Հա

Հասարակական

24/06/2019 - 12:10

Յայտնի է «Աւրորա» մրցանակի շնորհման արարողութեան օրը

«Աւրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման ամենամեայ չորրորդ արարողութիւնը կանցկացւի Երեւանում հոկտեմբերի 20-ին:

«alikonline.ir» - «Աւրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման ամենամեայ չորրորդ արարողութիւնը կանցկացւի Երեւանում հոկտեմբերի 20-ին:

Ինչպէս «Արմէնպրես»-ին յայտնեցին «IDeA» հիմնադրամի հանրային կապերի բաժնից, այն բաղկացած կը լինի երկու մասից՝ «Աւրորա» մրցանակի շնորհման արարողութիւն եւ նշանաւոր Մարինեան թատրոնի սիմֆոնիկ նւագախմբի համերգ՝ Վալերի Գերգիեւի ղեկավարութեամբ:

«Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնն այս մրցանակը շնորհում է Հայոց Ցեղասպանութիւնը վերապրողների անունից՝ ի երախտագիտութիւն նրանց փրկողների: Մրցանակի շնորհման արարողութեան ժամանակ մեծարւում են մերօրեայ հերոսները, որոնք բացառիկ ազդեցութիւն են ունեցել դժւարին իրավիճակներում յայտնւած մարդկանց կեանքը փրկելու եւ մարդասիրական գաղափարներն առաջ մղելու գործում: 2019 թ. «Աւրորայի» հերոսներից մէկն էլ այդ երեկոյի ընթացքում կը դառնայ մրցանակի դափնեկիր` 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւի միջոցով շարունակելով մարդասիրութեան շղթան եւ աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպութիւններին:

Այս տարի միջոցառումը կանցկացւի նոր ձեւաչափով. 2019 թ. «Աւրորա» մրցանակի շնորհման բուն արարողութիւնից բացի, կը լինի Մարինեան թատրոնի սիմֆոնիկ նւագախմբի բարեգործական համերգը՝ Վալերի Գերգիեւի ղեկավարութեամբ: Ռուս ականաւոր դիրիժոր Վալերի Գերգիեւը պետերբուրգեան դիրիժորական դպրոցի ամենավառ ներկայացուցիչներից է, որը նաեւ մի քանի միջազգային հեղինակաւոր փառատօնների հիմնադիր է եւ ղեկավար: 1980-ականների սկզբին Վալերի Գերգիեւն աշխատել է Հայաստանում՝ ղեկավարելով Պետական սիմֆոնիկ նւագախումբը: 1988-ից եղել է Մարինեան թատրոնի երաժշտական ղեկավարը, 1996-ից՝ գեղարւեստական ղեկավարն ու գլխաւոր տնօրէնը: 2015 թ. աշնանը մաեստրօն ստանձնեց նաեւ Միւնխէնի ֆիլհարմոնիկ նւագախմբի գլխաւոր դիրիժորի պաշտօնը:

«Իմ խորին երախտագիտութիւնն եմ յայտնում Վալերի Գերգիեւին եւ Մարինեան թատրոնի սիմֆոնիկ նւագախմբին՝ «Աւրորա» մրցանակի շնորհման արարողութեանը մասնակցելու համար: Ուրախ եմ, որ հոկտեմբերի 20-ին Երեւանում մենք հնարաւորութիւն կունենանք ոչ միայն մեծարելու մերօրեայ հերոսներին՝ բացառիկ խիզախութեան եւ նւիրւածութեան համար, այլեւ արժանին մատուցելու երաժշտական հանճարին»,- ասաց «Աւրորայի» համահիմնադիր Ռուբէն Վարդանեանը:

Մարինեան թատրոնի սիմֆոնիկ նւագախումբն ամենահներից մէկն է Ռուսաստանում, որի ակունքները հասնում են 18-19-րդ դարեր, երբ ստեղծւում էր Սանկտ Պետերբուրգի կայսերական օպերայի նւագախումբը: Վալերի Գերգիեւի ղեկավարութեամբ Մարինեան թատրոնի սիմֆոնիկ նւագախումբը նոր բարձունքների հասաւ, նւագացանկն էապէս ընդարձակւեց. օպերային եւ բալետային ստեղծագործութիւններին աւելացան սիմֆոնիկ գործեր: Բրիտանական «Գրամոֆոն» ամսագրի վարկածով՝ 2008 թ. Մարինեան թատրոնի սիմֆոնիկը ճանաչւեց աշխարհի քսան լաւագոյն նւագախմբերից մեկը: 2016 թ. մայիսի 6-ին Գերգիեւի ղեկավարութեամբ այն բացառիկ համերգ ունեցաւ Սիրիայում՝ «Աղօթք Պալմիրայի համար. Երաժշտութիւնը վերակենդանացնում է հնագոյն կոթողները» վերտառութեամբ: Համերգը Պալմիրայի պատմական ամֆիթատրոնում էր՝ համաշխարհային քաղաքակրթութեան հնագոյն կենտրոններից մէկում, որը միջոցառումից ընդամենը մի քանի օր առաջ էր ազատագրւել ԴԱԷՇ-ի ահաբեկիչներից:

«Հայաստանն ինձ համար յատուկ երկիր է, եւ ես ի սրտէ ողջունում եմ «Աւրորա» մարդասիրական մրցանակի բազմավեկտոր, հետաքրքիր ու արժէքաւոր գործունէութիւնն ամբողջ աշխարհում: Ես ուզում եմ ողջունել ու խրախուսել բոլոր նրանց, որոնք աւելի լաւ կեանք են ցանկանում իրենց երեխաների եւ թոռների համար, աւելի համարձակ հանդէս գալ իրենց գաղափարներով: Այսօր ամէնից շատ կարիք ունենք ճշմարտութիւնն ասող մարդկանց. նրանք են իրական հերոսները, որոնք իսկապէս կարող են փոփոխութիւն բերել: Ես կոչ եմ անում բոլորիդ հնարաւոր ցանկացած տարբերակով աջակցել եւ մասնակից դառնալ «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան ձեռքբերումներին»,- ասաց Մարինեան թատրոնի գեղարւեստական ղեկավար Վալերի Գերգիեւը:

Վալերի Գերգիեւը նաեւ «Աւրորա» մրցանակի Ընտրող յանձնաժողովի անդամ է, որի կազմում են Նոբէլեան մրցանակի դափնեկիրներ Օսկար Արիասը, Շիրին Էբադին եւ Լէյմա Գբովէն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրաւունքների պաշտպան Հինա Ջիլանին, Աւստրալիայի Արտաքին գործերի նախկին նախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի պատւաւոր նախագահ Գարեթ Էւանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստօ Սեդիլեոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպութեան համահիմնադիր եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարար Բեռնարդ Քուշները, աշխարհում յայտնի մարդու իրաւունքների պաշտպան, ցեղասպանութիւնների եւ մարդկութեան դէմ իրականացւող յանցագործութիւնների կանխարգելմանն ուղղւած «Enough» նախագծի հիմնադիր նախագահ Ջոն Փրենդերգասթը, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարութիւնների ինստիտուտի տնօրէն Լորդ Արա Դարզին, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուէրը, Նիւ Եօրքի Կարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորեանը եւ օսկարակիր դերասան, մարդասէր Ջորջ Քլունին:

Այս տարի մրցանակի շնորհման արարողութիւնը տեղի կունենայ առաջին «Աւրորա» ֆորումի շրջանակում, որը կանցկացւի հոկտեմբերի 14-ից 21-ը Հայաստանում: Ֆորումն իր տեսակով առաջինն է տարածաշրջանում, որը կը միաւորի աշխարհի սոցիալական, գիտական, տեխնոլոգիական, կրթական եւ մարդասիրական նորարական փորձն ու առաջատար դէմքերին: Մէկ շաբաթ շարունակ համաշխարհային մտքի ազդեցիկ առաջնորդները հնարաւորութիւն կունենան քննարկել լաւագոյն փորձը, սերտած դասերը, որոշ դէպքերում՝ ամենատարբեր խնդիրների յաջող եւ յեղափոխական լուծումները՝ ենթակառուցւածքային մարտահրաւէր­նե­րից մինչեւ առողջապահական ոլորտի նորամուծութիւններ: «Աւրորա» ֆորումը հնարաւոր է դարձել հայկական եւ միջազգային տարբեր կազմակերպութիւնների համագործակցութեան շնորհիւ, որոնք համակարծիք են այսօր մարդկութեան առջեւ ծառացած ամենալուրջ մարտահրաւէրները յաղթահարելու գործում:

 

«Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան մասին

«Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը, որն ստեղծւել է Հայոց Ցեղասպանութիւնը վերապրողների անունից՝ ի երախտագիտութիւն նրանց փրկողների, ձգտում է հնարաւորութիւն տալ մերօրեայ հերոսներին՝ կեանք եւ յոյս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցութեան խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, այսպիսով՝ շարունակել մարդասիրութեան շղթան աշխարհով մէկ: «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը գործով արտայայտւած երախտագիտութիւն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023 թթ.՝ ի յիշատակ ութ տարի տեւած Հայոց Ցեղասպանութեան՝ 1915-1923 թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կեանքը` կը նպաստեն այնպիսի համաշխարհային նախագծերի իրագործմանը, որոնք կը բարելաւեն առաւել կարիքաւոր եւ աղքատ մարդկանց կեանքը: Սա իրագործւում է նախաձեռնութեան տարբեր ծրագրերի օգնութեամբ՝ «Աւրորա» մրցանակ, «Aurora Dialogues» քննարկումների շարք, «Աւրորա» մարդասիրութեան ցուցիչ, Երախտագիտութեան նախագծեր եւ «100 LIVES»: «Աւրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնութիւնը Վարդան Գրեգորեանի, Նուբար Աֆէեանի եւ Ռուբէն Վարդանեանի մարդասիրական եւ բարեգործական ձեռնարկումն է, որոնց արդէն միացել են աւելի քան 440 նոր աջակիցներ եւ գործընկերներ: «Աւրորան» տարածում է «Երախտագիտութիւնն` ի գործ» ուղերձն աշխարհով մէկ եւ համախմբում բոլորին համընդհանուր մարդկայնութեան շուրջ: 

«Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը ներկայացնում են երեք կազմակերպութիւններ՝ «Aurora Humanitarian Initiative» հիմնադրամ (Նիւ Եօրք, ԱՄՆ), «100 Lives» հիմնադրամ (Ժնեւ, Շւէյցարիա) եւ «IDeA» հիմնադրամ (Երեւան Հայաստան):

Յաւելեալ տեղեկութիւններ կարող էք գտնել՝ այցելելով www.auroraprize.com:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։