Հա

Հասարակական

10/11/2019 - 13:10

«Իրանի եւ Հայաստանի յարաբերութիւններն արարողակարգային բնոյթից պէտք է վերածւեն աշխատանքայինի». Մազանդարանի նահանգապետ

Իրանի եւ Հայաստանի յարաբերութիւններն արարողակարգային բնոյթից պէտք է վերածւեն աշխատանքայինի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, Սարիում կայացած ՀՀ  Լոռու մարզի մարզպետի հետ հանդիպման ժամանակ ասել է Մազանդարանի նահանգապետ Ահմադ Հոսէյնզադէն:

«alikonline.ir» - Իրանի եւ Հայաստանի յարաբերութիւններն արարողակարգային բնոյթից պէտք է վերածւեն աշխատանքայինի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, Սարիում կայացած ՀՀ  Լոռու մարզի մարզպետի հետ հանդիպման ժամանակ ասել է Մազանդարանի նահանգապետ Ահմադ Հոսէյնզադէն. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հոսէյնզադէի կարծիքով, Իրանի եւ Հայաստանի յարաբերութիւնների առաւել զարգացման համար գոյութիւն ունեն բազմաթիւ նախադրեալներ, որոնց արմատները ձգւում են պատմութեան խորքերը, եւ որի ներուժն ըստ նրա, անհրաժեշտ է գործի դնել երկկողմ առեւտրա-տնտեսական յարաբերութիւնների ընդլայնման ուղղութեամբ:

Նրա համոզմամբ, Մազանդարան-Լոռիի առանցքային կապերի հաստատումն ու դրա հնարաւոր զարգացումը երկու երկրների յարաբերութիւններում գործնական եւ հեռանկարային զարգացման նոր տեսլական կը բացի:

Նա անդրադառնալով Մազանդարանի եւ Լոռու երկկողմ փոխգործակցութեան հնարաւորութիւններին, թւարկել է Մազանդարանի ամենատարբեր ոլորտների, այդ թւում՝ տրանսպորտի, գիւղատնտեսութեան, ազատ առեւտրի գօտու, տուրիզմի եւ այլ տարաբնոյթ ենթակառուցւածքների բարձր ներուժը, որոնք նրա համոզմամբ, կարող է բաւարարել Լոռու ամենատարբեր կարիքները:

Նահանգապետը նաեւ բարձր է գնահատել երկու հարեւան երկրների միջեւ առեւտրա-տնտեսական յարաբերութիւնների ընդլայնումն ԱՄՆ-ի կիրառած հակաիրանական պատժամիջոցների ժամանակաշրջանում:

Ըստ նրա, առեւտրա-տնտեսական բաղադրիչի զարգացումը նաեւ պայմանաւորւած է եղել իրանահայութեան ակտիւ ներգրաււածութեամբ, ինչը միջպետական յարաբերութիւններում ապահովել է երկկողմ փոխվստահութեան մթնոլորտի ձեւաւորումը:

Հոսէյնզադէի խօսքով, անհրաժեշտ է միջպետական յարաբերութիւնների զարգացման արդիւնաւէտութիւնը բարձրացնել երկու երկրների պատասխանատուների հետեւողական գործունէութիւնը ապահովելով, ինչպէս նաեւ համատեղ երկարատեւ եւ կարճատեւ բնոյթի ծրագրեր մշակելով:

Լոռու մարզպետ Անդրէ Ղուկասեանն էլ իր հերթին իրանցի ձեռնարկատէրերին հրաւիրել է ներդրումներ իրականացնել Հայաստանում՝ նշելով, որ Հայաստանում ողջունում են ամենատարբեր ոլորտներում իրանական ներդրումները:

Առեւտրա-տնտեսական գործունէութեան ակտիւացման եւ երկկողմ ներդրումներ ապահովելու նպատակով, Ղուկասեանը Հոսէյնզադէին հրաւիրել է այցելել Լոռի՝ նշելով, որ այցի ընթացքում կը կազմակերպւի ցուցահանդէս՝ երկու երկրների եւ մարզերի հնարաւորութիւնները եւ համատեղ բիզնես նախագծեր իրականացնելու առիթները գործարարներին եւ ներդրողներին ներկայացնելու համար: «Մենք պատրաստ ենք ընդլայնել երկկողմ տնտեսական եւ ներդրումային կապերն Իրանի, յատկապես՝ Լոռու եւ Մազանդարան նահանգների միջեւ, եւ անհրաժեշտ է ձեռնարկել հիմնական քայլեր` երկու նահանգների միջեւ երկկողմ առեւտրային յարաբերութիւնների զարգացման համար»,- ասել է Լոռու մարզպետը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։