Print this page
14/01/2020 - 09:50

Աւստրալիայում շարունակւում է պայքարը հրդեհների դէմ

Աւստրալիայում հրշէջ ծառայութիւնները տեղեկացնում են, որ փորձում են վերահսկողութեան տակ առնել այստեղ ծաւալւած մեծ հրդեհները: Բազմաթիւ վայրերում իրավիճակը մնում է անվերահսկելի։

«alikonline.ir» - Աւստրալիայում հրշէջ ծառայութիւնները տեղեկացնում են, որ փորձում են վերահսկողութեան տակ առնել այստեղ ծաւալւած մեծ հրդեհները: Բազմաթիւ վայրերում իրավիճակը մնում է անվերահսկելի։

Աւստրալիայի Նոր Հարաւային Վելզ նահանգի Բոդալա քաղաքի հրշէջները յայտնում են, որ կարողացել են առաջադիմել եւ այժմ միջոցառումներ են իրականացնում հրդեհները զսպելու ուղղութեամբ: Այս նահանգն ամենաշատն է վնասւել Աւստրալիայում ընթացող համատարած հրդեհների ընթացքում: Այս մասին ըստ Panorama.am-ի՝ գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Տեղի իշխանութիւնները յոյս ունեն, որ կրակը չի հասնի գլխաւոր մայրուղիներին:

Այս պահի դրութեամբ տեղական մարմինների տւեալներով նահանգում կան աւելի քան հարիւր հրդեհի օջախներ, որոնցից 40-ում դեռեւս իրավիճակը հեռու է վերահսկելի լինելուց:

Սիդնէյի մօտ ընկած շրջաններում իրավիճակը մի փոքր բարելաււեց տեղացած անձրեւների շնորհիւ, որոնք ըստ տեղական մամուլի օգնեցին հրդեհի մարման աշխատանքներին:

Սեպտեմբերից ի վեր առնւազն 27 մարդ է զոհւել Աւստրալիայում բռնկւած համատարած հրդեհների արդիւնքում: Կրակի է ենթարկւել աւելի քան 10 միլիոն հեկտար տարածք:

Այստեղ կլիմայի փոփոխութեան ակտիւիստները իրականացնում են բողոքի ակցիաներ՝ մեղադրելով կառավարութեանը ճգնաժամին դանդաղ արձագանքելու մէջ: Սիդնէյում օրերս կայացած բողոքի ցոյցին մասնակցել էր շուրջ 30 հազար մարդ: Աւստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը քննադատութեան է ենթարկւում հրդեհների հարցում իր արձագանքի համար: Նրան քննադատում են կլիմայի փոփոխութեան գործօնը անտեսելու մէջ:

Միեւնոյն ժամանակ վարչապետն իր կառավարութեան էներգետիկ եւ կլիմայի հետ կապւած հարցերում քաղաքականութիւնը որակում է համահունչ եւ պատասխանատու: Կիրակի օրը յայտնի դարձաւ, որ կառավարութիւնն աշխատանքներ է սկսել երկարաժամկէտ ծրագիր կազմելու ուղղութեամբ, որը պէտք է նւազեցնի կլիմայի փոփոխութեան հետ կապւած բնական աղէտների վտանգը:

 

 

Յարակից լուրեր