Հա

Հասարակական

31/12/2019 - 16:40

Ապրիլեան պատերազմ, Սպիտակի երկրաշարժ ու Տիտանիկի կործանում. նահանջ 2020-ից վախենալ պէ՞տք է

Նահանջ տարիներին շատերն են վախով ու սնահաւատօրէն վերաբերւում։ Հիմա ոչ ոք չի էլ յիշում` ինչից է դա սկսւել։ Sputnik Արմենիայի թղթակիցը պատմում է` ինչ է կատարւել Հայաստանում նահանջ տարիների ընթացքում ու արդեօ՞ք արժէ վախենալ 2020 թ.-ից։

«alikonline.ir» - Նահանջ տարիներին շատերն են վախով ու սնահաւատօրէն վերաբերւում։ Հիմա ոչ ոք չի էլ յիշում` ինչից է դա սկսւել։ Sputnik Արմենիայի թղթակիցը պատմում է` ինչ է կատարւել Հայաստանում նահանջ տարիների ընթացքում ու արդեօ՞ք արժէ վախենալ 2020 թ.-ից։

Առնետի տարին նահանջ տարի է։ Դա նշանակում է, որ այն սովորականից մէկ օր աւել կունենայ։ Ըստ էութեան, պէտք է ուրախանալ, քանի որ ժամանակակից աշխարհում մարդկանց ժամանակն անընդհատ չի հերիքում, իսկ այստեղ լրացուցիչ 24 ժամ է աւելանում, բայց` ոչ։ Մարդիկ անպայման պէտք է մի բան յօրինեն, որ լարւեն ու անհանգստանան։

Արդէն 21-րդդարն է, իսկ համացանցում բազում խորհուրդներ կան այն մասին` ինչ է կարելի ու ինչ չի կարելի անել, եթէ փետրւարը 29 օր ունի։ Արգելքները երբեմն աբսուրդի են հասնում. օրինակ` խորհուրդ չի տրւում պսակադրւել կամ ամուսնանալ, յղիանալ, երեխայ ունենալ, բնակարան գնել ու սեփական գործը սկսել, ցանել ու վարել, աշխատանք փոխել, կենդանի գնել կամ վաճառել եւ այլն։ Ցանկն անվերջ է։

 

Սնահաւատութեան ակունքները

Արեւելեան սլաւոնների ժողովրդական օրացոյցում փետրւարի 29-ը կոչւում էր Կասյեան-վիսոկոս կամ Կասյեանի օր ու նշւում է չորս տարին մէկ` Յովհաննէս Կասյեանի պատւին։

Հետաքրքրական է, որ ռուսական ժողովրդական հաւատալիքներում նրա կերպարը բացասական է ներկայացւում։ Արեւելասլաւոնական լեգենդներն ու հեքիաթները Կասյեանին դիւային որակներ են հաղորդել։ Նրան վերագրում են հսկայական կոպեր, մահացու հայեացք, շիլ աչքեր, վատ բնաւորութիւն, չարութիւն, կապ սատանայի ու դեւերի հետ։

Աւանդապատումների մի մասը Կասյեանի չարութիւնն այն հանգամանքով էր բացատրում, որ դեւերն առեւանգել են նրան բարեպաշտ ծնողներից ու մեծացրել իրենց տանը։ Երբեմն արեւելեան սլաւոններն անւանել են նրան Վիյ կամ Կաշչեյ։ Հէնց այդ պատճառով փետրւարի 29-ը սլաւոնների համար ամենավտանգաւոր օրերից էր, իսկ նահանջ տարիները` անյաջող, ձախողակ, աղէտալի։ Համարւում էր, որ հէնց այդ տարիներին է ամենաշատ անասունը անկում, երաշտներ, համաճարակներ, պատերազմներ ու կռիւներ լինում։

Ըստ ժողովրդական հաւատալիքների` այդ օրը ծնւածներին դժւար ճակատագիր է սպասում, իսկ նահանջ տարւայ ընթացքում բեղմնաւորւած կամ ծնւած երեխան աւելի յաճախ է հիւանդ լինում ու տառապում։ Իրականում այս «թեորիան» իրենց գոյութեամբ հերքում են այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Վլադիմիր Պուտինը, Էլիզաբէթ Թէյլորը, Լէոնարդօ դա Վինչին։

 

Նահանջ տարիների ընթացքում տեղի ունեցած յայտնի աղէտները

Իսկապէս «երկար» տարիների ընթացքում բազում ողբերգական իրադարձութիւններ են տեղի ունեցել։ Նահանջ` 1912 տարում է «Տիտանիկ»-ը բախւել սառցաբեկորին, ինչի հետեւանքով աւելի քան մէկուկէս հազար մարդ է մահացել։

1076 թւականին է տեղի ունեցել ամենախոշոր բնական աղէտներից մէկը։ Ոչ պաշտօնական տւեալների համաձայն` Տեան Շանում տեղի ունեցած երկրաշարժը խլել է 750 հազար մարդու կեանք։

2000 թւականին խորտակւել է «Կուրսկ» սուզանաւը` անձնակազմի 118 անդամներով։

Հայաստանն էլ անմասն չի մնացել։ Յատկանշական է, որ 1988 (Սպիտակի երկրաշարժ), 1922 (Ղարաբաղեան պատերազմ) ու 2016 (Ապրիլեան պատերազմ) թւականները փետրւարին լրացուցիչ օր ունէր։

Սակայն, մեծ հաշւով, այդ վիճակագրութիւնը ոչ մի բանի մասին չի վկայում։ Թէեւ սնահաւատ մարդիկ ասում են, որ այդ իրադարձութիւնները «նահանջ տարւայ անէծք են»։ Բոլորին յիշեցնեմ, որ դժբախտութիւններն ու ողբերգութիւնները այլ տարիներին էլ են պատահում։ Վերցնենք դրանցից ամենասարսափելիները` երկու համաշխարհային պատերազմները։

 

Երբ եկեղեցին ու աստղագուշակները համակարծիք են

Յաճախ նահանջ տարւայ «իւրայատկութիւնների» մասին խօսելիս յղում են անում աստղագուշակներին, իբր հէնց նրանք են պնդում, որ այդ ժամանակ բացասական էներգիան ուժեղանում է, մարդկանց ինքնազգացողութիւնը` վատանում։

«Ոչ մի նման բան չի լինում»,- մեզ հետ զրոյցում ասաց աստղագուշակ Գուրգէն Յովհաննիսեանը։

Աստղագուշակը վստահեցնում է, որ ժողովրդական սնոտիապաշտութիւնը ոչ մի կապ չունի մոլորակների շարժման հետ։

Հայ Առաքելական Եկեղեցին նոյնպէս կարծում է, որ նահանջ տարւայ հետ կապւած լեգենդներն ու աւանդութիւնները ոչ մի հոգեւոր հիմք չունեն։

«Միւս տարիներին էլ են դժբախտութիւններ պատահում։ Անհանգստանալու ոչ մի առիթ չկայ։ Բայց պէտք է լինել զգօն, մեղքեր չգործել, բոլոր օրերին ու տարիներին լաւ գործեր անել»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրոյցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ տէր Միքայէլ եպիսկոպոս Աջապահեանը։

Նա յիշեցրեց, որ մարդն ինքն է կառավարում իր ժամանակը։

«Այն ինքնին կարգաւորւած չէր։ Մարդն է նահանջ տարւայ հեղինակը, հետեւաբար, իր իսկ ստեղծածը չի կարող իշխել նրան»,- աւելացրեց նա։

Ի դէպ, օրացոյցի հեղինակի մասին...

 

Որտեղի՞ց է աւելորդ օրը...

Անյիշելի ժամանակներից մարդիկ 355 օրւանից բաղկացած օրացոյց ունէին։ Ամէն երկու տարին մէկ 22 օր ունեցող ամիս է աւելանում։ Մեր թւարկութիւնից առաջ 45 թւականին Հուլիոս Կեսարը աստղագէտ Սոզիգենեսի հետ մշակել էր Հուլեան օրացոյցը, որում 365 օր կայ։ իսկ քանի որ Երկիր մոլորակն արեգակի շուրջ 365 օր պտոյտ է կատարում 5 ժամ 49 րոպէի ընթացքում, նրանք մտածել են, որ կարելի է չորս տարին մէկ` տարեկան ցիկլին մէկ օր աւելացնել։ Հռոմէական օրացոյցը սկսւում է մարտի 1-ին, իսկ փետրւարը տարւայ վերջին ամիսն էր։ Դրան էլ աւելորդ օրն աւելացրին։

Աւելի ուշ այդ համակարգը լրացրել է Գրիգոր 13-րդ պապը, այդ պատճառով ժամանակակից օրացոյցը Գրիգորեան է կոչւում։ Հէնց այդ պապն է սկսել օգտագործել «նահանջ տարի» եզրոյթը։

Յարակից լուրեր

  • Գիտնականները հետազօտութիւն են կատարել մանուկների շրջանում եւ պարզել սարդերից ու օձերից վախենալու պատճառը
    Գիտնականները հետազօտութիւն են կատարել մանուկների շրջանում եւ պարզել սարդերից ու օձերից վախենալու պատճառը

    Մանուկների շրջանում կատարւած հետազօտութիւններով պարզւել է, որ մարդիկ բնածին կարգաւորումներ ունեն, որոնք պարտադրում են սուր արձագանգել սարդերի եւ օձերի յայտնւելուն: Այս մասին նշւած է «Live Science»-ում:

  • Վախը բարդ զգացում է
    Վախը բարդ զգացում է

    Յաճախ ծնողները հարցնում են՝ ինչ անել, երբ երեխան վախենում է մթութիւնից, մենութիւնից, շներից, բարձրութիւնից, բակի երեխաներից, հեծանիւ քշելուց, մկներից, փակ դռներով սենեակում քնելուց... մի խօսքով՝ բոլորից եւ ամէն ինչից: Պատմէք, թէ մանկութեան տարիներում դուք էլ էք վախեցել, նոյն բաներից եւ թէ ինչպէս էք յաղթահարել վախը: 

  • Ստրեսներից մարդը սնահաւատ է դառնում
    Ստրեսներից մարդը սնահաւատ է դառնում

    Ստրեսը ոչ միայն կարող է առողջական ամենատարբեր խնդիրների պատճառ դառնալ, այլեւ փոխել մարդու տեսակէտը՝ այս կամ այն հարցի վերաբերեալ: Ստրեսային հոգեվիճակում յայտնւած մարդը շատ յաճախ սկսում է երեւոյթներին տալ սնահաւատներին բնորոշ մեկնաբանութիւններ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։