարութիւն տւած Քրիստոսին ձիթենու եւ արմաւենու ճիւղերի ընծայումը խորհրդանշում է մահւան հանդէպ յաղթանակը:

Ծաղկազարդը խորհրդանշում է նաեւ արարչութեան առաջին օրը, երբ Աստւած ստեղծեց երկինքն ու երկիրը, եւ լոյսը տարածւելով՝ հալածեց խաւարը: 

Այս օրը խորհրդանշում է նաեւ առաջին ժամանակաշրջանը, երբ բոյսերով ու ծաղիկներով զարդարւեց երկիրը, եւ Ադամն ու Եւան ուրախացան Դրախտում: Եւ ինչպէս առաջին ժամանակաշրջանում Կայէնը նախանձից սպանեց Աբէլին, այդպէս էլ հրեաները, չարը խորհելով, սպանեցին Քրիստոսին ու դարձան Կայէնի անէծքի ժառանգորդները:

Ծաղկազարդի օրը՝ հրէական Զատկից հինգ օր առաջ, Քրիստոսն իր կամքով եկաւ Երուսաղէմ՝ իր չարչարանքների վայրը, որպէսզի ցոյց տայ, որ ինքն է Աստծոյ Գառը, Ով կամենում է պատարագւել մեր փրկութեան համար: Քանզի, ըստ օրէնքի, հրեաները զատկական գառը Զատկի տօնից հինգ օր առաջ էին տուն տանում:

Ծաղկազարդի նախօրէին` շաբաթ օրը, կատարւում է նախատօնակ, բացւում է խորանի վարագոյրը, իսկ յաջորդ օրը տօնական Ս. Պատարագը մատուցւում է բաց վարագոյրով:

Ծաղկազարդի առաւօտեան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր եւ բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայւելուց յետոյ: Ոստերի փափկութիւնը խորհրդանշում է Քրիստոսի հետեւողների խոնարհութիւնը: Ուռենու ճիւղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպէս Ս. Ծննդեան օրն Արեւելքից մոգերի բերած ընծաները:

Յիսուս Քրիստոս մուտք գործեց Երուսաղէմ որպէս Թագաւոր՝ խորհրդանշօրէն ցոյց տալով Իր՝ Փառքի թագաւոր լինելը, Ով վերացնում է անէծքը եւ կենդանութիւն պարգեւում: Յիսուս եկաւ աւետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկւածներին, ազատելու գերիներին եւ տեսողութիւն պարգեւելու կոյրերին, ինչպէս մարգարէացել էր Եսայի մարգարէն:

Յարակից լուրեր

  • Ապրիլի 24-ին Մայր Աթոռում եւ Առաքելական Եկեղեցու բոլոր տաճարներում կը մատուցւի դռնփակ սուրբ պատարագ
    Ապրիլի 24-ին Մայր Աթոռում եւ Առաքելական Եկեղեցու բոլոր տաճարներում կը մատուցւի դռնփակ սուրբ պատարագ

    Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների յիշատակութեան օրը, ժամը 10։30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարներում դռնփակ կը մատուցւի սուրբ պատարագ, որի աւարտին կը կատարւի Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների բարեխօսական կարգ:

  • Ծաղկազարդը նշւեց՝ Նոր Ջուղայում
    Ծաղկազարդը նշւեց՝ Նոր Ջուղայում

    Յիսուս Քրիստոսի Երուսաղէմ կատարած յաղթական մուտքի յիշատակման տօնը՝ Ծաղկազարդը, նշւեց կիրակի՝ ապրիլի 5-ի կէսօրին, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ սարկաւագաց դասի։

  • Աւետումն Ս. Աստւածածնի
    Աւետումն Ս. Աստւածածնի

    Ամէն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստւածածնի Աւետման տօնը:

  • Ծաղկազարդը Անթիլիասի մայրավանքին մէջ
    Ծաղկազարդը Անթիլիասի մայրավանքին մէջ

    Կիրակի, 5 ապրիլ 2020-ին, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսին, Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ մատուցուեցաւ Ծաղկազարդի տօնին նուիրուած Ս. եւ Անմահ Պատարագ, որուն հաւատացեալները կարողացան հետեւիլ Կաթողիկոսարանի ընկերային լրատուամիջոցներու ցանցին ճամբով։ Պատարագը մատուցեց Մայր Տաճարի լուսարարապետ Գերշ. Տ. Մակար Եպս. Աշգարեան։

  • Սրբազան Հօր պատգամը՝ Ծաղկազարդի առիթով
    Սրբազան Հօր պատգամը՝ Ծաղկազարդի առիթով

    Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանի պարգամը Ծաղկազարդի տօնի առիթով (տեսանիւթ)։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։