Հա

Հասարակական

23/02/2020 - 13:30

Այսօր Բուն բարեկենդանն է

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր՝ փետրւարի 23-ին նշում է Բուն բարեկենդանը։ Սովորաբար բարեկենդան է կոչւում շաբաթապահքերի եւ Մեծ պահքի նախընթաց օրը: Մեծ պահքի շրջանը տեւում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչեւ Ս. Յարութեան (Զատկի) տօնի նախօրէն: 

«alikonline.ir» - Հայ Առաքելական Եկեղեցին այսօր՝ փետրւարի 23-ին նշում է Բուն բարեկենդանը։ Սովորաբար բարեկենդան է կոչւում շաբաթապահքերի եւ Մեծ պահքի նախընթաց օրը: Մեծ պահքի շրջանը տեւում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչեւ Ս. Յարութեան (Զատկի) տօնի նախօրէն: Գրում է Panorama.am-ը:

Մեծ պահքի բարեկենդանը կոչւում է Բուն բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկութեան յիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եւան: Այն նաեւ դրախտային կեանքի օրինակն է, որտեղ մարդուն արտօնւած էր ճաշակել բոլոր պտուղները, բացառութեամբ բարու եւ չարի գիտութեան ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Բարեկենդանն առաքինությունների արտայայտութիւն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախութեան, չարչարանքից` խաղաղութեան: Այս ընկալմամբ է, որ իւրաքանչիւր քրիստոնեայ հոգու խոնարհումով, ապաշխարութեամբ, պահքով եւ ողորմութեան յոյսով սկսում է Մեծ պահքի ճանապարհը: Այն տեւում է 48 օր՝ Բուն բարեկենդանից մինչեւ Ս. Յարութեան՝ Զատիկի տօնը:

Պահքի շրջանում օգտագործում են բացառապէս բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարւում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլեւ մոլի սովորութիւններից, շատախօսութիւնից, ստախօսութիւնից, հայհոյանքից եւ այլ մեղքերից: Կերակրից հրաժարւելն առանց մեղքից յետ կանգնելու անօգուտ է: «Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահէք, տրտմերես մի լինէք կեղծաւորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպէսզի մարդկանց այնպէս երեւան, թէ ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն՝ մարդկանց երեւալը եւ նրանցից գովւելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը եւ լւայ քո երեսը, որպէսզի չերեւաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հօրը՝ գաղտնաբար, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ» (Մատթ. 6:16-18):

Մեր Տէրը սովորեցնում է, թէ ինչ ոգով է պէտք այն կատարել: Ինչպէս հիւանդութիւնն է ազդում մարմնի վրայ, այնպէս էլ մեղքն է ազդում հոգու վրայ: Պահեցողութիւնը չէ, որ մեղքը քաււում է, այլ Աստւած է քաւիչը: Սակայն պահեցողութիւնը կարեւոր է քաւչարար այս սրբագործութեան մէջ: Զղջումը, աղօթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են Աստծոյ բուժիչ եւ քաւիչ զօրութիւնն ստանալու: Մեծ պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրեայ աղօթքի, ծոմապահութեան եւ ապաշխարութեան շրջանը: Իր մկրտութիւնից յետոյ Յիսուս «հոգով անապատ առաջնորդւեց ու քառասուն օր փորձւեց սատանայից: Չկերաւ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3):

Մեծ պահքն ունի եօթ կիրակի՝ Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատաւորի, Գալստեան եւ Ծաղկազարդ: Ժողովրդական սովորութեան համաձայն՝ Մեծ պահքի կիսւելու` Միջինքի օրը, բաղարջից պահոց գաթայ են պատրաստում, որի մէջ մետաղադրամ են դնում: Սովորութեան համաձայն՝ բաժին հասնող մետաղադրամը յաջողութիւն է բերում: Մեծ պահքի շրջանում արգելւած է պսակադրութիւնները եւ մատաղը: Սակայն Վազգէն Ա կաթողիկոսի շրջաբերականով թոյլատրւեց պսակադրութիւն կատարել Մեծ պահքի օրերին, բացառութեամբ Աւագ շաբաթւայ:

Հայ եկեղեցում տարւայ ընթացքում պահոց 158 օրերի մեծ մասը կարճատեւ պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը` ի յիշատակ Յիսուս Քրիստոսի մատնութեան եւ չարչարանքների) եւ շաբաթապահքեր, իսկ առաւել ժողովրդականութիւն վայելողը եւ ամենաերկարատեւը Մեծ պահքն է:

Պահքը չի սահմանափակւում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամէն տեսակի ախտերից ու մոլութիւններից, մեղանչական մտքերից, խօսքերից ու գործերից մաքրւելն է, զղջմամբ ու ապաշխարութեամբ աստւածահաճոյ եւ առաքինի կեանքին դառնալը: Պահոց շրջանում կարեւոր է հոգեւոր շնորնհների ու յատկապէս եղբայրասիրութեան մէջ զօրանալը, քանի որ, ինչպէս Եզնիկ Կողբացին է ասում. «Մէկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբօր միսը ծամել»: Այս պարագային կարեւոր է նաեւ մէկ այլ ծայրայեղութիւնից զգուշանալը. պահք պահելը չպէտք է պատճառ դառնայ պահեցողութեան մէջ տկարացող եղբայրակցին դատելու. «Ով ուտում է, թող չարհամարհի նրան, ով չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է» (Հռոմ.14:3):

Պահքը կամ ծոմապահութիւնը ներանձնական վիճակ է, եւ այն պէտք չէ կատարել ի ցոյց մարդկանց, այլ` ի փառս Աստծոյ: Պահքի նպատակն է մեր մարմինը վարժեցնել սակաւապետութեան, որպէսզի հարստացնենք մեր հոգեւոր կեանքը: Եթէ մէկն ինքնանպատակ է պահք պահում, այսինքն` փառասիրութեան, կեղծաւորութեան կամ էլ նիհարելու համար, ապա այն Աստծուն ընդունելի չէ, որովհետեւ ապաշխարութեան նպատակով չէ:

Վարդապետներն ասում են, որ այն պարագային է մարմնի պահքը գեղեցիկ, երբ հոգին իրեն զերծ է պահում մեղքերից: Եւ ի՞նչ օգուտ մարմինը պահքով նւազեցնելուց, եթէ հոգին գիրացնում ենք մահացու մեղքերով: Պահքը հոգին սնուցելու միջոց է. շարականներ, աւետարանական ընթերցումներ, աղօթքներ, ահա այն ամէնը, որոնցով պիտի սնւի հաւատացեալ մարդու հոգին պահքի ընթացքում:

«Արդ, ձեր ծոմապահութեան օրերին ձեր ցանկութիւններն էք կատարում եւ կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակայ են ձեզ: Հակառակութեան եւ կռիւների մէջ էք պահում եւ բռնցքահարում տկարին: Իսկ իմ ինչի՞ն է պէտք այդպիսի ծոմապահութեան օրը. դուք պիտի գաք բողոքէք ինձ, եւ ես չպիտի լսեմ ձեզ: Այդպիսի ծոմապահութիւնը չէ, որ ես ընտրեցի, եւ ոչ էլ այնպիսի օրը, երբ մարդ իր անձն է տանջում: Եթէ պարանոցդ կորացնես օղակի նման ու տակդ քուրձ ու մոխիր տարածես, այդ էլ, սակայն, չեմ համարի ծոմ եւ ընդունելի օր. այդպիսի ծոմապահութիւնը չէ, որ ես ընտրեցի,- ասում է Տէրը: - Քանդիր անիրաւութեան հանգոյցը, խորտակիր քո վաճառականական խարդախութիւնն ու բռնութիւնը, ներիր ու արձակիր նեղեալներին եւ պատռիր բոլոր անիրաւ մուրհակները»: (Եսայի 58:3 - 6)

Պահքը անպայման պէտք է զուգորդւի աղօթքներով, որով կառաջնորդւենք դէպի աւետարանական ճշմարտութիւններ, դէպի հաւատք, դէպի Աստւած:

Մեծ պահքն ընդգրկում է վեց կիրակի: Այդ կիրակիները կապւած են աստւածաշնչեան վեց պատմութիւնների հետ, որոնք կազմել են Յակոբոս Տեառնեղբայրը եւ Կիւրեղ Երուսաղէմացին: Այդ կիրակիներն են` Բուն բարեկենդան, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատաւորի եւ Գալստեան: Այս անւանումներն ինքնըստինքեան ցույց են տալիս իւրաքանչիւր կիրակիի խորհուրդը, եւ բոլորը միսնաբար կազմում են «ոսկէ շղթայ», որոնցով ծանօթանում ենք մարդու անցած ճանապարհին` աշխարհի արարչագործութիւնից մինչեւ Քրիստոսի Երկրորդ գալուստը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։