Print this page
16/10/2019 - 08:10

Գիտնականները հետեւել են երջանկութեան մակարդակին վերջին 200 տարում

Վորիքի համալսարանի, Գլազգոյի Ադամ Սմիթի բիզնես-դպրոցի եւ Լոնդոնի Ալան Թիւրինգի ինստիտուտի հետազօտողները ստեղծել են նոր ինդեքս։ Այն օգտագործում է գրքերի եւ թերթերի տւեալները՝ հետեւելու համար ազգային երջանկութեան մակարդակին 1820 թւականից սկսած:

«alikonline.ir» - Վորիքի համալսարանի, Գլազգոյի Ադամ Սմիթի բիզնես-դպրոցի եւ Լոնդոնի Ալան Թիւրինգի ինստիտուտի հետազօտողները ստեղծել են նոր ինդեքս։ Այն օգտագործում է գրքերի եւ թերթերի տւեալները՝ հետեւելու համար ազգային երջանկութեան մակարդակին 1820 թւականից սկսած: Ըստ News.am-ի՝ տեղեկացնում է Naked-Science-ը՝ յղում կատարելով Nature Human Behaviour-ին։

Նոր մեթոդը, հեղինակների կարծիքով, կարող է օգնել իշխանութիւններին աւելի հիմնաւորւած որոշումներ կայացնել քաղաքական առաջնահերթութիւնների առումով։ Կառավարութիւններն ամբողջ աշխարհում աւելի յաճախ են օգտագործում «ազգային երջանկութեան» մակարդակի հաշւարկման տարբեր համակարգեր, որոնք ստացւում են հարցումների արդիւնքում։ Դա օգնում է գնահատել ազգային բարեկեցութեան վրայ քաղաքականութեան ազդեցութիւնը։ Ցաւօք, երկրների մեծամասնութեան համար տւեալները միայն 2011 թւականից են, իսկ դրանցից որոշների համար՝ 1970-ականների կէսերից։ Դա դժւարացնում է երկարաժամկէտ միտումներին հետեւելը եւ թոյլ չի տալիս վստահաբար պնդել որեւէ բան երջանկութեան պատմական պատճառների մասին։

Այս խնդիրը լուծելու համար հետազօտողների խումբը մշակել է երջանկութեան մակարդակի գնահատման մեթոդ՝ հիմնւած տեքստերի վերլուծութեան վրայ։ Տւեալների շտեմարանում յայտնւել է ութ միլիոն աղբիւր՝ գրքեր, ամսագրեր եւ թերթեր՝ հրապարակւած վերջին 200 տարում։ Հեղինակները կարծում են, որ երջանկութեան մակարդակը կարելի է չափել նրանով, թէ ինչ են աւելի յաճախ խօսում կամ գրում մարդիկ։ Վերլուծութեան համար օգտագործւած հիմնական աղբիւրը եղել է «Google Գրքեր» կորպուսը։ Այդտեղից հեղինակները վերցրել են տւեալներ առանձին բառերի օգտագործման յաճախակիութեան մասին երբեւէ հրատարակւած բոլոր գրքերի վեց տոկոսի համար։

Մեթոդի վալիդացման կարեւոր մասը տարբեր բառերի յուզական բեռնւածութեան չափումն է։ Այն հիմնւում է հոգեբանական վալենտութեան՝ օբիեկտի, իրադարձութեան կամ գործողութեան դրական/բացասական արժէքաւորութեան վրայ սուբիեկտի համար։ Տարբեր լեզուներով հազար բառի համար հաշւարկել են դրական եւ բացասական իմաստի համեմատական չափաբաժին։ Չափումներն անցկացրել են չորս երկրների համար՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա եւ Իտալիա։ Հետազօտական խումբը դիտարկել է նաեւ լեզւի էւոլիւցիան, որպէսզի ուշադրութեան առնի այն փաստը, որ որոշ բառեր ժամանակի ընթացքում փոխում են իրենց նշանակութիւնը։

Յարակից լուրեր