Հա

Հասարակական

28/11/2013 - 09:40

ԹԵՐԹՕՆ - Խաչատուր վրդ. Կեսարացի՝ հիմնադիր Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի տպարանի, եւ այդ առիթով խորհրդածութիւններ (Շար. 6)

Նայեցի շուրջս. ամէն մարդ գլուխը կախած աշխատում էր իր ուսումնասիրութեան վրայ։ 17-րդ դարի Ջուղայից վերադարձայ Oriental Reading Room եւ յիշեցի, որ հայ-վրացական յարաբերութեանց մէջ վերջնական խզումի կապակցութեամբ վճռորոշ դեր ունեցած վրաց կաթողիկոսը՝ Կիւրիոնի երրորդ նամակը այնպիսի նոր հարցականների առջեւ էր դրել ինձ, որոնց պատասխանները գտնելու համար անհրաժեշտ էր նոր պրպտումներ կատարել։

ԿՈՐԻՒՆ ԱՐՔ. ՊԱՊԵԱՆ

(Շարունակութիւն նախորդ համարից)

Նայեցի շուրջս. ամէն մարդ գլուխը կախած աշխատում էր իր ուսումնասիրութեան վրայ։ 17-րդ դարի Ջուղայից վերադարձայ Oriental Reading Room եւ յիշեցի, որ հայ-վրացական յարաբերութեանց մէջ վերջնական խզումի կապակցութեամբ վճռորոշ դեր ունեցած վրաց կաթողիկոսը՝ Կիւրիոնի երրորդ նամակը այնպիսի նոր հարցականների առջեւ էր դրել ինձ, որոնց պատասխանները գտնելու համար անհրաժեշտ էր նոր պրպտումներ կատարել։
Թէեւ իմ աւարտաճառիս մէջ մանրամասնօրէն քննարկել եմ այս խնդիրը, սակայն թէ՛ իմ կատարած յայտնաբերումը եւ թէ՛ նրա կապակցութեամբ իմ տւած բացատրութիւնները անծանօթ են մնացել բանասիրութեան հայկական շրջանակներում։ Ուստի, արժէ մի օր, առանձին հայերէն յօդւածով անդրադառնալ՝ Քաղկեդոնի ժողովի կողմից ընդունւած եւ Հայ Եկեղեցու կողմից մերժւած, Քրիստոսի երկու բնութիւնները բնորոշող քրիստոսաբանական այս հարցին, որը արծարծւել է 608 տարւայ յունիսին, Վրաց կաթողիկոս՝ Կիւրիոնի, Աբրահամ Ա Աղբաթանեցի հայոց կաթողիկոսին գրած վերոյիշեալ նամակում։
Ինչ վերաբերում է Խաչատուր վրդ. Կեսարացու անձին եւ իր հիմնած տպարանին, յաջորդող ամիսների եւ տարիների ընթացքում նրանք բնականաբար մոռացութեան ենթարկւեցին, քանի որ ես մտքով ու հոգով գտնւում էի ինձ կլանած ուսումնասիրութեան աշխարհում, առանց երբեւիցէ երեւակայելու, որ քանի տարի յետոյ, որպէս 33-րդ առաջնորդ Իրանա-Հնդկաստանի հայոց թեմի, շուրջ 25 տարիներ կապրէի Խաչատուր վրդ. Կեսարացու հիմնած Նոր Ջուղայի տպարանի մտերմութեան մէջ։
Այսուհանդերձ «Սաղմոս ի Դաւիթ»-ի Bodleian Library-ում գտնւած լինելու պատմութիւնը՝ Mr. Barett-ի հետ ունեցած հանդիպումովս չվերջացաւ։ Քանի տարի յետոյ, երկտող ստացայ Ջուղայի նոր առաջնորդ՝ Մեսրոպ ծ. վրդ. Աշճեանից։ Մենք 1957 թւականին նոյն օրը Դպրեվանք էինք մտել. ես Բէյրութի ճեմարանից, նա՝ Սուրբ Նշանից։ Եղել էինք դասընկերներ, օծակիցներ եւ մտերիմներ։ Սակայն մեր ձեռնադրութիւնից քանի ամիս յետոյ բաժանւել էինք իրարուց եւ երբեք Անթիլիասում նոյն տարին միասին չէինք եղել։

131128d03a

Մեսրոպ Հայր Սուրբը նախ յայտնում էր, որ շուտով Ջուղայից երկու օրիորդներ «Օքսֆորդ» կը գային ինձ տեսնելու. առ այդ, ինձնից խնդրում էր օգնել նրանց, որպէսզի Խաչատուր վրդ. Կեսարացու «Սաղմոս ի Դաւիթ» գրքի լուսապատճէնը պատրաստւի եւ նրանց հետ ուղղարկւի Նոր Ջուղա։
Ես այդ տարին արդէն Wycliffe Hall-ից տեղափոխւել էի՝ աշխատանքիս համար շատ աւելի յարմար, Black Friars կոչւող Կաթոլիկեան Դոմինիքեան վանքը, որը կից էր Oriental Institute-ին, ուր էր հայագիտական ամբիոնը։ Փոխանցեցի Հայր Մեսրոպին նոր հասցէս եւ հեռախօսիս թիւը։ Քանի շաբաթ յետոյ այդ երկու օրիորդները եկան եւ գտան ինձ այդ վանքում։
Ծանօթ լինելով նրանց առաքելութեան՝ բացատրեցի, որ 572 էջերից բաղկացած այդ գիրքը ոչ թէ նոյն օրը, այլ քանի օրից կամ շաբաթից հնարաւոր չէր նկարել, կազմել եւ այլն։ Պէտք էր նախ պաշտօնապէս՝ Նոր Ջուղայի թանգարանի կամ մատենադարանի անունով դիմում կատարել, լցնել որոշ հարցարաններ, յանձն առնել որոշ պայմաններ, վճարում կատարել եւ սպասել, որ մեր պատւէրը գործադրւի ժամանակին, անշուշտ եթէ Bodleian Library-ն նման կրկնօրինակ պատրաստելու գաղափարին սկզբունքով դէմ չէր։

(Շար. 6)

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։