Հա

Հասարակական

20/10/2019 - 08:40

«Աւրորա» մրցանակի չորրորդ դափնեկիր ճանաչւեց Միրզա Դինային

«Աւրորա» ամենամեայ մրցանակի չորրորդ դափնեկիր է ճանաչւել «Օդային կամուրջ Իրաք» (Luftbrücke Irak) կազմակերպութեան համահիմնադիր եւ ղեկավար Միրզա Դինային. տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«alikonline.ir» - «Աւրորա» ամենամեայ մրցանակի չորրորդ դափնեկիր է ճանաչւել «Օդային կամուրջ Իրաք» (Luftbrücke Irak) կազմակերպութեան համահիմնադիր եւ ղեկավար Միրզա Դինային. տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Մարդասիրական մղումներից դրդւած՝ Միրզա Դինային, յաղթահարելով բիւրոկրատական եւ ճանապարհային բազմաթիւ խոչընդոտներ, Սիրիայում եւ Իրաքում ծաւալւող բազմաթիւ հակամարտութիւնների ընթացքում կարողացել է օգնել եզդի համայնքի ամենախոցելի անդամներին։ Միրզա Դինային 2019 թ. «Աւրորա» մրցանակի դափնեկիր է հռչակւել «Աւրորա» ֆորումի շրջանակում Երեւանում տեղի ունեցած հանդիսաւոր արարողութեան ընթացքում։ «Աւրորա» մրցանակը տրւում է Հայոց Ցեղասպանութիւնը վերապրողների անունից` ի երախտագիտութիւն նրանց փրկողների։ 

«Միրզա Դինային բացառիկ անհատականութիւն է, քանի որ չի խլացրել իր խղճի ձայնը՝ տեղեկանալով, որ կան անմեղ մարդիկ, որոնք բոլորի կողմից լքւած են եւ ծանր տառապանքներ են կրում։ Մի կողմից՝ անպատմելի չարիքի հետ առերեսւելիս, իսկ միւս կողմից՝ մարդկանց օգնել փորձելիս, անհատը կարող է բախւել նաեւ մեծ մարտահրաւէրների ու հիասթափութեան՝ չհաշւած բազում վտանգները, սակայն Միրզա Դինային չի ընկրկել: Մեծ ոգեւորութեամբ շնորհաւորում եմ նրան դափնեկիր դառնալու կապակցութռամբ եւ ողջունում նրա մուտքը «Աւրորա»-ի ընտանիք»,- նշեց 2017 թ. «Աւրորա» մրցանակի  դափնեկիր եւ «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան նախագահ Թոմ Քաթինան։ 

Որպէս «Աւրորա» մրցանակի դափնեկիր՝ Միրզա Դինային ստանալու է 1 մլն. ԱՄՆ դոլարի պարգեւ, որով նա հնարաւորութիւն կունենայ շարունակելու մարդասիրութեան շղթան՝ աջակցութիւն ցուցաբերելով ժամանակին իրեն ոգեշնչած կազմակերպութիւններին։ Նա ընտրել է երեք կազմակերպութիւն, որոնք բժշկական օգնութիւն եւ վերականգնողական ծառայութիւններ են տրամադրում ԴԱԷՇ-ի կողմից ահաբեկչութիւնից տուժածներին։ Այդ կազմակերպութիւններն են.

«Լիւֆթբրիւքէ Իրաք» կազմակերպութիւն («Օդայինկամուրջ Իրաք»)

«ՍԻԴ» հիմանդրամ (SEED Foundation)

«Շայ» հիմնադրամ (Shai Fund)։

 

«Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան մասին

«Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը, որն ստեղծւել է Հայոց Ցեղասպանութիւնը վերապրողների անունից՝ ի երախտագիտութիւն նրանց փրկողների, ձգտում է հնարաւորութիւն տալ մերօրեայ հերոսներին՝ կեանք եւ յոյս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցութեան խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, այսպիսով՝ շարունակել մարդասիրութեան շղթան աշխարհով մէկ: «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը գործով արտայայտւած երախտագիտութիւն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023 թթ.՝ ի յիշատակ ութ տարի տեւած Հայոց Ցեղասպանութեան՝1915-1923 թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կեանքը` կը նպաստեն այնպիսի համաշխարհային նախագծերի իրագործմանը, որոնք կը բարելաւեն առաւել կարիքաւոր եւ աղքատ մարդկանց կեանքը: Սա իրագործւում է նախաձեռնութեան տարբեր ծրագրերի օգնութեամբ՝ «Աւրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Աւրորա» մարդասիրութեան ցուցիչ, Երախտագիտութեան նախագծեր եւ 100 LIVES ծրագիր: «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը Վարդան Գրեգորեանի, Նուբար Աֆէեանի եւ Ռուբէն Վարդանեանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդէն միացել են աւելի քան 440 նոր աջակիցներեւ գործընկերներ: Նախաձեռնութեան նախագահ բժիշկ Թոմ Քաթինան, իր մարդասիրական գործունէութեան փորձառութեամբ, սփռելու է «Աւրորա»-ի՝ «Երախտագիտութիւնն` ի գործ» ուղերձն աշխարհով մէկ եւ համախմբելու բոլորին համընդհանուր մարդկայնութեան շուրջ:

«Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը ներկայացւած է երեք կազմակերպութիւնների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նիւ Եօրք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շւէյցարիա) եւ IDeA հիմնադրամ  (Երեւան Հայաստան):

Յարակից լուրեր

  • «Աւրորա»-ն Ազնաւուրի անւան նոր կրթաթոշակ կը տրամադրի ուսանողներին
    «Աւրորա»-ն Ազնաւուրի անւան նոր կրթաթոշակ կը տրամադրի ուսանողներին

    Շառլ Ազնաւուրի անւան ամենամեայ կրթաթոշակը Ֆրանսիայից կամ ֆրանսախօս երկրներից ուսանողներին հնարաւորութիւն կը տայ սովորելու «UWC» Դիլիջան միջազգային դպրոցում։

  • Քայքայող «Աւրորա»-ն
    Քայքայող «Աւրորա»-ն

    Հայաստանեան գաւառական, չարչիական կարծրատիպային ընկալումներից դուրս, մի քիչ խենթ, մի քիչ իդէալիստ, իր ժողովրդի անցեալը ներկայում վերարժեւորելով` նրա նոր ապագայի կերտման առաքելութիւնը ստանձնած Ռուբէն Վարդանեանը սեղանին է դրել ինքնավստահ աշխարհի առջեւ բացւող ու հաղորդակցւող, ներսից ճառագող լոյսով նոր Հայաստանի եւ նոր հայի մանրակերտ-նախագիծը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։