Հա

Հասարակական

21/10/2019 - 09:10

«Միշտ ատել եմ թենիսը»․ Անդրէ Աղասիի գիրքը հրատարակւել է հայերէն տարբերակով

Երեւանում լոյս է տեսել ամերիկահայ թենիսիստ Անդրէ Աղասիի ինքնակենսագրականի հայկական տարբերակը։ Թարգմանչի կարծիքով՝ թէեւ գրքում հայկական թեմաներ չկան, բայց Աղասիի ազգային բուռն խառնւածքն ամէն տողում զգացւում է։

«alikonline.ir» - Երեւանում լոյս է տեսել ամերիկահայ թենիսիստ Անդրէ Աղասիի ինքնակենսագրականի հայկական տարբերակը։ Թարգմանչի կարծիքով՝ թէեւ գրքում հայկական թեմաներ չկան, բայց Աղասիի ազգային բուռն խառնւածքն ամէն տողում զգացւում է։ Գրում է Sputnik Արմենիան:

Երեւանում լոյս տեսաւ աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկահայ թենիսիստ Անդրէ Աղասիի ինքնակենսագրական գրքի հայկական տարբերակը։ Գիրքը կոչւում է «Անկեղծօրէն»։ Թենիսի աստղն այն հրապարակել է ԱՄՆ-ում 2009 թւականին։ Գիրքը հէնց նոյն տարում թարգմանւել է ռուսերէն ու իսպաներէն, իսկ ահա հայերէն թարգմանութիւնը ընթերցողին է յանձնւում տասը տարի անց։

Գրքի առանցքային թեմաներից է Աղասիի յաւէրժ կոնֆլիկտը հօր՝ Էմանուիլ Աղասիի հետ, որը Իրանից գաղթած հայ է։ Աւագ Աղասին բռնցքամարտիկ էր ու որդու ծննդեան օրւանից երազում էր, որ նա յաջողակ սպորտային կարիերա ունենայ։ Նա որդու համար ընտրել էր մեծ թենիսն ու երեք տարեկանից ստիպում էր Անդրէին օրական չորս ժամ պարապել։

14 տարեկանում Անդրէ Աղասին նւաճել է իր առաջին ազգային տիտղոսն ու պատանիների շարքում դարձել է ԱՄՆ-ի չեմպիոն։ Սակայն հայրը չէր դադարում որդուց աւելին պահանջել ու ընդհանրապէս բուռն խառնւածք ունէր, որը եւ ժառանգել է նրանից կրտսեր Աղասին։

«Մամ,- ասում են նրան, նայելով խանութի ցուցափեղկից՝ ինչպէս է զայրացած հայրը մէկ հարւածում սեղանին, մէկ թափահարում ձեռքերը,- ինչպէ՞ս ես դիմանում այս ամէնին այսքան տարի։

- Էհ, չգիտեմ, չգիտեմ։ Մեր բախտը բերել է, որ նրան մի տեղ չեն սպանել։ Կամ բանտ չեն նստացրել։

Նայում եմ մօրս ու մտածում․ կուզենայի հօրս ջղայինութեան հետ մի փոքր մօրս հանգստութիւնից ժառանգել»։

Սա ինքնակենսագրականի հատւածներից է ու հայերէնի թարգմանչի՝ Լուսինէ Կոշեցեանի սիրելի պահերից մէկը։ Գիրքը թարգմանչի կարիերայի ընթացքում առաջին սպորտային աշխատանքն է ու այն մեծ դժւարութեամբ է կատարւել։

«Օրերով Գուգլում էի, մանրամասն կարդում էի թենիսի կորտերի, հարւածների ու մատուցումների տեսակների մասին։ Մտածում էի՝ թենիսիստներն ինչպէս պատահի հարւածում են գնդակին։ Պարզում է՝ ձախից մատուցումը սկզբունքօրէն տարբերւում է աջից մատուցումից»,- ծիծաղում է Կոշեցեանը։

Թարգմանչի կարծիքով՝ այս գիրքը ո՛չ սպորտի, ո՛չ էլ թենիսի, այլ հոգեկան ու ֆիզիկական ապրումների մասին է։

Աղասիի պապը՝ Դաւիթ Աղասին, ծնւել է Կիեւում, յետոյ գաղթել է Իրան՝ վախենալով թուրքական ջարդերից, փոխել է ազգանունն ու աւելի աննկատ Աղասի դարձել։ Թենիսիստի տատը՝ Նունիան, Թուրքիայի հայուհի էր։ Անդրէ Աղասիի միջին անունը Քըրք է՝ ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորեանի պատւին։

Աղասին երբեք Հայաստանում չի եղել, սակայն Twitter-ի իր էջում բազմիցս աջակցել է Հայաստանի օգտին աշխատող բարեգործական ընկերութիւններին, նաեւ միացել է ամբողջ աշխարհի հայերի ֆլեշմոբին, որոնք պահանջում են, որ Թուրքիան, ԱՄՆ-ն եւ այլ երկրները ճանաչեն Հայոց Ցեղասպանութիւնը։

Աղասին յայտնի բարեգործ է, Լաս Վեգասում կրթական հիմնադրամ ու սպորտային ակումբ է ստեղծել, որտեղ աւելի քան երկու հազար տղաներ եւ աղջիկներ անվճար թենիս են պարապում։ Հաշւի առնելով Աղասիի բարեգործ լինելը, նրա գիրքը լոյս է տեսել «Աւրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնութեան շրջանակում։ Իսկ դրանից ստացած եկամուտը բարեգործութեան է ուղղւելու։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։