Հա

Հասարակական

12/02/2020 - 08:38

ՀՀ հասարակութիւնը գնալով աւելի է աղքատանում

Վարչապետ Նիկոլ Փաշինեանը փետրւարի 7-ին իր ֆէյսբուքեան էջում գրել էր, որ ՀՀ առեւտրային բանկերի կողմից տրամադրւած վարկերի մէջ ժամկէտանց վարկերի կշիռը նախորդ տարւայ ընթացքում նւազել է եւ կազմել ռեկորդային ցածր՝ 0.85%. «Այս դինամիկան վկայում է Հայաստանի բանկային համակարգի կայունութեան ամրապնդման եւ մեր հայրենակիցների վճարունակութեան մակարդակի բարձրացման մասին»:

«alikonline.ir»- Վարչապետ Նիկոլ Փաշինեանը փետրւարի 7-ին իր ֆէյսբուքեան էջում գրել էր, որ ՀՀ առեւտրային բանկերի կողմից տրամադրւած վարկերի մէջ ժամկէտանց վարկերի կշիռը նախորդ տարւայ ընթացքում նւազել է եւ կազմել ռեկորդային ցածր՝ 0.85%. «Այս դինամիկան վկայում է Հայաստանի բանկային համակարգի կայունութեան ամրապնդման եւ մեր հայրենակիցների վճարունակութեան մակարդակի բարձրացման մասին»:

Երէկ ՀՀ ԱԺ «Լուսաւոր Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Մանէ Թանդիլեանը պնդել էր, որ Նիկոլ Փաշինեանը բանկերի կողմից տրամադրւած վարկերի մէջ ժամկէտանց վարկերի ցուցանիշի մասով իրականացրել է հերթական մանիպուլիացիան։
«Ցաւալի է մտածել, որ այդ մանիպուլիացիայի մաս է կազմում նաեւ ՀՀ կենտրոնական բանկը, որը վստահաբար, տեղեակ է ժամկէտանց վարկերի իրական ծաւալի մասին, քանի որ ենթադրում եմ՝ թւերը իրենք են ներկայացրել։ Բանկիրները գիտեն, որ ժամկէտանց վարկերը 270 օր անց դուրս են գրւում հաշւեկշռից եւ արդիւնքում՝ արտացոլւած չեն այս ցուցանիշում։ Պատկերաւոր ասած՝ նոյեմբեր ամսւայ 260 օր ժամկէտանց վարկը դեկտեմբերին արդէն «ժամկէտանց» չէ։ Իսկ իրականում ժամկէտանց վարկերի ծաւալը գրեթէ տասն անգամ աւելի է, քան նշւած է վարչապետի գրառման մէջ»,- աւելի վաղ «Ֆէյսբուքի» իր էջում գրառել էր Մանէ Թանդիլեանը:

ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանը «Tert.am»-ի հետ զրոյցում ասաց, որ վարչապետի հրապարակած թիւը վերացւած է պաշտօնական վիճակագրութիւնից, իսկ Մանէ Թանդիլեանի պնդումը, ըստ նրա՝ թէեւ տրամաբանական է, բայց դժւար ապացուցելի:

«Վարչապետի հրապարակած թիւն առկայ է պաշտօնական վիճակագրութեան մէջ: Մանէ Թանդիլեանի յայտարարութիւնը տրամաբանութիւն ունի, այդ 270 օրը, բայց ասածը հնարաւոր չէ ճշտել, դրա հետ կապւած պաշտօնական վիճակագրութիւն չկայ: Չենք կարող հիմա ֆիքսել, որ Մանէ Թանդիլեանի ասած տասնապատիկ աւելին ճիշտ է կամ սխալ, որովհետեւ պաշտօնական վիճակագրութիւն այդ մասով չկայ»,- նշեց տնտեսագէտը:

Սուրէն Պարսեանը տեղեկացմամբ՝ յստակ է, որ սպառողական վարկերն աւելի արագ տեմպերով են աւելանում: Մասնաւորապէս, նախորդ տարի սպառողական վարկային բեռն աւելացել է 32 տոկոսով. «Այստեղ խնդիրն այն է, որ մարդիկ աւելի շատ վարկ են վերցնում, քան եկամուտ են ստանում: Սա վկայում է այն մասին, որ մեր հասարակութիւնը գնալով աւելի է աղքատանում»,- նկատեց նա:

Փոխարէնը, նւազել են արդիւնաբերութեան ֆինանսաւորման եւ գիւղատնտեսական վարկերը. «Բացի սպառողականից, հիփոթեքային վարկերն են մօտ 27-28 տոկոսով աճել, բայց սրանք այն վարկերն են, որոնք տնտեսութեան համար չեն ապահովում երկարաժամկէտ, կայուն, դինամիկ աճ: Սա զուտ սպառման նպատակ ունի, այս վարկերը ձեռքբերելով՝ մարդիկ չեն ստեղծում իրենց համար եկամտի աղբիւրներ: Մարդկանց սոցիալական վիճակն, ըստ էութեան, աւելի է ծանրանում, քանի որ դրան զուգահեռ նրանց եկամուտները չեն աւելացել: 2019թ. միջին անւանական աշխատավարձն աւելացել է 5.8 տոկոսի չափով, բայց վարկային բեռն աւելի արագ է աճել»,- նշեց Սուրէն Պարսեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։