Հա

Հասարակական

25/12/2019 - 09:50

Դինային հպարտ է լինել «Աւրորա»-ի ուղերձի մի մասը. հարցազրոյց դափնեկրի հետ

«Աւրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինայիի կեանքում մրցանակը ստանալուց յետոյ շատ բան չի փոխւել, ներքուստ ստացել է միայն մարդասիրական աշխատանքը շարունակելու աւելի մեծ պատասխանատւութիւն, իր գործը ողջ աշխարհի համար անելու ցանկութիւն: «Արմէնպրես»-ը զրուցել է «Աւրորա» մարդասիրական մրցանակի 4-րդ դափնեկիր Միրզա Դինայիի հետ:

«alikonline.ir» - «Աւրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինայիի կեանքում մրցանակը ստանալուց յետոյ շատ բան չի փոխւել, ներքուստ ստացել է միայն մարդասիրական աշխատանքը շարունակելու աւելի մեծ պատասխանատւութիւն, իր գործը ողջ աշխարհի համար անելու ցանկութիւն: «Արմէնպրես»-ը զրուցել է «Աւրորա» մարդասիրական մրցանակի 4-րդ դափնեկիր Միրզա Դինայիի հետ:

 

- Պարոն Դինայի, դուք «Աւրորա»-ի այս տարւայ դափնեկիրն ենք, սպասո՞ւմ էիք նման մրցանակի, եւ այդ մրցանակն ի՞նչ փոխեց ձեր կեանքում, աշխատանքում:

- Ես շատ հպարտ էի՝ լինելու «Աւրորա»-ի կողմից ընտրւած երեք մարդասէրներից մէկը: Շատ բաւարարւած էի, որ իմ մարդասիրական աշխատանքն ընդունւել ու ճանաչւել է «Աւրորա»-ի կողմից: «Աւրորա»-ի մրցանակն ինձ ներքուստ տւեց աշխարհում մարդասիրական աշխատանք անելու աւելի մեծ պատասխանատւութիւն: Մեծ փոփոխութիւններ չեղան, ես գրեթէ միշտ օրւայ մէջ 18 ժամ զբաղւած եմ տարբեր հարցերով: Սակայն, բացի Իրաքում եզդիների համար արւող մարդասիրական աշխատանքից, հիմա ես պէտք է լինեմ բոլոր ընտանիքների մի մասը՝ հոգալու այլոց խնդիրները եւս. ես կը ցանկանայի խթանել հումանիտար աշխատանքը ողջ աշխարհում:

 

- Հետաքրքիր է, թէ ինչն է Ձեզ ոգեշնչել՝ օգնելու այլ մարդկանց:

- Կարծում եմ, որ մեզնից իւրաքանչիւրն իր կեանքում ունի տարբեր մարտահրաւէրներ, տարբեր տեսակէտներ, քայլեր, որոնք փոխում են իր սեփական ստրատեգիան: Ամենամեծ փոփոխութիւնն իմ կեանքում եղաւ 2007-ին, երբ Ալ- Ղայիդան յարձակւեց խաղաղ եզդիական գիւղերի վրայ եւ սպանեց շատ մարդկանց ու երեխաների: Ես սկսեցի մարդասիրական առաքելութիւն եւ վիրաւորների համար ֆոնդ հիմնեցի Գերմանիայում: Եւ ես օգնեցի երեխաների՝ բուժման համար նրանց Գերմանիա հասցնելով, դրանից յետոյ տեսայ իմ արածի արդիւնքը եւ որոշեցի դա անել կազմակերպւած ձեւով: Հիմնեցի մարդասիրական «Օդային կամուրջ Իրաք» (Luftbrücke Irak) կազմակերպութիւնը, օգնեցինք իրաքցի երեխաներին ու ահաբեկչութիւնից տուժածներին, դա փոփոխութիւններից մէկն էր: 2014-ին ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման գործողութիւնների ընթացքում ես զբաղւեցի լեռներ ուտելիք, ջուր հասցնելով, փրկելով այն մարդկանց կեանքերը, որոնք գերի էին մնացել այնտեղ՝ շրջապատւած ԴԱԷՇ-ով: Այդ ընթացքում ես փրկւել եմ ուղղաթիռի վթարից: Դա իմ կեանքում երկրորդ փոփոխութիւնն էր, եւ ես ասացի, որ իմ կեանքը պատճառ, իմաստ ունի, եւ ես մահանալու ժամանակ չունեմ հիմա, պէտք է օգնեմ այնքան մարդկանց, որքան կարող եմ: Երրորդ փոփոխութիւնը եղաւ, երբ ես լսեցի եզդի կանանց մասին, որոնց բռնաբարում էին ԴԱԷՇ-ի ահաբեկիչները: Դա իմ մտածողութեան միւս փոփոխութիւնն էր: Շատ փոփոխութիւններ եղան իմ կեանքում, եւ ես սովորեցի ամէն ինչից:

 

- Գիտէ՞ք արդեօք, թէ որքան կեանքեր էք փրկել:

- Չգիտեմ, չեմ հաշւել: Մեր՝ «Օդային կամուրջ Իրաք» (Luftbrücke Irak) կազմակերպութիւնը բուժել է աւելի քան 150 երեխաների՝ ամբողջ Իրաքից՝ քրիստոնեայ, մուսուլման, արաբ, քուրդ եւ այլն: Յետոյ գերմանական ծրագրով մենք աւելի քան 1000 եզդի կանանց ու երեխաների վերաբնակեցրինք՝ փրկելով նրանց կեանքը: Կային նաեւ քրիստոնեայ հայ ընտանիքներ՝ Սիրիայից: Ես մի հայ կնոջ, որը 2015-ին բռնաբարութեան զոհ էր դարձել, իր աղջիկների հետ օգնեցի տեղափոխւել Գերմանիա՝ որպէս մեր վերաբնակեցման ծրագրի մի մաս: Յետոյ մենք շատ՝ մօտ 2000 կեանքեր փրկեցինք լեռներում:

 

- Հիմա այդ հայ ընտանիքի հետ որեւէ կապ ունէ՞ք։

- Այո, նրանք հիմա շատ լաւ են զգում: Կինը, ցաւօք առեւանգւել էր սիրիական ոստիկանի կողմից, յետոյ իր 3 աղջիկների հետ կարողացել էր խոյս տալ: Այդ կինը փախստական էր Լիբանանում՝ շատ վատ վիճակում, եւ մենք նրա մասին տեղեկացանք Գերմանիայում, ես այդ ընտանիքին հրաւիրեցի Իրաք, վիզա պատրաստեցի նրա համար եւ հիւրընկալեցի նրան մօտ 1 ամիս: Մենք նրան` իր երեք աղջիկների հետ, վերաբնակեցրինք Գերմանիայում: Այդ նոյն ժամանակ նրա ամուսինն ու միւս աղջիկը Նիդերլանդներում փախստական էին, մենք կարողացանք նրանց միաւորել, հիմա նրանք միասին ապրում են Նիդերլանդներում: Երբեմն նրանք գրում են ինձ` Ամանորի կամ այլ տօնի առիթով: Ընտանիքներից ոմանք, որոնց ես օգնել եմ, դեռ կապ են պահում ինձ հետ, յատկապէս յատուկ տօներին, առիթներին, Ամանորին ինձ բացիկներ եւ այլ բաներ են ուղարկում:

 

- Պարոն Դինայի, հիմա դուք «Աւրորա»-ի հերոսն էք, հետաքրքիր է, թէ ո՞վ է Ձեր հերոսը:

- Իմ հերոսներն այն մարդիկ են, ովքեր, այսպէս ասած, անյայտ «զինւորներ» են, փողոցով քայլող այն մարդիկ, ովքեր շատ լաւ գործ են անում, բայց ոչ ոք չգիտի նրանց մասին: Կան մարդիկ, որոնցից հերոսական քայլի չես սպասում, բայց երբ գալիս է իրավիճակը, նրանք անում են դա: Ես սիրում եմ այդ տեսակի մարդկանց: Եւ մեզնից իւրաքանչիւրն ունի այդ բացառիկութիւնը, միայն պէտք է գայ ժամանակը, որ դա բացայայտւի: Դու այդ հերոսական հոգին կը գտնես իւրաքանչիւր մարդու մէջ: Երբեմն կարդում եմ պատմութիւններ կամ լսում որեւէ մէկի մասին, որը ինչ-որ բան է արել կամ վտանգի ենթարկել իր կեանքը` ուրիշին փրկելու, օգնելու համար, եւ այդ մասին ոչ ոք չգիտի, անգամ ինքը չի ընդունում դա, նա պարզապէս անում է: Եւ ես սիրում եմ այդ տեսակի հերոսներին:

 

- «Աւրորա»-ն ստեղծւել է Հայոց Ցեղասպանութիւնը վերապրածների անունից, ի՞նչ գիտէք Հայոց Ցեղասպանութեան մասին, եւ այս մրցանակի հիմնական նպատակն ըստ Ձեզ, որն է:

- Աւրորան փոքր աղջիկ էր, որը 1915-ին փրկւել է Հայոց Ցեղասպանութիւնից: Նա մասնակցութիւն է ունեցել Հայոց Ցեղասպանութեան պատմութիւնը ֆիլմի միջոցով ներկայացնելու գործում: Նա դերասանուհի չի եղել, արտիստ չի եղել, ինքն իր դերն է խաղացել ֆիլմում՝ ցոյց տալով, որ փրկւածները փորձում են այդ պատմութիւնը ներկայացնել աշխարհին` նաեւ նրա համար, որ մարդկանց սովորեցնեն՝ կանխել մարդկութեան նկատմամբ դրա կրկնումը: Դա առաջին դասն է, որ «Աւրորա»-ի մրցանակից ստանում ես: «Աւրորա» մրցանակը ստեղծւել է Ցեղասպանութիւնը վերապրածների թոռների կողմից, ովքեր ասել են՝ օգնում են նրանց, ովքեր օգնել են իրենց փրկւել այդ դաժանութիւններից, եւ ուզում են շնորհակալութիւն յայտնել: Նրանք իրենց երախտագիտութիւնն են յայտնում՝ մրցանակ տալով այն մարդկանց, ովքեր ռիսկի են ենթարկում իրենց կեանքն ուրիշների համար: 1915-ին նման մրցանակներ չեն եղել, եւ մարդիկ, ովքեր օգնել են հայերին փրկւել, արել են դա նրա համար, որ պարզապէս զգացել են անհրաժեշտութիւնը: Հիմա նրանք ունեն այս հնարաւորութիւնը՝ օգնելու մարդկանց եւ նպաստելու դրա տարածմանը` «Աւրորա»-ի հարթակի միջոցով: Եւ ես հպարտ եմ լինելու այդ ուղերձի մի մասը: Ես փորձում եմ այլ մարդկանց հասցնել այդ ուղերձը, որ մարդկային արժէքներն ամենակարեւորն են, եւ միւսներին օգնելը, քո կեանքը վտանգելով՝ միւսներին օգնելն ամենակարեւոր բանն է: Դա է պատճառը, որ մենք ապրում ենք: Երբ դու օգնում ես մարդկանց, քեզ աւելի լաւ ես զգում: Դու միւսներից շնորհակալութիւն ստանալու կարիք չունես, դու պէտք է միայն բաւարարւած զգաս, որ արել ես նման բան: 

 

- Ի՞նչ էք կարծում՝ որը պէտք է լինի «Աւրորա»-ի դափնեկիրների հիմնական ուղերձն աշխարհին:

- Կարծում եմ, որ աշխարհին պէտք է ասենք, որ մարդկային արժէքներն այն արժէքներն են, որոնք միաւորում են ողջ աշխարհի մարդկանց: Չնայած բազմազանութեանը՝ քաղաքական, կրօնական, էթնիկ, մենք կիսում ենք նոյն՝ մարդկային արժէքները: Դա հիմնական ուղերձներից է, որ մենք փորձում ենք հասցնել մարդկանց: Եւ ասում ենք՝ մենք կատարում ենք մեր պարտքը, բայց դուք նոյնպէս պէտք է անեք ձեր պարտքը՝ փրկելու մարդկութիւնը: Դա հիմնական ուղերձներից մէկն է, որ պէտք է հաղորդենք «Աւրորա»-ի միջոցով: Ես որպէս եզդիների ցեղասպանութիւնից փրկւած, կը ցանկանայի նպաստել եւ գրաւել միջազգային հանրութեան ուշադրութիւնը, որ ձեռնարկեն միջոցառումներ՝ կանխելու ապագայ ցեղասպանութիւնները: Հիմա մենք սահմանային իրավիճակում ենք՝ պատերազմներ, ատելութիւն, ագրեսիւութիւն: Եւ մենք պէտք է փորձենք աշխարհին բերել աւելի խաղաղ լեզու՝ աւելի ուժեղացնել մարդկային արժէքները եւ խաղաղութիւնը: Մենք պէտք է փոխենք որոշ միջազգային կանոններ՝ կանխելու դաժանութիւնները, ցեղասպանութիւնները, պատերազմները: Սակայն մենք որպէս անհատականութիւն չենք կարող դա անել, դա պէտք է բարձր մակարդակի հասցնենք՝ ինչպէս մեր երկրներում, այնպէս էլ միջազգայնօրէն: Մենք փորձում ենք այս ուղերձը հաղորդել նաեւ «Աւրորա»-ի հարթակի միջոցով:

 

- Ձեր մրցանակից յետոյ Իրաքում ի՞նչ արձագանք եղաւ:

- Շատ լաւ՝ հիմնականում եզդի համայնքի եւ այն մարդկանց կողմից, ովքեր գիտեն «Աւրորա» մրցանակի մասին: «Աւրորա»-ն նոր մրցանակ է, եւ բոլորը չէ, որ դրա մասին գիտեն, սակայն դա լաւ հնարաւորութիւն էր, նրանք ողջունեցին դա Իրաքում: Ես մարդասիրական ոլորտում աշխատում եմ շուրջ 20 տարի, եւ երբեք չեմ հրաւիրւել օրինակ Իրաքի որեւէ համալսարան՝ մարդասիրական աշխատանքի մասին դասախօսութիւն կարդալու: Բայց մրցանակը ստանալուց յետոյ ինձ հրաւիրեցին համալսարան՝ խօսելու մարդկային արժէքների մասին:

 

- Պարոն Դինայի, Հայաստանում եզդիական մեծ համայնք ունենք, ի՞նչ գիտէք նրանց մասին, նրանց համար մտահոգւելու կարիք չունէ՞ք:

- Այո, ես կապի մէջ եմ նրանց հետ, շատ ընկերներ ունեմ: Ես այստեղ Հայաստանում այցելել եմ եզդիաբնակ գիւղերից մէկը, եզդիների տաճար: Կարծում եմ, որ սա միակ տեղն է, որ եզդիները կարող են պահել իրենց ինքնութիւնը՝ առանց իշխանութեան հետ խնդիրներ ունենալու: Օրինակ, պատմութեան մէջ առաջին դէպքն է, որ Իրաքից դուրս կառուցւել է եզդիների տաճար, որը քաջալերւել է կառավարութեան եւ այլոց կողմից: 2012-ին Հայաստան իմ առաջին այցին ես տեսայ փոքր տաճարի բացումը Արմաւիրի մարզում, որին մասնակցում էին նաեւ կառավարութիւնից շատերը: Դա, անկեղծ ասած, սովորական բան չէ: Ես կարծում եմ, որ եզդիները այստեղ ունեցել են եւ ունեն լաւ ապագայ, նրանք պաշտպանել են իրենց մշակոյթը, լեզուն եւ ինքնութիւնը Հայաստանում: Սա այն է, ինչի կարիքն ունենք: Դուք նման բան չէք տեսնի ոչ Իրաքում, ոչ Սիրիայում, ոչ Թուրքիայում:

 

- Ի՞նչ խորհուրդ կը տաք այն մարդկանց, ովքեր ցանկանում են մարդասիրական աշխատանք անել:

- Կարծում եմ, որ նրանք պէտք է միայն նայեն իրենց շուրջ: Իւրաքանչիւր տեղ, նոյնիսկ ամենահարուստ համայնքում կը գտնես կարիքաւոր մարդկանց: Երբեմն դու կը գտնես ընկերոջ, որը քո խորհրդի կարիքն ունի, կը գտնես հարեւանի, որը մարդասիրական օգնութեան կարիք ունի: Թէ ինչքանով ներգրաււած կը լինես այդ աշխատանքում, կախւած է կարողութիւնից, ժամանակից, պրոֆեսիոնալիզմից, բայց դու չես կարող այդ մարդկային ընտանիքի մասը չլինել, դու չես կարող չներառւել՝ որտեղ էլ լինես: Պարտադիր չէ, որ դու վտանգի ենթարկես քո կեանքը, գնաս Աֆրիկա կամ Իրաք կամ որեւէ այլ տեղ՝ օգնելու մարդկանց, դու կարող ես օգնել քո հարեւաններին: Դա նոյնպէս մարդկային արժէք է:

 

- Եւ վերջում մի փոքր կը պատմէ՞ք, թէ ձեր կազմակերպութիւնը ներկայում ինչ աշխատանքներ է անում:

- Մենք մինչեւ հիմա օգնում ենք իրաքցի երեխաներին, ահաբեկչութիւնից տուժածներին, բուժում ենք նրանց Գերմանիայում, ոմանց՝ Իրաքում: Եւ քանի որ մեր կազմակերպութիւնը գումար է ստանում «Աւրորա» մրցանակից, մենք պլանաւորում ենք առաջիկայում նոր կենտրոն բացել Իրաքում, սակայն դեռ որոշակի բիւրոկրատական հարցեր կան: Մենք փորձում ենք հիմնել համակեցութեան կենտրոն, որը շատ գործառոյթներ կունենայ, կը զբաղւի վիրաւորների մասին հոգ տանելով, մարդկանց իրաւունքները պաշտպանելով եւ այլն: Դա ծրագրերից մէկն է, որ փորձում ենք իրագործել յաջորդ երկու տարում: Եւ մենք 3-4 գործընկերների հետ ունենք նաեւ ծրագիր՝ մարդու իրաւունքների եւ արժէքների խթանման: Ունենք նաեւ երրորդ ծրագիր: Սրանք ծրագրեր են, որ մենք փորձում ենք անել՝ «Աւրորա»-ի օգնութեամբ: Բայց մենք մշակում ենք նաեւ այլ ծրագրեր:

 

Հարցազրոյցը՝ Աննա Գրիգորեանի

Լուսանկարները՝ Տաթեւ Դուրեանի

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։