Հա

Հասարակական

01/02/2020 - 10:40

Միայն Պեկինում նոր Կորոնավիրուսով վարակւածների թիւը հասել է 156-ի

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում Կորոնավիրուսի նոր տեսակով վարակւածների թիւը հասել է 156-ի, մահւան նոր դէպքեր չեն գրանցւել:

«alikonline.ir» - Չինաստանի մայրաքաղաք Պեկինում Կորոնավիրուսի նոր տեսակով վարակւածների թիւը հասել է 156-ի, մահւան նոր դէպքեր չեն գրանցւել: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալութիւնը` յղում տալով Չինաստանի մայրաքաղաքի առողջապահական կոմիտէի տարածած յայտարարութեանը:

«Յունւարի 31-ին` ժամը 14:00-ից մինչեւ 24:00-ն ընկած ժամանակահատւածում, Պեկինում գրանցւել է նոր Կորոնավիրուսի յարուցիչով պայմանաւորւած թոքաբորբով հիւանդանալու 17 նոր դէպք: Յունւարի 31-ի կէսգիշերի դրութեամբ վարակման հաստատւած դէպքերի թիւը հասել է 156-ի: Հիւանդներից 1-ը մահացել է, 5-ը դուրս են գրւել հիւանդանոցներից, մնացած 150-ը դեռ շարունակում են հիւանդանոցներում բուժում ստանալ»,- ասւում է յայտարարութեան մէջ:

Դեռեւս վարակման դէպքեր չեն գրանցւել մայրաքաղաքի չորս շրջանում` Ֆանշանում, Պինգուում, Միիւնում, Եանցինում, որոնք բոլորն էլ Հինգերորդ տրանսպորտային օղակից դուրս են գտնվւում: Վարակման ամենաշատ` համապատասխանաբար 35 եւ 27 դէպքերը գրանցւել են Հայդան եւ Չաոյան շրջաններում:

Յիշեցնենք, որ Չինաստանի իշխանութիւններն անյայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեանը տեղեակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկւել է 11 մլն. բնակչութիւն ունեցող Ուհան քաղաքում:

Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնւել սրընթաց տարածւող մահացու Կորոնավիրուսի պատճառով: Հիւանդների ու զոհերի թիւն օրէցօր աւելանում է, իսկ վարակման դէպքեր են արձանագրւել նաեւ Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը յանգեցրել է համաշխարհային խուճապի:

Վերջին տեղեկութիւնների համաձայն` Կորոնավիրուսի հետեւանքով զոհերի թիւը հասել է 259-ի, վարակւածների թիւը մօտ 11 հազար 100 է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։