Հա

Հասարակական

08/02/2020 - 13:30

Այսօր Սուրբ Սարգսի տօնն է

Այսօր սիրոյ բարեխօս Սուրբ Սարգիս Զօրավարի, նրա Մարտիրոս որդու եւ 14 զինւորների տօնն է, որն այս տարի նշւում է փետրւարի 8-ին:

«alikonline.ir» - Այսօր սիրոյ բարեխօս Սուրբ Սարգիս Զօրավարի, նրա Մարտիրոս որդու եւ 14 զինւորների տօնն է, որն այս տարի նշւում է փետրւարի 8-ին:

Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշւ, եւ մեծ ժողովրդականութիւն վայելող այս տօնը նշւում է Սուրբ Զատկից 63 օր առաջ՝ սովորաբար յունւարի 18-ի եւ փետրւարի 23-ի միջակայքում՝ շաբաթ օրը։ Սուրբ Սարգիս Զօրավարը համարւում է երիտասարդ զոյգերի եւ սիրահարների բարեխօսը։

Սուրբ Սարգիս Զօրավարը կարգւած է համաքրիստոնէական աշխարհի սրբերի դասին։

Աւանդազրոյցի համաձայն՝ նա իր որդու՝ Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նահատակւել է յանուն քրիստոնէական հաւատքի։ Կոստանդիանոս կայսրը, ով նոյնպէս համարւում է Հայ Առաքելական Եկեղեցու սրբերից, նկատելով Ս. Սարգսի արիութիւնը, կարգում է նրան հարեւան Կապադովկիայի իշխան եւ սպարապետ։

Ս. Սարգիսը զբաղւել է նաեւ քրիստոնէութեան քարոզչութեամբ եւ եկեղեցաշինութեամբ։ Երբ Եուլիանոս Ուրացողի թագաւորութեան օրօք սկսւում են քրիստոնեաների հալածանքները, Ս. Սարգիսը յայտնութիւն է ստանում Աստծուց հեռանալ կայսրութիւնից։ Նա իր որդու հետ հաստատւում է Հայաստանում, ուր թագաւորում էր Խոսրով թագաւորի որդին՝ Տիրանը։ Վերջինս Սարգսին հրամայում է ծառայութեան անցնել պարսից Շապուհ արքայի մօտ՝ զերծ պահելու երկիրը Եուլիանոսի արշաւանքներից։ Այսպիսով, Սարգիսը նշանակւում է զօրագնդերի հրամանատար։ Աւանդազրոյցի համաձայն՝ նրա զինակիցները, տեսնելով Սարգսի ձեռքով Աստծոյ կողմից գործած հրաշքները, հրաժարւում էին հեթանոսութիւնից եւ ընդունում քրիստոնէութիւնը։ Սակայն պարսից շահը պահանջում է նրանից պաշտել կրակը եւ զոհաբերութիւններ կատարել։ Երբ Սարգիսը հրաժարւում է ուրանալ իր հաւատքը եւ աւերում է բագինը, ամբոխը յարձակւում է նրա որդու՝ Մարտիրոսի վրայ եւ սպանում նրան։ Սարգսին բանտարկում են, ապա՝ գլխատում։ Քրիստոնէական հաւատքի համար նահատակւում են նաեւ Սարգսի 14 զինւորները։

Նահատակների մարմինները ամփոփւում են Համիան քաղաքում, որտեղից էլ, ըստ հայկական հայսմաւուրքներից մէկի, Մեսրոպ Մաշտոցը վերցնում է Ս. Սարգսի մարմինը եւ ամփոփում Հայաստանի Կարբի աւանում։ Այնուհետեւ վերցնելով սրբի ատամներից մէկը՝ Մաշտոցը ամրացնում է այն խաչափայտին եւ մասունքի վրայ Գագ լեռան գագաթին կառուցում Գագա Սուրբ Սարգիս վանքը։ Լեռը գտնւել է պատմանան Մեծ Հայքի Գուգարք նահանգում։ Այդ լեռն այսօր գտնւում է Ադրբեջանի Հանրապետութեան Ղազախի շրջանում։ Այս դէպքերը հիշատակւում են նաեւ Ներսէս Շնորհալու «Շարական Ս. Սարգսի» շարականում։

Այսպիսով, Ս. Սարգսի պաշտամունքը Հայաստանում տարածւեց 5-րդ դարից, երբ Մեսրոպ Մաշտոցը Ս. Սարգսի մասունքներն ամփոփեց Կարբի աւանում եւ դրանց տեղում հիմնեց Ուշիի Ս. Սարգիս եկեղեցին եւ համանուն վանքը։ Յատկանշական է, որ Տեկորի տաճարը կրում է «Ս. Սարգիսի վկայարան» անւանումը։

Սուրբ Սարգսի տօնը Հայաստանում նշել են ոչ միայն եկեղեցական ծէսով եւ աղօթքներով, այլեւ ժողովրդական աւանդոյթներով: Այսպէս, օրինակ, Ս. Սարգսի տօնին նախորդող գիշերը երիտասարդ աղջիկները աղի բլիթ են ուտում եւ ակնկալում երազում տեսնել իրենց ապագայ փեսացուին։ Ընդունւած է եղել նաեւ տան տանիքին կամ պատշգամբում փոխինդ դնել եւ սպասել, թէ երբ Ս. Սարգիսը կը թողնի իր ձիու պայտի հետքերը։ Ըստ աւանդույթի՝ այն մարդը, ում ափսէում շաղ տւած ալիւրի կամ փոխինդի միջով կանցնի սուրբը, սպասւում է մեծ յաջողութիւն։

Հնում այդ օրն ընդունւած է եղել պատրաստել նաեւ օձի թթու կոչւող ապուրը։ Այն պատրաստւում էր ոսպից, մանրաձաւարից, ալիւրից եւ եփւում թթւի ջրի մէջ։

Տօնի օրը Ս. Սարգիս Զօրավարի անունը կրող եկեղեցիներում մատուցւում է ս. պատարագ, որից յետոյ կատարւում է երիտասարդների օրհնութեան կարգ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։