Հա

Հասարակական

09/02/2020 - 10:40

«ՀՀ բնակչութիւնը շարունակում է պակասել. ամենաանհանգստացնող փաստը ծնունդների նւազումն է». «Պոլիտէկոնոմիա»

«ՀՀ բնակչութիւնը շարունակում է պակասել. ամենաանհանգստացնող փաստը ծնունդների նւազումն է». «Պոլիտէկոնոմիա»

«alikonline.ir» - «Պոլիտէկոնոմիա» հետազօտական ինստիտուտը հրապարակել է հետազօտութիւն 2019-ի ՀՀ ժողովրդագրական տւեալների մասին: Տեղեկացնում է Tert.am-ը:

Հետազօտութիւնը ներկայացնում ենք ստորեւ.

Արդէն հրապարակւում են 2019 թ․ հիմնական թւերը։ Բնականաբար՝ մասամբ։ Հրապարակումների առաջին խմբաքանակում ամենահետաքրքիրը կարելի է համարել ժողովրդագրութեան տւեալները։ Առաջին իսկ տւեալն ընդգծում է, որ բնակչութեան թւաքանակի նւազումը չի դադարել։ Եթէ 2019 թ․ յունւարի 1-ի դրութեամբ մեր երկրի մշտական բնակչութեան թիւը 2 մլն. 965 հազար 300 մարդ էր, ապա այս տարւայ յունւարի 1-ի տւեալներով մենք պակասել ենք՝ 2 մլն. 959 հազար 200։ Եւ կարելի է ենթադրել, որ այս գործընթացը դեռ շարունակւելու է։ Ժողովրդագրական ամենաանհանգստացնող փաստը ծնունդների նւազումն է։

Գծապատկեր Ա-ն ներկայացնում է ծնունդների կրճատման դինամիկան։ 2017 թ․ առաջին անգամ տարեկան կտրւածքով ծնունդների քանակը նւազեց (կարելի է ասել՝ կրկին նւազեց՝ ինչպէս 90-ականներին) 40 հազարի ցուցանիշից։ Դա գնահատւեց՝ ժողովրդագրական իրավիճակի վտանգաւոր վիճակ։ Բայց ակնյայտ է, որ կրճատման տենդենցը դեռ շարունակւում է։

Գծապատկեր Բ-ում երկրի բնակչութեան բնական յաւելաճն է։ Այն արձանագրւած ծնունդների եւ մահերի քանակի տարբերութիւնն է։ 2019 թ․ այն առաջին անգամ նւազեց 10 հազարի ցուցանիշից։ Եթէ հաշւի առնենք, որ ամէն տարի աճում է երկրի բնակչութեան միջին տարիքը, ապա այս գործընթացը կարելի է համարել վտանգաւոր։ 2017թ․ մեր բնակչութեան միջին տարիքը 36․2 տարեկան էր։ 2018-ին՝ 36.5 տարեկան։ 2019 թ․ տւեալը դեռ հրապարակւած չէ։ Իհարկէ, երկրի բնակչութեան նւազումը բացատրւում է արտագաղթով։ Բայց բացի արտագաղթ-արտաքին միգրացիայից, կայ նաեւ ներքին միգրացիա, որը նոյնպէս էական ազդեցութիւն ունի ժողովրդագրական գործընթացների վրայ։

Բնակչութեան աճ արձանագրում է միայն մայրաքաղաքը։ 2020 թ․ յունւարի 1-ի դրութեամբ միայն մէկ մարզի՝ Գեղարքունիքի բնակչութիւնը մնացել է ճիշտ 2019-ի նոյն ժամանակաշրջանի ցուցանիշին։ Մնացած ինը մարզերից 8-ում բնական յաւելաճ կայ։ Այսինքն, աւելի շատ ծնունդ է արձանագրւել, քան մահ։ Սակայն միեւնոյն է բնակչութեան քանակը բոլոր մարզերում նւազել է։ Պատճառը միգրացիան է եւ բնական յաւելաճի տեմպի կրճատումը։ Օրինակ, Վայոց ձորի եւ Տաւուշի մարզերում ծնունդների քանակը՝ համապատասխանաբար 400 եւ 300, գերազանցում է մահացութեան թւին։ Յաջորդ մտահոգող ցուցանիշն արձանագրւել է Սիւնիքի մարզում։ Այս մարզում ապրում է բնակչութեան մօտ 5 տոկոսը։ Մինչդեռ յաւելաճի ցուցանիշը մօտ հազար մարդ է։ Ժողովրդագրական առումով ամենածանր վիճակը երկու տարի անընդմէջ արձանագրում է Լոռու մարզը։ Երկու տարի է բնական յաւելաճ չկայ։ Այսինքն Լոռւայ մարզում երկու տարի շարունակ մահերի քանակը աւելի բարձր է, քան ծնունդներինը։ 2019 թ․ Լոռիում արձանագրւել է 2579 ծնունդ եւ 2586 մահ։ Պաշտօնական վիճակագրութիւնը պնդում է, որ 2019 թ․ յունւարի 1-ին Լոռիում ապրում էր 215․5 հազար մարդ։ Իսկ 2020-ի յունւարի 1-ին՝ 214․6 հազար։ Մինչդեռ այս մարզում ապրում է հանրապետութեան բնակչութեան 7.2 տոկոսը։

Փաստօրէն կարելի է արձանագրել, որ 2019-ին շարունակւեցին ժողովրդագրական իրավիճակի բացասական գործընթացները։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։